Էջ:Muratsan, vol. 5.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էհ լավ, դու էլ տուր. ինչո՞ւ ես բարկանում,— նկատեց տիկինը ժպտալով։

— Տալիս եմ, ա՛յ կին, բայց չեն ընդունում, հակառակում են...

— Որի՞ անունն ես տալիս։

— Պետրոս Փուլշատյանի։

— Հա՛, մեր Փուլշատյանի։

— Այո՛, դու հո ճանաչում ես նրան։ Միթե կին արարածը կարո՞ղ է նրա վրա ազդել, ազդել այն աստիճան, որ նրա որոշումներն ու մտադրությունները խանգարե՞։

— Չգիտեմ, ես լավ չեմ ճանաչում Փուլշատյանին,— պատասխանեց տիկինը և սկսավ յուր ձեռքով բաժանել հյուրերին սուրճի գավաթները, որոնց ծառան մոտեցրել էր իրան արծաթե մատուցարանի վրա:

— Դու չես ճանաչում և խոստովանում ես. այդ լավ է. դրա համար կարելի է շնորհակալ լինել քեզ։ Բայց այս պարոնները և չեն ճանաչում, և պնդում են թե՝ նա մինն է այն մարզիկներից, որոնց կինը կարող է քարշ տալ յուր ետևից, ուր էլ որ կամենա։

— Դրանք իրենց կարծիքն են հայտնում. էլ ինչո՞ւ ես նեղանում։

— Ո՞նց չնեղանամ, այ կին, մի՞թե կարելի է չիմացած բանի համար վիճել...։

— Ես այդպես եմ ճանաչում Փուլշատյանին, իսկ եթե դու փաստեր ունիս, որոնցով կարող ես ինձ համոզել, թվիր այդ փաստերը։ Ես կփոխեմ իմ կարծիքը,— նկատեց Միսակյանը լրջությամբ։

— Փաստե՞ր, այս րոպեին, միայն թե համոզվես։

Այս ասելով տանուտերը նստեց սեղանի առաջ և յուր գավաթն առնելով՝ մի ումպ խմեց և ապա շարունակեց.

— Պարոն Փուլշատյանը, բարեկամ, օրինակելի մարդ է. կանայք նրա վրա այնքան կարող են ազդել, որքան քամին՝ ժայռերի վրա։ Նա ունի հաստատուն բնավորություն և երկաթե կամք, իսկ դրանք այնպիսի ուժեր են, որոնց դեմ մրցել չի կարող կինը, ոչ յուր նազերով և ոչ հրապույրներով։ Ապրելով և գործելով առևտրական աշխարհում, նա սովորել