Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ԲԹ, էջ 36, այնուհետև՝ ԲԲ, էջ 52, ԲՊ, էջ 29—30, ապա՝ ԵԺ I, 141:

Արտատպվում է ԲՊ-ից։


ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

(«Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր…»)

(էջ 206, 474)

Հավանաբար գրված է 1902 թ.։

ԳԱԹ Թֆ № 77 պահվում է մեկ ինքնագիր, որն, ըստ երևույթին, ուշ ժամանակի արտագրություն է։

Առաջին անգամ տպագրվել է «Երկիր» օրաթերթ, 1906, 24 դեկտեմբերի, № 70, այնուհետև՝ ԲԲ, էջ 61—62, ԲՊ, էջ 31—32, ապա՝ ԵԺ I, 144—145:

Արտատպվում է ԲՊ-ից։

«Հին կռիվը» պոեմի երկրորդ երգի («Ճամփին») նախերգանքն է, ինչպես վկայում է ինքը՝ բանաստեղծը։ Հր, 1915, № 243 տպագրելով պոեմի առաջին երգը («Տանը»), նա տողատակի ծանոթագրության մեջ պատմում է, որ իր բնակարանում տեղի ունեցած խուզարկության ժամանակ մի շարք ձեռագրեր կորել են։ «Մինը էս պոեմն է, վերնագիրը գրած «Լևոնի կռիվը» և ջնջած։ Հինգ տետրակով հետևյալ հինգ երգերը. 1) Տանը (որ տպվում է «Հորիզոնի» էս №-ում)։ Սրա մշակած ձևը։ Էս սևագրություն է, որ աղջիկս է գտել։ 2) Ճամփին (որի նախերգանքը՝ «Հայոց լեռներում» տպված է) …»։

Գրության ժամանակը պարզելու հիմնական կռվանը դարձյալ հեղինակի վկայությունն է։ 1902 թ. հուլիսի 29-ին Փ. Վարդազարյանին հղած նամակում, նա գրել է. «Սակայն քեզ ասեմ, որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում էր քաոսային դրության մեջ…»՝ (տե՛ս ԵԺ V, 202)։ Խոսքն այստեղ «Հին կռիվը» պոեմի մասին է, որի մի մասն է այս բանաստեղծությունը։


«Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ ԵՆ ՍԱՐԻ ՎԸՐԱ…»

(էջ 208, 474)

Գրված է 1901—1902 թթ.։

«Անուշ» պոեմի հատվածներից է։ Ըստ նախնական օրինակի այսպես է սկսվում VIII երգը։ Հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից։ Այս հատվածի համար Թումանյանը նաև երաժշտություն է հորինել: