Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նակ, երբ խոսում ենք մարդու՝ թվեր գումարելու կարողության մասին, նկատի չունենք, որ նա վաղ թե ուշ կգտնի ցանկացած 2 թվերի գումարը, այլ որ նա տիրապետում է գումարման մի ինչ–որ միօրինակ եղանակի, որը կիրառելի է ցանկացած 2 կոնկրետ թվերի համար, այսինքն՝ գումարման Ա–ին։ Ա. հասկացության ճշգրտման անհրաժեշտությունը հանգեցրեց մաթեմատիկական տրամաբանության նոր դիսցիպլինի՝ ալգորիթմների տեսության առաջացմանը։ Ա–ների տեսության հիմնական պրոբլեմը որոշակի դասի խնդիրների լուծելիությունն է. խնդիրները լուծված են համարվում, եթե նրանց լուծման համար ստեղծված է Ա.։ Ապացուցված է որոշ խնդիրների դասերի համար լուծման Ա–ի բացակայությունը (թեև դասի մեջ մտնող ցանկացած խնդրի լուծման Ա–ի գոյությունը չի բացառվում)։ Սակայն այս կամ այն դասի խնդիրների ալգորիթմական անլուծելիությունը հիմք չի տալիս ագնոստիկական եզրահանգման, քանի որ տվյալ դեպքում խոսքը մի միասնական արդյունավետ եղանակով՝ Ա–ով լուծելիության մասին է միայն։ Մյուս կողմից, ալգորիթմական անլուծելի պրոբլեմների գոյությունը ցույց է տալիս, որ իմացության պրոցեսը չի կարելի մինչև վերջ ձևականացնել, հանգեցնել Ա–ների կիրառման։

Ա–ների սահմանման համար օգտագործվում են ծրագրավորման լեզուներ, այսինքն՝ Ա–ների ճշգրիտ նկարագրման որոշ եղանակներ։

Ա. հասկացությունը ձևավորվել է միայն XX դ. և դարձել ուսումնասիրության ինքնուրույն առարկա։ Ա–ի տեսության կանոնավոր մշակումն սկսվել է 1936-ին, երբ Ա. Չյորչը հրապարակեց հաշվվող ֆունկցիայի առաջին ճշգրտված հասկացությունը և բերեց այդ ֆունկցիայի առաջին օրինակը, որը հնարավոր չէ հաշվել, իսկ Ա. Թյուրինգը և Է. Պոստը տվեցին Ա. հասկացության առաջին ճշգրտումները։ Հետագայում՝ Ա–ների տեսությունը զարգացրին Ա. Կլինին, է. Պոստը, Ա. Կոլմոգորովը։ Որոշ խնդիրների ալգորիթմորեն անլուծելիությունն ապացուցել են Պ. Նովիկովը և Ա. Մարկովը։ Այդ ուղղությամբ կարևոր արդյունքներ է ստացել նաև հայ սովետական մաթեմատիկոս Ս. Ադյանը։

Գրկ. Мальцев А. И., Алгоритмы и рекурсивные функции, М., 1965; Трахенброт Б. Я., Алгоритмы и машинное решение задач, М., 1960.

ԱԼԴԱՆ, գետ Յակուտական ԻՍՍՀ–ում, Լենայի աջ վտակը։ Երկարությունը 2273 կմ է, ավազանը՝ 729 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Ստանովյան լշ–ի հյուսիսային լանջերից։ Խոշոր վտակներն են. աջից՝ Տիմպտոնը, Ուչուրը, Մայան, Ալլախ–Յունը, ձախից՝ Ամգան։ Նավարկելի է մինչև Տոմոտ քաղաքը՝ մոտ 1600 կմ։ Ա–ի ավազանում կան ոսկու, փայլարի, քարածխի հանքավայրեր։


ԱԼԴԱՆԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Յակուտական ԻՍՍՀ–ում, Ալդան գետի վերին հոսանքի և Ստանովյան լեռնաշղթայի միջև։ Միջին բարձրությունը 800–1000 մ է, առավելագույնը՝ 2306 մ։ Կազմված է գնեյսներից և բյուրեղային թերթաքարերից. հանդիպում են կարստային ձևեր։


ԱԼԴԱՐԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում, Արաքս գետի ձախ կողմում, Մեղրի–Զանգելան խճուղու մոտ, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևելք։ 806 բն. (1970), ադրբեջանցիներ, հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, ծննդատուն, մանկապարտեզ։


ԱԼԴԵԲԱՐԱՆ, (α Ցուլի, առաջին մեծության կարմիր աստղ, ամենապայծառը Ցուլի համաստեղությունում։ Միջին լայնություններում երևում է աշնանն ու ձմռանը։


ԱԼԴԵՀԻԴՆԵՐ [ալ(կոհոլ) + լատ. dehyd (rogenatus) – ջրածնազրկել], օրգանական ռադիկալի և ջրածնի ատոմի հետ միացած կարբոնիլ խումբ՝ պարունակող միացություններ՝ ընդհանուր բանաձևով։ Ա–ի անունները կազմվում են համապատասխան թթուների անուններից (օրինակ, մրջնալդեհիդ, քացախալդեհիդ ևն) կամ համապատասխան ածխաջրածնի անվանն ավելացնելով «ալ» վերջածանցը (օրինակ՝ մեթանալ, էթանալ ևն)։ Ա. չափազանց ռեակցունակ են. օքսիդանում են մինչև թթուների, վերականգնվում՝ մինչև սպիրտների վերածվելը, մտնում են միացման, տեղակալման, կոնդենսացման, պոլիմերման և այլ ռեակցիաների մեջ։ Միանում են նատրիումի բիսուլֆիտի, հիդրօքսիլամինի, հիդրազինի և այլ նյութերի հետ՝ առաջացնելով տվյալ ալդեհիդը բնորոշող պինդ նյութեր։ Քիմ. հատկություններով Ա. նման են կետոններին։ Ա. ստացվում են առաջնային սպիրտների օքսիդացումով, մրջնաթթվի և համապատասխան կարբոնաթթվի կալցիումական աղի համատեղ չոր թորումով ևն։ Որոշ Ա. հայտնաբերվել եև բույսերում, օրինակ՝ բենզալդեհիդը՝ դառը կորիզներում, դարչնալդեհիդը՝ դարչնի յուղում ևն։ Շատ տարածված են Ա–ի օքսիածանցյալները՝ ածխաջրերը։ Ա. օգտագործվում են ֆենոլալդեհիդային խեժերի, սպիրտների, թթուների, էսթերների, անուշահոտ նյութերի արտադրության համար։ Վ. Ազատյան


ԱԼԴԵՐ (Alder) Կուրտ (1902-1958), գերմանացի քիմիկոս։ Ծնվել է հուլիսի 7-ին, Քյոնիգսհյուտտեում (այժմ՝ Լեհաստանի Խոժուվ քաղաքը)։ Սովորել է Բեռլինի և Քիլի համալսարաններում։ 1930–1936-ին քիմիա է դասավանդել Քիլի համալսարանում, 1936–40-ին ղեկավարել է «Ի. Գ. ֆարբենինդուստրի» ֆիրմայի գիտահետազոտական բաժինը (Լևերկուզեն)։ 1940-ից եղել է Քյոլնի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի քիմիայի ինստ–ի դիրեկտորը։ 1928-ին Օ. Դիլսի հետ հայտնագործել է դիենային սինթեզը և ապա մշակել դրա հիմունքները, որի համար 1950-ին (Օ. Դիլսի հետ) արժանացել է նոբելյան մրցանակի։ Ա. հետազոտություններ է կատարել նաև ստերեոքիմիայի և պոլիմերացման բնագավառներում։ Ա. նոբելյան մրցանակի այն 18 դափնեկիրներից էր, որոնց հրապարակած դեկլարացիան (1955) պահանջում էր միջուկային արհավիրքը կանխելու համար պատերազմը հայտարարել օրենքից դուրս։ Ա. մահացել է հունիսի 20-ին, Քյոլնում։


ԱԼԴՈԼԱԶ, ֆերմենտ, որ պատկանում է ածխաջրային կապերը քայքայող և սինթեզող լիազներին։ Էական դեր է կատարում կենդանական հյուսվածքներում ածխաջրերի անաերոբ քայքայման մեխանիզմում, ֆոտոսինթեզում և գլյուկոզա–6-ֆոսֆատի օքսիդացման ցիկլում։ Ա. գտնվում է բարձրակարգ բույսերի և կենդանիների հյուսվածքներում։ Բյուրեղային վիճակում ստացվել է մկանային հյուսվածքից։ Որոշ հիվանդությունների (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ) դեպքում արյան մեջ Ա–ի ակտիվության որոշումն ունի ախտորոշիչ նշանակություն։


ԱԼԴՈԼԱՅԻն ԿՈՆԴԵՆՍԱՑՈՒՄ, ալդեհիդի երկու մոլեկուլի միացման ռեակցիան, երբ առաջանում է ալդեհիդային և ալկոհոլային խմբեր պարունակող միացություն՝ ալդոլ, օրինակ՝

։

Կետոնները նույնպես հեշտությամբ ենթարկվում են Ա. կ–ման՝ առաջացնելով կետոնային և ալկոհոլային խմբեր պարունակող միացություններ՝ կետոլներ, օրինակ՝

։

Ա. կ. ընդհանուր ռեակցիա է այն ալդեհիդների և կետոնների համար, որոնց կարբոնիլային խմբին հարևան ածխածնի ատոմը միացած է ջրածնին։ Որոշ դեպքերում ալդոնները և կետոլները կարող են ջուր անջատել՝

։

Ջրի անջատումով ընթացող Ա. կ. կոչվում է կրոտոնային կոնդենսացում։


ԱԼԵԱՏՈՐԻԿԱ (<իտալ. aleatorío - հանդգնորեն, պատահականությունից կախված), երաժշտություն ստեղծելու և կատարելու ձևապաշտական եղանակ։ Ստեղծագործության հիմքում դրվում է հնչյունների՝ որևէ պատահական ձևով ստացված հաջորդականություն։ Ալեատորիկ ստեղծագործությունը կատարելիս նույնպես թույլատրվում են «պատահականություններ»՝ սկսել ցանկացած հատվածից, առանձին հատվածներ բաց թողնել, տեղափոխել, փոխել տեմպը ևն։


ԱԼԵԳՈՐԻԱ (հուն. άλλήγορια, ալո + άγορεύω – խոսում եմ), տես Այլաբանություն։


ԱԼԵԳՐՈ (իտալ. allegro – ուրախ, աշխույժ), 1. երաժշտական արագ տեմպ։ Սոնատային Ա. (տես Սոնատային ձև)։ 2. Բալետում՝ դասական պարի (պա–դե–դե, պա–դե–տրուա, գրան պա ևն, տես Պա) արագ մասը։