Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում
Ես, անբարբառ մի մանուկ,
երկու ձեռքս պարզեցի․․․
ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող՝
Ստվերներ են շրջում օրհասական,-
Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում
Ինչպես մահվան քայլերգ հերոսական․․․
Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝
Տեսլանում են ահա մարտիրոսներն իմ դեմ
Եղերական ու սուրբ կերպարանքով:-
Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն,
Հին անուններ - այնքան հերոսական,
Դեմքեր - և՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի -
Ահա կանգնում են իմ մտքի առաջ:
Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ,
Շռնդալով անցնող հաղթական երթ,
Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս,
Հիմա դարձած անցած օրերի երգ․․․
Իսկ այս բակում ահա, ուր հիմա մի
Շենք կա կանգնած ուրիշ,- այստեղ ահա
Ա՛յլ բաստիոն է հին ու ամեհի
Ցցված եղել առաջ, որպես պահակ
Արքաների փառքի ու ցոփության․․․
Հյուսիսային այն ցուրտ դեկտեմբերյան օրից,
Որ արշալույսն եղավ այս օրերի,
Տառապել են այստեղ բազմություններ ուրիշ,
Բայց նո՛ւյնքան վեհ, անբիծ հերոսների:
Իմ ուղեղի միջով հիմա նրանք
Ահա անցնում են լուռ, խստաբարո,
Խարազանի հետքեր մարմինների վրա,
Բայց աչքերում վճիռ մի չմարող:
Մտաբերում եմ ես նրանց մեկ-մեկ,
Ռիլեևից մինչեւ պայծառատես
Այն մտածողը վեհ ու հանճարեղ,
Որին Մա՛րքսն է մի օր անվանել մեծ:
Այս քարերի վրա, այս պատերի,
Որոնց նայել են այդ մարդիկ մի օր -
Հայացքների նրանց ու խոհերի
Անանց հետքերն եմ ես փնտրում սիրով:
Վաղուց արդեն թողել, հեռացել են նրանք,
Որոնք ինձ հետ մտան բակն այս ահի,-
Անխոս նայում եմ ես այս պատերին մռայլ,
Շուրջս մութն է արդեն ու ամայի:
Հրաժեշտ եմ տալիս արդեն նրանց,
Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ -
Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա,
Անակնկալ՝ իջնում է մի ծանր ձեռք:-
Ետ եմ նայում, վերև․․․ Թեքված ուսիս՝
Մի մարդ՝ դեմքով հեռու, անիրական,-
Մտերմական ձայնով ասում է ինձ.
- Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկամ․․․
Բարձրահասակ է, ջղուտ, աչքերը սև,
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս:
Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել․
Կյանքո՞ւմ արդյոք, տենդո՞ւմ, թե՞ գրքերում:
Վշտանման ժպիտ մի աչքերում՝
Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
- Ի՞նչ է, - ասում է,- չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին:-
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ,-
Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի
Ես Հերցենի, պոետ Օգարևի հե՛տ․․․
- Ա,- զարմանում եմ ես, ճանաչելով նրան,
Պարզում թևերս, որ նրան գրկեմ․ -
Նա ողջունում է ինձ ու հեռանում արագ -
Ամայի բակն է լոկ լռում իմ դեմ․․․
1929