Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/Վիշապաքարերը Մուրջախեթում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վիշապաքարերը Մուրջախեթում
«Փարոս»

թիվ 93,

4 օգոստոսի 1983թ.


Գյուղի հին գերեզմանոցում վեր է խոյանում սև բազալտից պատրաստված կոթող, որի բարձրությունը մոտ 3 մետր է: Անշուշտ, 2 մետր էլ թաղված կլինի զետնի մեջ։ Տեղացի հայերն այն անվանում են «Կաթ-քար», իսկ վրացիները «Ձուձու-քվա»։

Այս հուշարձանը առաջին անզամ նկարագրել է հայ նշանավոր ազգագրագետ Ե.Լալայանը 1892 թվականին («Ջավախքի բուրմունք»)։ Նա համառոտ գրի է առել կոթողի մասին լեգենդը և դրա հետ կապված ծեսերը, այն անվանելով «Կաթ-քար»։ Այն հուշարձանին անդրադարձել է Խ. Սամուելյանը, որը նույնպես անվանում է «Կաթ-քար» եւ Լալայանի նման այն կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ։

Ե.Լալայանից հետո, ինչպես այս կոթողը, այնպես էլ երկրորդը (ընկածը) նկարագրել է Ի. Ռոստոմովը, որը նույնպես հուշարձանը կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ։ Նրան կրկնում է Է. Թաղաիշվիլին։ Բայց կոթողն ուշադիր զննելիս պարզ երեւում է, որ մի շարք գիտնականների (Յա. Սմիռնով, Ն. Մառ, Ի.Մեշչանինով, Լ. Մելիքսեթ-Բեկ, Մ. Աբեղյան, Գ. Ղափանցյան) կարծիքները հուշարձանի վիշապ լինելու վերաբերյալ միանգամայն ճիշտ է, չնայած վրան չկա ձկան աչք ու խռիկներ։ Քարը կողքերից ինչ-որ չափով նմանեցված է ձկան։ Ն. Մառը վիշապաքարերը բաժանում է երկու տիպի։ Առաջին տիպի քարերը ձկի քանդակներ են, մյուս տիպի քարերի վրա քանդակված է այս կամ այն կենդանու պատկերը, ավելի հաճախ եզան կամ գոմեշի գլուխ, թռչուններ, օձեր եւ այլն։ Մուրջախեթի վիշապաքարերը պատկանում են դրանից երկրորդին։ Քարի վերևի մասում քանդակված է (բարձրաքանդակ) ցուլի գլուխ, պոզերը գլխին զուգահեռ համաչափորեն իջնելով ներքև թեքվում են կողքի։ Պարզորոշ երևում են նաև ականջները։ Քարի երկու կողմերից ցած են իջնում ցուլի առջևի ոտները,կճղակները եւս քանդակված են ճշգրտությամբ։ Ցուլի դնչի տակ մոտ 25 սմ երկարությամբ ալիքաձեւ բարձրաքանդակ կա։ Դա կամ լեզուն է դուրս եկած բերանից, կամ ջուր է պատկերված։ Սրա տակ անմիջապես քանդակված է երկգլխանի օձ։ Թռչուններ չեն քանդակված, ինչպես կարծում է Լ. Մելիքսեթ-Բեկը։ Լուսանկարի աղավաղված լինելու պատճաոով ցուլի եղջյուրները, որոնք անառարկելիորեն այդպիսին են, դարձել են թռչուններ, իսկ ցուլի գլուխը հավանաբար շան գլուխ։ Այս անճշտությունը կրկնում են նաեւ Մ. Աբեղյանն ու Գ. Ղափանցյանը։ Հավանական է, նրանք հուշարձանի մոտ չեն եղել եւ կարծիք են կազմել Լ. Մելիքսեթ-Բեկի գրքում զետեղված աղավաղված լուսանկարի հիման վրա։ Ցուլի գլուխը շատ է նման Ռադիոնովկա գյուղից յոթ կիլոմետր հեռու, դեպի Թբիլիսի տանող ճանապարհի կողքին, Թիք-քարի լեռնանցքում գտնվող եւ ժողովրդի կողմից Թիք-քար կոչվող վիշապաքարի վրա քանդակված ցուլի գլխին, միայն այն տարբերությամբ, որ եղջյուրները ցած իջնելով, թեքվում են ոչ թե դեպի կողքի, այլ՝ դեպի դունչը։

Մուրջախեթի հարավային ծայրամասում ընկած է, ինչպես ասվեց, երկրորդ արձանը, որը, անշուշտ, նույնպես վիշապ է։ Այն լիարժեք չի ուսումնասիրվել, որովհետեւ քանդակը մնացել է հողի մեջ։ Ինչպես կարծում է Լ. Մելիքսեթ-Բեկը, քրիստոնեության շրջանում հուշարձանի վերեւի ծայրը հարթեցրել են, ծակել եւ կոթողի գլխին խաչ դրել, ինչպես Բարալեթի, Գումբուրդոյի, Աբուլի, Բզավեթի եւ Քսովրեսի սյուները։ Հուշարձանի գիտական արժեքն էլ ավելի կմեծանա, եթե այն կանգնեցվի։ «Վիշապ» կոչվող կոթողները կանգնեցված են, հատկապես բարձրալեռ շրջաններում (Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սեւանի ավազանում, Շիրակում, Կոտայքում, Փոքր Հայքում, Ճորոխի ավազանում, Ջավախքում, Վայոց ձորում եւ այլուր), լճերի, գետերի եւ ջրանցքների ափերին, աղբյուրների ակունքների մոտ։ Ն. Մառը, Յա. Սմիռնովը, Բ. Պիոտրովսկին գտնում են, որ այս հուշարձանները երկրագործության եւ ոռոգման պահապան եւ հովանավոր աստվածների հուշարձաններ են։ Ըստ Մ. Սբեղյանի, դրանք դրված են ջրի աստվածուհի Աստղիկ-Դերկետոյի համար։ Պետք է եզրակացնել, որ վիշապները կանգնեցվել են ընդհանրապես ջրի աստծո, մասնավորապես Աստղիկ աստվածուհու պատվին, դրա հետ միաժամանակ պաշտվել են նաեւ տարերքի եւ պտղաբերության առումներով։

Վիշապների ստեղծման ժամանակները որոշելիս գիտնականների կարծիքները տարբեր են։ Ն.Մառը, Յա. Սմիռնովը, Բ. Պիոտրովսկին, Գ. Ղափանցյանը թվագրում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին, Մ. Աբեղյանը մ.թ.ա. առաջին հազարամյակին։ Ըստ իս, բոլորից հավանականը Ն. Մառի կողմից ավելի վաղ արտահայտված կարծիքն է. «... Վիշապների կամ քարե ձկների արձանները համենայնդեպս մ.թ.ա. հինգերորդ հազարամյակի հուշարձաններ են» (1925թ. Ն. Մառ, «Հայկական մշակույթ»)։

Այս կարծիքը հաստատվում է նաեւ նրանով, որ հնդեվրոպական մի շարք ցեղեր իրենց նախահայրենիքից (Հայկական լեռնաշխարհ, Արեւելյան Անատոլիա, Հյուսիսային Միջագետք, Արեւմտյան Իրան) դուրս են եկել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից ոչ ուշ (Թ. Վ. Գամկրելիձե եւ Վ. Վ. Իվանով, «Հնդեվրոպական լեզուն եւ հնդեվրոպացիները») եւ, հավանաբար հետները տարել են իրենց վիշապները կամ վիշապների գաղափարը...