Jump to content

XIX դարի կրոնասերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

XIX դարի կրոնասերը



(Գիշերով)
I



Հա՛մր է լեզուս, որպես գիշերով
Երկնքի կայքր և տարածություն.
Ես մտածում եմ երկյուղած սըրտով,
Եվ հետզհետե՛ խորհրդածություն։
5 Ամեն տեղ կյանք է, ուր և անկանի
Քո տեսությունը։ Լեռների շղթան,
Ծաղկազարդ բլուրներ, ժողովք ջրերի,
Ձեզ քարոզում են փառքը բնության.
Եվ շշնջում են մի խորհրդավոր
10 Զորության վերա, և չես շոշափում
Այդ զորությունը, միայն հոգևոր
Քննության առջև՛ է ներկայանում։

II


Մի անեզըրական անվերջ զորություն
Տիրում է մարդուս այդ րոպեին,
15 Նա տեսանում է այն ճշմարտություն,
Որ ավանդեցավ դարերից դարին.
Այն սուրբ Գաղափարն Արարչագործության,
Դաշնավոր հյուսած գեղեցկության հետ.
Այն Հավերժ հոգին անհատ գոյության,
20 Անլույծ գաղտնիքին Տե՛ր և Վարդապե՛տ
Դու լսում ես ձայն, և շփոթվում է
Քո սուր զննություն, քո փորձող խելքը
Երկյուղածությամբ հնազանդում է.
Այդտեղ հնազա՛նդ և շրջակայքը։

III


25 Եվ մի՞թե, մի՞թե, երբ խանգարելով
Երկթի կապանքն ապականության,
Եվ հողեղեն նյութը թոթափելով
Պիտո է լինիմ որս ոչնչության.
Մի՞թե այն պարգև, որ տված էր մեզ
30 Պարզել ծածուկը, ըմբռնել գաղտնիք,
Մի՞թե, ասացե՛ք, պետք է ծուխի պես
Անցանի մի օր, այդ ինչպե՛ս կարծիք։
Բայց ինչո՞ւ իմ մեջ հավերժ խաղացքով
Խոսում է բանը առաջնորդական.
35 Ո՛չ, բնության հետ ես միանալով՝
Ես մեռնելու չեմ, և ե՛ս անվախճան։

1864 թվին
հուլիսի 2
Բոգորոդսկ