համար զոհողություն կատարելու ընդունակությունը։ Ա. փոքր ընդգրկում ունեցող, թերի, սահմանափակ հումանիզմ է, այն սահմանափակվում է առավելապես անձնական հարաբերությունների ոլորտով։ «Ա.» տերմինը բարոյագիտության մեջ մտցրել է Օ.Կոնտը՝ եսապաշտությանը (էգոիզմին) հակադիր հասկացությունը նշելու համար։ Ա–ի սկզբունքը ձևակերպվել է կրոնական բարոյախոսության մեջ («Սիրիր մերձավորիդ ինչպես քեզ» պատվիրանը), իսկ XVII–XVIII դդ. մտել է մի շարք բարոյագիտական ուսմունքների մեջ։ Մասնավոր սեփականատիրական կարգերում Ա. տնտեսական հիմք չունի և հաճախ կրում է կեղծ բարեպաշտական բնույթ՝ ծառայելով իբրև դասակարգային հակամարտության քողարկման միջոց։ Սոցիալիզմի պայմաններում Ա. որոշ չափով պահպանում է իր նշանակությունը զուտ անձնական հարաբերությունների շրջանակներում, իսկ հասարակական հարաբերությունների բնագավառում դրա փոխարեն գործում են նոր (կոլեկտիվիզմի, սոցիալիստական հումանիզմի և այլն) սկզբունքներ։
ԱԼՐԱՂԱՑ, հատիկից ալյուր արտադրող ձեռնարկություն։ Հատիկը աղալու տեխնիկան անցել է զարգացման մեծ ճանապարհ՝ նախնադարյան աղորիքից մինչև ժամանակակից Ա–ները։ Վերջինները, սովորաբար, լրիվ էլեկտրիֆիկացված են ու մեքենայացված։ Հատիկն Ա. է ընդունվում մեքենայացված ու պնևմատիկ տեղակայումների օգնությամբ և ուղարկվում պահեստ՝ մի քանի տասնյակ հազար տ տարողությամբ էլևատոր։ Հատիկի աղացման տեխնոլոգիական պրոցեսը բաժանվում է երեք հիմնական մասի՝ հատիկի մաքրում ու նախապատրաստում, աղում, լցում պարկերի մեջ։ Հատիկի մաքրումն ու նախապատրաստումը կատարվում են Ա–ի հատիկամաքրման բաժանմունքում։ Հատիկազտիչ ու հատիկամաքրիչ մեքենաներում այն մաքրում են կողմնակի խառնուրդներից, լվանում լվացման մեքենաներում և նախապատրաստում աղսւլու համար՝ կոնդիցիոներներում մշսւկելով ջրով և ջերմությամբ։ Առավել լայն տարածում է ստանում հատիկի արագացված կոնդիցիոնումը՝ հիմնված շոգու կիրառման վրա։ Հատիկն աղալիս այն նախապես մանրացնում են՝ թաղանթը հեռացնելու և էնդոսպերմը ձավարի վերածելու համար (գջլտման պրոցես)։ Ստացված ձավարից քամհար մեքենաներում և հղկող գրտնակիչ հաստոցներում (7–8 հաստոց) առանձնացնում են թաղանթի մանր մասնիկները (հարստացում), որից հետո՝ մաքուր ձավարն աղում գրտնակիչ հաստոցներով (12–13 հաստոց) և ստանում ալյուր։ Գրտնակիչ հաստոցների հետ միասին աշխատում են նաև մաղող մեքենաները, որոնք ալյուրը տեսակավորում են ըստ մասնիկների խոշորության և, մասամբ նաև, ըստ որակի։ Ստացված ալյուրը ուղարկվում է հատուկ պահեստները։ Տես նաև Ալրի–ձավարեղենի արդյունաբերություն։
ԱԼՐԱՑՈՂ, բույսերի հիվանդությունների խումբ։ Հարուցիչներն են ալրացողազգիների (Erysiphaceae) ընտանիքի պարկավոր սնկերը։ Ա–ով հիվանդ բույսերի կանաչ օրգանների վրա առաջանում է թանձր, ալրային, հետագայում՝ գորշացող փառ՝ կազմված հարուցիչի սնկամարմնի թելիկներից և նրա կոնիդիումներից։ Ա. վնասում է խաղողի վազին, դեղձենուն, վարդենուն, վարունգին, սեխին, դդումին ևն։ Պայքարի միջոցներն են՝ բույսերի փոշոտումը ծծմբային միացություններով, վնասված բույսերի մնացորդների հավաքումն ու այրումը, Ա–ի նկատմամբ կայուն սորտերի ստեղծումը ևն։
ԱԼՐԻ–ՁԱՎՍՐԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ննդարդյունաբերության, խոշորագույն ճյուղը։ Վերամշակում է հացահատիկ և այլ հատիկեղեն։ ՍՍՀՄ–ում ալրի արտադրությունը 1940-ին կազմում էր 29 մլն., 1950-ին՝ 22 մլն., իսկ 1967-ին՝ 37 մյն. տ։
Հայաստանում վաղ պատմական ժամանակներից պատրաստել են ալյուր և ձավարեղեն։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Հայկական մարգում հաշվվում էր 3400 ալրաղաց։ Ալրի–ձավարեղենի ձեռնարկություններն առավելապես կենտրոնացած էին գյուղական վայրերում և վերամշակում էին տեղական հացահատիկը։ Մանր արտադրության մեջ ալրի–ձավարեղենի արտադրությունը 1900-ին Երևանի նահանգում կազմում էր 46%, 1913-ին՝ 35%; Դրա տեսակարար կշռի անկումը կապված էր ռուսական առավել էժան ալրի ներմուտի հետ։ Սովետական կարգերի հաստատումից հետո ալրի–ձավարեղենի գյուղական արտադրությունը Հայաստանում կորցրեց իր նշանակությունը։ Երևանում կառուցվեց ալրաղաց կոմբինատ (1937), որտեղ վերամշակվում է ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ ներմուծվող հացահատիկը։ Գործարկվեց Լենինականի ալրաղացը։ Ալրաղաց կոմբինատներ են կառուցվում Սևանում, Սպիտակում և Կիրովականում։ Հայաստանում ալրի–ձավարեղենի արտադրությունը 1940-ի 76,8 հզ. տ-ի դիմաց 1967-ին հասավ 209,8 հզ. տ-ի։ 1966–70-ին ալրի արտադրությունը հանրապետությունում ավելացել է մոտ 33%-ով։
ԱԼՑԻՈՆ, η Ցուլի, աստղ (2,9 աստղային մեծության)։ Պայծառագույնը Պլեյադներ (Բազումքի) աստղակույտում։ Միջին լայնություններում երևում է աշնանն ու ձմռանը։
ԱԼՈՒՆԱՆ (Allunans) Ադոլֆ Պետրոնաս (1848–1912), լատիշ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։ Ծնվել է սեպտեմբերի 29 (հոկտ. 11)–ին, Ելգավայում։ 1870-ին Ռիգայում կազմակերպել է Լատվիայի առաջին ազգային թատրոնը և ղեկավարել մինչև 1885-ը։ Ա. դաստիարակել է լատիշ դերասանների անդրանիկ սերունդը, նպաստել Լատվիայի թատերարվեստի ռեալիստական ուղղության ձևավորմանը։ 1885–1904-ին շրջիկ թատերախմբով ներկայացումներ է տվել Լատվիայի գավառական քաղաքներում։ 1880–90-ական թթ. հրատարակել է երգիծական ալմանախներ։ Ա. լատիշական ազգային դրամատուրգիայի հիմնադիրն է («Տնաբույսը», 1869)։ Գրել է մոտ 20 պիես։ Մահացել է հունիսի 22 (հուլիսի 5)–ին, Ելգավայում։
ԱԼՈՒՆԻՏ (<ֆրանս. alun – պաղլեղ), միներալ բարդ սուլֆատների խմբից՝ ։ Պարունակում է 11,4% կալիումի օքսիդ և 37% կավահող։ Բյուրեղանում է տրիգոնային համակարգում՝ ռոմբոէդրերի ձևով։ Լինում է սպիտակ, մոխրագույն, կարմրավուն։ Կարծրությունը՝ 3,7-4,5, խտությունը՝ 2600–2800 կգ/մ³։ Թթվակայուն է։ Առաջանում է էֆուզիվ ապարներում՝ հիդրոթերմալ լուծույթների ազդեցությամբ (ալոինիտացում)։ Հանդիպում է հոծ կամ փուխր հողային ագրեգատներով։ Օգտագործվում է պաղլեղ, կավահող և կալիումական աղեր ստանալու համար։ Անդրկովկասում հայտնի են Ամուլսարի (ՀՍՍՀ) և Զագլիկի (Ադրբ. ՍՍՀ) հանքավայրերը։
ԱԼՈՒՇՏԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում։ 18 հզ. բն. (1967)։ Կլիմայական կուրորտ Ղրիմի հվ. ափին, Յալթայից 33 կմ հս–արլ.։ Տրոլեյբուսի գծով միացած է Սիմֆերոպոլին (50 կմ)։ Կլիման զով է, ձմեռը՝ ցուրտ (քիչ է պաշտպանված հյուսիսային քամիներից)։ Կան առողջարաններ, հանգստյան տներ։ Բուժման միջոցները՝ խաղողաբուժություն և ծովային լոգանքներ։ Ցուցումները՝ շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններ, նյարդային, սիրտանոթային համակարգերի մի քանի հիվանդություններ ևն։
ԱԼՈՒՊԿԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում։ 10,2 հզ. բն. (1968)։ Կլիմայական կուրորտ Ղրիմի հվ. ափին, Ցալթայից 17 կմ հվ–արմ.։ Լեռներով պաշտպանված է հյուսիսային քամիներից։ Պարզ օրերի թիվը՝ տարեկան 208–246։ Ամռանը ջրի ջերմաստիճանը՝ + 16°C, +26°C։ Կան առողջարաններ, հանգստյան տներ։ Բուժման միջոցները՝ խաղողաբուժություն և ծովային լոգանքներ։ Ցուցումները՝ թոքերի (փակ ձևեր), ոսկրային և գեղձային տուբերկուլոզ։ Ա–ում է գտնվում Ղրիմի կերպարվեստի թանգարանը (նախկինում՝ կոմս Ս. Ս. Վորոնցովի պալատը)։