...նաև Սպիտակ Եղեռն/Սաթխան և Սուլդան 2 հազար տարեկան են
ՍԱԹԽԱՆ ԵՎ ՍՈՒԼԴԱՆ
2 ՀԱԶԱՐ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ
թիվ 2,
Գուգարք նահանգը՝ պատմական Հայաստանի չորս բդեշխություններից հյուսիսայինը, անհիշելի ժամանակներից բնակեցված է եղել հնդեվրոպական, նրանց թվում նախահայկական ցեղերով։ Նրանք եւ նրանց հետնորդները հայերը, այստեղ եւս ստեղծել են զարգացած եւ հարուստ մշակույթ։ Այդ մշակույթի խոշոր կենտրոններ կան նաեւ նահանգի Ջավախք գավառում։ Վերջին տարիներին ամերիկացի գիտնականները վրացիների հետ միասին Ջավախքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Սաթխա գյուղի (այժմ Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջան) կիկլոպյան ամրոցում պեղումներ կատարելիս հայտնաբերել են Կուր-Արաքսյան մշակույթի նմուշներ։ Նրանք գտնում են, որ Սաթխայի ամրոցն իր շրջապատով Կուր-Արաքսյան մշակույթի կարեւոր կենտրոններից է եղել։
Սաթխայի ամրոցը, որն այժմ ավերակ է, զբաղեցնում է հսկայական տարածություն: Միայն միջնաբերղը, որ կառուցված է յոթ բլուրների վրա, զբաղեցնում է 10 հեկտար տարածություն, իսկ պատերի հաստությունը ամենուրեք ուղիղ 4 մետր է։ Բերդի արտաքին պարիսպները, որ տարածվում են միջնաբերդից դեպի արեւմուտք, եւս զբաղեցնում են 10 հեկտար տարածություն, ընդհանուրը մոտ 20 հեկտար։
Բերդն ունեցել է երկու դարպաս՝ հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան։ Բերդի ներսում ու դրսում, բլուրների լանջերին գյուղացիները շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են բազմաթիվ դամբարաններ զանազան իրերով ու առարկաներով, որոնք չեն պահպանվել:
Ինչպես պատմում են տեղաբնակները, երբ նրանց նախնիները 1830 թվականին Էրզրումից գալով, բնակություն են հաստատել գյուղում (ի դեպ, այդ ժամանակ գյուղում եղել են նաեւ քաղկեդոն հայ բնիկներ Դեդյան-Մարոյան, որոնք ձուլվել են Էրզրումցիների մեջ), այդ ժամանակ ամրոցի պարիսպները եղել են մարդու հասակի բարձրության։ Սակայն գյուղացիները տներ կառուցելու համար կտրել-տարել են կիկլոպյան ամրոցի պարիսպների հսկայական չափերի հասնող քարերը։ Այժմ հիմնականում պարիսպների հիմքերն են մնացել…
Երվանդ Լալայանը 19-րդ դարի վերջին լինելով Սաթխայում, գյուղացիների վկայությունների հիման վրա բերդն անվանում է Սուկերլաթ, իսկ գյուղի անվանումը ծագեցնում է ինչ-որ Սաթղ աղայի անունից: Այս կապակցությամբ նա գրում է. «Առաջինի (նկատի ունի հարավ-արեւելյան դարպասը - Ա.Ս.) կամարի վրա եղած է արձանագրություն, սակայն գյուղացիները պոկել են այդ քարը եւ եկեղեցու շեմքի առջեւ ձգել, այնպես որ արձանագրությունը չի երեւում։ Գյուղացիներն ասում էին, թե այդ արձանագրությունը կարդացողներն ասել են, թե այստեղ նշանակված է բերդի հիմնարկության տարին, որ իրենք չէին հիշում, անունը Սուկերլաթ տերը Ամբակում իշխանը» (Ե. Լալայան, Երկեր, հ.1, Եր., 198թ.., էջ 61)։
Ինչպես տեսնում ենք, ականավոր հնագետն այդ արձանագրությունը ոչ միայն հնարավորություն չի ունեցել անձամբ կարդալու, այլեւ տեղեկությունն ստացել է ոչ անմիջապես կարդացողից…
Բարեբախտաբար 1994թ. մայիսին գյուղի Ս. Մեծն Ներսես եկեղեցու (Սադաղա)։ Ա(ե) ձայնավորից հետո «դ» ձայնեղը արտասանվել է խուլ «տ» կամ խուլ շնչեղ «թ» (Սատաղա կամ Սաթաղա)։ Հայերենի շեշտի ազդեցությամբ բառամիջի «ա» ձայնավորը սղվել է, եւ բառը հնչել է «Սատղա» կամ «Սաթղա» ձեւով։ Վերջում «ղ»–ն հնչել է խուլ «խ» (Սաթխա)…
Ըստ իս, առանց կասկածի պետք է եզրակացնել, որ Կ. Պտղոմեոսի քարտեզում տեղադրված Sedala (Սեդալա) բնակավայրը, մի շարք հնչյունափոխությունների ենթարկվելուց հետո այսօր հնչում է «Սաթխա» ձեւով։ Ի դեպ, «Սաթխա» բնակավայրի անվանումը «Սատախէ» ձեւով հանդիպում է նաեւ XIIIդ. վերջի, XIVդ. սկզբների նշանավոր հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի ժամանակագրությունում։ Նա այդ ամրոցը հիշատակում է Իվանե Օրբելու կողմից 1177թ. վրաց թագավոր Գեորգի Գ-ի դեմ բարձրացրած ապստամբության կապակցությամբ, երբ թագավորն այդ ժամանակ գտնվում էր Ջավախքի իր ամառանոցում Սատախէ ամրոցում…
Sedala բնակավայրը Սեդալա-Սեդաղա-Սադաղա-Սատաղա (Սաթաղա)–Սատախէ–Սատղա–Սաթխա է կոչվում 2 հազար տարուց ավելի, որովհետեւ Պտղոմեոսի «Ասիայի երրորդ քարտեզի» համար ներկայացրած վերլուծական տվյալները պատկերում են պատմական Հայաստանը Ք.ա. մոտավորապես I դարի մանրամասնությամբ, քարտեզագրության եւ տառադարձության պահպանումով…
Իսկ այժմ տեսնենք, թե որքանով է Կ. Պտղոմեոսի քարտեզում նշված Sedala (Սեդալա) քաղաքը տեղայնացվում ժամանակակաից Սաթխա գյուղի (նաեւ ամրոցի) հետ։
Ասիայի 3-րդ քարտեզի (Asia Tabula Tertia) վրա նշված Sedala բնակավայրը գտնվում է 74°40 երկայնության եւ 43°36 լայնության տեղանքում, որը համարյա ճշգրտորեն համապատասխանում է ժամանակակից Սաթխայի աշխարհագրական կոորդինատներին 43°38 երկայնություն եւ 41°17 լայնություն։ Ասում եմ «համարյա ճշգրտորեն», որովհետեւ ըստ Մ. Մ. Խաչատրյանի, Պտղոմեոսը բնակավայրերի կոորդինատները հաշվարկել է տասը րոպեի ճշտությամբ, ուստի տեղայնացման ընթացքում այդ մեծության տարբերությունը հավանականության տեսության համաձայն, երբեմն կարող է ստացվել կրկնակի եւ եռակի մեծությամբ, այսինքն 10-30 րոպեի տարբերությամբ (տես ՊԲՀ, 1980, թիվ 2, Մ. Մ. Խաչատրյան, «Հայկական լեռնաշխարհն ըստ Պտղոմեոսի քարտեզագրական տվյալների»)։ Կ. Պտղոմեոսի հաշվարկած կոորդինատները տարբերվում են են ներկայիս կոորդինատներից, որովհետեւ Պտղոմեոսը աշխարհի կոորդինատները հաշվել է փոքր շառավիղ ունեցող գնդի մակերևույթի վրա (նա երկրի շառավիղն ընդունել է 5300 կիլոմետր, երբ նորագույն հաշվարկներով երկրագնդի շառավիղը միջինը 6371 կմ է բեւեռայինը 6356, 777 կմ, հասարակածայինը 6378, 160 կմ)։
Պտղոմեոսի քարտեզում նշված Sedala (Սեդալա) բնակավայրի եւ ժամանակակից Սաթխա գյուղի կոորդինատներից բացի, ճշգրտորեն համընկնում են նա նույն քարտեզում նշված Surta (Տսnta)–Սուրտա (Սունտա) բնակավայրի եւ ժամանակակից Սուլդա գյուղի (Ախալքալաքի շրջան) կոորդինատները (ըստ Պտղոմեոսի 74° 28 երկայնության եւ 43°28 լայնության տեղանք, ըստ ժամանակակից կոորդինատների 43°28 երկայնության եւ 41°15 լայնության տեղանք)։
Ըստ իս, ոչ միայն Ջավախքի հնագույն Sedala (Սեդալա) քաղաքն արդի Սաթխան է, այլեւ Ջավախքի Surta (Sunta)–Սուրտա (Սունտա) քաղաքը ժամանակակից Սուլդա գյուղն է։
Սակայն Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկի» հայ ուսումնասիրողներ Մ. Մ. Խաչատրյանն ու Ս. Տ. Երեմյանը, հավանաբար չիմանալով, որ Ջավախքում կան Սաթխա եւ Սուլդա բնակավայրեր, որոնք իրենց արտասանությամբ շատ են նման Sedala եւ Surta (Sunta) Sedala բնակավայրերին, վերջիններիս տեղերը փնտրել են բոլորովին այլ կոորդինատներում եւ միանգամայն հակառակ կոմերում։
Օրինակ, Մ. Մ. Խաչատրյանը Surta (Sunta) բնակավայրը տեղադրում է ներկայիս Շավշատի տեղում, Սուլդայից մոտ 150 կմ արեւմուտք, իսկ Sedala բնակավայրը տեղադրում է Արդահանում, Սաթխայից 100 կմ դեպի հարավ-արեւմուտք… Իսկ Երեմյանն այս բնակավայրերը տեդադրել է բոլորովին հակառակ ուղղություններում:
(Sunta)-ն տեղադրել է Սուլդայից 30 կմ դեպի հյուսիս-արեւմուտք. Կուր գետի ափին, պատմական Ծունդա (Քաջաց տուն) բնակավայրի տեղում, իսկ Sedala-ն տարել եւ տեղագրել է այնտեղ, ուր Խրամ եւ Մաշավերա գետերը խառնվում են իրար, այսինքն Սաթխայից 100 կմ դեպի հյուսիս-արեւելք…
Ինչպես տեսնում ենք, երկու ուսումնասիրողները Sedala բնակավայրը տեղադրել են իրարից 200 կմ հեռու վայրերում մեկը հարավ-արեւմուտքում, մյուսը հյուսիս-արեւելքում…
Հետաքրքիր է, որ նրանք երկուսն էլ քարտեզում նշված Ascura (Ասկուրա) բնակավայրը նույնությամբ տեղադրում են ժամանակակից Ածկուր կամ Ածղուր բնակավայրի տեղում, որի ժամանակակից կոորդինատներն են 43°11 երկայնության եւ 41°44 լայնության տեղանք, իսկ Ascura–ի պտղոմեոսյան կոորդինատներն են 74°03 երկայնության եւ 44°10 լայնության տեղանք… Նրանք երկուսն էլ քարտեզի Thalina բնակավայրը նույնությամբ տեղադրում են ճիշտ եւ ճիշտ ժամանակակից Թալինի տեղում…
Ս. Երեմյանը Պտղոմեոսի քարտեզում նշված Casala քաղաքը տեղադրում է ժամանակակից Ապարանի ջրամբարի տակ մնացած Քասաղ բնակավայրի տեղում, որի ժամանակակից կոորդինատներն են 44°17 երկայնության եւ 40°40 լայնության տեղանք եւ պտղոմեոսյան Casala–ի կոորդինատները 75°23 երկայնության եւ 43°16 լայնության տեղանք…
Ինչպես տեսանք, վերոհիշյալ հնագույն եւ նոր բնակավայրերի (Ascura-Ածկուր, Thalina–Թալին, Casala–Քասաղ) պտղոմեոսյան եւ ժամանակակից կոորդինատները աննշան տարբերությամբ համընկնում են։
Նաև նույնությամբ համընկնում են այս հնագույն ու ժամանակակից բնակավայրերի և Surta (Sunta)–Սուլդա, Sedala–Սաթխա բնակավայրերի միմյանց նկատմամաբ ունեցած դիրքը եւ պտղոմեոսյան, եւ ժամանակակից քարտեզներում։
Այս ասածս արդեն հաստատվել է աշխարհագրական կոորդինատներով, բայց ավելորդ չեմ համարում դիմելու պարզունակ մեթոդի ևս։ Վերցնենք ուղիղ գիծ անցկացնենք Պտղոմեոսի քարտեզում նշված Ascura և Thalina բնակավայրերի միջեւ, ապա ժամանակակից քարտեզի վրա նշված Ածղուր եւ Թալին բնակավայրերի միջեւ։ Այդ հատվածները երկու դեպքում էլ կանցնեն պտղոմեոսյան Surta (Sunta)֊ի, Sedala–ի, ինչպես եւ ժամանակակից Սաթխայի եւ Սուլդայի արանքով… Այս բնակավայրերը երկու դեպքում էլ կընկնեն հատվածի կենտրոնում։
Կամ եթե նման ուղիղ գիծ անցկացնենք Պտղոմեոսի քարտեզի Ascura եւ Casala բնակավայրերի միջեւ, ապա ուղիղի այդ հատվածը կանցնի Sedala բնակավայրի վրայով եւ վերջինս կընկնի հատվածի ճիշտ կենտրոնում։ Նման ուղիղ գիծ անցկացնենք նաեւ ժամանակակից քարտեզի վրա նշված Ածկուր եւ Քասաղ (Ապարանի ջրամբարի տեղում) բնակավայրերի միջեւ, ապա ժամանակակից Սաթխա գյուղը, ինչպես հնագույն Sedala–ն, նույնպես կհայտնվի հատվածի ուղիղ կենտրոնում…
Ուրեմն, ինչպես Ածկուր (Սծղուր), Թալին եւ Քասաղ ժամանակակից բնակավայրերի տեղանքը նույնությամբ համընկնում են Կ. Պտղոմեոսի քարտեզում նշված համապատասխան Ascura, Thalina, Casala բնակավայրերի տեղանքի հետ, այնպես էլ Ջավախքի Սաթխա եւ Սուլդա գյուղերի տեղանքը ճշտությամբ համընկնում են Պտղոմեոսի քարտեզում նշված Sedala (Սեդալա), Surta (Sunta)–Սուրտա (Սունտա) բնակավայրերի տեղանքի հետ։ Նշանակում է Ջավախքի ժամանակակից Սաթխա եւ Սուլդա գյուղերը ոչ միայն երկու հազար տարի, որոշ հնչյունական փոփոխությամբ, կրում են նույն անվանումները, այլեւ իրենց երկու հազար տարի առաջվա տեղանքից համարյա չեն հեռացել։ Ի դեպ, ինչպես վերեւում տեսանք, Սաթխան որպես բնակավայր, ավելի վաղ 5-6 հազար տարի առաջ, Կուր-Արաքսյան մշակույթի առաջացման շրջանում է գոյություն ունեցել։ Իսկ թե ինչպես է կոչվել, դեռեւս հայտնի չէ…