Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նե կառուցվածքների կոմբինատ։ Սաղարթախիտ անտառով ծածկված գեղատեսիլ բարձունքի վրա է գտնվում «Ախթալա» հակատուբերկուլոզային առողջարանը` տուբերկուլոզի փակ և արտաթոքային ձևերի համար։ Առողջարանում գործում են 3 լողավազան և արևի լոգանքների հրապարակներ։

Ա–ում կան պատմական նշանավոր հուշարձաններ։ Ս. Գևորգ բլրի շրջակայքում Ժ. դը Մորգանը 1887-ին հայտնաբերել և պեղել է 210 քարարկղային դամբարան։ Հայտնաբերված իրերը (խեցեղեն, երկաթե, բրոնզե զենքեր, զարդաքանդակներ) վերաբերում են մ. թ. ա. VIII–VI դդ.։ Ա–ում պահպանվել են ճարտարապետական հուշարձաններ։ Նշանավոր է Ախթալայի ամրոցը՝ կառուցված X դ., Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք։ Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով՝ կապակցված ամուր կրաշաղախով։ Գլխավոր մուտքն ունի երեք գոտկող կամարներով, թաղակապ ծածկով սրահի ձև, որի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից։ Վանքի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (XIII դ.), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառուցվածք է։ Արևելյան կողմում տեղավորված է կիսակլոր աբսիդը՝ ցածր բեմով, երկու կողմերում կրկնահարկ խորաններով։ Երկու սյուներին և երկու մույթերին հենվող կիսաշրջանաձև կամարներն իրենց վրա կրում են գմբեթը։ Արտաքինից եկեղեցու պատերը շարված են տեղական բազալտի սրբատաշ խոշոր քարերով, ներսից՝ չտաշված մանր քարերով և թրծած աղյուսով։ Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով։ Գլխավոր աբսիդում նկարված է գահին նստած աստվածամայրը, այլ սրբերի շարքում՝ Գրիգոր Լուսավորիչը։ Որմնանկարների պատկերագրությունը, հատկապես վերին շերտը, որ կատարված է XIII դարից հետո, ոճով մոտ է բյուզանդական արվեստին, իսկ որոշ մասերում (ներքին շերտը)՝ անմիջական աղերս ունի XI դ. հայկական մանրանկարչության, առանձնապես՝ «Մողնու ավետարանի» մանրանկարների հետ։ Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացերեն և հունարեն արձանագրությունները վկայում են, որ որմնանկարները կատարել են հույն քաղկեդոնական շրջանների հայ նկարիչներ։

Ա–ի մյուս հուշարձաններից են՝ Ա. Երրորդության վանքը (բաղկացած երկու եկեղեցուց, երկու մատուռից), Առաքելոց կամ Ս. Գևորգ եկեղեցին (XIII դ.), Ախթալայի ամրոցից դեպի արևմուտք գտնվող զույգ եկեղեցիները (XIII դ.)։

Գրկ. Եղիազարյան Հ. Ս., Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե., 1952։ Дурново Л. А., Краткая исто-рия древаеармяаской живописи, Е. 1957.

Նկարում` Ախթալա։ 1. Ամրոցի հյուսիսային բուրգը, X դ.։ 2.«Մարիամ Աստվածածին», որմնանկար Ս. Աստվածածին եկեղեցում։ 3. Ախթալայի վանքի ընդհանուր տեսքը։

ԱԽԹԱԼԱՅԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՏԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, համանուն երկաթուղային կայարանից 4 կմ հյուսիս–արևմուտք։ Հայտնի է VI դարից։ Ավելի որոշակի տեղեկությունները վերաբերում են XII դ.։ Ախթալայի գործարանը հիմնադրվելուց հետո (1763), պղնձից և կապարից բացի, ստացվել է նաև արծաթ և ոսկի։ 1785-ին և 1795-ին հանքն ավերվել է և փակվել։ Հետագայում վերականգնել են հույն հանքափոր վարպետները, որոնք եկել էին Հերակլ II թագավորի հրավերով դեռևս 1760-ակաև թթ.։ 1887–1914-ին հանքավայրը շահագործել են ֆրանսիացի ձեռնարկատերերը։ Վերսկսել է գործել 1924-ին։ Հետախուզական մանրամասն աշխատանքներն սկսվել են 1932-ից։ Ա. բ. հ. ծագումով միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքավայր է և դասվում է հրաքարային ֆորմացիային։ Հանքամարմինները (ոսպնյակներ, երակիկներ ևն) տեղադրված են միջին յուրայի հասակի հրաբխածին ապարներում (քվարցային պորֆիրների և պորֆիրիտների հպումային մասերում) միջօրեականի ուղղության բեկվածքի երկայնքով։ Ամենախոշոր ոսպնյակների չափերը կազմում են ըստ տարածման՝ 350–500 մ, ըստ անկման՝ 80–100 մ, իսկ հզորությունը՝ 8–12 մ։ Հանքամարմիններում նկատվում է հանքայնացման օրինաչափ տեղաբաշխում ըստ ուղղաձիգ կտրւ|սւծքի, վերին մասը սովորաբար գրավում է բարիտը, որի տակ գտնվում են հոծ, իսկ ավելի խոր՝ երակիկա–ցանավոր և ցանավոր բազմամետաղային հանքանյութերը։ Վերջիններս կազմված են սֆալերիտից, գալենիտից, պիրիտից, խալկոպիրիտից, խառնուրդի ձևով հանդիպում են բոռնիտ, արգենտիտ, բնածին արծաթ, բնածին ոսկի են։ Հիմնական երակային միներալներն են բարիտը և քվարցը։ Մետաղների պարունակությունը հանքանյութում կազմում է՝ Cս 0,6-1,95%, Pb 0,7-5,7%, Zn 2,9-13,0%։

Գրկ. Степанянц О. С., Ахтальское полиметаллическое месторождение, Е., 1938։ Տես նաև Ալավերդու պղնձի հանքավայր հոդվածի գրականությունը։ Է. Խաչատրյան


ԱԽԹԱՄԱՐ, տես Աղթամար։


«ԱԽԹԱՄԱՐ», տեսակավոր կոնյակ։ Արտադրվում է 1964-ից, Երևանի կոնյակի գործարանում (մշակել են Գ. Ս. Սարգսյանը և Վ. Ս. Լիտվակը)։ Թնդությունը՝ 42 ծավալային % է, շաքարայնությունը՝ 1%։ «Ա.» մուգ ոսկեգույն է, ունի հաճելի բուրմունք, շոկոլադն ու վանիլը հիշեցնող նուրբ համ։ Պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնեցրած կոնյակի սպիրտներից ու նյութերից՝ կուպաժի միջոցով։ Կուպաժից հետո անհրաժեշտության դեպքում սոսնձվում է ձվի սպիտակուցով կամ ժելատինով և հնեցվում առնվազն 1 տարի։ Ֆիլտրվում է կուպաժից կամ սոսնձումից հետո և շշերը լցնելուց առաջ։ Համամիութենական (1968-ին, Երևանում) և միջազգային (1970-ին, Յալթայում) մրցույթներում ու համտեսների ժամանակ «Ա.»–ին շնորհվել է 2 ոսկե մեդալ։


ԱԽԻԼԻԱ (<հուն. α ժխտ. մասնիկ + χυλόξ - հյութ), աղաթթվի և պեպսինի բացակայությունը ստամոքսահյութում։ Ստամոքսի ինքնուրույն հիվանդություն է (գեղձերի ապաճում) կամ ստամոքսի քաղցկեղի, տուբերկուլոզի, քրոնիկական մալարիայի, չարորակ սակավարյունության ախտանիշ։ Ախտորոշման համար անհրա–