Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա մերձավորներից Աբդ ալ–Մումինը 1146-ին գրավեց Մառակեշ մայրաքաղաքը, տապալեց Ալմորավյանների իշխանությունը և իր տիրապետությունը հաստատեց ամբողջ մահմեդական Իսպանիայի վրա։ Սրա մահից հետո փոխվեց Ա–ի շարժման սկզբնական բնույթը, ուժեղացավ ֆեոդալական հարստահարումը, որն առաջացրեց ժողովրդական զանգվածների դժգոհությունը։ Բանու–մարին ցեղերի ապստամբությամբ՝ 1269-ին վերջ դրվեց Ա–ի դինաստիային։

ԱԼՄՈՐԱՎՅԱՆՆԵՐ (արաբ. ալ–Մուրաբիթուն – մենաստանում բնակվողներ, իսպան. almoravides), բերբերական դինաստիա և ֆեոդալական պետություն (XI դ. կես –1146)։ Առաջացել է հյուսիսային Աֆրիկայի բերբերական ցեղերի ապստամբության ընթացքում։ Սկզբում Ա. էին անվանում շարժման բոլոր մասնակիցներին։ Ա. նվաճեցին Մարոկկոն, Ալժիրի ու Իսպանիայի մի մասը։ Ա–ի ֆեոդալական հարստահարման, բնակչությանը պարտադրած ծանր տուրքերի և կրոնական հալածանքների հետևանքով առաջ եկավ Ալմոհադների գլխավորած ժողովրդական շարժումը։ Ալմոհադները տապալեցին Ա–ին, հաստատեցին իրենց իշխանությունը։


ԱԼՄՈՒԽՅԱՆ Ժան (ծն. 1932), հայ կոմպոզիտոր, խմբավար Արգենտինայում։ Ծնվել է Հունաստանի Պիրեա քաղաքում։ 1947-ին տեղափոխվել է Բուենոս Այրես, ուր ստացել է երաժշտական կրթություն։ 1957-ից ղեկավարում է տեղի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերության «Արաքս» երգչախումբը։ Որպես խմբավար հանդես է եկել նաև Մերձավոր Արևելքի երկրներում(1967, 1970)։ Ա. գրել է մեներգեր և խմբերգեր (Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի խոսքերով), դաշնամուրային ստեղծագործություններ («Հայկական սյուիտ», 1956, վարիացիաներ, պրելյուդներ), կամերային երկեր, սիմֆոնիա, ջութակի կոնցերտ։ Իր ստեղծագործության մեջ ձգտում է հայ ժող. երաժշտության առանձնահատկությունները համադրել ժամանակակից եվրոպական երաժշտության արտահայտչաձևերին։ Ա. ստեղծագործական կապ է պահպանում հայրենի երաժիշտների հետ։


ԱԼՄՔՎԻՍՏ (Almquist) Կարլ Յունաս Լովե (1793–1866), շվեդացի գրող։ Ծնվել է նոյեմբերի 28-ին, Ստոկհոլմում։ Ստեղծագործություններում արծարծել է «գյուղացիական նարոդնիկության» և ուտոպիական սոցիալիզմի գաղափարները։ Վաղ շրջանի գործերը («Պալատ», «Մատուռ» ևն) ավելի ռոմանտիկական են։ Ռեալիստական գործերից հայտնի է գյուղացիների կյանքը պատկերող «Ջրաղացը Շյոլնուրում» (1838) վիպակը, ուր Ա. պաշտպանել է ժողովրդի շահերը։ «Մոդինո» (1839) վեպում շոշափել է կանանց ազատագրության հարցը, «Սմոլանի երեք տիրուհիները» (1843) վեպում հանդես եկել մարդկանց եղբայրության կրոնական քարոզով։ Մահացել է սեպտ. 26-ին, Բրեմենում։


ԱԼՅԱԲԵՎ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1787–1851), ռուս կոմպոզիտոր։ Ծնվել է օգոստոսի 4(15)–ին, Տոբոլսկում։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին։ Սպանության կեղծ մեղադրանքով 1825-ին ձերբակալվել և աքսորվել է Սիբիր (հետո՝ Կովկաս, Հարավային Ուրալ)։ 1830-ական թթ. վերջերից բնակվել է Մոսկվայում։ Ա. ռոմանսի ականավոր վարպետ է։ Գրել է 150-ից ավելի երգեր ու ռոմանսներ (հանրահայտ «Սոխակ»–ը՝ Ա. Ա. Դելվիգի խոսքերով), օպերաներ («Լուսնյակ գիշեր կամ տան ոգիներ»), սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ խմբերգեր, պարեր ևն։ Մշակել է ուկրպինական, կովկասյան, միջինասիական ժողովուրդների մեղեդիներ։ Մահացել է փետր. 22 (մարտի 6)–ին, Մոսկվայում։

Գրկ. Доброхотов Б. В., Александр Алябьев, М., 1966.


ԱԼՅԱՆԱՔ Հրանդ Հովսեփի (1880–1938), հայ նկարիչ։ Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի վարժարանում։ 1896-ին հեռացել է Թուրքիայից, անցել Բուլղարիա, ապա՝ Անդրկովկաս։ Ստեղծագործական առաջին քայլերն արել է Թիֆլիսում և Բաքվում։ 1905-ից հաստատվել է Փարիզում։ Ա–ի ստեղծագործությունները, հիմնականում մեղմ տրամադրությամբ համակված, բնության խաղաղ ու հաճելի տեսարաններ են, որոնք ունեն տաք բներանգ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Անկախների սալոնում» (1925, «Մայրամուտը Պոլսի նավահանգստում», «Պոլսի ձկնորսների ապաստարանը»), Հայ ազատ արվեստագետներու միության ցուցահանդեսում (1934, «Գարնանային ժպիտ», «Բնանկար», «Լուսնային էֆեկտ»)։ Ա. արվեստաբանական հոդվածներ է տպագրել հայկական մամուլում և, որպես ֆրանսիական արվեստի մեկնաբան ու մասսայականացնող, ֆրանսիական կառավարության կողմից 1923-ին պարգևատրվել է «Պալմ ակադեմիկ» (Palme académique – ակադեմիական արմավենու շյուղ) արծաթե պատվանշանով և ստացել «Ակադեմիայի պաշտոնատար» աստիճանը, 1927-ին՝ նույն պատվանշանի ոսկե մեդալով և արժանացել «Հանրային կրթության պաշտոնատար» տիտղոսին։ Մահացել է Փարիզում։ Վ. Հարությունյան


ԱԼՅԱՍԿԱ (Alaska), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիս–արևմուտքում, Բերինգի ծովի, Բրիստոլի ծոցի և խաղաղ օվկիանոսի միջև, ԱՄՆ–ի Ալյասկա նահանգի մասը։ Երկարությունը մոտ 700 կմ է, լայնությունը՝ 170-ից մինչև 10 կմ։ Լեռնոտ է, բարձր, մինչև 2507 մ (Վենիամինովի հրաբուխ)։ Գերակշռում են մարգագետինները և լեռնատունդրան։ Կան փոքր սառցադաշտեր։


ԱԼՅԱՍԿԱ (Alaska), նահանգ (1959-ից) ԱՍՆ–ում, Հյուսիսային Ամերիկայի ծայրագույն հյուսիս–արևմուտքում։ ԱՄՆ–ի հիմնական տերիտորիայից անջատված է Կանադայով։ Տարած. 1518,8 հզ. կմ² է, բաղկացած է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից (Ալեքսանդրի արշիպելագ, Ալեության կղզիներ, Կադյակ կղզի ևն)։ Բնակչությունը՝ 294,6 հզ. (1970), այդ թվում բնիկներ (էսկիմոսներ, հնդկացիներ, ալեութներ)՝ մոտ 44 հզ. (1960)։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։ Խաղաղօվկիանոսյան ափը եզրավորված է փշատերև անտառներով ծածկված բարձր լեռնաշղթաներով (Մակ–Քինլի լ., 6193 մ)։ Տերիտորիայի մեծ մասը զբաղեցնում է Յուկոն բարձրավանդակը՝ շրջապատված Բրուքսի, Ալյասկայի և Ալեության լեռնաշղթաներով։ Նշանավոր գետը Յուկոնն է, որը նավարկելի է և հիդրոէներգիայով հարուստ։ Տնտեսության հիմքը ձկնորսությունն է (գլխավորապես՝ սաղմոնազգիներ և հարինգ) ու ձկան վերամշակումը։ Արդյունահանում են՝ ոսկի, պլատին, անագ, նավթ, քարածուխ, սնդիկ, քրոմիտներ։ Կան անտառասղոցման, ցելյուլոզի (Կետչիկան) և թղթի (Ջունո) գործարաններ։ Զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, կաթնատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Տարածված է մուշտակավոր գազանների որսը։ Ունի մոտ 930 կմ երկաթուղային և 6260 կմ (1964) խճուղային ճանապարհներ, օդանավակայաններ (Ֆերբենքս, Անքորիջ), ռազմածովային և ռազմաօդային բազաներ, ռադիոլոկացիոն կայաններ։ Գործում է Հեյնս Ֆերբենքս նավթամուղը (մոտ 1000 կմ

Ա. հայտնազործել են XVII դ. ռուս երկրագնացները։ Մինչև XVIII դ. 30-ական թթ. կեսերը Պ. Նագիբինի, Վ. Բերինգի, Ա. Մելնիկովի, Ի. Ֆեոդորովի, Մ. Գվոզդևի արշավախմբերը կատարեցին Ա–ի առաջին հետազոտությունները, սակայն ընդունված է Ա–ի հայտնադործումը կապել Ա. Չիրիկովի 1741-ի արշավախմբի գործունեության հետ։ 1867-ի մարտի 18(30)–ի պայմանագրով Ռուսաստանը Ա. վաճառեց ԱՄՆ–ին 7,2 մլն. դոլարով (մոտ. 11 մլն. ռուբլի)։


ԱԼՅԱՍԿԱՅԻ ԾՈՑ, Խաղաղ օվկիանոսում՝ Ալյասկա թերակղզու և Վանկուվեր կղզու միջև։ Խորությունը՝ մինչև 5659 մ։ Ա. ծ–ում են գտնվում Կադյակ ու Ալեքսանդրի արշիպելագները և Շառլոտա թագուհու կղզիները։ Գլխավոր նավահանգիստները՝ Սյուարդ (Ալյասկայում), Պրինս Ռուպերտ (Կանադայում)։


ԱԼՅԱՍԿԻՏ (անվանումը՝ Ալյասկա թերակղզուց), գրանիտային տիպի լրիվ բյուրեղային խորքային ապար։ Հիմնականում կազմված է ալկալային դաշտային սպաթներից (60-65%) և քվարցից (35-40%), երբեմն շատ փոքր քանակությամբ պատահում են մուգ գույնի միներալներ։ Գույնը՝