ԱԼԵԼԻԶՄ, ալելոմորֆիզմ, օրգանիզմի երկընտրելի (փոխադարձաբար բացառվող) հատկանիշների (օրինակ՝ ոլոռի սերմերի դեղին և կանաչ գույնը) զույգության, որոշ դեպքերում բազմաքանակության երևույթ, որը պայմանավորված է դրանց զարգացման ուղղությունը որոշող ալելներով։
ԱԼԵԼՆԵՐ (<հուն. άλληλοι– մեկը մյուսին, փոխադարձաբար), գենի երկընտրելի տարբերակներ, որոնք կարող են գտնվել քրոմոսոմի տվյալ լոկուսում։ «Ա.» տերմինն առաջարկել է դանիացի գիտնական Վ. Իոհանսենը (1909) անգլիացի գիտնական Ու. Բեթսոնի (1902) ալելոմորֆներ բառի փոխարեն։ Օրգանիզմի յուրաքանչյուր հատկանիշի զարգացման ուղղությունը հիմնականում պայմանավորված է այդ հատկանիշի համապատասխան գենի Ա–ով։ Տվյալ գենի Ա–ի թիվը տվյալ բջիջում կախված է օրգանիզմի պլոիդությունից (տես Պոլիպլոիդիա)։ Յուրաքանչյուր գեն նվազագույն դեպքում կարող է ունենալ տարբեր կառուցվածքի և հոմոլոգ քրոմոսոմների համապատասխան լոկուսներում տեղադրված երկու Ա.։ Հապլոիդ օրգանիզմի ամեն մի բջիջ իր մեջ կրում է հոմոլոգ քրոմոսոմներից միայն մեկը, հետևապես՝ տվյալ գենի միայն մեկ ալելը, իսկ դիպլոիդ օրգանիզմի բջիջներում, ուր հոմոլոգ քրոմոսոմները զույգեր են կազմում, առկա են նույն գենի երկու Ա.: Տվյալ գենի Ա–ից մեկը, որը սովորաբար ապահովում է համապատասխան հատկանիշի առավելագույն զարգացումը (ի հայտ գալը), կոչվում է դոմինանտ ալել (տես Դոմինանտություն) և նշանակվում մեծատառով (օրինակ՝ Ա, Բ ևն), իսկ մյուսը, որը լրիվ կամ մասնակի չափով կորցնում է այդ հատկանիշն ի հայտ բերելու ունակությունը, կոչվում է ռեցեսիվ ալել (տես Ռեցեսիվություն) և նշանակվում փոքրատառով (օրինակ՝ ա, բ ևն)։ Միայն դոմինանտ Ա. (օրինակ՝ Ա, Ա) կամ միայն ռեցեսիվ Ա. (օրինակ՝ ա, ա) կրում են հոմոզիգոտ օրգանիզմները (տես Հոմոզիգոտություն), իսկ և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ Ա. (օրինակ՝ Ա, ա, Ա, բ ևն) առկա են հետերոզիգոտ օրգանիզմներում (տես Հետերոզիգոտություն)։ Սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուրի մեջ անցնում է միայն մեկ հոմոլոգ քրոմոսոմ, որն իր մեջ կրում է տվյալ գենի երկու Ա–ից մեկը։ Սեռական պրոցեսից առաջացած անհատը յուրաքանչյուր գենի մեկ ալելը ժառանգաբար ստանում է ձվաբջջից, իսկ մյուսը՝ սպերմատոզոիդից։ Գենը մուտացիայի ենթարկվելով կարող է ունենալ երկուսից ավելի Ա. (բազմակի Ա.)։ Այս դեպքում առաջ է գալիս Ա–ի շարք, իսկ երևույթը կոչվում է բազմալելիզմ, որը վկայում է գենի ֆունկցիոնալ մեծ բազմազանությունը և պայմանավորված է նրա բարդ կառուցվածքով։ Գենը կառուցված է մեծ թվով հատվածներից (սայթերից), որոնք ինքնուրույն մուտացիայի ենթարկվելով հանգեցնում են նրա այս կամ այն ալելային վիճակին։ Տվյալ ալելի բնույթը կախված է մուտացիայի ենթարկված հատվածից։ Երկու Ա. պարզագույն դեպքում միմյանցից կարող են տարբերվել մեկ նուկլեոտիդային զույգով։
ԱԼԵԼՈՒ, ալելուիա [եբր. hallelǔ jǎh hallelǔ - գովեցեք, jǎh (կրճատված jǎhve-ից) տիրոջը (Եհովային), հուն. άλληλ–ούια], երաժշտության մեջ. 1. ցնծուն օրհներգություն, առաջացել է եբրայական ժամերգության գոհաբանական բացականչություններից, ապա մտել քրիստոնեական պաշտամունքի մեջ։
2. Հայկ. միջնադարյան հոգևոր փոխերգի տեսակ, որ հաճախ աչքի է ընկնում զարդոլորված մեղեդիով։ Հորինվել է դավթյան սաղմոսատների կամ դրանց հարասությամբ ստեղծված քառյակների հիման վրա և սկսվում է հատուկ եղանակավորված «ալելուիա» խոսքով։ Մեզ հասել են Ծննդյան, Հարության, Համբարձման ու եկեղեցական այլ տոների հատկացված մի շարք ալելուներ («ալէլուք»)։
Ազգագրության մեջ. ծակոտկեն աման, որը տնից տուն ալելուք երգող երեխաները կախում էին երդիկներից, որպեսզի մեջը մրգեղեն լցնեն՝ իբրև ալելուքի վարձ։
Գրկ. Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հաստանեայց ս. եկեղեցւոյ, Վաղ–պատ, 1877։
ԱԼԵՄԱՆՆԵՐ (Alemanni, Alamanni), գերմանական ցեղ։ Առաջին անգամ հիշատակվում է III դ. սկզբում, երբ Ա. խախտեցին Հռոմեական կայսրության սահմանը Հռենոսի և Դանուբի միջև։ V դ. գրավեցին այժմյան հվ–արմ. Գերմանիան, Էլզասը և Շվեյցարիայի մեծ մասը։ Ա. եղել են գերմանական ժողովրդի կազմավորման կարևոր բաղադրիչը։ Եվրոպական մի շարք լեզուներում Գերմանիայի և գերմանացիների անվանումները ծագել են Ա. անունից։ԱԼԵՄՇԱՀ Գուրգեն Միքայելի (1907–1947), հայ կոմպոզիտոր։ Ծնվել է մայիսի 22-ին, Պարտիզակում։ Ավարտել է Միլանի կոնսերվատորիան (1930)։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ–Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և ղեկավարել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937-ին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Ա–ի «Հայկական հարսանիք» երկով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ–ի «Ալագյազ», իսկ 1939–47-ին ՝ «Սիփան–Կոմիտաս» երգչախմբերը։ Գրել է երգեր, խմբերգեր, սիմֆոնիկ ստեղծագործություններ և կինոերաժշտություն։ Ա–ի լավագույն գործերից են՝ «Բուխարիկ», «Իմ երգը», «Ես սիրեցի», «Իմ յարը», «Աղվորներուն», «Նազերով», «Ծաղիկ էի», «Իղձ» երգերը, «Իմ հեռավոր հայրենիք» խմբերգը, սիմֆոնիկ նվագախմբի համար գրված՝ «Արևելյան գիշերներ» (1931), «Հեքիաթ», «Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից», «Հայկական ժողովրդական պարեր» ստեղծագործությունները, «Ավարայրի պատերազմը» վոկալ–սիմֆոնիկ երկը (1934), «Վարդավառ» (1932), «Ծովինար» մեկ գործողությամբ երաժշտական պատկերները։ Մշակել է բազմաթիվ ժողովրդական երգեր՝ «Հոյ նար», «Շուշո», «Անուշիկ յար ջան» ևն։ Ա–ի ստեղծագործությունն օրգանապես կապված է հայ ժողովրդական ու դասական երաժշտության ավանդույթներին։ Որպես խմբավար և դիրիժոր Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՍՆ–ում նա հաճախ հանդես է եկել սիմֆոնիկ և խմբերգային համերգներով, կատարել Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ա. Տիգրանյանի, Տ. Չուխաջյանի, Ք. Կարա–Մուրզայի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է դեկտ. 14-ին, Դետրոյտում (ԱՄՆ)։
ԱԼԵՅԿԻԱ (<հուն. ά – ժխտ. մասնիկ + λευκός – սպիտակ), արյունաստեղծ օրգանների հիվանդություն, երբ արյան համակարգում խիստ նվազում կամ վերանում են սպիտակ գնդիկները և պակասում կարմիր գնդիկներն ու թիթեղիկները (թրոմբոցիտներ)։ Լինում են արյունահոսային Ա. և սննդաունային Ա. (ալիմենտար տոքսիկական Ա. կամ սեպտիկ անգինա)։Արյունահոսային Ա–ի պատճառներն են՝ նյարդային համակարգի տրավման, անցյալում կրած հիվանդությունները (մալարիա, տուբերկուլոզ ևն), ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը, չարորակ ուռուցքները։ Ախտանիշներն են՝ սակավարյունությունը, լորձաթաղանթների դիֆթերիային ախտահարումները, բծավոր արյունազեղումները և արյունահոսությունները։ Սննդաթունային Ա. ձյան տակ մնացած և բորբոսասնկերով վարակված հացահատիկի օգտագործումից առաջացած թունավորումն է, որը խախտում է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան։ Ախտանիշներն են՝ ստամոքս–աղիքային համակարգի ախտահարումները, նեկրոզային և գանգրենային անգինան և արյունահոսությունները։ Ա–ի տարատեսակ է նաև ագրանուլոցիտոզը՝ արյան մեջ հատիկավոր սպիտակ գնդիկների քանակի նվազումը։ Բուժումը՝ արյան փոխներարկում, արյունաստեղծումը խթանող դեղանյութեր։