Երազում եմ ես լուսավոր մի գետ,
Մարմարյա տներ ափերին նրա,—
Շրջում են շուրջը չքնաղ աղջիկներ,
Իմ կյանքի մասին պատմելով իրար... 5
Դարեր են անցել արդեն, ինչպես գետ,
Եվ երգերս պարզ՝ այդ դարերի հետ
Հասել են մինչև ափերն այդ վսեմ,
Գալիք աշխարհի ափերը լուսե։—
Իմ երազներում հաճա՜խ եմ տեսել 10
Ես գետն այդ վսեմ և երթը լուսե,—
Եվ միշտ, երազում, թե խոհերում պարզ —
Թվացել է այդ — ցնորք ու երազ...
1933. XI 30
II
Իմ ոսկի՜, ոսկի՜ իմ Իրան...
«ՉԱՐԵՆՑ—ՆԱՄԵ»
Այն ափերում, ուր դու,— օ, տարիներ առաջ,—
Թափառելով՝ սիրո երգեր էիր գրում
Եվ գուրգուրում, իբրև սերունդների երազ
Ա՛յն, որ թաղված մնաց քո գրքերում,—
Այն ափերում հիմա մի բարբարոս հովիվ,
Երազելով քեզ պես կնոջ գգվանք ու սեր —
Ունկնդրում է միայն շշուկներին հովի,
Եվ, երգերի տեղ քո, երգում անբառ մի շեր...
1933. IX 18