Էջ:Muratsan, vol. 6.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ, որ կարդացի այս լուրը, գրեթե հիացա։ Այնպես լավ էր գրված, այնպես լավ, որ կարծես, իսկ և իսկ, լրագրից էր օրինակված։ Միայն թե «գարշապար» բառն ինձ մի փոքր տարակուսանքի մեջ ձգեց։ Գարշապարը գիտեի, որ մարմնի մի մասն է, բայց թե ո՞ր մասը, հաստատ չգիտեի. դժբախտաբար, բառարան էլ չունեի, որ նայեմ, իսկ հանել իմ գրվածքից այդպիսի մի սիրուն բառ, ափսոսում էի։

Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, մտածեցի ես և վերջը հետևյալ հնարը գտա։ Միևնույն ավուր երեկոյան գնացի եկեղեցի, (ուր, իբրև ինտելիգենտ մարդ, շատ հազիվ էի լինում) և երբ ժամասացությունն ավարտվեց, դուրս եկա բակ և այնտեղ հանդիպելով մեր քաղաքի գիտնական, բայց խիստ ետադեմ տեր Սեղբոսին, հարցրի նրան ծիծաղելով.

— Տեր հայր, ի՞նչ կնշանակե «գարշապար»։

— Հա, ի՞նչ է, ֆարմասոն, ուզում ես իմ գիտությունը փորձե՞լ,— հարցրեց քահանան ժպիտով, (նա բոլոր լրագիր կարդացողներին ֆարմասոն էր անվանում)։

— Այո',- ասացի հեգնորեն։

— Դե լավ, որ այդպես է, կասեմ, «գարշապար» նշանակում է ճակատ, պատասխանեց քահանան լրջությամբ։

— Ճշմարի՞տ։

— Այո՛, ճակատին գրաբար լեզվով ասում են «գարշապար»։

Չեք կարող երևակայել, թե որքա՞ն ուրախացա, երբ տեսա սիրածս բառը ամենահարմար տեղն եմ գործածել։

Ես, իհարկե, իսկույն հեռացա տեր Սեղբոսից։ Եվ չնաjելով, որ նա իմ ետևից ինձ անվանեց «ապուշ», այսուամենայնիվ ես չլսելուն դրի, որովհետև պարզ տեսա, որ նա վիրավորվեց այն պատճառով, որ ես արժան չհամարեցի փոխանակել նրա հետ դարձյալ մի քանի խոսք, այլ արհամարհելով հեռացա։