...նաև Սպիտակ Եղեռն/Տասներկու անմոռանալի օրեր
ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ
թիվ 25,
ՍՍՀՄ երիտասարդական տուրիզմի միջազգային բյուրոյի ուղեգրով անցյալ տարվա վերջին Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում եղավ Սաթխայի միջնակարգ դպրոցի պատմության դասատու Արտյուշ Սանոսյանը։
Տպագրում ենք առանձին հատվածներ Ա. Սանոսյանի ուղեգրական նոթերից։
- ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱԲԱՑԸ
Գնացքը դանդաղ մոտենում է չեխոսլովակյան սահմանամերձ փոքրիկ կայարանին։ Առաջինը, որ անմիջապես աչքի է զարնում այստեղ, դա կայարանի շենքի առաջնամասն է։
Գետնից մոտ երկու մետր բարձրության վրա գտնվող տախտակամածի վրա շարված են ծաղկամաններ թելերի վրա հյուսված ու մինչեւ կտուրը մագլցած ծաղիկներով, որոնք գիշերը, էլեկտրական լույսի տակ, կայարանի շենքին տալիս էին հեքիաթային դղյակի տեսք։
Նույն կայարանում գնացք են բարձրանում չեխոսլովակյան սահմանապահները՝ ուղեւորների փաստաթղթերն ստուգելու։ Այդ արարողությունը դեռ չվերջացած մեր վագոնում հայտնվում է մի վտիտ ու արագաշարժ երիտասարդ եւ ներկայանում մեզ.
― Ես Ֆուկաս Գլեբն եմ, ուսանող, քսան տարեկան, ձեր գիդը...
Այս աշխույժ ու համարձակ երիտասարդը, կարծես, իր հետ վագոն բերեց ամբողջ Չեխոսլովակիան, որի հետ մենք մտերմացանք անմիջապես եւ քիչ անց նա դարձավ բոլորիս սիրելի Գլերը։
Հաջորդ կայարանում գնացքը շատ քիչ է կանգնում, եւ իրենց ճամպրուկներով հազիվ են հասցնում վագոնի դռնից ներս մտնել 7-8 ուրախ ու աղմկոտ երիտասարդներ։ Գլեբը մեզ ծանոթացնում է նրանց հետ։ Ուսանողներ են։ Վերադառնում են Մոսկվայից, որտեղ անցկացրել էին իրենց պրակտիկան։ Մեր ծանոթությունը սկսվում է բարեկամական ջերմ զրույցով, որը շատ շուտով վերածվում է կովկասյան քեֆի։ Սեղանների վրա հայտնվում են հայկական կոնյակն ու վրացական գինին։ Դրանց ավելանում է չեխական գարեջուրը, որը շատ սիրելի եւ տարածված խմիչք է Չեխոսլովակիայում։
Տաքացած երիտասարդները երգում են չեխական խմբական երգեր։ Այդ երգերի բովանդակությունը, ինչպես համառոտակի թարգմանում է Գլեբը, սերն է, խաղաղ կյանքը, հայրենիքը, ջահելությունը...
Չեխական երգերին հաջորղում է մերը ռուսական, հայկական, վրացական երգերը։ Փոխվում է միայն երգի լեզուն ու եղանակը։ Բովանդակությունը նույնն է սեր, ջահելություն, հայրենիք...
Լուսանում է։
Առաջին լուսաբացը Չեխոսլովակիայում։
Լուսաբացի հետ մարում են երգերը, եւ մենք փարվանա թիթեռնիկի պես հպվում ենք վագոնի պատուհաններին ամեն ինչ տեսնելու համար։
Գիշերը մենք արդեն անցել էինք Սլովակիան ու Մորավիան։ Այժմ Չեխիայհւմ ենք։
Բլուրներ, բլուրներ... Այնքան շատ են այստեղ բլուրները եւ բոլորն էլ ծածկված են անտառներով ու փարթամ կանաչով։ Ճանապարհի կողքերին փռված են քաղաքաներն ու գյուղերը։ Դրանք այնպես են թաղված մրգատու ծառերի ու այգիների մեջ, որ տների երկրորդ հարկերը հազիվ են երեւում։ Յուրաքանչյուր մեծ կամ փոքր գյուղի ծայրին շինված են գեղեցիկ սպորտհրապարակներ, եւ մենք գնացքի պատուհաններից «ականատես» ենք դառնում մի քանի ֆուտբոլային մրցումների։
- ՀԱՐՅՈՒՐԱՇՏԱՐԱԿ ՊՐԱԳԱ
Իջեւանում ենք Պրագայի ուսանողական թաղամասի մի հանրակացարանում։ Առավոտյան նախաճաշից հետո, Գլեբի առաջնորդությամբ, ոտքով գնում ենք Վիշեգրադ, որը շատ էլ հեռու չէ մեր իջեւանած տեղից։
Անցնում ենք քաղաքի փողոցներով, որոնք սալահատակված են ծխախոտի տուփիկների չափ գույնզգույն սալիկներով։ Մայթերն էլ են սալահատակված, բայց ավելի փոքրիկ սալիկներով, ու, թվում է, թե մեր առջեւ գորգեր են փռված։ Փողոցների խաչմերուկներում աղբյուրի ծորակներ կան, բայց նրանք այլեւս չեն օգտագործվում, ներկված են կանաչ գույնով եւ պահպանվում են որպես հնություններ։
Մտնում ենք Վիշեգրադ ամրոցից ներս։ Նրա պարիսպները դարերի պատմություն ունեն եւ կառուցված են ոչ թե բլրի վրա, ինչպես մեր ամրոցներն են, այլ նրա շուրջը։ Բարձր ու ամուր պարիսպը գրկել է բլուրի մեջքը ու նրան առել իր մեջ։ Ամրոցն այժմ վերածված է մի շքեղ գբոսայգու, իսկ նրա կենտրոնում, վանքի պատերի տակ հանգչում են չեխ ժողովրդի արժանի զավակները գրողներ, նկարիչներ, կուլտուրայի ու գիտության այլ գորժիչներ։
Ամրոցի բարձրադիր մասից, ինչպես ափիդ մեջ, երեւում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը ինչպես իրենք, չեխերն են ասում «Ոսկե Պրագան», «Հարյուրաշտարակ Պրագան»: Իսկապես որ Պրագայում աշտարակները շատ են։ Նրանց թիվը անցնում է 400-ից, որոնք Վիշեգրադի բարձունքից նայելիս նման էին երկինք պարզած բյուրավոր նիզակների։
ԱՀԱ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՆԿԸ
Ավտոբուսը կանգ է առնում հին քաղաքի Ստարեմայստսկայա հրապարակում։ Գլեբը ցած է իջնում եւ քիչ հետո վերադառնում է մի տարիքավոր մարդու հետ։ Նա մեր էքսկուրսավարն է լինելու։ Մարդը տեղավորվում է ավտոբուսի առաջնամասում, վերցնելով միկրոֆոնը թեթեւակի հազում է նրա մեջ, մաքրում կոկորդը եւ.
− Ահա չեխ ժողովրդի հերոս զավակ Յան Հուսի արձանը,– լինում է նրա առաջին խոսքը:
Մենք տեսնում ենք հրապարակի կենտրոնում կառուցված մի հոյակերտ արձան։
Դուրս գալով Ստարե Մյաստոյի միջնադարյան նեղլիկ փողոցների լաբիրինթոսից, մեր ավտոբուսը անցնում է Վլտավայի վրա կառուցված 13 կամուրջներից ամենամեծի «Կառլովո մոստ»-ի վրայով։ Այն կառուցվել է 1357 թվականին եւ ունի 520 մետր երկարություն։ Սա իրավմամբ կարելի է անվանել կամուրջ-թանգարան, քանի որ նրա երկու կողմերում էլ կանգնեցված են 30 քանդակագործների ձեռքով կերտած բազմաթիվ արձաններ ու քանդակներ։
Անցնելով կամուրջը, մտնում ենք քաղաքի Մալայա Ստրանա թաղամասը՝ հին պալատների, գեղեցիկ զբոսայգիների, ճարտարապետության բարոկկո ոճով կառուցված տաճարների շրջանը։
Ավտոբուսը հեւալով մագլցում է Կրեմլի բլուրն ի վեր։ Պրագայի Կրեմլը, որը կառուցվել է VI դարում, Մոսկվայի Կրեմլի պես Պրագայի համար եղել է այն միջուկը, որի շուրջը հետագայում կառուցվել է քաղաքը։ Լինելով քաղաքի հնագույն մասը, այստեղ գրեթե միշտ լիքն է լինում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներով։
Ս. Լորետայի տաճարի հրապարակում էլ ասեղ գցելու տեղ չկար։ Այստեղ խռնված էին սեւամորթ, դեղնամորթ, սպիտակամորթ ռասսաների պատկանող բազմատարազ մարդիկ։ Նրանք էլ մեզ նման սպասում էին լսելու Ս. Լորետա եկեղեցու 27 զանգերի հրաշք-հնչյունները, որ կարելի է ունկնդրել ժամը մեկ անգամ։ Լսվում է զանգերի ղողանջը փքված ծնվում մի հոգեպարար քնքուշ մեղեդի։ Հսկա բազմությունը քար կտրած լսում է այդ աստվածային երաժշտությունը, զարմանալով, որ այդ չքնաղ երաժշտությունը ծնող բարդ մեխանիզմը պատրաստվել է միջնադարում։
Կրեմլի Ստրոգովյան վանքը, որտեղ հիմա պահվում են հին ձեռագրեր, քարտեզներ, փայտի վրա կատարված փորագրություններ, հիշեցնում է Երևանի Մատենադարանը։
Վերադառնում ենք «տուն»։ Հրապարակներից մեկում վարորդը դանդաղեցնում է ավտոբուսի ընթացքը, և նորից լսում ենք մեր էքսկուրսավարի ձայնը.
− Սա սովետական տանկն է, որ առաջինն է մտել Պրագա,– ասում է նա և ցույց տալիս պատվանդանի վրա դրված սովետական տանկը.
ԱՏՈՒՄ ԵՆՔ ՖԱՇԻԶՄԸ
Էքսկուրսիան սկսում ենք սինագոգայի շուրջը փռված հրեական հին գերեզմանոցից։ Գերեզմանաքարերի խիտ անտառի մեջ շրջելուց հետո մտնում ենք սինագոգա։
Պրագայի Պինկասի անվան սինագոգան Եվրոպայում կանգուն մնացածներից ամենահինն է։ Հիտլերը այն թողել էր հակասեմիտական պրոպագանդայի համար: Նա չէր էլ կարծում, որ այն, հենց Եվրոպայի կենտրոնում, կդառնա մի ցասում ֆաշիզմի դեմ և կարտահայտի վեց միլիոն նահատակված հրեաների բողոքը: Առաջին հայացքից ներսի պատերը զարմանալի ու տարօրինակ են թվում։ Նրանք վերևից ներքև ծածկված են լատինական տառերով։ Դրանք նացիզմի 77.297 զոհերի անուն-ազգանուններն ու ծննդյան թվերն են։ Այդ անունների տերերը մինչև երկրորդ աշխարհամարտը Չեխոսլովակիայի քաղաքացիներն էին, որոնց պատերազմի տարիներին հիտլերյան ամենահրեշները մոխրացրել էին համակենտրոնացման ճամբարների վառարաններում։ Զոհերի ծննդյան թվերը բազմազան են, ընդհուպ 1942 թիվը, իսկ մահվան թվերը մի քանիսն միայն 1942, 43, 44.․․
Սինագոգայում բազմաթիվ հավաքվածների դեմքերին կարելի է կարդալ մի որոշակի միտք՝ ատում ենք ֆաշիզմը։
ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՆԱՎԻ ՎՐԱ
Նավը լիքն էր Անգլիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից եկած զբոսաշրջիկներով։ Մենք նոր էինք բարձրացել տախտակամած, երբ նա շարժվեց՝ ակոսելով գետի պղտոր ջուրը[1]։
Խումբ-խումբ երիտասարդները երգում էին, պարում, ծանոթանում միմյանց հետ։
Այդ ընդհանուր ժխորի մեջ մեր ականջին են հասնում ռուսական ծանոթ երգի հնչյունները։
Մոտենում ենք նրանց մոսկվացի, իրկուտսկցի, ալմա-աթացի զբոսաշրջիկներից կազմված մեծ խմբին։ Մենք էլ ենք միանում նրանց եւ ավելի բարձր ու հաղթական է հնչում «Համաշխարհային երիտասարդության հիմնը», «Մերձմոսկովյան գիշերներ» եւ այլ երգեր։
Մեր խմբին է մոտենում բարձրահասակ փոքրիկ մորուքով մի երիտասարդ, ֆրանսերեն բարեւում մեզ, լսելով մեր երգը՝ գոհունակությամբ ժպտում.
− Խորոշ, խորոշ...
Զգում Եմ, որ նա մեծ ցանկություն ունի մեզանից որեւէ մեկի հետ խոսելու...
Մենք խոսում ենք իրար հետ ժեստերի լեզվով, որին օգնության են գալիս մեր գիտեցած ընդհանուր բառերը։
Անունը Ժոլի Ժակ է, իսկ արտասանած «կոմունիստ», «Յումանիտե», «պուբլիցիստ» բառերից հասկանում Եմ, որ Ժոլի Ժակը կոմունիստ է։ Նա աշխատում է Ֆրանսիայի կոմկուսի օրգան «Յումանիտե» թերթում որ¬պես հրապարակախոս։
Փոխադարձաբար ներկայանում եմ նրան եւ իրար ետեւից թվում «ՍՍՀՄ», «Վրաստան», «հայ», «մանկավարժ», «կոմունիստ» բառերը։
− Ա՜... հա՜յ... մեզ մոտ շատ...,– կես ռուսերեն, կես ֆրանսերեն ասում է նա եւ ավելացնում,– Գաղզու (Գառզու), Շառլ Ազնավուր, Մարկ Արյան, Ռոզի Արմեն...
- ՎԵՐԱԴԱՐՁ
Օստրավացիների հետ երեք օր շնչեցինք նրանց քաղաքի ծխոտ օդը: Օստրավան Չեխոսլովակիայի երկաթե սիրտն է։ Այնտեղ են գտնվում հանրապետության մետաղամշակման հսկա գործարանները, հիմնական ածխահանքերը։ Եթե Պրագայում ամենուր աշտարակներ են, ապա Օստրավայում՝ ծխնելույզներ։ Դրա համար էլ այստեղ ամեն ինչ սեւ է: Սեւ քող են հագել ծառերը, խոտերը, տանիքները։ Քաղաքը կիսում է սեւ-սեւ գետը՝ մազութոտ ջրով։
Այստեղ է մշակվում Սովետական Միությունից ստացված երկաթը, որը Չեխոսլովակիայում մշակվող երկաթի 70-80 տոկոսն է կազմում։
Եթե Չեխոսլովակիա գնալիս գիշերն էինք անցել Սլովակիա, ապա վերադարձին մեր առջեւ փռվել էր լեռնոտ ու անտառապատ այդ չքնաղ երկիրը՝ արեւի պայծառ շողերի տակ։
... Վրացի աղջիկները մեր կուպեն են բերում երկու հայի։ Նրանք սկզբում կարծել էին, թե վրացիների են հանդիպել, բայց երբ հարցրել էին նրանց ազգությունը հպարտությամբ պատասխանել էին, որ հայեր են։
Նրանք հայր եւ որդի էին։ Վերադառնում էին Չեխոսլովակիայից։ Ուկրաինական Չոպ քաղաքից էին։ Դարեր առաջ նրանց պապերը Հայաստանից էին գաղթել այնտեղ։ Նրանք արդեն վաղուց մոռացել էին հայերենը, խոսում էին հունգարերեն։ Չեն պահել ազգային սովորություններն ու անունները, բայց հոգեպես իրենց հայ են զգում։
Հոր եւ որդու դեմքերը թուխ էին, դիմագծերը հայկական: Նրանց մեջ կար մի փոքրիկ տարբերություն՝ որդին ավելի շատ էր հայ, քան հայրը, որովհետեւ նա ծանոթ էր իր հայրենիքի հնամյա պատմության եւ շատ բան գիտեր Հայաստանի փառավոր անցյալի եւ պայծառ ներկայի մասին։
Գնացքը նորից սլանում է լայնատարած տափաստաններով:
Դրսում Ուկրաինան է:
- ↑ Վլտավա գետում՝ մեր ՉԵխոսլովակիա գնալուց մի քանի օր առաջ, նավակով ընկերներին օգնություն ցուցաբերելիս, խեղդվել էր Հայաստանի երիտասարդ զբոսաշրջիկների խմբի ղեկավարը՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի քարտուղար Հենրիկ Բադալյանը...