Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անց էր կացնում անքուն, շարունակ անց ու դարձ անելով գավթում։ Նայում էր աստղերին, ականջ էր դնում շների հաչոցին, փողոցային պահապանների գոռոցներին գիշերային լռության մեջ և հառաչում, շարունակ հառաչում։

Շուտով նրա դեմքի վրա երևան եկավ մի դեղնություն,

իսկ աչքերի մեջ հոգու դառնություն։ Ամենից առաջ Սոնան նկատեց այդ բանը, որովհետև ամենից զգաստ աչքերով նա էր հետամուտ Մուրադի ամեն մի քայլին։ Նա զգում էր, որքան խորն է այդ մարդու տանջանքը, քանի որ արտասուքը սրտի մեջ է թափում։ Նա փափագում էր և չգիտեր ինչպես ամոքեր ամուսնու վիշտը։ Չոքե՞լ նրա առջև, ներո՞ւմն խնդրել։ Մի՞թե այդ բավական է։ Գոնե Մուրադը լիներ ոչ այնպես բարեսիրտ, այլ քինախնդիր և կատաղի, գոնե նա չպաշտպաներ իր ողորմելի կնոջը տնեցիների մոտ։ Այն ժամանակ Սոնան ավելի քիչ կտանջվեր խղճի խայթոցից, զգալով, որ մասամբ պատժված էր իր մեղքի համար։ Չէ, այսպես շարունակել անհնարին է. Սոնան անկարող է տանել այդ մարդու լռությունը։

— Ականջ դիր ինձ,— արտասանեց նա մի օր, այլևս

չկարողանալով համբերել։

Նա նստած էր իր սենյակում, լուսամուտի առջև։ Մուրադը

անցուդարձ էր անում պատշգամբի վրա։ Նա՛ կանգ առավ, ծխախոտը հանեց բերանից և երեսը դարձրեց դեպի կինը։ Եվ ոչ մի թեթև հանդիմանություն, նախատինքի և ոչ մի թույլ նշան այդ մռայլ դեմքի վրա։

— Ինչո՞ւ չես խոսում,— շարունակեց Սոնան, մինչև

ե՞րբ պիտի սիրտդ մըզ֊մըզ ուտես։

— Մինչև այն ժամանակ, քանի որ սիրտ կա ուտելու,—

պատասխանեց Մուրադը։ Նա շարունակեց անց ու դարձ անել։

-Թող մեղավորն ուտի իր սիրտը, դու ի՞նչ մեղք

ունիս,— խոսեց դարձյալ Սոնան։

— Ո՞վ է մեղավորը։
— Կնիկդ, ղուլդ, ինչո՞ւ նրան չես պատժում։

Մի դառն հեգնական ժպիտ սահեց Մուրադի դեմքով։ Նա ուսերը թոթվեց, գլուխը երերեց։ Ասելն էր. ի՞նչպես