Էջ:Muratsan, vol. 6.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սպասիր, սպասիր։ Դու ռուբլուն 5 կոպեկ ես ասում, չէ, դե ես 10 կոպեկ կհաշվեմ, տեսնենք ո՞րքան է լինում։

Այս ասելով Կամսարյանը հանեց հուշատետրը, որն այժմ յուր աչքին ատելի չէր երևում և նրա մի աղոտ երեսի վրա սկսավ մատիտով հաշվել.

— 20 ռուբլին հարյուրին 10-ով՝ մի տարումը կտա 2 ռուբլի։ Այս 22 ռուբլին երկրորդ տարումը կբերի 2 ռ. 20 կոպեկ, ուրեմն բոլորը 24 ռ. 20 կոպեկ։ Սա էլ երրորդ տարումը տոկոս կբերի 2 ռ. 42 կոպ․, միասին կանե՝ 26 ռ. 62 կոպ.: Այս 26 ռ. 62 կոպեկն էլ չորրորդ տարում կտա 2ռ. 66 կոպ.: Ուրեմն չորս տարուց հետո քո տված 20 ռուբլին կդառնա 28 ռ. 28 կոպեկ, որից 8 ռուբլի 28 կոպեկը յուր արդար շահն է։ Եթե մինչև անգամ հարյուրին 12 տոկոս հաշվենք, բոլոր գումարը կլինի 31 ռուբլի և մի քանի կոպեկ: Հապա մնացած հարյուրը ո՞րտեղից ես դուրս բերել։

Պարտապան Սային, որ սկզբում մեծ հավատ ուներ երիտասարդի հմտության վրա և հույս էր տածում թե նա մի բանով կթեթևացնե յուր ծանր դրությունը, տեսնելով այժմ որ նա տոկոսը չափազանց շատ պակասեցրեց, եկավ այն եզրակացության, թե այդ տղան ուրեմն բան չէ հասկանում, ուստի սկսավ վհատվիլ։ Նույն կարծիքին էին ուստա Պետին ու տանուտերը։

Հենց այդ պատճառով էլ Խոջան կարծես ոգի առավ։

— Էդ դու ո՞նց ես հաշվում, որ իմ առնելիքը ջուր ես կտրացնում... Հաշիվ անելը, որ մանում չես, խի՞ ես բանի մեջ խառնվում,— նկատեց նա մեծ սրտով։

— Ինչպե՞ս չեմ իմանում։ Դու չե՞ս ասում թե մանեթին 5 կոպեկ:

— Դե ես 10, 12 եմ հաշվում և այդպես է դուրս գալիս։ Ուրիշ կերպ լինել չէ կարող։

— Ո՞նց չի կարող. դե հմի ես հաշվեմ, դու մտիկ արա։

Այս ասելով Խոջան հանեց ծոցից մի փոքրիկ, խաղալիքի պես համարիչ և հաստ ու սև մատներով նրա հատիկները դեսուդեն անելով, սկսավ հաշվել.

— Մի մանեթին, որ 5 կոպեկ ըլի ամսումը, մի տարումը կըլի 12 հատ 5 կոպեկ, չուն տարին 12 ամիս ա, էս թե 60 կոպեկ: