Էջ:Muratsan, vol. 3.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովարանի դահլիճը հրդեհվելու չափ լուսավորված էր. երաժշտությունը որոտում էր և հյուրերի բազմությունը դահլիճի մեջ խռնված և ընդարձակ շրջան կազմած դիտում էր պարող ասպետների, տիկնանց և աղջկերանց ոգևորված պարերը, ոստյուններն ու թռույցքները:

Իսկույն մի համեմատություն արի երկու ժամ առաջ տեսածս գերեզմանատան և այս դահլիճի մեջ։ Այնտեղ թաղավորում էր մութ, մահ, լռություն և սարսափ. իսկ այստեղ լույս, ջերմություն, աղմուկ և կենդանություն... Այնտեղ մարդու հոգին հերքում է կյանքի էությունը, այստեղ մերժում է մահվան գոյությունը։ Որտե՞ղ է նա ավելի ճշմարտախոս... իհարկե գերեզմանատան մեջ, մտածում էի ես, որովհետև այն ճշմարտությունն է - զորավոր, որը ավելի հավիտենական է...

Դեռ այս մտածմունքների մեջ էի խորասուզված, երբ ինձանից փոքր-ինչ հեռու լսեցի մի կնոջ այնպիսի մի ծիծաղ, որի արծաթի հնչյունները կարծես արձագանք տվին բոլոր դահլիճի մեջ. իսկույն շուռ եկա տեսնելու համար թե ո՞վ է ծիծաղողը։

Շնորհքով հագնված երիտասարդների մի խմբակի մեջ վայելուշ հպարտությամբ կանգնած էր այդ կինը։ Նրա գեղեցիկ հասակին, գրավիչ դեմքին և դեռ ծիծաղող շրթունքներին մի առանձին շուք ու վսեմություն էր տալիս յուր սև գազից կարած շքեղ հագուստը, որի միջից, իբրև մարմարիոն, աչքի էին դառնում նրա հոլանի կուրծքն ու թևերը զարդարած մի քանի շքեղ ադամանդներով։

Մոտեցա խմբակին՝ աչքերս գեղեցիկ կնոջ վրա սևեռած։ Պատկերը կարծես ծանոթ էր ինձ, բայց որտեղ էի տեսել նրան, չէի հիշում։ Հանկարծ մի մութ ամպ վերացավ իմ աչքերից, տեր աստված, սա Մաթիլդն է, ուզում էի բացականչել, բայց ինքս ինձ զսպեցին մոտեցա նրան։ — Ա՜, սիրելի բարեկամ, դուք այստե՜ղ եք, որքա՜ն երկար պանդխտեցիք, — ասաց նա ինձ յուր վաղեմի քնքուշ և քաղցրահնչյուն ձայնով և ձեռքը պարզեց ինձ սեղմելու։

Ես մնացի շշմած և չէի կարողանում խոսքեր գտնել