Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԳԱՅԻՆ 107

ՀՍՍՀ֊ում. 1965–70-ին այն կազմել է 57,3%։

Ըստ աշխատանքի բաշխման օրենքի, Ա. ե֊ի մի մասն անմիջաբար անցնում է պետական ու կոոպերատիվ֊կոլտնտեսային ձեռնարկությունների աշխատողների անձնական տնօրինությանը՝ աշխատավարձի, նյութական ու դրամական եկամուտների ձևով։ Եկամուտներ գոյանում են նաև աշխատավորների անձնական օժանդակ տնտեսություններից։ Ա.ե֊ի մյուս մասը, որն ընդգրկում է հավելյալ արդյունքը և մասամբ անհրաժեշտ արդյունքը, որպես շրջանառության հարկ, սոցիալական ապահովագրության մասհանումներ, ֆոնդավճար, ֆիքսացված վճարներ, ձեռնարկությունների շահույթներ, կազմում է պետության կենտրոնացված և պետական ու կոոպերատիվ֊կոլտնտեսային ձեռնարկությունների զուտ եկամուտը։ Հետագայում ֆինանսա֊վարկային համակարգի (գլխավորապես՝ պետական բյուջեի) միջոցով Ա. ե. վերաբաշխվում է որպես ոչ նյութական արտադրության ոլորտի ծառայությունների վճար և հասարակական այլ կարիքների ծախսեր։ Վերջին հաշվով Ա. ե-ի օգտագործումը կատարվում է երկու խոշոր՝ կուտակման և սպառման ֆոնդերի ձևով։ Կուտակման ֆոնդը բաղկացած է երեք մասից՝ արտադրության ընդլայնման, կուլտուր֊կենցաղային հիմնարկների շինարարության և հասարակական ռեզերվների ու ապահովագրության ֆոնդերից։ Սպառման ֆոնդն ընդգրկում է արտադրության աշխատողների՝ ըստ աշխատանքի բաշխման, գիտության, արվեստի, լուսավորության, առողջապահության, սոցիալական ապահովության և պետական ապարատի պահպանման ֆոնդերը։ Սպառման ֆոնդը կազմում է Ա. ե֊ի մեծ մասը (ՍՍՀՄ֊ում 3/4-ը)։ Սոցիալիզմի օրոք հակամարտ հակասություն չկա կուտակման ու սպառման ֆոնդերի միջև։ Կուտակումը, որպես ընդլայնված վերարտադրության աղբյուր, սպառման նյութական հիմքի աճի մշտական պայմանն է։ Ց. Մահտեսյան


ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ, Ազգային սահմանադրությամբ 1860-ին Կ. Պոլսում հիմնված հայկական օրենսդիր մարմին։ Դադարեց գործել 1896-ին։ 1908-ին վերսկսեց իր գործունեությունը և ընդմիշտ դադարեց գործել 1915-ին։


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ, 1. պոլսահայերի ներքին գործերը կարգավորող մարմին։ Ստեղծվել է Մատթեոս պատրիարքի արտոնագրով 1844-ին։ Կազմված էր 16 ամիրաներից և 14 էսնաֆներից (տես էսնաֆություն)։ Ա. ժ. հսկում էր պատրիարքարանի միջոցների ծախսերը, արտոնում դպրոցների բացումը, կարգավորում հարկահավաքը մայրաքաղաքի հայ բնակչությունից։ Ազգային հոգևոր և գերագույն ժողովների ստեղծումից (1847) հետո Ա. ժ. դադարեց գործելուց։ 2. Հայ ազգային կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ժողով, հայտնի է նաև որպես Հայոց ազգային խորհրդակցություն։ Հրավիրվել է Թիֆլիսում, 1917-ի սեպտ. 29-ից հոկտ. 13-ը։ ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեն բոյկոտի ենթարկեց Ա. ժ.։ Քննարկված հարցերի՝ ընթացիկ մոմենտի, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի նկատմամբ վերաբերմունքի մասին Ա. ժ֊ի բանաձևերը համաձայնողական էին։ Ա. ժ. պաշտպանեց ժամանակավոր կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ստեղծեց Հայոց ազգային խորհուրդ։ 3. Մի շարք եկրներում (ՎԴՀ, Գանա, Գվինեա) պետական կամ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմին։ Ֆրանսիայում Երրորդ հանրապետության (1875–1940) պառլամենտի 2 պալատների միացյալ ժողովը, որ ընտրում էր պրեզիդենտին։ 1946-ից՝ Ֆրանսիայի պառլամենտի ստորին պալատը։ Հ. Ղազարյան


ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, տես Հայոց ազգային խորհուրդ։


«ԱԶԳԱՅԻՆ֊ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԱՎՏՈՆՈՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ», Ստեփան Շահումյանի աշխատությունը՝ գրված 1913-ին, աքսորում՝ Աստրախանում։ Լույս է տեսել 1914-ի հուլիսին, Թիֆլիսում, հեղինակի «Այաքս» կեղծանունով։ Քողարկման նկատառումով հրատարակության տեղը նշված է Թեհրան։

Ս. Շահումյանը 1913–14-ին Վ. Ի. Լենինի հետ նամակագրության մեջ էր ազգային հարցի շուրջը։ 1914-ի ապրիլի 14-ի նամակում մեկնաբանելով իր այդ աշխատությունը գրելու շարժառիթները՝ Ս. Շահումյանը նշել է, որ կուլտուր֊ազգային ավտոնոմիայի քննադատությունը դարձել է խիստ կենսական, և ինքը շուտով տպագրության կհանձնի արդեն պատրաստի գրքույկը։ Վ. Ի. Լենինը մայիսի 19-ի պատասխան նամակում Ս. Շահումյանին խորհուրդ է տվել գրքույկի մասին անպայման գրել մարքսիստական «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրում։ «Ա֊կ. ա. մ.» պատասխան էր Դ. Անանունի «Ազգային հարցը և սոցիալ֊դեմոկրատիան» հոդվածաշարին («Նոր հոսանք», 1913, փետրվար֊մարտ), ազգային֊կուլտուրական ավտոնոմիայի ջատագովներին, բունդականներին և նրանց հայ համախոհներին։ Գրքույկում բացահայտվում է ազգային֊կուլտուրական ավտոնոմիայի պահանջի բուրժուա֊ազգայնական էությունը։ «Մեզանում չկա մի կուսակցություն՝ կղերական թե բուրժուական, «խավարամիտ» թե «ազատամիտ»,– գրում է Ս․ Շահումյանը,– որ կողմնակից չլինի ազգային֊կուլտուրական ավտոնոմիային։ Բոլորն էլ հայոց ազգի փրկությունը տեսնում են այդ ավտոնոմիայի մեջ» (Երկ., հ. 2, էջ 272)։ Ավտոնոմիային հակադրելով ազգերի ինքնորոշման լենինյան սկզբունքը՝ Ս. Շահումյանը նշում է, որ նման ավտոնոմիան ջլատում է բանվոր դասակարգի ուժերը, թշնամանք սերմանում նույն տերիտորիայում բնակվող տարբեր ազգերի աշխատավորների միջև։ Ազգային հարցի արմատական լուծումը Ս. Շահումյանը կապում է սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հետ։ «Ա֊կ, ա. մ.» աշխատությունը նպաստել է բուրժուական նացիոնալիզմի դեմ Անդրկովկասի բոլշևիկների մղած պայքարին։

Գրկ․ Լենին Վ. Ի., [Նամակ] Ս. Գ. Շահումյանին, 19 մայիսի 1914, Երկ., հ. 35, էջ 140–141։ Խ. Բարսեղյան


ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ (հասարակական հարստություն), տվյալ պահին հասարակության տնօրինության տակ գտնվող նյութական բարիքների ամբողջություն։ Սեփականատիրական հասարակարգերում Ա. հ. մեծ մասամբ պատկանում է շահագործող դասակարգերին։ Սոցիալիզմի օրոք գլխավորապես հասարակական (պետական և մասամբ՝ կոլտնտեսային֊կոոպերատիվ) սեփականություն է։ Ա. հ֊յան ստեղծման ու աճի վճռական նախադրյալը երկրի բնակչության արտադրական և գիտատեխնիկական փորձն ու հմտությունն է։ Ըստ ծագման, Ա. հ֊յան բաղկացուցիչ տարրերը նախորդ և ապրող սերունդների աշխատանքով ստեղծված արդյունքներն ու արտադրության պրոցեսն ընդգրկված բնական հարստություններն են։ Ա. հ. բաղկացած է արտադրության միջոցներից և անձնական սպառման առարկաներից, այդ թվում՝ ժողովրդական տնտեսության հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդերից, ապրանքային պաշարներից, արտադրության մեջ ներգրավված բնական ռեսուրսներից, ոչ արտադրական հիմնական ֆոնդերից, բնակչության անձնական ունեցվածքից։ Ա. հ֊յան՝ աշխատանքով ստեղծված բաժինը տվյալ երկրի տնտեսական զարգացման մակարդակի գլխավոր ցուցանիշն է։


ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ, ազգերի ազատագրման, նրանց ազատ ու ինքնուրույն զարգացման պայմանների և փոխհարաբերության հարցը։ Ա. հ֊ի էությունը պատմության մատերիալիստական ըմբռնման հիման վրա առաջին անգամ բացահայտել են Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը։ Բնութագրելով ազգերի ծագման ու զարգացման պատմական պայմանները՝ մարքսիզմը վեր հանեց ազգային շարժումների սոցիալ֊տնտեսական արմատները և ապացուցեց, որ միայն սոցիալիզմը կարող է լուծել Ա. հ.՝ հօգուտ բոլոր ժողովուրդների։ Վ. Ի. Լենինը մշակեց իմպերիալիզմի դարաշրջանում ազգային֊գաղութային հեղափոխությունների մասին ուսմունք, Ա. հ֊ի լուծումը կապեց կապիտալիզմի կործանման հետ և հիմնավորեց, որ Ա. հ. պրոլետարական հեղափոխության հարցի բաղկացուցիչ մասն է։ Արդի դարաշրջանում Ա. հ. ազգային ճնշումն ու անհավասարությունը վերացնելու, իմպերիալիզմի լծից գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդներին ազատագրելու, ազգերի միջև բարեկամական համագործակցություն ստեղծելու հարցն է։

Պատմական զարգացման ամեն մի փուլում Ա. հ֊ի բովանդակությունը պայմանավորված է տվյալ ժամանակին հատուկ կոնկրետ գործոններով։ Ինչպես նշել է Վ. Ի. Լենինը, «Զարգացող կապիտալիզմը գիտե երկու պատմական տենդենց ազգային հարցում։ Առաջինը՝ ազգային կյանքի ու ազգային շարժումների զարթոնքն է, պայքարն ամեն տեսակ ազգային ճնշման դեմ, ազգային պետությունների ստեղծումը։ Երկրորդը՝ ամեն տեսակ հարաբերությունների զարգացումն ու հաճախացումն է ազգերի միջև, ազգային միջնորմների քանդումը, կապիտալի, առհասարակ տնտեսական կյանքի, քաղաքականության, գիտության և այլնի ինտերնացիոնալ միասնության