Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտե, որ Զազունյանն այդպես վաղ չի գա, և որքան շատ է սպասում, որքան շատ է դուրս ու տուն անում, լուսամուտից դեպի դուրս նայում, այնքան անհամբերությունն ավելի է պաշարում նրան։ Վերջապես, ահա նա գալիս է կառքով, նստած է, ինչպես միշտ, ուղիղ։ Էմման ակամա ձեռքը դնում է կրծքին՝ զսպելու համար սրտի թրթռոցը, միևնույն ժամանակ զգում է, թե ինչպես արյունը բոլոր երակների մեջ ախորժելի կերպով եռում է և խփում երեսին։ Նա արագությամբ հեռանում է լուսամուտից և տեսնում է, որ կանգնած է հայելու առջև։ Հայելու միջից նրան նայում է քնքուշ և գեղեցիկ մի դեմք, ամբողջապես երջանիկ ժպիտ կտրած։ Հետո հեռանում է հայելուց և համարյա թռչում դեպի դուռը։ Նախասենյակում հանդիպում է Զազունյանին և զգում է, որ առաջվա ժպիտն առավել ևս պայծառացնում, առավել ևս գեղեցկացնում է դեմքը։ Ջերմ կերպով սեղմում է Զազունյանի ձեռքը և հրավիրում հյուրասենյակ։ Նրանք նստած են միմյանց դիմաց։ Ահա Զազունյանի այրական դեմքը, ահա նրա խելացի աչքերը, որոնց հայացքն այնքան պարզ է և այնքան անթափանցելի է, ահա նրա զգաստ շարժումները, գրավիչ, հանդարտ ձայնը, ահա նրա մեղմ ժպիտը, որ այնքան սազում է նրա դեմքին, ահա նրա խոհուն ճակատը, նրա հանդարտ, դողդոջուն ծիծաղը, որ, կարծես, նրա դեմքից ետ է քաշում մի մռայլ քող և երևան է հանում նրա ամբողջ ներքին աշխարհն իր բոլոր բարեմասնություններով․․․ Ի՜նչ քաղցր էր այն խոսակցությունը, որ, նախքան Զաքարի գալը՝ բացվեց նրանց միջև։ Եվ նրա գլխում վերանորոգվեց այդ խոսակցությունը։ Խոսակցության սկիզբը, մանավանդ, համարյա բառ առ բառ տպավորվել էր նրա ուղեղում։ «Ես ձեզ արդեն տնային մարդու տեղ եմ ընդունում, պ․ Զազունյան, և այդ պատճառով չեմ ուզում հետևել հյուրասիրության խստապահանջ օրենքներին և կարծում եմ, որ դրա համար դուք ինձ կներեք»։ Նա հիշեց և Զազունյանի պատասխանն ու հարցը և դարձյալ իր պատասխանը, «Որովհետև դուք ի՛մ ամուսնու բարեկամն եք, այդ պատճառով ուզում եմ, որ ի՛մ բարեկամս լինեք»։ Եվ հիշելով իր պատասխանը, այժմ հանկարծ ամոթի մի զգացում պաշարեց նրան։