...նաև Սպիտակ Եղեռն/Սաթխա գյուղի 1918թ․ ինքնապաշտպանությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մոսկվայի քաջարի պաշտպանը Սաթխա գյուղի 1918թ․ ինքնապաշտպանությունը

հեղինակ՝ Արտյուշ Սանոսյան

Թշնամու դեմ՝ ուս ուսի (Ախալցխայի 1918թ․ հերոսամարտը)

ՍԱԹԽԱ ԳՅՈՒՂԻ 1918թ.
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Բանբեր Հայաստանի
արխիվների»

1. 1986թ.

Մեր գյուղի եւ շրջանի մեծահասակներից շատ էի լսել 1918թ. մայիսին Ախալքալաքի գավառի Սաթխա գյուղի վրա թուրքական զորքերի հարձակման եւ գյուղի բնակիչների հերոսական դիմադրության մասին։ Գյուղի բազմաթիվ պաշտպանների պատմածների, առանձնապես պաշտպանության, գլխավոր հրամանատար Հմայակ Խանոյանի հաղորդած հավաստի տեղեկությունների հիման վրա ի մի բերվեց հերոսամարտի պատմությունը, իսկ 1968թ. գարնանը գյուղի ակումբում, պաշտպանության բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ, հանդիսավոր կերպով նշվեց Սաթխայի հերոսական գոյամարտի 50-ամյակը։

Այս հոդվածը հիմնականում շարադրված է այդ բանավոր տեղեկությունների հիմնա վրա:

Թուրքական զորքերը, խախտելով Բրեստի և Երզնկայի զինադադարի պայմանները, 1918թ. փետրվարի 12-ին կովկասյան ռազմաճակատում անցան հարձակման ու գրավեցին Երզնկան, փետրվարի 22–ին Մամախաթունը։ Չնայած հայ զինվորների քաջությանն ու անվեհերությանը, դաշնակցական հրամանատարության ապաշնորհության և Անդրկովկասյան սեյմի կառավարության դավաճանության հետեւանքով ընկավ նաև էրզրումը։ Այնուամենայնիվ, թուրքական բանակը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, հանդիպելով հայկական զորքի համառ դիմադրությանը, 21 օրում հազիվ կարողացավ հասնել Սարիղամիշ։ Ապրիլի 5-ին ընկավ նաեւ Սարիղամիշը։ Մեծ վտանգ կախվեց արեւելահայության գլխին։ Թուրքերը, առաջ շարժվելով, տեղահան էին անում հայ բնակչությանը, գաղթեցնում կամ ոչնչացնում։

Անդրկովկասի հայությունը, հատկապես ռազմաճակատին մոտ գտնվող շրջաններում, նախապատրաստվում էր դիմադրության։ Ախալքալաքի գավառը, որտեղ 1918թ. ապրում էր 100 հազարից ավելի հայույթուն, նույնպես նախապատրաստվում էր դիմակայելու թուրքական հարձակմանը։

Ըստ ժամանակակիցների վկայության, Ախալքալաքի գավառի ազգային խորհուրդը Թիֆլիսի հայոց ազգային խորհրդից 1918թ. սկզբներին ստանում է զենք, զինամթերք ու զինվորական համազգեստ։ Գավառում զինված ուժեր ստեղծելու համար ազգային խորհրդի կողմից Ախալքալաք է ուղարկվում փոխգնդապետ Առաքելովը (ասում են, որ նա բոլշեւիկ էր)։ Վերջինս Ախալքալաքի ազգային խորհրդի անդամների հետ միասին կարողանում է գավառի գյուղերում կամավորական սկզբունքով զորահավաք կատարելով հավաքագրել նախկին ցարական բանակի մոտ երկու հազար հայ զինվորների, որոնք հեղափոխությունից հետո տուն էին վերադարձել։ Գավառի զինված ուժերը դիրքեր են գրավում գավառի հարավային սահմաններում, հիմնականում Կարծախ եւ Սուլդա գյուղերի մոտակայքում, որտեղից սպասվում էր թուրքերի հարձակումը Ջավախքի վրա։ Ցավոք, այդ զինված ուժերը հետագայում չդարձան միաձույլ, կարգապահ ու մարտունակ մի ռազմական միավորում, ինչի ճակատագրական հետևանքները անչափ ծանր եղան Ջավախքի հայության (նաեւ վրացի տեղաբնակների) համար։ Գավառի հարավ-արեւելյան սահմանների պաշտպանության համար գավառի ազգային խորհուրդը որոշում է ոտքի հանել Սաթխայի գյուղական հասարակությանը։ Այդ նպատակով 1918թ. ապրիլի սկզբներին Սաթխա է գալիս փոխգնդապետ Առաքելովը խոջաբեկցի Սահակ Մզիկյանի հետ միասին։ Սաթխան գավառի ամենամեծ գյուղերից էր, որի բնակչությունը 1918թ. սկզբներին կազմում էր 3250 մարդ։ Գյուղում ստեղծվում է 11 հոգուց կազմված ազգային խորհուրդ (նախագահ Ծառուկյան Կարապետ)։ Ապրիլի 9-ին Առաքելովի մասնակցությամբ հրավիրված նիստում ազգային խորհուրդը որոշում է կազմակերպել գյուղի զինված ուժեր։ Ստեղծվում է զինված ուժերի կազմ եւ գլխավոր հրամանատար է նշանակվում ցարական բանակի նախկին ենթասպա Հմայակ Խանոյանը։ Նրա տեղակալն էր Հմայակ Տեր-Ստեփանյանը (նախկին ենթասպա), իսկ շտաբի պետը նույնպես նախկին ենթասպա Հմայակ Փահլեւանյանը։ Այդ օրն էլ կատարվում է կամավորների ցուցակագրում։ Զինվորագրվում են մոտ 350 տղամարդ երիտասարդ, տարեց ու պատանի։ Նրանցից 18-40 տարեկան մոտ 220 հոգի առանձնացվում է կանոնավոր զինված ուժերի ստեղծման համար, որոնց կորիզը կազմում էին ցարական բանակի 50-60 նախկին զինծառայողները, 30-40 սաթխացիներ էլ ընդգրկվել Էին գավառի զինված ուժերի մեջ, իսկ տարեց մարդիկ ու պատանիները թողնվում են որպես պահեստային աշխարհազորայիններ:

Հասարակության մյուս գյուղերում կամավորների հավաքագրման ուղղությամբ Սաթխայի ազգային խորհրդի փորձն անցնում է ապարդյուն։ Սաթխայի զինված ուժերը բաժանվում են երկու մասի՝ հետեւակի եւ հեծելազորի։ Հետեւակային վաշտի մեջ ընդգրկվում են 160 զինվորներ։ Վաշտի հրամանատար է նշանակվում Գարեգին Քրիստափորի Սուքիասյանը։ Վաշտն իր հերթին ստորաբաժանվում է չորս դասակների, որոնց հրամանատարներ են նշանակվում ցարական բանակի նախկին զինծառայողներ Ղափոյան Գրիգորը, Խանոյան Պողոսը, Փահլեւանյան Արիստակեսը եւ հարությունյան Դավիթը: Յուրաքանչյուր դասակ իր հերթին բաժանվում է չորս ջոկի։ Գումարտակի կազմի մեջ մտնող 60-64 հեծյալների խմբի հրամանատար է նշանակվում Մաթեւոս Մշեցյանը, որը հետագայում աչքի է ընկնում իր քաջագործություններով։ Բուժման գործը հանձնարարվում է թուրքական բանակի նախկին բժիշկ Հարություն Մանվելյանին (նրան անվանելիս են եղել նաեւ «Մարդ-մարդ»)։ Պատմում են, որ պատերազմից առաջ նա փախել է Ռուսաստան (Ջավախք)։ Ողջ գավառի հիվանդները դիմելիս են եղել նրան եւ բուժվել են ձրի։ Սաթխայի զինված ուժերը զենքն ու զինամթերքը հիմնականում ստացել են Ախալքալաքից։ Մարտական հրացաններ, ատրճանակներ, նռնակներ, սրեր իրենց հետ բերում էին նաեւ կազմալուծված ռուսական բանակի նախկին զինվորները։ Գյուղացիների մեծամասնությունն ուներ նաեւ իր սեփական զենքը մարտական, որսորդական հրացաններ, դաշույններ (սաթխեցու անբաժան զենքը) եւ այլն։ Իսկ այն աշխարհազորայինները, որոնք հրազեն չեն ունեցել, զինվել են եղաններով։

Զորքի պարենավորման հոգսն ամբողջովին իր վրա է վերցրել գյուղի բնակչությունը։ Զորքի պարենային մատակարարման գործն իրականացվում էր ազգային խորհրդի կողմից: Վերջինս բնակչությունից հերթականությամբ, հավասարության սկզբունքով հավաքում էր խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, հաց եւ այլ մթերքներ եւ կանանց, աղջիկների հետ ուղարկում զինվորական ճամբար։

Ինչպես տեսանք, զորքի միայն մի փոքր մասն էր ծառայել ցարական բանակում, ուստի անհրաժեշտ էր վարժեցնել նաեւ նոր զինվորագրվածներին։ Այդ նպատակով, ազգային խորհրդի որոշմամբ, զինված ուժերը դուրս Են բերվում գյուղից եւ տեղավորվում գյուղից մոտ երեք կմ հարավ գտնվող «Ղարաղալու յամջըներ» կոչվող վայրում, Սպասովկա գյուղի մոտ։ Սկսվում իսկական զինվորական կյանքի շրջանը, որը տեւում է մեկ ամսից ավելի։ Կարգապահ ու վարժեցված զորք ստեղծելու համար Առաքելովն ու գյուղի ազգային խորհուրդը լայն լիազորություններ են տալիս հրամանատարությանը դասալիքների, վախկոտների ու կարգազանցների նկատմամբ անհրաժեշտ միջոցներ կիրառելու համար, ընդհուպ մինչև մահապատիժը։ Բարեբախտաբար, նման դեպքեր տեղի չունեցան։

Վարժեցումների հետ մեկտեղ զինվորները գյուղից հարավ և հարավ-արեւմուտք ընկած վայրերում դիրքեր են փորում հետագա դիրքային մարտերին պատրաստ լինելու համար։

Որոշ ժամանակ Սպասովկա գյուղի մոտ մնալուց հետո ռազմական ճամբարը տեղափոխում են Սաթխայից 6 կմ հարավ գտնվող Օրլովկա ռուսական գյուղի մերձակայքը, որպեսզի թշնամուն որքան կարելի է գյուղից հեռու կասեցնեին և պաշտպանեին նաև ռուսական գյուղերը։

Կապը Սաթխա գյուղի և նրա զինված ուժերի միջեւ պահպանվում էր կանոնավոր կերպով։ Սննդի մատակարարման գործը շարունակում էր մնալ բարձր մակարդակի վրա (հայ զինվորականությանը սննդամթերքով ապահովում էին նաեւ ռուսական գյուղերը)։

Գյուղի մի քանի հեծյալ կապավորներ անընդհատ կապ էին պահպանում Ախալքալաքի ազգային խորհրդի և գավառի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ։ Ախալքալաքի գավառի սահմանները Օրլովկա գյուղից մինչեւ Դիլիֆ գյուղը 10-12 կմ տարածության վրա, հսկում էին Սաթխայի հեծյալները։


Առաջին հաղթանակը

1918թ. ապրիլի 25-ին Սնդրկովկասյան սեյմի (կառավարության) նախագահ, մենշեւիկ Չխենկելին հայկական զորքերի հրամանատար, գեներալ Նազարբեկովին կարգադրում է թողնել Կարսը, չնայած հայկական ուժերը ապրիլի 24-ին քաղաքի մոտ մեծ հակահարված էին տվել թուրքերին[1]։ Վեհիբ փաշան, տեսնելով Անդրկովկասյան սեյմում ղեկավար դիրք գրավող վրաց ազնվականների և ադրբեջանական բեկերի դավաճանական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ դաշնակցականների անճարակությունը ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում, էլ ավելի է ազատ զգում իր ոտնձգություններում: Նրա զորքերը շարժվում են հիմնականում դեպի Ալեքսանդրապոլ, ցանկանալով գրավել քաղաքը եւ այն դարձնել հենակետ նախ Անդրկովկասը, ապա Հյուսիսային Իրանը (Ատրպատականը) նվաճելու եւ իրենց պանթուրքական պլանները իրականացնելու համար։ Վեհիբին, անշուշտ, ոչ պակաս չափով հետաքրքրում էր նաեւ Ախալքալաքի գավառի 100.000-անոց հայությանը տեղահան անելու հարցը։ Այդ բանը նա ուզում էր իրականացնել դեռեւս Ալեքսանդրապոլը գրավելուց առաջ։Խալիլ Բեյի վերջնագիրը հայ պատվիրակների կողմից ընդունվելուց հետո Վեհիբ փաշան Բաթումում լկտիաբար հայտարարում է. «ճակատագիրը կը քշե Թուրքիան արեւմուտքից արեւելք. մենք հեռացանք.Բալկաններեն, կը հեռանանք նաեւ Ափրիկեեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, ներ կրոնքը եւ լեզուն։Եվ ասիկա տարերային ձգողություն ունի։ Մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքեստան եւ Ադրբեջան են։ Մենք պետք է ճամբա ունենանք դեպի հոն: Եվ դուք հայերդ, կանգնած եք մեր այդ ճամբուն վրա։ Պահանջելով Վանը, դուք կը փակեք մեր ճամբան դեպի Պարսկաստան։ Պահանջելով Նախիջեւանն ու զանգեզուրը, դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուրի հովիտը եւ երթալու Պաքու։ Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դեպի Ղազախ ու գանձակ։ Դուք պետք է մեկ կողմ քաշվեք եւ մեզ ճամբա տաք։ Ահա թե ուր է մեր հիմնական վեճը»[2]։

Թուրքերի ոչ մեծաքանակ կանոնավոր զորքերը եւ թուրք ու քուրդ մարդասպաններից կազմված բազմաթիվ ջոկատներ, մայիսի սկզբներին Կարսի կողմից շարժվելով եւ անցնելով Չըլդըրի լեռները, 1918թ. մայիսի 8-ին հայտնվում են Ջավախքում։ Նրանց մի մասը Կարծախի ու սուլդայի ուղղությամբ գրոհում է դեպի Ախալքալաք քաղաքը, իսկ մյուս մասը Մեծ Խանչալի գյուղի վրայով Սաթխա։

Այս մասին Սաթխայի հեծյալ պահակախմբի տղաները իսկույն տեղեկացնում են գյուղի ազգային խորհրդին ու զինվորականությանը։ Ազգային խորհուրդն անմիջապես զինված ուժերի գլխավոր հրամանատար Հ. Խանոյանին կարգադրում է ընդառաջ գնալ թշնամուն եւ թույլ չտալ նրան մտնելու Մ. Խանչալի։ Հեծյալ ջոկատը Հ. Խանոյանի և Մ. Մշեցյանի հրամանատարությամբ սլանում է դեպի թշնամին։ Հեծյալներին կրնկակոխ հետևում է հետևակը Գարեգին Սուքիասյանի գլխավորությամբ։ Դեպի թշնամին են նետվում նաև պահեստայինները, որոնք, ազգային խորհրդի տագնապի կոչին անսալով, ոտքի էին ելել՝ վերցնելով տանն ունեցած զենքերը։ Ոմանք էլ եղաններով էին զինվել։ Այդ օրը Սաթխայի խորհուրդը կարողանում է ոտքի հանել նաեւ հարեւան Մեծ և Փոքր Արագյալների, Օրոջալարի և Խոջաբեկի մարտունակ երիտասարդության որոշ մասին։ Աշխարհազորայինների գլուխն էր անցել ազգային խորհրդի անդամ Զաքար (Զագևոս) Կակոսյանը, որի մասին ժամանակակիցները խորին ակնածանքով են արտահայտվում որպես հայրենասեր, կամային ու խիզախ անձնավորության։ Նա խստապահանջ էր բոլորի եւ, առաջին հերթին, իր որդիների նկատմամբ՝ վերջիններից պահանջելով լինել ամենավտանգավոր տեղերում։ «Պետք է կռվեք անձնազոհաբար, ինչը պահանջում է մեր ժողովրդի փրկության գործը»,– ասում էր նա։

Սաթխայի հեծյալները ավելի շուտ են մտնում Մեծ Խանչալի, քան թշնամին կգրավեր այն։ Թուրքերը, տեսնելով հայ զինվորների հանդուգն առաջխաղացումը, կանգ են առնում գյուղից հարավ գտնվող բլրի վրա և պատրաստվում կասեցնել սաթխացիների գրոհը։ Նրանք, հարմար տեղում տեղավորելով գերմանական տիպի գնդացիրը, սկսում են գնդացրային, ինչպես նաեւ հրացանային կրակ տեղալ մեր հեծյալների ուղղությամբ։ Վերջիններս իջնում են ձիերից եւ սողեսող առաջանում դեպի թշնամին։ Սաստկանում է թշնամու կրակը եւ մեր քաջերին գամում գետնին։ Գլխավոր հրամանատար Հ. Խանոյանը, իր մոտ կանչելով հեծյալների հրամանատար Մ. Մշեցյանին, խորհրդակցում է նրա հետ եւ որոշում երկու կտրիճ տղաների ուղարկել լռեցնելու թշնամու գնդացիրը։ Մամիկոն Փահլևանյանը եւ գալուստ Բրոյանը, լսելով այդ, ցանկություն են հայտնում կատարել առաջադրանքը. Մամիկոնն ու Գալուստը սողալով առաջանում են դեպի թշնամու գնացիրը։ Մյուս զինվորները հրացաններից կրակ են տեղում թշնամու վրա եւ նրա ուշադրությունը շեղում ձորակների ու քարերի միջով սողացող երկու խիզախներից։ Երբ տղաները բավականին մոտենում են գնդացրորդին, Մամիկոնը կանգնում է ամբողջ հասակով եւ նռնակը նետում է դեպի գնդացիրը։ Նռնակը նպատակակետին չի հասնում, իսկ Մամիկոնը վիրավորված թշնամու գնդակից ընկնում է գետնին։ Գալուստը սողեսող մոտենում է ընկերոջը, նրան տեղափոխում հարմար տեղ եւ վիրակապում, որից հետո սողեսող առաջանում է դեպի թշնամու գնղացիրը, նետում է նռնակը ու սպանում գնղացրորդին։ Լռում է թշնամու գնդացիրը; Գալուստը նույնպես վիրավորվում է;

Հեծյալները ոտքի են ելնում և «ուռա» գոչելով նետվում առաջ։ Տեղ էր հասել նաև հետեւակը, իսկ հեռվում երեւում էր մոտեցող աշխարհազորը։ Թուրքերը, որոնք չէին սպասում հայերի կողմից այսպիսի գրոհի, սարսափահար սկսում են փախչել։ Մեր հեծյալները, իրենց գցելով ձիերի թամբերին, հետապնդում են թշնամիներին և քշում գավառի սահմաններից դուրս։

Թուրքերն այս մարտում տալիս են սպանվածներ, բազմաթիվ վիրավորներ և մեկ գերի, սաթխաթցիները միայն երկու վիրավոր։

Թշնամուն քշելուց հետո Սաթխայի ազգային խորհրդի որոշմամբ մեծխանչալեցիներին վերաբնակեցնում են Սաթխայի գիրեզմանատան մոտ, ռազմաճակատի գծից հեռու ապահով լինելու համար։

Այս առաջին և փայլուն հաղթանակն էլ ավելի է բարձրացնում հայերի մարտական ու բարոյական ոգին, բայց չի թուլացնում նրանց զգոնությունը: Սաթխացիները լավ էին հասկանում, որ իրենք գործ ունեն ահեղ ել նենգ թշնամու հետ։ Սաթխայի զինված ուժերի մի մասը վերադարձավ Օրլովկայի մոտի ճամբարը, իսկ մյուս մասը մնաց Մ. Խանչալիում հսկելու ռազմաճակատի Մ. Խանչալիից մինչեւ Դիլիֆ գյուղն ընկած մոտ 4 կմ հատվածը։ Սաթխայի փոքրաթիվ զորքին վիճակված էր պահելու 10-12 կմ-ի հասնող ռազմաճակատի գիծը։

Նոր հաղթանակ

Թուրքերը, հիմք ընդունելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը,արդեն գրավել էին 1877թ. սահմանի հողերը Կարսը, Արդահանը։ Սակայն դա չէր բավարարում նրանց։ Նրանք ուզում էին գրավել նաեւ մինչեւ 1829թ. իրենց կողմից զավթված հոդերը Սխալցխան, Ախալքալաքը (մայիսի սկզբներին, ինչպես տեսանք, ձեռնարկեցին այդ գործը), Ալեքսանդրապոլը (թեև այն թուրքերի ձեռքին երբեք չի եղել), ողջ Անդրկովկասն ու թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված մյուս վայրերը։

Թուրքերի այս անհագուրդ պահանջների կապակցությամբ Բաթումում Թուրքիայի և «անկախ» Անդրկովկասի միջեւ 1918թ. մայիսի 11-ին վերսկսված հաշտության բանակցությունների մասնակից, վիլհելմյան Գերմանիայի ներկայացուցիչ գեներալ Լոսովն իր երկրի արտաքին գործերի մինիստրությանը 1918թ. մայիսի 15-ին հաղորդում է. «Թուրքական անզուսպ պահանջները զուտ հայկական Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի մարզերի նկատմամբ հետապնդում է Բրեստի պայմանագրով որոշված մարգերի շրջանակներից (սահմաններից) դուրս Կովկասի շահագործման և Անդրկովկասում հայության լրիվ կոտորածի նպատակ...»[3]:

Թուրքերը ձգտում էին խախտել Բրեստի պայմանագիրը և դրա համար առիթներ էին որոնում: Եվ առիթը ներկայացավ: Թուրքական առավարության ջանքերի շնորհիվ Անդրկովկասյան սեյմը 1918 թվականին ապրիլի 22-ին Անդրկովկասը Ռուսաստանից անկախ հայտարարեց: Վեհիբ փաշան 1918թ. ապրիլի 28-ին հադորդեց անդրկովկասյան կառավարությանը, թե Թուրքիան ճանաչում է Անդրկովկասի «անկախությու նը»: Թուրքական կառավարությունը, իրեն ագատ զգալով Ռուսաստանի հանդեպ որևէ պարտավորությունից, սկսում է դիվանագիտական ել ռազմական ճանապարհներով իրականացնել իր նենգ մտադրությունները:

Թուրքական զորքերը գտնվում էին Ալեքսանդրապոլի մատույցներում: Թուրքական բանակի հրամանատարությունը հյուսում էր նաև Ախալքալաքի հայության գաղթեցման ծւ ոչնչացման պլանները: Ինչպես վերն ասվեց, այդ բանը նրան դեռևս չհաջողվեց իրականացնել: Թուրքերը մայիսի 13-ին նոր ուժեր ուղարկեցին Ախալքալաք Աղբաբայի (այժմ ՀՍՍՀ Ամասիայի շրջան) վրայով, որոնց ուղեկցում էին բազմաթիվ բաշիբոզուկներ:

Մայիսի 13-ին թշնամին հայտնվեց Բուդդաշենի (ռուսական Գորելովկա գյուղի) սարահարթում, Օրլովկա և Մեծ Խանչալի գյուղերի մոտ:

Հնչեց տագնապը: Սաթխայի պաշտպաններն անմիջապես պատրաստվեցին մարտի: Զինված ուժերին օգնության հասան նաև Սաթխայի ու հարևան գյուղերի աշխարհազորայինները, որոնք դիրքավորվեցին զինվորականության կողքին: Թշնամին պահանջում է զենքը վայր դնել և դադարեցնել դիմադրությունը, խոստանալով խնայել նրանց կյանքը: Սակայն Սաթխայի ազգային խորհուրդն ու քաջարի պաշտպանները չեն համաձայնում ոչ մի պայմանի: Թուրքերը Օրլով պաշտպանները չեն համաձայնվում ոչ մի պայմանի: Թուրքերը Օրլովկայի հատվածում դիմում են գրոհի։ Սաթխայի պաշտպանները թույլ են տալիս նրանց մոտենալու, եւ, երբ կարելի էր արդեն անվրեպ հարվածել, հնչում է հրամանը կրակ։ Թնդում է առաջին համազարկը, հետո երկրորդը, երրորդը, և թշնամին, կորուստներ տալով, քաշվում է ետ։ Թուրքերը, վերադասավորելով ուժերը, ձեռնարկում են գրոհ։ Սաթխայի մարտիկները, կանխելով այս գրոհը եւս, դուրս են նետվում դիրքերից և դիմում հակագրոհի։ Թշնամին փախչում է՝ մարտադաշտում թողնելով սպանվածներ ու վիրավորներ։ Հեծելազորը, հետապնդելով նրանց, քշում է դեպի Աղբաբա։ Մի քանի թուրք ասկյարներ գերի են վերցվում։ Սաթխայում ազգային խորհուրդը, նրանց քննելուց հետո, բանտարկում է։ Նույն օրը, մայիսի 13-ին, ռազմաճակատի Մ. Խանչալիի հատվածում թշնամին, չնայած ուժերի գերազանցությանը, չհամարձակվեց հարձակվել։ Այստեղ մինչեւ մայիսի 18-ը շարունակվում է փոխհրաձգությունը։

Այս երկրորդ ծանր պարտությունը անչափ անհանգստացրել էր թուրքական բանակի հրամանատարությանը։ Ինչպես վկայում են թուրք ռազմագերիները՝ թուրքական հրամանատարության կարծիքով Սաթխայի մոտ կամ դրսից եկած կանոնավոր զորքեր կան կամ էլ Անդրանիկն է հայտնվել այնտեղ իր ահարկու ջոկատով։

Այս ենթադրության մեջ որոշ հիմքեր եղել են, որովհետեւ, ինչպես գրում է Սովետական Միության մարշալ Հովհ. Բաղրամյանն իր հուշերում[4], գեներալ Անդրանիկն իր զորամասով այդ ժամանակ Քարախաչի լեռնանցքի շրջանում է եղել, որը Սաթխայից հեռու է 30-35 կմ։ Սակայն հասկանալի է, որ Անդրանիկը տվյալ դեպքում մասնակցություն չի ունեցել սաթխացիների գոյամարտին։

Սաթխայի պաշտպանների այդ համառ դիմադրության ու քաջության համար թուրքերը գյուղը անվանելիս են եղել «Ղայա-տաշ» («ժայռ»)։

Այնուամենայնիվ չհանձնվեցին...

1918թ. մայիսի 16-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը։ Դրանից հետո նրանք արշավեցին երեք ուղղությամբ դեպի Երեւան, Ղարաքիլիսա եւ «մի զորաբանակ էլ Ջավախքի եւ Լոռու վրայով շարժվում է դեպի մուսուլմանաբնակ Բորչալու եւ Աղբուլաղ Թիֆլիսի վրա գրոհելու համար»[5]։

Քարախաչի լեռնանցքով դեպի Թիֆլիս շարժվող Թուրքական 5-րդ կովկասյան դիվիզիայի դեմ, ինչպես գրում է Սովետական Միության մարշալ Հովհ. Բաղրամյանը, կանգնած էր գեներալ Անդրանիկի ջոկատը, որը տեղական բնակչության հետ միասին հերոսական դիմադրություն էր ցույց տալիս։

Ինչպես վերեւում ասվեց, թուրքական մի զորամաս էլ ուղարկվեց Ջավախք, որը գրավելով Ախալքալաքի գավառը, պետք է Աղբուլաղի եւ Բորչալուի վրայով արշավեր Թիֆլիսի վրա։ Հավանաբար, Հ. Գ. Թուրշյանի հիշատակած Ջավախք արշավող զորքերը այս 5-րդ կովկասյան դիվիզիայի զորամասերից էին։ Թուրքական մեծաքանակ զորքերի Ջավախք շարժվելու լուրը Սաթխայի հետախույզներ Օննիկ Պճարյանն ու Իսպիրյանը անմիջապես հասցրին գյուղի ազգային խորհրդին։ Այդ մասին տեղեկացրին նաեւ Ախալքալաքի գավառային ազգային խորհրդին։ Սաթխայի զինված ուժերը բերվեցին մարտական բարձր պատրաստության։ Ռազմաճակատի ձախ թեւը ուժեղացվեց աջ թեւից ուժեր տեղաշարժելու հաշվին։ Բոլոր տղամարդիկ, ինչպես նաեւ մարտունակ կանայք, մտան աշխարհազորի մեջ։

1918թ. մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը, Կարծախի մոտ հանկարծակիի բերելով գավառի զորքերին (մոտ երկու հազար հոգի), ստիպեցին նահանջել։ Գյուղերի բնակչությունը գաղթում է նահանջող զորքի պաշտպանության ներքո։ Սահմանամերձ Կարծախի, Սուլդայի եւ մյուս գյուղերի բնակիչները կուտակվում են Ախալքալաքում։ Զինված տղամարդիկ ախալքալաքկցիների հետ միասին շարունակում են դիմադրել ու կասեցնել թշնամիների առաջխաղացումը։ Դրսից ոչ մի օգնություն չկար։ Վրաց մենշեւիկների մի գումարտակ, գավառի հայ եւ վրացի բնակչության համար այդ դժվարին ու ճակատագրական պահին, մնաց Ախալքալաքից 25 կմ հյուսիս գտնվող Վարեւան գյուղում ու ոչ մի մասնակցություն չբերեց պաշտպանական մարտերին։ Գավառի հուսահատված զինվորները առանձին-առանձին, ինչպես եւ խմբերով, շտապում էին իրենց գյուղերը ընատնիքներին սատար լինելու։

Ախալքալաքից մարտերով նահանջում է նաեւ Սաթխայի հասարակության գյուղերից (Սաթխա, Խոջաբեկ, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գանձա (Փոկա) կամավոր զինվորագրված մարտիկներից կազմված վաշտը Սաթխայի ցարական բանակի նախկին սպա Ստեփան Մուշեղի Կոպալյանի հրամանատարությամբ։ Վաշտի կորիզը կազմում էին սաթխացիները (մոտ 40 հոգի)։ Նրանք իրենց հետ բերում են նաեւ մի թնդանոթ սակավաթիվ արկերով։ Հրանոթի անձնակազմի հրամանատարն էր ցարական բանակի նախկին հրետանավոր, խոջաբեկցի Հարություն Չոբանյանը։ Հրանոթը տեղավորում են Սաթխայի միջնադարյան բերդի յոթ բլուրներից ամենաբարձրի վրա, որտեղից ամբողջ սարահարթը (Գոգաշեն) լավ երեւում էր։ Ազգային խորհուրդը Կոպալյանի այս վաշտը ընդգրկում է Սաթխայի զինված ուժերի մեջ։ Այն, աշխարհազորայինների հետ միասին, կանգնեցնելով հետապնդող թշնամուն, դիրքավորվում է ռազմաճակատի Մ. Խանչալի-Դիլիֆ հատվածում։

Թուրքերը Կարծախի եւ Սուլդայի վրա նետել էին հիմնականում բաշիբոզուկներից կազմված ջոկատներ, իսկ կանոնավոր մեծաքանակ զորքը, ինչպես տեսանք վերեւում, Ալեքսանդրապոլից էր շարժվում Ջավախք։

Սաթխացիների համար սպասվում էր խիստ անհավասար կռիվ, որովհետեւ թշնամին նրանց մի քանի անգամ գերազանցում էր թե զորքի թվաքանակով, թե զենքով, թե պատերազմելու փորձով։ Թշնամին ուներ 4 թնդանոթ, բազմաթիվ գնդացիրներ, իսկ Սաթխայի զինվորականությունն (ընդամենը մոտ 500 կռվող, այն էլ մեծ մասամբ անփորձ աշխարահազորայիններով) ուներ մեկ հրանոթ եւ մեկ գնդացիր սակավաթիվ արկերով ու փամփուշտներով, որոնք Ախալքալաքից նահանջելիս, իրենց հետ բերել էին Ս. Կոպալյանի վաշտի զինվորները։ Ընդհանրապես զգացվում էր կռվող ուժի եւ ռազմամթերքի մեծ պակաս։

Մայիսի 17-ի կեսօրին թուրքական առաջապահ զորքերը բաշիբոզուկների ուղեկցությամբ մոտենում են Բուղդաշենին (Գորելովկա) եւ որոշ հանգստից հետո անցնում հարձակման Սաթխայի զորքերի ձախ թեւի վրա։ Սաթխացիների կրակե պատնեշը սասանում է նրանց շարքերը։ Թշնամին, զոհեր տալով, նահանջում է։ Սպասելով հիմնական ուժերի տեղ հասնելուն, նրանք նախապատրաստվում են թարմ ուժերով գրոհելուն։

Ինչպես վերեւում ասվեց, այստեղ ձախ թեւում էր գտնվում Սաթխայի զորքի հիմնական մասը։ Այստեղ էին գլխավոր հրամանատարը եւ շտաբի պետը։ Հ. Խանոյանը ռազմաճակատի աջ թեւի հրամանատար Ս. Կոպալյանից (վերջինս նշանակումը ստացել էր մայիսի 17-ին) պահանջում է թողնել Դիլիֆը եւ ամրանալ Մ. Խանչալիում ռազմաճակատի գիծը 5-6 կմ կարճացնելու եւ ձախ թեւը նոր ուժերով համալրելու նպատակով։ Աջ թեւում թշնամին դեռեւս սիրտ չէր անում հարձակվել. նախորդ պարտությունները նրանց լավ դաս էին եղել։ Պաշտպանների ձախ թեւը համալրում ստանալով, երեկոյան ետ է մղում թշնամու երկրորդ ուժեղ գրոհը։ Անընդհատ տեղացող անձրեւը, ձյունը (Ջավախքի համար սովորական երեւույթ է գարնանը, երբեմն նույնիսկ ամռանը՝ ձյան տեղալը), անթափանց մութը, հայերի համառ դիմադրությունը ստիպում են թուրքերին գրոհը հետաձգել մինչեւ հաջորդ առավոտ։

Ազգային խորհուրդը որոշում է օգտվել մթությունից, ետ քաշել զորքը եւ նոր դիրքեր գրավել գյուղի մերձակայքում ռազմաճակատի գիծը կարճացնելու եւ ուժերը կենտրոնացնելու համար։ Թրջված, մրսած ու հոգնած զինվորները սկսում են գաղտնի տեղեշարժը։ Ձախ թեւը Օրլովկա գյուղի մոտից ետ քաշվելով մոտ 4 կմ, դիրքավորվում է ռուսական Ղարաղալա (Սպասովկա) գյուղի մոտ, «Ղարաղալու յամջներ» կոչվող վայրում, գետի աջ ափի ժայռերի մեջ, «Սատկածներ», «Հոտաղդըմի» կոչվող հանդամասերում, որտեղ դեռեւս մեկ ամիս առաջ դիրքերը փորված ու պատրաստ էին։ Աջ թեւը, որը դեռեւս երեկոյան ետ էր քաշվել Դիլիֆից, ետ քաշվեց նաեւ Մ. Խանչալիից 7-8 կմ դեպի Օրոջալար եւ ամրացավ գյուղի հարավային կողմի հանդամասերում Շոռաղում եւ դավալիում։ Այսպիսով, ռազմաճակատի գիծը, անցնելով Սաթխայի հարավ-արեւմտյան եզրով, 5-6 կմ երկարությամբ ձգվում էր Սպասովկայից մինչեւ Օրոջալար։

Զորքի դիրքավորումից հետո հրամանատարությունը թույլ տվեց զինվորներին հերթով ջոկերով, դասակներով գնալ գյուղ չորացնելու ու փոխելու շորերը։ Այս ամենը կատարվում էր մեծ զգուշությամբ ու բարձր կարգապահությամբ։

Թուրքերի վիճակը բոլորովին ուրիշ էր։ Նրանք, չափազանց մեծ գերակշռություն ունենալով Սաթխայի ուժերի նկատմամբ, առանց երկյուղ կրելու հանգստանում էին գրաված գյուղերում։

Զենքի եւ ռազմամթերքի պակասը լրացնելու համար ազգային խորհուրդը Ախալքալաք է ուղարկում Ատուր Տեր-Ստեփանյանի ջոկատը, ինչպես նաեւ Տեր Խորենին ու Զորաբաբել Նունյանին։ Այդ վտանգավոր ու դժվարին առաջադրանքի համար անձրեւոտ ու մութ գիշերը շատ հարմար էր, որի քողի տակ Սաթխայի պատվիրակությունը բարեհաջոդ հասնում է Ախալքալաք։ Գտնում են Առաքելովին եւ նկարագրում ծանր իրադրությունը, խնդրում օգնություն: Առաքելովը զենք ու զինամթերք է տալիս նրանց եւ խորհուրդ գաղթել։ Ուրիշ ոչնչով չէր կարող օգնել։ Պատվիրակությունը վերադարձի ճանապարհին մարտի է բռնվում վրա հասնող թուրքերի հետ, որի ժամանակ սպանվում է Ատուրը։ Ջոկին հաջողվում է զենքն ու զինամթերքը տեղ հասցնել։ Երբ Տեր Խորենը (Տեր-Ստեփանյան) եւ Զորաբաբել Նունյանը ազգային խորհրդին հայտնում են, թե ամբողջ գավառը գաղթում է, եւ Առաքելովն առաջարկում է Սաթխային նույնպես գաղթել, առաջացնում է իրարանցում։ Ազգային խորհուրդը Տեր Սամվելի (Տեր-Գրիգորյան), Զաքար Կակոսյանի, Սարգիս Խանոյանի, ինչպես նաեւ նրանց կողմնակիցների պահանջով որոշում է ոչ մի դեպքում չգաղթել, նույնիսկ չգաղթեցնել կանանց, երեխաներին ու ծերերին, մնալ ամբողջ գյուղով ու կռվել մինչեւ վերջ։ Ազգային խորհուրդը որոշում է տեր Խորենին ու Զ. Նունյանին, կռվողների մեջ խուճապ առաջացնելու համար խիստ պատժել։ Ժողովուրդը, որը խռնված էր գրասենյակի շուրջը, նույնիսկ քարկոծում է նրանց ու քիչ է մնում սպանի: Վերջիններս իրենց հարազատների աջակցությամբ մի կերպ փախչում են Ծալկա:

Մայիսի 18-ի առավոտյան շարունակում էր ձյուն տեղալ։ Սաթխայի հոգնատանջ պաշտպանները լուռ սպասում էին թուրքերի հերթական գրոհին: Երբ թշնամին առավոտյան տեսնում է հակառակորդի դատարկված դիրքերը, կարծում է, թե պաշտպանները փախել էն, սակայն հետախուզելով պարզում է սաթխացիների նոր դասավորությունը եւ սկսում է գրոհը։ Թուրքերը դիմում են իրենց ավանդական խորամանկությանը։ Իրենց առջեւից քշելով բերում են ռուսական գյուղերին պատկանող խոշոր եղջերավոր անասունների մի ամբողջ նախիր: Պաշտպանները հանկարծակիի են գալիս, սակայն խուճապի չեն մատնվում։ Այս անելանելի վիճակից կարող էր դուրս բերել միայն հրետանին։ Եվ սկսում է գործել Սաթխայի միակ հրանոթը։ Հ. Չոբանյանի գլխավորությամբ հրետանավորները Սաթխայի բերդի ավերակներից կրակ են տեղում Ղարաղալայի (Սպասովկա) սարահարթով դեպի Սաթխացիների դիրքերը սողացող թշնամու վրա։ Արկերը ճշգրտորեն հասնում են իրենց նպատակակետին։ Անասուններն սկսում են այս ու այն կողմ փախչել ու ցրվել։ Թուրք զինվորներն իրենց հերթին կրում են զգալի կորուստներ։ Գրոհող թշնամու զինվորները հնձվում են նաեւ պաշտպանների հրացանային համերաշխ համազարկերից։ Մի քանի ժամ անընդհատ ռազմաճակատի ձախ թեւում տեղի էին ունենում թեժ մարտեր։ Սաթխացիների անձնազոհ գործողությունները, նրանց գրաված հարմար դիրքերը հորդացած գետի աջ ափին, ինչպես եւ դիպուկ հարվածող միակ հրանոթը, խիստ դժվարացնում էին թուրքերի բազմաքանակ զորքերի առաջխաղացումը։ Հ. Խանոյանի հրամանով Ս. Կոպալյանը, աջ թեւում թողնելով միայն աշխարհազորայիններին, որոնք հերոսաբար շարունակում էին թշնամուն կասեցնել նրա դիրքերում, իր վաշտով օգնության է հասնում ձախ թեւի քաջարի պաշտպաններին։

Կեսօրին թշնամին, զգալով Սաթխայի ուժերի խիստ պակասը, որոշում է շրջանցել պաշտպանների ձախ թեւը եւ անցնել նրանց թիկունքը։ Որոտում է թշնամու հրետանին, որի պաշտպանության ներքո թուրք զինվորների մի վաշտ վազքով անցնում է Սպասովկայի հարավային մասում գտնվող կամրջով, որը սաթխայի պաշտպանները, գուցե անհեռատեսորեն, չէին պայթեցրել, եւ Դարաղալա ամրոցի հարավ-արեւելյան կողմից առաջանում դեպի պաշտպանների թիկունքը։ Վերջիններս ստիպված ձգում են պաշտպանական գիծը ռազմաճակատի նոսրացման գնով։ Սաթխայի հրանոթը լռել էր արդեն արկերը սպառվելու պատճառով։ Զգացվում էր նաեւ փամփուշտի պակաս։ Թշնամին, արհամարհելով իր մեծաթիվ կորուստները, նետվում էր առաջ։

Ազգային խորհուրդը նախագահ Կարապետ Ծառուկյանի գլխավորությամբ, ստիպված համաձայնեց, որ ձախ թեւի ուժերը կանոնավոր նահանջեն, քանի որ նրանց գլխին կախված էր շրջապատման վտանգը։ Ազգային խորհուրդը որոշեց նաեւ գյուղի բնակչությանը կանանց, երեխաներին ու ծերերին, կազմակերպված կերպով գաղթեցնել Ծալկա, քանի դեռ թուրքերը չէին հասցրել մտնել գյուղ։

Ժամանակ շահելու համար անհրաժեշտ էր ամեն գնով կասեցնել թշնամուն։ Այդ մարտերում պաշտպանները ցույց էին տալիս անվեհերության ու անձնազոհության աներեւակայելի օրինակներ։ Զորքի նահանջն ապահովելու համար գլխավոր հրամանատարը դասակներից մեկը թողեց որպես վերջապահ։ Անձնուրաց կտրիճները թջնամուն պահեցին այնքան ժամանակ, մինչեւ պաշտպանների հիմնական ուժերը գյուղի մերձակայքում նոր դիրքեր գրավեցին։ Նրանց մեծ մասը նահատակվեց անհավասար կռվում, իսկ ոմանք ծանր վիրավոր վիճակում գերի վերցվեցին։ Միայն քչերին հաջողվեց հասնել նահանջողներին։ Խիզախաբար զոհվեցին Մկրտիչ Խանոյանը (Հ. Խանոյանի եղբայրը), Բափել Թորոսյանը, Եզդի-քուրդ Կոստանը, ազգային խորհրդի անդամ Զաքար Կակոսյանի դեռահաս տղաները Պետրոսն ու Հովակը, որոնք «Ճերմակհողնոց» վայրում դիմադրում էին թշնամուն մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ իրենց գլխատելը, ինչպես եւ շատ ուրիշ քաջեր։ Վիրավոր վիճակում գերի բռնվածների թվում էին Ստեփան (Տաշտամիր) Սանասյանը, Ավետիս Խաչատրյանը եւ ուրիշներ։

Նոր ռազմաճակատի գիծը «Օցոտ Թըփը» կոչվող բլրից գյուղի եզրով ձգվելով 3 կմ հասնում էր «Ատաներ» կոչվող մարգագետինը։ Պաշտպաններին հաջողվում է թշնամուն կասեցնել եւս 1-2 ժամ, որի շնորհիվ բնակչության մեծամասնությունը հասցնում է դուրս գալ գյուղից եւ հեռանալ Արագյալի ուղղությամբ։ Թշնամին մտնում է գյուղ։ Կատաղի մարտեր են տեղի ունենում գյուղի փողոցներում, որի ժամանակ ոտքից վիրավորվում է շտաբի պետ Հմայակ Փահլեվանյանը եւ գերի վերցվում կնոջ հետ միասին։ Պաշտպանների բժիշկ Հարություն Մանվելյանը վերջին վիրավորներին էր նստեցնում ձիասայլերի վրա, երբ թուրքերն արդեն մոտենում են։ Նա վերցնում է հրացանը, հրամայում է շարժել ֆուրգոնները, իսկ ինքը դիրք է գրավում ցանկապատի ետեւում։ նա երկու ծերունիների հետ միասին այնքան է մարտնչում, մինչեւ սայլերը հեռանում են գյուղից։ Իր դիրքում հերոսի մահով զոհվում է բժիշկ Սանվելյանը «Մարդ-մարդը»։

Երբ վիրավորներին տեղափոխող ֆուրգոնները դուրս էին գալիս գյուղից, գլխից վիրավոր Ստեփան Կոպալյանը նկատում է, որ թուրքական զինվորների մի մեծ խումբ, ճեղքելով մեր պաշտպանների շարքերը, բերդի արևելյան մասից վազքով մոտենում է գերեզմանատանը կտրելու նահանջողների ճանապարհը։ Չնայած ծանր վերքին, Ստեփանը վերցնում է հրացանը եւ իջնում ցած։ Նրա հետ միասին գերեզմանատան տապանաքարի ետեւում դիրքեր են գրավում նաեւ նրա հայրը Մուշեղը եւ հորեղբոր տղաները Եղիա եւ Խոսրով Եզեկի Կոպալյանները, որոնք իրենց ֆուրգոնով տեղափոխում էին Ստեփանին եւ ուրիշ վիրավորների։ Նրանց հետ էին նաեւ մայրն ու կինը կրծքի երեխան գրկին, որոնք նույնպես իջան ցած ու չհեռացան իրենց այրերի մոտից, չնայած Ստեփանի հրամանին հեռանալ ու միանալ գաղթողերին։ Նրանք թաքնվեցին գերեզմանաքարի ետեւում։

Չորս Կոպալյանները դիպուկ կրակով սկսում են հնձել թուրք զինվորներին, որոնք բլրից իջնելիս իսկական թիրախ էին դառնում։ Այդ անհավասար մարտը բավականին երկար է տեւում։ Սպանվում են տասնյակ ասկյարներ։ Զոհվում են նաեւ Եղիան, Մուշեղը, Խոսրովը։ Ստեփանը վիրավորվում է ձախ թեւից, բայց շարունակում է կրակել մինչեւ վերջին փամփուշտը, որից հետո դուրս է քաշում սուրը եւ մահացու խոցում իրեն մոտեցող մի քանի թուրք զինվորների, ինքն էլ ընկնում հերոսի մահով։ Ստեփանի ողբացող մորն ու կնոջը գերի են վերցնում, իսկ որդուն սպանում մոր գրկում։ Գերի վերցված ականատեսների վկայությամբ, բլրի լանջին ու գերեզմանատան եզրին ընկած էին Կոպալյանների կողմից սպանված շատ ասկյարներ։ Այսպիսով, Կոպալյաններն իրենց կյանքի գնով Սաթխայի զինված ուժերի կենտրոնին հնարավորություն տվեցին դուրս գալ եւ ազատվել շրջապատման վտանգից, նաեւ պաշտպանելով ժոդովրդին նահանջելու դեպի Արագյալ։ Մեր քաջարի պաշտպանները Մ. Արագյալի մերձակայքից ետ են մղում թշնամուն այնքան ժամանակ, մինչեւ կանայք, երեխաներն ու ծերերը Մեծ եւ փոքր Արագյալների միջեւ եղած նեղ կամրջով անցնում են գետի աջ ափ։ Վերջում անցնում են պաշտպանները եւ պայթեցնում կամուրջը։ Առանց կամրջի հորդացած ու կատաղած Թափարավան (Փարվանա) գետն անցնելը անկարելի էր։ Մերոնք Փ. Արագյալից մինչեւ Դումոն (Սաղամո) լիճը, ձորի պռնկին դիրքեր Են գրավում եւ կանխում թուրքերի գետն անցնելու հուսահատ փորձերը։ Թշնամին պարզելով, որ լճի մոտ կամուրջ կա, ուժերը տեղափոխում է այնտեղ։ Պաշտպաններն իրենց հերթին շարժվում են այն կողմը, սակայն չեն հասցնում քանդել կամուրջը։ Թուրքերին հաջողվում է անցնել գետը եւ մտնել ավերակ ու անմարդաբնակ Թումոն գյուղը։ Թուրքերը չկարողացան գյուղատեղից վերեւի սարահարթը բարձրանալ, որտեղ մերոնք էին, որովհետեւ եռանկյունի հիշեցնող «Վրա» կոչվող հարթությունը երկու կողմի եզրերից խիստ զառիթափ է եւ բնական ամրոցի է նմանվում։ Այստեղ մեր պաշտպաններին օգնության են հասնում գանձացիների զինված ջոկատները, որոնք դիրքավորվել էին «Սուրբ Հովհաննես» բլրի հարավային լանջին։ Թուրքերն ստիպված նահանջում են Թումոնից։ Նրանց մի մասը շարժվում է դեպի մահմեդականներով բնակեցված Սաղամո գյուղը, որի բնակիչներին Ախալաքալաքի ազգայնամոլներից ժամանակին պաշտպանել էին սաթխացիներն ու գանձացիները եւ թույլ չէին տվել անգամ դիպչելու նրանց մազին։

Արդեն մութ էր։ Թուրքերն իրենց սեւ գործն ավարտած համարելով Սաղամոյից այն կողմ չեն անցնում։ Սաթխայի գաղթականությունն իր պաշտպանների օգնությամբ ու հսկողությամբ գիշերն անցնում է Թիքքարի լեռնանցքը, իջնում Ծալկայի հայկական Նարդեւան, Ղուշչի, Այամզա եւ հյուրընկալ այլ գյուղեր․․․

***

Ծալկայից 1918թ. ձմռանը Սաթխա. վերադարձավ սովից ու համաճարակից փրկված ընդամենը 700 շունչ։

Ամբողջովին կողոպտված ու ավերված գյուղում, Ջավախքի դաժան ձմռան պայմաններում սովահար եղած, հիվանդ ու հյուծված մարդկանց փրկարար օգնության ձեռք են մեկնում հարեւան գյուղերի հայերն ու ռուսները։ Գյուղն աստւճանաբար ոտքի է կանգնում, իսկ Վրաստանում սովետական կարգերի հաղթանակից հետո ընթանում է վերելքի ճանապարհով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին 350 սաթխացիներ մեկնեցին ռազմաճակատ, որնցից 130-ը չվերադարձան։ Սաթխացիներից շատերը մեծ Հայրենականի հերոսամարտերում իրենց փառքով պսակեցին։ Օրինակ, մայոր Գաբրիել Սահրադյանն իր տանկային գումարտակով աչքի ընկավ 1941թ. Մոսկվայի պաշտպանության համար մղված մարտերում, ուր նա ընկավ քաջի մահով (այդ մասին «Պրավդա» թերթը 1941թ. նոյեմբերի 15-ի համարի առաջին էջում տպագրել է Օ. Կուրգանովի «Տանկային մարտ» ծավալուն հոդվածը), իսկ գյուղի 1918թ. պաշտպաններից Ստեփան Գինոսյանը հասել է զինվորական գեներալ-լեյտենանտի բարձր աստիճանի։ Խաղաղ կյանքի տարիներին էլ գյուղը հայրենիքին նշանավոր մարդիկ է տվել ՍՍՀՍ գիտությունների ակադեմիայի թղթակից֊անդամ, փիլիսոփա Ցոլակ Ստեփանյան, բժշկական գիտությունների դոկտոր էմիլ Ստեփանյան (աշխատել է Կրեմլում), պատմական գիտությունների դոկտոր Ազատ Համբարյան եւ ուրիշներ։ Այսօր գյուղում գործում է միջնակարգ դպրոց 70 մանկավարժներով ու 500-ից ավելի աշակերտներով (գյուղի հին դպրոցը հիմնադրվել է 1875 թվականին)։

Սաթխայի Ս. Սպանդարյանի անվան բարձալեռ կոլտնտեսությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։ Ներկայումս գյուղում բնակվում է շուրջ 2400 մարդ։

  1. Из истории иностранной интервенции в Армении в 1918г., (документы), Ереван, 1970, с. 54, 59, 60.
  2. Հ. Գ. Թուրշյւսն, Սարդարապատի հերոսամարտը, Եր. 1965, էջ 176-177։
  3. Из истории иностранной интервенции в Армении в 1918г., (документы), Ереван, 1970, с. 55.
  4. И. X. Баграмян, Мои воспоминания, Ереван, 1979, ст. 76, 86․
  5. Հ. Գ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Եր. 1965, էջ 124։