Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է հունիսի 13-ին, Սան Ֆրանցիսկոյում։ Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1932)։ 1945-ից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1940–43), Լոս Ալամոսի լաբորատորիայում (1944–45)։ Ա–ի գիտական աշխատանքները վերաբերում են արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային։ Ա. հայտնագործել է ռադիոակտիվ փոխակերպման նոր տիպ՝ ուղեծրային էլեկտրոնների զավթումը միջուկով (1937), առաջին անգամ ստացել է (Ռ. Քորնոգի հետ) ջրածնի և հելիումի նոր իզոտոպները՝ տրիտիում և հելիում–3 (1939), մեծ ճշգրտությամբ չափել է (Ֆ. Բլոխի հետ) ազատ նեյտրոնի մագնիսական մոմենտը (1940)։ Նրա ղեկավարությամբ կառուցվել է բշտիկավոր առաջին մեծ խցիկը ե Բերկլիի դրեյֆային խողովակներով գծային արագացուցիչը։ Տարրական մասնիկների ֆիզիկայում խոշոր ներդրման, հատկապես մեծ թվով ռեզոնանսների հայտնագործման համար արժանացել է նոբելյան մրցանակի (1968)։ Ամերիկյան ֆիզիկոսների ընկերության անդամ է (1968-ից՝ պրեզիդենտը)։

ԱԼՎԱՐԵՍ ԴԵԼ ՎԱՅՈ (Alvares del Vayo) Խուլիո (ծն. 1891), իսպանական քաղաքական գործիչ, հրապարակախոս, դիվանագետ։ 1931–33-ին եղել է դեսպան Մեքսիկայում։ 1934-ին դարձել է սոցիալիստների ձախ թևի առաջնորդներից մեկը, իսպանական ժողովրդի ազգային–հեղափոխական պատերազմի տարիներին՝ արտաքին գործերի մինիստր (1936 սեպտ. – 1937 մայիս, 1938 ապրիլ – 1939) և Գլխավոր զինվորական կոմիսարիատի ղեկավար (1936 հոկտեմբեր – 1937 նոյեմբեր)։ 1939-ից վտարանդի է։


ԱԼՎԱՐՅԱՆ Կարո Սողոմոնի (1895–1963), հայ սովետ, ռեժիսոր և դերասան։ Ադրբ. ՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1954)։ Ծնվել է ապրիլի 24 (մայիսի 6)–ին, Ախալցխայում։ 1925-ին ավարտել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիան և որպես դերասան աշխատել Թբիլիսիի (1925–27), Լենինականի (1928–30), Բաքվի (1930–32, 1937–47) հայկական թատրոններում։ 1932-ին կազմակերպել է Ստեփանակերտի (1932–35, 1947–63-ին գլխ. ռեժիսոր), 1935-ին՝ Կիրովաբադի (1935–36-ին գլխ. ռեժիսոր) հայկական թատրոնները։ Բեմադրել է Վաղարշյանի «Օղակում» (1932), Ջաբարլիի «Սեիլ» (1933), Կիրշոնի «Հրաշալի ձուլվածք» (1935), Շիրվանզադեի«Սորգանի խնամին» (1948), Ն. Զարյանի «Աղբյուրի մոտ» (1950), «Փորձադաշտ» (1953), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1952), Սունդուկյանի «Խաթաբալա» (1957) ևն, որպես դերասան մասնակցել է ներկայացումներին։ Մահացել է հոկտ. 19-ին, Ստեփանակերտում։


ԱԼՎԵՆ (Alfen) Հաննես (ծն. 1908), շվեդացի ֆիզիկոս։ Ստոկհոլմի թագավորական ԳԱ անդամ։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958-ից)։ Ծնվել է մայիսի 5-ին, Նորչեպինգում (Շվեդիա)։ 1940-ից Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստ–ի էլեկտրոնիկայի, իսկ 1963-ից՝ պլազմայի ֆիզիկայի ամբիոնների պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տիեզերական ճառագայթմանը և էլեկտրադինամիկային։ Ա. հայտնագործել է նոր էլեկտրադինամիկական ալիքներ (հայտնի են ալվենյան ալիքներ անունով)։ Ա–ի հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում բարձր ջերմաստիճանային պլազմայի ֆիզիկայի և ջերմամիջուկային սինթեզի բնագավառում։ Նրա ղեկավարությամբ աշխատանքներ են տարվում տիեզերական մագնիսացված պլազմայում, այդ թվում և Երկրի մագնիսային ոլորտում և «պեկուլյար» գալակտիկաների պլազմայում ընթացող, պրոցեսների մոդելավորման ուղղությամբ։ Զարգացրել է հյուսիսափայլերի, գեոմագնիսական փոթորիկների և արեգակնային համակարգի ծագման տեսությունը։ Սագնիսական հիդրոդինամիկայի ստեղծման համար 1970-ին արժանացել է նոբելյան մրցանակի։

Երկ. Космическая электродинамика, пер. с англ., 2 иэд., М., 1967 [соавтор Фельтхам-мар К. Г.]; Миры н антимиры. Космология и антиматерия. пер. со швед.. М., 1968.


ԱԼՏ (իտալ. alto, <լատ. altus – բարձր), տենորից բարձր ձայն, որով միջնադարյան երգչախմբերում կատարվում էր մայր եղանակը, 1. կանացի ցած ձայն (կոնտրալտո)։ 2. Մանկական (տղաների) ցած ձայն։ 3. Երգչախմբերում կամ վոկալ անսամբլում՝ երգամաս, կատարում են կանացի (մեցցո–սոպրանո, կոնտրալտո) կամ տղաների ցած ձայները։ 4. Բազմաձայն երաժշտական հյուսվածքում՝ բարձրությամբ երկրորդ ձայնը։ 5. Լարային աղեղնավոր գործիք (իտալ. viola): 6. Պղնձյա փողավոր գործիք՝ ալտհոռն (սաքսհոռն գործիքների ընտանիքից)։ 7. Սի շարք նվագախմբային գործիքների տարատեսակ (ֆլեյտա–Ա., սաքսոֆոն–Ա., կլառնետ–Ա., բալալայկա–Ա., դոմրա–Ա. ևն)։


ԱԼՏԱԻՐ, α Արծվի, սպիտակ աստղ (0,8 աստղային մեծության)։ Միջին լայնություններում երեում է գարնանը, ամռանն ու աշնանը։


ԱԼՏԴՈՐՖԵՐ (Altdorfer՝) Ալբրեխտ (մոտ 1480–1538), գերմանացի նկարիչ։ Եղել է գերմանացի նկարիչների այսպես կոչված դանուբյան դպրոցի պարագլուխը։ Ա–ի կրոնական, այլաբանական, պատմական և դիցաբանական կտավներին, փորագրություններին, գծանկարներին կենսականություն են հաղորդում կենցաղային դիպուկ մանրամասները, արտահայտիչ տիպաժները, բնանկարային կամ ճարտարապետական ֆոնը։ Նրա «Դանուբի հովտի տեսարանը», «Ալպիական բնանկար», «Գետահովիտը» ևն Վերածննդի գեղանկարչության առաջին «մաքուր» բնանկարներից են։


ԱԼՏԵՐԱՑԻԱ (<ուշ լատ. alteratio - փոփոխություն), կենսաբանության մեջ, օրգանների, հյուսվածքների, բջիջների կառուցվածքի և գործունեության փոփոխություն, որն առաջանում է վնասող ազդակների (մեխանիկական, ջերմային, էլեկտրական, քիմիական ևն) ներգործությամբ։ Ա. զարգանում է աստիճանաբար, սկզբնական փուլերում հետադարձելի է, սակայն վնասող գործոնների տնական ազդեցությունից հյուսվածքները և բջիջները կարող են մահանալ։ Ա–ից առաջացած կառուցվածքային խանգարումները կապված են բջջային կոլոիդների վիճակի փոփոխության հետ։ Ա–ի ենթարկված մասում բջջաթաղանթի թափանցելիությունն իոնների նկատմամբ մեծանում է, գոյանում այսպես կոչված վնասվածքի պոտենցիալ, որը և պայմանավորում է վնասվածքի հոսանքի առաջացումը (տես Կենսա–էլեկտրական պոտենցիալներ


ԱԼՏԵՐԱՑԻԱ (երաժշտ.), 1. հիմնական հնչյունաշարի աստիճանների (դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի) բարձրության փոփոխումը մեկ կամ երկու կիսատոնով։ Ա–ի նշաններն են՝ # (դիեզ), որ նշանակում է կես տոնով բարձրացում, b (բեմոլ)՝ կես տոնով իջեցում, X (դուբլ–դիեզ)՝ երկու կիսատոնով բարձրացում, bb (դուբլ–բեմոլ)՝ երկու կիսատոնով իջեցում։ Ա–ի դեպքում հնչյունի հիմնական անվանը միանում է Ա–ի նշանի անվանումը (օրինակ, սի–բեմոլ)։ Ա–ի վերացումը նշվում է (բեկար) նշանով։ 2. Լադի անկայուն հնչյունների բարձրացումը կամ իջեցումը կես տոնով՝ ձգտողականությունը սրելու նպատակով։


ԱԼՏԵՐՄԱՆ (Alterman) Թեոդոր Յուրևիչ (1885–1915), էստոնացի դերասան։ Ծնվել է նոյեմբերի 12(24)–ին։ 1906-ից աշխատել է իր մասնակցությամբ կազմակերպված «Էստոնիա» թատրոնում։ Լեո Սաալեպ, Պիյբելեհտ (Վիլդեի «Անըմբռնելի հրաշք», «Տան ոգին») դերերի առաջին կատարողն է։ Մյուս դերերից են՝ Իղեստակով (Գոգոլի «Ռեիզոր»), Բորիս Գոդունով (Ա. Կ. Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը»), Օթելլո, Համլետ (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ») են։ Ա. տիրապետել է խոսուն դադարների արվեստին, ներքին մենախոսությանը։ Որպես ռեժիսոր բեմադրել է Վիլդեի «Անըմբռնելի հրաշք»–ը (1913), Լերմոնտովի «Գիմակահանդես»–ը (1914) ևն։ Մահացել է մարտի 18 (31)–ին։


ԱԼՏԵՐՆԱՏ (ֆրանս. alternat, < լատ. alternus – փոփոխական, սկզբնաղբյուրը՝ alter – երկուսից մեկը), միջազգային իրավունքում կանոնների համակցություն, որը սահմանում է պայմանագրի ստորագրման կարգը (տեքստում պայմանադիր կողմերի անվանումների հերթականությունը, ստորագրությունների դիրքը, կնքելը ևն)։ Երկկողմանի պայմանագրերի մեկ օրինակում սկզբում անվանվում է մեկ պետությունը, իսկ մյուսում՝ մյուսը։ Բազմակողմանի պայմանագրերում, որպես կանոն, ընդունված է պետությունների անգլերեն անվանումների այբբենական կարգը, բացառությամբ տվյալ պետությանը հանձնվող օրինակի, որում նրան հատկացվում է առաջին տեղը։ Սոցիալիստական պետությունների պրակտիկայում ստորագրություններ դրվում են ռուսական այբուբենի կարգով։


ԱԼՏԵՐՆԱՏԻՎ (ֆրանս. alternative, < լատ. alter – այլ, ուրիշ), տես Երկընտրանք։


ԱԼՏՐՈՒԻԶՄ, այլասիրություն, բարոյական սկզբունք, որն արտահայտում է ուրիշների, մասնավորապես՝ իր մերձավորների նկատմամբ մարդու անշահախնդիր հոգատարությունը, նրանց