Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստեղծագործությունների ժողովածու, ժամանակացույց, տարեգիրք։ Միջնադարում Ա. են կոչվել արաբներից փոխառնված աստղաբաշխական օրացույցները, որոնք աստիճանաբար լրացվել են պատմական իրադարձությունների մասին տեղեկություններով, անեկդոտներով, բանաստեղծություններով։ Հետագայում Ա. կորցրել է իր նախնական նշանակությունը։ Հայ իրականության մեջ մինչև 1890-ական թթ. Ա–ները կոչվել են «ժողովածու», «զբոսարան» ևն։ Նախասովետական տարիներին լույս են տեսել «Գարուն» (գիրք 1–3, Մ., 1910–12), «Ասպարեզ» (գիրք 1–6, Ալեքսանդրապոլ, 1912–13), սովետական տարիներին՝ «Արագած» (Ե., 1958), «Կամուրջ» (Թ., 1961 –66) և հայերեն այլ Ա–ներ։

ԱԼՄԱՆԴԻՆ (Փոքր Ասիայի Ալաբանդա քաղաքի աղավաղված անունից), միներալ նռնաքարերի խմբից. ։ Համակարգը խորանարդային է։ Կարծրությունը՝ 7–7,5, խտությունը՝ 4100–4300 կգ/մ³։ Թափանցիկ է, գույնը՝ հաճախ արնակարմիր, փայլը՝ ճարպային։ Հանդիպում է բյուրեղային թերթաքարերում և պեգմատիտներում (ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիա, Մերձբայկալ, Ճապոնիայում ևն)։ Օգտագործվում է որպես թանկարժեք քար և հղկանյութ։

ԱԼՄԱՍԶԱԴԵ Գամեր Հաջիաղա կըզի (ծն. 1915), բալետի ադրբեջանցի արտիստուհի, բալետմայստեր։ ՍՍՀՄ ժողովրդ. արտիստուհի (1959)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է մարտի 10-ին, Բաքվում։ Բալետի առաջին ադրբեջանցի արտիստուհին է։ Բեմ է բարձրացել 1931-ին՝ Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոնում (Բաքու)։ Ազգային լավագույն դերակատարումներից են՝ Գյուլյանակ (Բադալբեյլիի «Կույսի աշտարակը», 1940), Գյուլշեն (Ս. Հաջիբեկովի «Գյուլշեն», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1952), Այշա (Կարանի «Յոթ գեղեցկուհիներ», 1952)։ 1953-ից նույն թատրոնի գլխավոր բալետմայստերն է։ Բեմադրել է «Կույսի աշտարակը» (1940), Ամիրովի «Շուր» (1968) և այլ բալետներ։


ԱԼՄԱՍՏ (արաբ, ալմաս–ամրագույն), միներալ, զուտ ածխածնի () բյուրեղային ձևափոխաթյունը։ Մաքուր Ա. անգույն է, խառնուրդների ( ևն) առկայության դեպքում՝ գունավոր (երկնագույն, դեղին, մոխրագույն, սև ևն)։ Բյուրեղանալով որանարդային համակարգում՝ ածխածնի ատոմներն ընդունում են տետրաէդրային դասավորություն։ Փխրուն է։ Ունի ուժեղ փայլ։ Խտությունը՝ 3470–3560 կգ/մ³, կարծրությունը՝ 10։ Լավ ջերմահաղորդիչ և վատ էլեկտրահաղորդիչ է։ Օդի բացակայությամբ տաքացնելիս (1400°)՝ առանց հալվելու, դանդաղ փոխարկվում է գրաֆիտի։ Ա–ի բյուրեղի նիստերի կարծրությունը տարբեր է՝ կախված բյուրեղային ուղղություններից։ Հանդիպում է գերհիմքային ապարներում (քիմ–բերլիտներ, պերիդոտիտներ ևն), հաճախ՝ ցրոններում։ Խոշորագույն հանքավայրերը գտնվում են Հարավ–Աֆրիկյան Հանրապետաթյունում, Զաիրում, Բրազիլիայում, ՍՍՀՄ–ում (Յակուտական ԻՍՍՀ, Ուրալ)։ Շահագործվում են 0,4–0,5 կար/մ³ Ա–ի պարունակությամբ հանքավայրերը։ Ա–ի համաշխարհային հանույթը (առանց ՍՍՀՄ–ի) 1967-ին կազմել է 30 մլն. կարատ։

Համաշխարհային շուկայում զանազանում են ակնագործական և տեխնիկական Ա–ներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից հետո կոչվում է ադամանդ։ Ամենախոշոր Ա.՝ «Կուլինան»–ը (3106 կար), գտնվել է 1905-ին, Հարավային Աֆրիկայում: Ա–ի տեխնիկական տեսակները (բորտ, կարբոնադո, կոնգո) օգտագործվում են կարծր նյութերի մշակման, մետաղալարերի ձգման համար, հորատման գործում և այլուր։ 50-ական թթ. կեսերից տեխնիկական Ա. ստացվում է նաև արհեստական եղանակով (ԱՄՆ, Շվեդիա, ՍՍՀՄ, Ճապոնիա ևն)։ Այդ նպատակով գրաֆիտը կամ «ամորֆ» ածխածինը ենթարկում են բարձր ճնշման (> 50000 մթն.) և ջերմաստիճանի (> 1200°) ազդեցության կատալիզատորների ներկայությամբ։ Ա. Քոչարյան


«ԱԼՄԱՍՏ», Ա. Սպենդիարյանի օպերան։ Լիբրետոն (ռուս.) ըստ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պարնոկը 1917–18-ին։ Կլավիրն ավարտվել է 1923-ին, գործիքավորումը շարունակվել մինչև 1928-ը (IV գործողությունը գործիքավորել է Մ. Շտեյնբերգը)։ «Ա.» հայ ժողովրդի հերոսական–ազատագրական պայքարն արտացոլող հոգեբանական–փիլիսոփայական բնույթի երաժշտական դրամա է։ Առաջին անգամ բեմադրվել է 1930-ին, Մոսկվայի Մեծ թատրոնի ֆիլիալում (Ալմաստ՝ Մ. Մակսակովա), ապա նաև՝ Օդեսայում (1930, ուկրաիներեն), Թբիլիսիում (1932, վրացերեն), Տաշքենդում (1953), Նովոսիբիրսկում (1972)։ Հայաստանում բեմադրվել է 1933-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բացման օրը (լիբրետոյի թարգմ. Տ. Հախումյանի)։ Վերաբեմադրվել է 1939-ին, 1969-ին և 1971-ին։ Գլխավոր դերերգերը կատարել են. Ալմաստ՝ Թ. Շահնազարյան, Տ. Սազանդարյան, Մ. Չմշկյան, Դ. Գալաչյան, Օ. Գաբանա, Թաթուլ՝ Պ. Լիսիցյան, Մ. Երկաթ, Ա. Կարապետյան, Նադիր շահ՝ Լ. Իսեցկի (Հովհաննիսյան), Ն. Հովհաննիսյան, Դ. Պողոսյան, Հ. Ալավերդյան, Աշուղ՝ Գ. Գաբրիելյան, Վ. Միրաքյան և ուրիշներ. դիրիժորներ՝ Ս. Ստոլերման, Գ. Բուդաղյան, Ա. Քաթանյան, Օ. Դուրյան, ռեժիսորներ՝ Ա. Բուրջալյան, Գ. Հովհաննիսյան, Վ. Բագրատունի, Վ. Աճեմյան, նկարիչներ՝ Մ. Սարյան, Մ. Արուտչյան, Խ. Եսայան, Մ. Ավետիսյան։ «Ա.» 1951-ին, ռուս և ֆրանսիացի կատարողներով, բեմադրվել է Փարիզի Մյություալիթե պալատում (նվագախմբի մասը կատարվել է երկու դաշնամուրով)։ Կլավիրը հրատարակվել է Երևանում, 1971-ին (լիբրետոյի նոր թարգմ. Պ. Միքայելյանի)։ Գ. Գյոդակյան


ԱԼՄԱՍՏԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, բնական և արհեստական ալմաստներից պատրաստվող գործիքներ։ Աչքի են ընկնում հատիչ հատկությամբ, կարծրությամբ, մաշակայունությամբ և ջերմակայունությամբ։ Կիրառվում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում (սարքաշինություն, լեռնային արդյունաբերություն ևն)։ Մետաղամշակման մեջ Ա. գ. օգտագործվում են հիմնականում կարծր նյութերի (կորունդ, կիսահաղորդիչներ, խեցենյութեր ևն) մշակման համար և կարող են ունենալ հղկասկավառակի (տես Հղկանյութեր), կտրիչի կամ գայլիկոնի ձև։ Ալմաստային կտրիչները կիրառվում են գունավոր մետաղներից պատրաստվող բարձր ճշգրտության դետալների, ոչ մետաղական նյութերի (պլաստմասսա, էբոնիտ) գերմաքուր մշակման համար, ինչպես նաև փորագրական աշխատանքներում։ Ա. գ–ի արտադրությունն օրըստօրե ավելանում է։ ՀՍՍՀ–ում Ա. գ. (հղկասկավառակներ) պատրաստվում են մասնավորապես Երևանի «Ալմաստ» գործարանում։


«ԱԼՄԱՍՏԵ ԳԱՀ», 1660-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառական Զաքար Սահրատյանը նվիրել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարին։ Գահը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Ունի պարզ ձև, որը լայն տարածում էր գտել XVI–XVIII դդ. կիրառական արվեստում (լավագույն օրինակներից են 1604-ին Շահ–Աբբաս I Բորիս Գոդունովին նվիրած գահը, Թեհրանի Գյուլիստանի պալատի մի քանի գահեր, Հայաստանի պատմության թանգարանում գտնվող XVIII դ. գահը՝ Էջմիածնից ևն)։ Գահը պատրաստելու համար օգտագործվել են 897 տարբեր չափի ալմաստներ, 1.298 մարգարիտ, ամեթիստ, շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 նիշապուրի փիրուզա, ոսկի, արծաթ, փայտատեսակներից՝ չինարենի, հաճարենի ևն։ Գահի հարդարանքում օգտագործված են նաև սև թավիշ, կարմիր մետաքս, դեղին կերպաս։ Թիկնակի վրա ասեղնագործված են մանր մարգարիտներով ելուզված ուղերձը և հրեշտակների պատկերներ։ «Ա. գ.»–ի վերևի մասում հետագայում կատարվել են հավելնումներ (երկգլխանի արծիվ ևն)։ Ժամանակին «Ա. գ.» գնահատվել է 22.589 ռռւբլի: Գահը պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։


ԱԼՄԵՅԴԱ (Almeida) Ֆրանսիշկու (մոտ 1450–1510), պորտուգալացի ծովագնաց, Հնդկաստանում Պորտուգալիայի առաջին փոխարքան (1505–09)։ Ա. հայտնի է որպես նվաճող, որը Հնդկական օվկիանոսի շրջանում հիմնադրել է Պորտուգալիայի գաղութային տիրապետությունը։


ԱԼՄԵՅԴԱ– ԳԱՌԵՏ (Almeida Garrett) Ժուան Բապտիշտա դա Սիլվա Լեյտան (1799–1854), պորտուգալացի գրող։ Պորտուգալական գրականության մեջ առաջադիմական ռոմանտիզմի հիմնադիր։ Հայտնի են Ա–Գ–ի «Կամեոնս» (1825), «Դոնա Բրանկա» (1826) պատմա–հայրենասիրական պոեմները, «Աուտու ժիլ Վիսենտե» (1838), «Սանտարեմցի զինագործը» (1841) պիեսները։


ԱԼՄՈՀԱԴՆԵՐ (արաբ, ալ-Մուահհիդուն – միաստվածականներ, իսպ. almohade), բերբերական դինաստիա և ֆեոդալական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Իսպանիայում (1121/1122–1269), ստեղծվել է Ալմորավյանների դեմ ուղղված Հյուսիսային Աֆրիկայի բերբերական ցեղերի շարժման հետևանքով։ Հիմնադիրը և գաղափարախոսն էր Մուհամմեդ իբն Տումարտը, որի մահից հետո