14 ԱԲԱՄԵԼԻՔՆԵՐ
Ե. Բարատինսկու եղբայր Իրակլին: Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրաաարակել է Ա. Պուշկինի, Մ. Լերմոնաովի, Ֆ. Տյուտչևի, Ա. Կ. Տոլստոյի և Ն. Նեկրասովի ստեղծագործությունները։ Եվրոպական գրողներից ռուսերենի է թարգմանել Հայնեի, Շիլլերի, Մուրի առանձին գործերը։ Մտերիմ էր Ա. Պուշկինի հետ և ծանոթ նրա շրջապատին։ Մահացել է Պետերբուրգում։
ԱԲԱՄԵԼԻՔՆԵՐ, հայկական ծագումով իշխանական տոհմ Վրաստանում և Ռուսաստանում (XVII–XX դդ.)։ Ազգակցական կապերի մեջ մտնելով Լազարյանների հետ՝ 1870֊ական թվականներից կոչվեցին Աբամելիք֊Լազարյաններ (Աբամելիք֊Լազարևներ)։
ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎ (1845–1904), ղազախ լուսավորիչ֊բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։ Ծնվել է հուլիսի 29(օգոստոսի 10)-ին, Չինգիզի լեռներում (այժմ՝ Սեմիպալատինսկի մարզ, գյուղ Կարաուլ), խոշոր ֆեոդալ Կունանբայ Ուսկենբաևի ընտանիքում։ Սովորել է Սեմիպալատինսկի մեդրեսեում (1858–59), հաճախել տեղի ռուսական դպրոցը։ Ինքնուրույն սովորել է արաբերեն, պարսկերեն, ուզբեկերեն, ուսումնասիրել Արևելքի մեծ բանաստեղծների և գիտնականների գործերը։ Սեմիպալատինսկում ծանոթացել է ռուս հեղափոխական աքսորյալների հետ, նրանց ազդեցությամբ ուսումնասիրել ռուս գրականությունը։
Ա. Կ. գրական գործունեությունն սկսել է 35-ամյա հասակից։ Բանաստեղծի կոչումը տեսել է հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեջ։ «Քուլեմբային» (1888), «Վերջապես գավառական դարձա…» (1889) և «Կառավարիչն իշխանավորով է ուրախ» (1889) երգիծական գործերով ընդվզել է բռնության դեմ։ Ղազախական աուլների կյանքը պատկերել է «Գարուն» (1890), «Ամառ» (1886), «Աշուն» (1889), «Ձմեռ» (1888) բանաստեղծությունների շարքում։ Գրել է պատմա֊բանահյուսական թեմաներով պոեմներ՝ «Մասղութ» (1887), «Ասք Ազիմի մասին» (1889)։ «Խրատներ» աշխատության մեջ քննարկել է պատմության, փիլիսոփայության, մշակույթի, մանկավարժության, գրականագիտության, լեզվաբանության և այլ հարցեր։ Ա. Կ. միաժամանակ տաղանդավոր երգահան էր։ Նրա երգերն այժմ էլ երգվում են Ղազախստանում։ Մահացել է հունիսի 23(հուլիսի 6)֊ին, Կարաուլ գյուղում։
Ա֊ի կերպարը գեղարվեստորեն մարմնավորել է Մ. Աուեզովը «Աբայ» վեպում (հայերեն հրտ. 1952)։
ԱԲԱՆԱ, Ապանա, գյուղ Փոքր Հայքում, Շապին֊Գարահիսար քաղաքից 20 կմ հարավ֊արևելք, լեռնային վայրում։ Գյուղն ուներ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցի և վարժարան։ Միջին դարերում եղել է ամրոց և ճանապարհային կայան։ Ա֊ով է անցել Սեբաստիա–Կարին առևտրական տարանցիկ ճանապարհը։
ԱԲԱՇԵԼԻ (իսկական ազգանունը՝ Չոչիա) Ալեքսանդրե Վիսարիոնի (1884–1954), վրացի սովետական բանաստեղծ։ Ծնվել է օգոստոսի 15(27)-ին, Քութայիսի նահանգի Սաճոճիո գյուղում։ 1905–07-ի հեղափոխությանը մասնակցելու համար աքսորվել է։ Վերադարձել է 1908-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է սիմվոլիզմը («Արևի ծիծաղը», 1913)։ Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո երգել է սոցիալիստական շինարարության առօրյան («Թբիլիսյան գիշեր», 1926, «Հոկտեմբերի որոտը», 1937), արտացոլել Հայրենական մեծ պատերազմի դրվագները։ Վերջին բանաստեղծություններում («Խաղաղության աղավնին», «Չենք ուզում պատերազմ») անդրադարձել է խաղաղության թեմային։ Մահացել է սեպտ. 29-ին, Թբիլիսիում։
Երկ. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 381–84։ თხზულებათა კრებული ორ ტომად, თბ., 1958–60; რჩეული, თბ., 1967.
ԱԲԱՇԵՎՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ուշ բրոնզի դարաշրջանի (մ. թ. ա. երկրորդ հազարամյակի 2-րդ կես) ցեղերի մշակույթ Միջին Պովոլժիեում և Հարավային Մերձուրալում։ Ա. մ֊ի դամբարանաբլուրներն առաջին անգամ պեղվել են 1925-ին, Աբաշևո գյուղի (Չուվաշական ԻՍՍՀ) մոտ։ Հայտնաբերվել են երկրաչափ. զարդանախշերով կավամաններ, պղնձե և արծաթե զարդեր, զանազան գործիքներ, որոնք զարգացած որսորդության, ձկնորսության և անասնապահության ակնառու վկայություններն են։ Ա. մ-ի բնակավայրեր պահպանվել են միայն Մերձուրալում։
ԱԲԱՇԻՁԵ Գրիգոլ Գրիգորիի (ծն. 1914), վրացի սովետական բանաստեղծ։ Ծնվել է հուլիսի 19(օգոստոսի 1)֊ին, Վրաստանի Ճիաթուրա քաղաքում։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Վրաստանի սովետական գրողների միության վարչության առաջին քարտուղար 1967-ից։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1938-ին։ Պատկերել է սովետական մարդկանց մարտական սխրագործությունները («Թշնամիներ», 1941, «Տանկերի մենամարտ», 1941, «Անպարտելի Կովկաս», 1943)։ «Հարավային սահմանի վրա» (1949) և «Լենինը Սամգորիում» (1950) բանաստեղծությունների շարքերում (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) գովերգել է ժողովուրդների բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Լեգենդ առաջին թբիլիսցիների մասին» (1959) պոեմը նվիրված է վրաց մայրաքաղաքի հիմնադրման պատմությանը։ Արձակ գործերից հայտնի է «Լաշարելա» (1957) պատմավեպը։
Երկ. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 508–600։ რჩეული, თბ., 1960; თხზულებანი სამ ტომად, ტ. 1, თბ., 1970.
ԱԲԱՇԻՁԵ Իրակլի Վիսարիոնի (ծն. 1909), վրացի սովետական բանաստեղծ և գրականագետ։ ՎՍՍՀ ԳԱ ակադ. (1960)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է նոյեմբերի 10(23)-ին, Քութայիսի նահանգի Խոնի գյուղում։ Վրաստանի գրողների միության վարչության նախագահ (1953–67)։ Վրացական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Տպագրվել է 1928֊ից։ «Նոր բանաստեղծություններ» (1938) ժողովածուն, «Ծաղկում է Գուրիան», «Որսորդների գիշերը», «Հնձի երգը» (1950–1951) բանաստեղծությունների շարքերը տոգորված են հայրենասիրությամբ, աշխարհը վերափոխող մարդու հույզերով։ Ա֊ի գրականագիտական քննադատական աշխատություններում արծարծվում են վրաց ժամանակակից գրականության զարգացման խնդիրները։ «Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով» շարքի համար արժանացել է Ռուսթավելու անվ. մրցանակի (1966)։ «Գանգեսի ափին» բանաստեղծությունների ժողովածուի և հնդկ. թեմաներով ստեղծած այլ երկերի համար արժանացել է Ջ. Ներուի անվ. մրցանակի 1970–71-ի դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։ ՍՍՀՄ IV–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1958։ Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով, Ե., 1966։ პალესტინა, პალესტინა!… რუსთაველის ნაკვალევზე, თბ., 1963; რჩეული, თბ., 1969.
ԱԲԱՇԻՁԵ Վասիլի (Վասո) Ալեքսիի (1854–1926), վրացի դերասան։ ՎՍՍՀ ժող. արտիստ (1922)։ Ծնվել է նոյեմբերի 22(դեկտ. 4)֊ին, Դուշեթում։ Վրացական դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի հիմնադիրներից։ Կերտել է սոցիալական սրությամբ, ազգային կոլորիտով բնութագրային, կատակերգական և վոդևիլային կերպարներ. Կարապետ (Գ. Էրիսթավիի «Ժլատ»), Գեուրք, Մկրտում (Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում»), Ավետիք (Ցագարելու «Այլ են հիմա ժամանակները»), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր») ևն։ Գրել և թարգմանել է պիեսներ, հիմնադրել (1885) և խմբագրել է «Թեատրի» վրացերեն առաջին թատերական ամսագիրը։ Ա. հայ֊վրացական թատերական կապերի ջատագովն էր, Գ. Սունդուկյանի, Շիրվանզադեի, Հ. Աբելյանի մտերիմը։ Տիրապետել է հայերենին (կինը՝ Մարիամ Սափարովա֊Արաշիձեն, և հոր մայրը հայ էին), խաղացել հայկական ներկայացումներում (Թիֆլիսի հայկական թատրոնի 35֊ամյակին,