Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ,
Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
— Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի՛ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ, 320
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սրրտաճա՜ք…
Հանգի՛ստ կաց, քուրի՛կ, մի՛ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր։
Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա։