Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` Ալավերդի։ Տեսարան քաղաքից։

«Առանց հայրենիքի» (1964) և «Եղեգները չխոնարհվեցին» (գիրք 1–2, 1966–67) վեպերը։ Պատկերել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների ազգային–ազատագրական շարժման առանձին դրվագներ, սփյուռքահայության հոգեկան կապը հայրենիքի հետ, հայ ժողովրդի հերոսական պայքարը օտարերկրյա զավթիչների դեմ։ Ա–ին հատուկ են հակիրճ, դիպուկ բնորոշումները, բնավորությունների հոգեբանական վերլուծությունը, անբռնազբոսիկ պատումը։ «Անապատում» և «Պարտություն» վեպերը թարգմանվել են ռուսերեն և 1961-ին հրատարակվել Մոսկվայում «Տափակ կտուրներ» խորագրով։ Ա. թարգմանել է Վ. Շեքսպիրի, Հ. Ուելսի, Վ. Սարոյանի, Ժ. Պ. Սարտրի գործերից։

ԱԼԱՍԿԵՐ (Ալասքեր Ալի–Մահմեդ օղլի, 1821 – 1926), ադրբեջանցի աշուղ։ Ապրել և ստեղծազործել է Հայաստանում (Վարդենիսի շրջ. Ազատ գյուղ)։ Ա–ի «Լեռներ», «Աշուղ Ալասքերի և Շաիր Վալիի մրցույթը» ու մի շարք այլ ստեղծազործություններ ադրբեջանական աշուղական գրականության լավագույն նմուշներից են։ 1971-ին Հայկական ՍՍՀ–ում լայնորեն նշվեց Ա–ի ծննդյան 150-ամյակը։

Երկ. Երգեր, Ե., 1972։


ԱԼԱՍՏԱՆ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում։ Շրջկենտրոնից 21 կմ հյուսիս–արևմուտք։ 2125 բն. (1968), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց։ Ա. հիմնել են Էրզրումից գաղթած հայերը 1830-ին։ Ա–ում է ծնվել Սովետական Սիության հերոս Խ. Դարբինյանը։


ԱԼԱՎԵՐԴԻ, քաղաք Հայկական ՍՍՀ–ում, Թումանյանի շրջանի վարչական կենտրոնը։ Մինչև 1939՝ բանվորական ավան, այնուհետև՝ շրջանային, իսկ 1963-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք։ Երկաթուղային կայարան Երևան–Թբիլիսի գծի վրա։ Հեռավորությունը Երևանից՝ 191 կմ է: Գտնվում է Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարավանդում։ Ա–ուն վարչականորեն ենթարկվում է Ակներ գյուղը։ Ռելիեֆին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրությունները (750–1400 մ) և խիստ մեծ թեքությունները (մինչև 35°)։ Առանց Ակներ գյուղի ունի 21624 բն. (1972), հայեր, հույներ, ռուսներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ և այլք։ Ա. ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի և քիմիական արդյունաբերության նշանավոր կենտրոն է։

Ա. և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931-ին շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պղնձե և բրոնզե առարկաներից (աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր) ամենահինը՝ պղնձե կտցավոր կացինը, վերաբերում է մ. թ. ա. III հազարամյակի երկրորդ կեսին, իսկ մյուսները՝ մ. թ. ա. XIII–X դդ.։ Դրանք պատրաստել են, ամենայն հավանականությամբ, Ա–ու հանքերի մշակությամբ զբաղվող տեղական ցեղերը։ Ա. եղել է Անդրկովկասի և ամբողջ Առաջավոր Ասիայի մետաղագործական կարևոր օջախ։

Ժամանակակից Ա–ու տերիտորիան հայտնի էր դեռևս Արտաշես I ժամանակվանից (մ. թ. ա. 189–160), որպես Մեծ Հայքի թագավորության մի մասը Գուգարքի նահանգի Ձորոփոր գավառում։ Հայաստանի առաջին բաժանումից հետո (387) այն անցել է Սասանյաններին։ Արաբական տիրապետության ժամանակ, մինչև IX դ. վերջերը եղել է Արմինիա վարչական միավորի կազմում։ X–XI դդ. այդտեղ իշխել են Կյուրիկյանները։ 1118-ին այն Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ XII–XIV դդ. եղել է Զաքարյան Հայաստանի կենտրոնական շրջաններից մեկը։ Պղնձահանքերի օգտագործման մասին տեղեկություններ են պահպանվել Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում։ Ա. պատմական աղբյուրներում հիշատակվում է Մանես կամ Մանասգոմեր անուններով։ XIII դ. կեսերից սկսած Գուգարքը, ինչպես նաև Հայաստանի մյուս նահանգներն ասպատակել են թուրք–սելջուկյան, ապա՝ մոնղոլ–թաթարական հորդաները։ XVII դ. սկզբին Շահ–Աբբասը, տեղահան անելով Գուգարքի և մերձավոր գավառների հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը տվեց թուրք քոչվորներին, և Ա–ու շրջակա վայրերը դարձան թուրք բորչալու ցեղի արոտավայրերը։ Ա. անվանումը մնացել է այդ ցեղապետներից մեկի՝ Ալլահվերդի մոլլա օղլի Թարխանի անունից։ Վրաց Հերակլ II թագավորն Ա–ու հանքերն օգտագործելու համար Փոքր Ասիայի Գյումուշխանեից բերել տվեց հույն հանքագործների։ Նրանք 1763-ին կառուցեցին Ախթալայի արծաթագործական, 1770-ին՝ Ալավերդու (Սադանի) և Շամլուղի պղնձաձուլական գործարանները։ Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին։ 1795-ին Ա. ասպատակեց Աղա–Մահմեդ խանը՝ ավերելով հանքերն ու գործարանները, կոտորելով ու գերելով շատ հանքագործների։ Արխիվային նյութերում հանքագործները հիշատակվում են «արծաթաճորտ» անունով։

1801-ին Ա. Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին։ Ա–ու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։ 1880-ական թթ. ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և մասնավորապես՝ Ա–ու պղնձարդյունաբերության մեջ։ 1887-ից գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը։ Ա–ում պղնձի արտադրության զարգացմանը խթանեց Թիֆլիս–Ալեքսանդրապոլ երկաթուղին (1899)։ Ֆրանսիական ձեռնարկատերերի ջանքերով ծավալվեցին հանքահետախուզական աշխտտանքները, բացվեցին նոր հանքահորեր, կառուցվեցին հզոր հնոցներ, հալոցքային վառարաններ, արհեստանոցներ, օժանդակ շինություններ։ Ա–ում պղնձի արտադրությունը դրվեց արդյունաբերական հիմքի վրա։ 1909-ին Դեբեդի վրա կառուցած հիդրոէլեկտրակայանն սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Ա–ու ձեռնարկություններին։ Բնական հարստությունների և բանվորական ուժի գիշատիչ շահագործմամբ հանդերձ այս միջոցառումներն ուժգին խթանեցին պղնձի արտադրության արագ աճը՝ մեծ շահույթ բերելով ձեռնարկատերերին։ 1913-ին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ հինգերորդը, որի 67% բաժին էր ընկնում Ա–ու և շրջակայքի ձեռնարկություններին։

Ա. ունի հեղափոխական հարուստ ավանդույթներ (տես Ալավերդու բանվորների հեղափոխական ելույթներ)։ Ա–ու պրոլետարիատը գյուղացիության հետ միասին երկարատև պայքար է մղել կապիտալիստների և կալվածատերերի տիրապետության դեմ։ Ա. եղել է Հայաստանում բոլշևիկների գործունեությունը ծավալելու կարևոր հենակետ (տես Ալավերդու սոցիալ–դեմոկրատական խմբակ)։ Ա–ու բանվորները 1917-ի փետր. վերջին խանդավառությամբ դիմավորեցին ցարիզմի անկման լուրը։ Նրանք մարտին կազմակերպեցին իրենց սովետը։ Հոկտեմբերյան հեղափոխությունը բացեց Ռուսաստանի ժողովուրդների ազատագրության ճանապարհը։ Սակայն օտարերկրյա ինտերվենաների և նրանց կամակատար բարժուա–նացիոնալիստական կուսակցությունների հակաժողովրդական քաղաքականության հետևանքով հետաձգվեց սովետական կարգերի հաստատումը Հայաստանում և Անդրկովկասում։ Անգլիական օկուպացիոն զորքերի նախաձեռնությամբ 1919-ի հունվարին ստեղծվեց Լոռու «Չեզոք գոտին», որի մեջ գավառի 41 գյուղերի հետ մտավ նաև Ա–ու արդյունաբերական շրջանը։ Իրենց տիրապետությունն ամրապնդելու համար օկուպանտներն ազգամիջյան կռիվներ էին հրահրում՝ ջանալով խախտել հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը։ Օկուպանտների թողտվությամբ «Չեզոք գոտին» զավթեցին