Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ լեզվաբանության պատմությունն սկսվել է V դ-ից՝ հույն քերական Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության թարգմանությամբ։

Առանձնացնում են հայ լեզվաբանության զարգացման 3 շրջան։

1. Ստատիկ (համաժամանակյա) ուսումնասիրության շրջան՝ V դ-ի կեսեր-XIX դ-ի 30-ական թթ.։ Ուսումնասիրվել են գրաբարի քերակ. կառուցվածքի և բառապաշարի հարցերը, XIII-XIV դդ-ում՝ միջին հայ-ի, XVIII-XIX դդ-ում՝ աշխարհաբարի իրողությունները։ Ուսումնասիրությունը կատարվել է ստատիկ հայեցակետով. լեզվի նկատմամբ պատմ. (տարաժամանակյա) մոտեցում չի եղել։

2. Պատմահամեմատ. ուսումնասիրության շրջան՝ XIX դ-ի 30-ական թթ.-XX դ-ի 10-ական թթ.։ Հայ-ը դարձել է պատմահամեմատ. ուսումնասիրության առարկա՝ համեմատության մեջ դրվելով հնդեվրոպ. մյուս լեզուների հետ։ Շարունակվել է գրաբարի, միջին հայ-ի և աշխարհաբարի ուսումնասիրությունը՝ գերազանցապես գործն․ հայեցակետով։

3. Համակարգային ուսումնասիրության շրջան՝ 1920-ական թթ-ից մինչև մեր օրերը։ Հայ-ը քննվել է ինչպես ստատիկ, այնպես էլ պատմ. հայեցակետերով՝ դրանց համամասն․ զուգորդման, տես. իմաստավորման և համակարգային մոտեցման պայմաններում։ Լայնորեն ուսումնասիրվել են նաև այլ լեզուներ և ընդհանուր լեզվաբանության հարցեր։

Առաջին շրջանի լեզվաբան․ հիմն․ գիտակարգերն էին քերակ-ը և բառարանագրությունը։ Այս շրջանի 1-ին փուլն ընդգրկել է V դ-ից մինչև XVII դ-ի 1-ին տասնամյակները և ներկայացվել է գերազանցապես Թրակացու քերական․ աշխատության մեծաթիվ ձեռագիր մեկնություններով, որտեղ զգալի է հուն-ի նկարագրության սկզբունքների կիրառումը։ Այն կարելի է անվանել հունատիպ քերակ-ների փուլ։ Սակայն Թրակացու թարգմանիչը հայերեն տեքստում կատարել է նշանակալի փոփոխություններ, որոնք ավելի են շեշտվել և նոր բնույթ ձեռք բերել հայերեն մեկնիչների աշխատություններում, որտեղ դրվել և լուծվել են գրաբարի քերակ-յան տես. և գործն․ շատ հարցեր։ Մասնավորապես կարևոր են հնչյունների դասակարգման նոր սկզբունքների առաջադրումը, նոր մոտեցումը խոսքի մասերի սահմանման և դասակարգման հարցերին, նոր հոլովների՝ գործիականի, ապա՝ բացառականի ներմուծումը, հայ-ի խոնարհման բուն առանձնահատկությունների բացահայտման փորձերը։ Այս տեսակետից հիշատակության արժանի են Դավիթ Քերականը, Անանուն Մեկնիչը, Մովսես Քերթողը, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Մագիստրոսը, Վարդան Արևելցին, Հովհաննես Երզնկացին, Եսայի Նչեցին, Առաքել Սյունեցին։

Հայ քերակ-ը դրսևորել է նոր առանձնահատկություններ. կազմվել են նախորդ քերականների մեկնությունների ժող-ներ, կատարվել են միջին հայ-ի առանձնահատկությունների նկարագրության, քերական․ աշխատության լեզուն խոսակցականին մոտեցնելու փորձեր, աճել է հետաքրքրությունը շրջակա լեզուների նկատմամբ, հավաքվել են այդ լեզուների այբուբեններն ու բառերը, մշակվել է փոխառյալ բառերի սկզբունքը, ուժեղացել է հուն․ արհեստ․ ձևերի քննադատությունը, գրվել են «Գրչության արվեստ» կոչվող աշխատություններ, որտեղ սահմանվել են ուղղագրության և կետադրության կանոններ, կազմվել է առաջին ուղղագր. բառարանը։

2-րդ փուլն ընդգրկում է XVII դ-ի վերջին 3 և XVIII դ-ի 1-ին 3 քառորդները։ Քերական. աշխատություններ և բառարաններ են գրել ինչպես օտարազգի (Ֆրանչեսկո Ռիվոլա, Կղեմես Գալանոս, Յոհան Շրյոդեր), այնպես էլ հայ (Սիմեոն Ջուղայեցի, Հովհաննես Ջուղայեցի, Ոսկան Երևանցի, Հովհաննես Հոլով, Խաչատուր Կարնեցի, Մխիթար Սեբաստացի, Բաղդասար Դպիր) հեղինակներ։ Այս քերականներին բնորոշ է հիմնականում լատ. քերակ-յան սկզբունքների կիրառումը, սա լատինատիպ քերակ-յան փուլն է, թեև կան նաև նախորդ քերակ-ների սկզբունքների զարգացման փորձեր։ Ավելի ուշ՝ XVIII դ-ում, ուժեղացել է լատինաբան նորամուծությունների քննադատությունը։

Չնայած որոշ թերություններին՝ XVII-XVIII դդ-ի քերականները մի քայլ առաջ են անցել հայ-ի քերական․ առանձնահատկությունների բացահայտման ուղղությամբ, ընդգրկել քերական․ ողջ համակարգը,