Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼՔՍՆԻՍ (Alknsis), Ալքսնե (Alknse) Ադամ էդուարդ (1864–1897), լատիշ նկարիչ, ռեալիստ։ Ծնվել է փետրվարի 27 (մարտի 10)–ին, Սալիսբուրգում (այժմ՝ Մազսալացա)։ Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1883–92)։ Ա. լատիշական ազգային գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից է, առաջադիմական «Rukis» («Աշխատավոր») խմբակի գաղափարական ղեկավարը։ Պատկերել է լատիշ ժողովրդի պատմության դրվագները, կենցաղը («Սպիտակ ձի», «Աշխետ ձի», «ճանապարհին» երփնագրերը, «Սերմնացան», «Հերկող» ջրաներկ գործերը, Լատվիայի պատմության թեմաներով գծանկարներ են)։ Մահացել է օգոստ. 9 (21)–ին, Ռուիենայում։


ԱԼՖԱ–ՄԱՍՆԻԿՆԵՐ, α-մասնիկներ, հելիոններ, որոշ ռադիոակտիվ նյութերի առաքած հելիումի ատոմի միջուկներ ։ Ա–մ. ստացվում են նաև որոշ միջուկային ռեակցիաների ժամանակ։ Օրինակ՝ ազոտը պրոտոններով ռմբակոծելիս ստացվում են ածխածնի իզոտոպ և Ա–մ. ։ Ա–մ. բաղկացած են իրար հեա ամուր կապված երկու պրոտոնից և երկու նեյտրոնից։ Ա–մ–ի զանգվածը 6,644·10–24 գ է, լիցքը՝ դրական, երկու անգամ մեծ էլեկտրոնի լիցքից, սպինը և մագնիսական մոմենտը զրո են, կապի էներգիան՝ 28,11 Մէվ։ Բնական ռադիոակտիվ տարրերի առաքած Ա–մ–ի էներգիան ընկած է 2–9 Մէվ սահմաններում։ Օդում Ա–մ–ի ազատ վազքի երկարությունը համեմատական է նրա սկզբնական արագության խորանարդին։ Ա–մ. կլանվում են՝ մի քանի տասնյակ միկրոն հաստությամբ պինդ նյութերով անցնելիս։ Ա–մ. իոնացնում են այն միջավայրը, որով անցնում են, իսկ ընկնելով ֆլուորեսցենցող կամ ֆոսֆորեսցենցող նյութերի վրա՝ առաջացնում են լուսարձակում։

Ա–մ. օգտագործվում են նեյտրոններ և որոշ ռադիոակտիվ իզոտոպներ ստանալիս։

Օրգանիզմի վրա Ա–մ–ի հոսքի ներգործությունը հանգեցնում է ճառագայթային ախտահարման զարգացման՝ ընդհուպ մինչև մահ։ Ա–մ–ի ազդեցությունը նման է իոնացնող այլ տեսակի ճառագայթների կենսաբանական ներգործությանը, սակայն ունի նաև իր առանձնահատկությունները։ Ա–մ. հյուսվածքն ախտահարում են միայն անմիջական, ճառագայթումից շատ մոտ տարածության վրա և ունեն բարձր հարաբերական կենսաբանական էֆեկտիվություն (ՀԿԷ), որ բնորոշվում է հյուսվածքում Ա–մ–ի վազքի փոքր չափերով (մմ–ի հարյուրերորդական մասեր) և նրանց առաջացրած իոնացման մեծ խտությամբ։ Արտաքին ճառագայթահարումից ախտահարվում են մաշկի և եղջերաթաղանթի միայն մերկ մասերը։ Ա–մ–ի մեծ դոզաները կարող են պատճառ դառնալ երկար ժամանակ չապաքինվող խոցերի։ Առավել վտանգավոր է ներքին ճառագայթահարումը, որը սննդանյութերի և օդի միջոցով ճառագայթող նյութերի՝ օրգանիզմ թափանցելու հետևանք է։ Նշված նյութերը (որոնցից ավելի վտանգավոր է պլուտոնիում–239), կուտակվելով թոքերում, երիկամներում, լյարդում և փայծաղում, կարող են առաջացնել օրգանիզմի երկարատև ճառագայթահարումներ, որոնք հասցնում են քրոնիկական ճառագայթային հիվանդության և չարորակ ուռուցքների գոյացման։ Ա–մ. կիրառվում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Է. Չուբարյան


ԱԼՖԱ–ՏՐՈՀՈՒՄ, α-տրոհում, ատոմային միջուկների ալֆա–մասնիկների ինքնաբերաբար (սպոնտանային) առաքումը ռադիոակտիվ տրոհման պրոցեսում (տես Ռադիոակտիվություն)։ Ա–տ–ման ժամանակ z ատոմական համար և A զանգվածի թիվ ունեցող ռադիոակտիվ միջուկից առաքվում է հելիումի ատոմի միջուկ՝ , և վերածվում A – 4 զանգվածի թիվ և z – 2 լիցք ունեցող միջուկի։ Օրինակ՝ ռադիումը առաքում է α-մասնիկ և փոխարկվում ռադոնի ։ Հայտնի են մոտ 200 α-ռադիոակտիվ միջուկներ, որոնցից շատերը ծանր են կապարից (z > 82)։

Ռադիոակտիվ իզոտոպի Ա–տ–ման ժամանակ առաքված α-մասնիկներն ունենում են մոտավորապես հավասար էներգիա։ Ա–տ–ման ժամանակ միջուկի և α-մասնիկի ստացած էներգիաները հակադարձ համեմատական են նրանց զանգվածներին։ Տարբեր իզոտոպների համար α-մասնիկների էներգիան տարբեր է։ Եթե տվյալ իզոտոպի կիսատրոհման պարբերությունը (կամ նրա կյանքի տևողությունը) փոքր է, ապա էներգիան մեծ է։ α-ռադիոակտիվ իզոտոպների կյանքի տևողությունը փոփոխվում է ~3·10–7 վրկ–ից մինչև 5·1015 տարի ։ Ա–տ–ման հավանականությունը խիստ կախված է միջուկի չափից, որը և հնարավորություն է տալիս որոշել ծանր միջուկների չափերը։


ԱԼ–ՖԱՐԱԲԻ (մոտ 870-950), փիլիսոփա, տես Ֆարաբի Աբու Նասեր Մուհամմադ։


ԱԼՖԻԵՐԻ (Alferi) Վիտորիո (1749–1803), իտալացի բանաստեղծ, թատերագիր։ Ծնվել է հունվարի 16-ին, Աստի քաղաքում։ Ազգային կլասիցիստական ողբերգության հիմնադիր։ «Կլեոպատրա», «Անտիգոնե», «Ագսւմեմնոն», «Օրեստ», «Սարիա Ստյուարտ» ողբերգությունների թեման սերն է, ընտանիքը և սոցիալական պայքարը։ 1785–92-ին ապրել է Փարիզում, համակրել ֆրանսիական բուրժուական հեղափոխությանը։ Սակայն Յակոբինյան հեղաշրջումից հետո «Միզոգալլո» (1799) պամֆլետների ժողովածուում հանդես է եկել դրա դեմ։ Գրականության մեջ մեծ ճանաչում է գտել «Աստիացի Ալֆիերի Վիտորիոյի կյանքը, որ գրել է ինքը» (1804, հայերեն հրտ. 1873) ինքնակենսագրական արձակ երկով։ Քնարական ստեղծագործություններում և դրամաներում Ա. ձգտել է վերականգնել Իտալիայի ազգային ոգին։ «Մեկը», «Քչերը», «Շատերը» կատակերգություններում ժողովրդին պայքարի է կոչել ընդդեմ բռնակալների։ Մահացել է հոկտ. 8-ին, Ֆլորենցիայում։


ԱԼՖՈՆՍ, 1. Իսպանական թագավորների անուն (իսպան. Alfonso)։ Նրանցից Ա. XIII (1886–1941) Իսպանիայի վերջին թագավորն էր (1902–31), որը նպաստեց Իսպանիայամ ֆաշիստական վարչակարգ հաստատելուն։ 1931-ի ապրիլի 14-ին սկսված հեղափոխության ժամանակ գահընկեց արվեց և վտարվեց երկրից։ 2. Պորտուգալական թագավորների անուն (պորտ. Affonso)։ Նրանցից Ա. I (1109–1185) Պորտուգալիայի առաջին թագավորն էր (1139-ից)։ 1147-ին մավրերից ետ նվաճեց Լիսաբոնը և Հարավային Պորտուգալիայի մի մասը։ 3. Ա. Դյումայի (որդու) «Մոսյո Ալֆոնս» կատակերգության հերոսի անունը (ֆրանս. Alphonse), որը դարձել է հասարակ անուն և նշանակում է սիրուհու հաշվին ապրող։


ԱԼՖՐԵԴ ՄԵԾ (Alfred the Great մոտ 849–մոտ 900), Ուեսեքսի թագավոր՝ 871-ից։ Նրա օրոք անգլո–սաքսոնական թազավորությունները համախմբվեցին Ուեսեքսի շուրջը։ Վերակառուցվեց բանակը, ստեղծվեց ուժեղ նավատորմ, կառուցվեցին ամրոցներ։ Հաջող պատերազմներ մղեց Արևելյան Անգլիայից դեպի Ուեսեքս և Մերսիս շարժվող դանիացիների դեմ, ետ վերցրեց երկրի մի մասը։ Բայց և այնպես 886-ին կնքված հաշտության պայմանագրով Հյուսիսային և Արևելյան Անգլիան մնաց դանիացիների իշխանության տակ։ Ա. Մ–ի օրոք կազմվեց օրենքների առաջին համաանգլիական ժողովածուն, որն ամրապնդում էր ֆեոդալական հարաբերությունները երկրռւմ։ Սկսեցին կազմել նաև «Անգլո–սաքսոնական քրոնիկա»–ն։ Ա. Մ. զգալիորեն նպաստեց նաև մշակույթի զարգացմանը։


ԱԽԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վերին Բասենում, Հասան–կալա քաղաքից մոտ 5 կմ հյուսիս, Արաքսի ձախ կողմում։ Ուներ եկեղեցի։ Ա–ի մոտ մինչև XX դ. սկիզբը կանգուն էր Ս. Աստվածածին վանքը, որը, ըստ ավանդության, XI դ. կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Վանքի տաճարը կենտրոնագմբեթ էր, պատերը շարված սրբատաշ քարերով։


ԱԽԱԼԹԵՔԵՅԱՆ ՁԻ, հեծկան ձիերի հնագույն ցեղ։ Ստացվել է այժմյան Թուրքմ. ՍՍՀ օազիսներում։ Ունի նուրբ, չոր կազմվածք, թեթև գլուխ, երկար, բարձր պարանոց, նեղ, ոչ խոր կուրծք, երկար մեջք և գավակ։ Վերջավորությունները երկար են, բարակ, ջլերը՝ ամուր, սմբակները՝ կարծր։ Գերակշռող թույրը՝ աշխետ, մոխրագույն, շիկագույն (ոսկեփայլ երանգով)։ Զամբիկների մնդավի բարձրությունը 152 սմ է, իրանի թեք երկարությունը.՝ 154 սմ, կրծքի փաթը՝ 165 սմ, դաստակինը՝ 18 սմ։ Հովատակներինը համապատասխանաբար՝ 154 սմ, 158 սմ, 167 սմ, 19 սմ։ Ա. ձ. հարմարված է անապատային պայմաններին, դիմացկուն է. 1935-ին Աշխաբադ–Մոսկվա