Էջ:Muratsan, vol. 1.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուզում էի հարցնել թե արդյոք դու լավ վստա՞հ ես այդ մարդկանց վերա, և համոզված ես որ նրանք քեզ չեն խաբիլ:

— Վստահ եմ, վստահ եմ, մայրիկ. բնավ մի կասկածիր:

— Տե՛ս, չզղջաս: Գուստավի գործարանը մի անգամ թողնելուց ետ երկրորդ անգամ դու նրան դիմել չես կարող:

— Չե՛, մայրիկ չեմ զղջալ միամիտ եղիր: — Այս ասելով Գևորգը վեր առավ յուր ջարդված գդակը և դուրս գնաց:

Այսուամենայիվ Թամարն ուրախ չէր: Մի տխուր մտածմունք, որը նա իրենից հեռացնել չէր կարողանում, անհանգստացնում էր նրան: Նա հավատացած էր, որ Գևորգը մի սխալմունք է գործում Գուստավի գործարանը թողնելով, բայց և այնպես նա նրան արգելք դնել չէր կարող, որովհետև Գևորգն էլ պակաս չէր հավատում յուր բարերարների արած խոստմունքներին:

Փողոցը դուրս գալով Գևորգը բոլորովին ուրիշ տրամադրության մեջ մտավ: Նա գնում էր Գուստավի մոտ յուր ծառայությունը թողնելու. այդ արդեն վճռված էր: Ուստի նա ուրախ էր և այդ ուրախությունը կարծես թևեր էր տալիս նորա ոտքերին: Ուրիշ ժամանակ գուցե մի այդպիսի դեպք որպիսին էր նրան Պետերբուրգ ղրկելը, գուցե շատ դժվարությամբ հեռացներ նրան Գուստավի գործարանից որովհետև նա պետք է հեռանար Շառլոտայից. բայց այժմ նա ուրախ է ինչու համար պատճառը շատ պարզ է: Նա վիրավորված է: Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե Գուստավից և թե նրա աղջկանից:

Գուստավի ամբողջ գործարանը, դրա հետ էլ միասին նրա բոլոր ընտանիքը մինչև այսօր Գևորգին ճանաչել էին ինչպես մի հասարակ գործավոր, մի մշակ և դորա համեմատ էլ վարվել էին նրա հետ: Բայց նա մի հասարակ մշակ չէր, նա... բայց թողնենք որ ինքը խոսի յուր համար: Այո ես մի հասարակ բանավոր չեմ մտածում էր Գևորգը արագ արագ յուր քայլերը փոխելով — ես ունեմ արժանավորներ, ես բարձր եմ Գուստավի բոլոր գործավորներից մի ամբողջ գլխով: Եվ այդ բանը ես չեմ ասողը: Սոմարյանցի