Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲԻՅԱՆՑ 25

թեքել՝ α անկյունով (α-ն կոչվում է Ա.)։ Այսպիսով, լուսատուն կտեղափոխվի շարժման ուղղությամբ դեպի ապեքս α անկյունով։ CB կոչվում է լուսատուի իսկական, իսկ CB՛ տեսանելի ուղղություն։ Ա. հաշվվում է α՛՛=χ sinφ բանաձևով, որտեղ χ կոչվում է Ա-ի հաստատուն և միջազգային համաձայնությամբ 20,496՛՛ է։

Ա. հաշվելու ավելի ճշգրիտ բանաձև ստացվում է Լորենցի ձևափոխությունների օգնությամբ։ Սակայն ուղղումն անչափ փոքր է ժամանակակից չափումների ճշտության սահմանից, ուստի գործնականում օգտվում են դասական ֆիզիկայի բանաձևից։ 2. Օպտիկայում՝ պատկերի թերություն, որ առաջ է բերում օպտիկական համակարգը (տես Օպտիկական համակարգերի թերություններ)։ 3. Կենսաբանության մեջ՝ բուսական կամ կենդանական տեսակի շեղում նորմալ ձևից։ Բնության մեջ Ա. հազվադեպ է, ժառանգական չէ և ըստ ամենայնի առաջանում է արտակարգ պայմանների ազդեցությամբ։ 4. Հոգեբանության մեջ՝ շեղում նորմալ մտածողությունից։ Լինում է կարճատև (հոգնածությունից, ցնցումից) կամ երկարատև (հոգեկան հիվանդությունների դեպքում)։

ԱԲԵՌՆԵՍ, Ապըրնես, գյուղ Արևմտյան Հայաստանում, Թորթում գետի աջ վտակ Աբեռնեսի ափին։ XX դ. սկզբին ուներ 450 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ա. ուներ եկեղեցի և վարժարան։ Ավերվել է աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։


ԱԲԵՐԴԻՆ, Էբերդին (Aberdeen), քաղաք Մեծ Բրիտանիայում, Հյուսիս-արևելյան Շոտլանդիայում։ Աբերդին կոմսության վարչ. կենտրոնն է։ Նավահանգիստ Հյուսիսային ծովի ափին, երկաթուղային հանգույց։ 181,4 հզ. բն. (1968)։ Ձկնարդյունաբերության խոշոր կենտրոն։ Ունի տեքստիլ, պահածոների արդյունաբերություն և նավաշինություն։ Ա-ում գործում է (1494-ից) համալսարան։


ԱԲԵՐԴԻՆ-ԱՆԳՈՒՍՅԱՆ ՏԱՎԱՐ, մսատու ցեղ։ Ստեղծվել է Շոտլանդիայում (Աբերդին և Անգուս կոմսություններում), XVIII դ. վերջին։ Ա-Ա. տ. սև է, ունի լայն իրան, կարճ ոտքեր և պարանոց, ամուր ոսկրակազմ, նուրբ և առաձգական կաշի։ Ցուլերի կենդանի քաշը 700–750 կգ է, կովերինը՝ 500–600, սպանդային ելքը՝ 60—61 %, կաթնատվությունը՝ 1400–1600 կգ (բարձրակիթներինը՝ 3200 և ավելի), կաթի յուղայնությունը՝ 3,8–4%։ Ա-Ա. տ. բուծվում է Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Արգենտինայում և այլուր։ ՍՍՀՄ-ում բուծվում է 1932-ից՝ Ղազախ. ՍՍՀ-ում, Ուկր. ՍՍՀ-ում, ՌՍՖՍՀ Վոլգոգրադի, Օրենբուրգի մարզերում, Ստավրոպոլի, Կրասնոյարսկի, Ալթայի երկրամասերում։


ԱԲԵՑԵԴԱՐԻ (լատ. Abecedari–այբբենական), ոտանավորի տեսակ, որի տողերը կամ քառյակներն սկսվում են այբուբենի տառերի հաջորդականությամբ․ օրինակ՝ Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո»-ն և «Աշխարհ ամենայն»-ը։ Մերձավոր Արևելքում կոչվել է ալիֆլամա։ Գրվել է նաև հայկական այբուբենի հակառակ դասավորությամբ։ Տես նաև Անձինք։


ԱԲԺԱԿՎԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 623 բն. (1968), վրացիներ, հայեր և հույներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Ա. ունի վրացական միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան։ Հայերն եկել են շրջակա գյուղերից, 1947-ին։


ԱԲԻԴՈՍ (հուն. Ἅβνδος, մեհենագիր՝ Աբեջու, այժմ՝ Արաբետալ-Մադֆունահ), հնագույն քաղաք և կրոնական կենտրոն Վերին Եգիպտոսում։ Ըստ առասպելի, Ա-ում սպանվեց և թաղվեց Օզիրիս աստվածը։ Միջին թագավորության դարաշրջանում դարձավ Օզիրիսի պաշտամունքի գլխ. կենտրոնը։ Ա-ի տեղում պահպանվել են Սեթի I (մ. թ. ա. XIV դ.) և Ռամզես II (մ. թ. ա. XIV–XIII դդ.) փարավոնների՝ Օզիրիսի պատվին կառուցած տաճարների ավերակները, ինչպես նաև Սեթի I հոգեհանգստյան կառույցը։


ԱԲԻԵՏԻՆԱԹԹՈՒ, , օրգ. թթու։ Հալ. ջերմաստիճանը՝ 172°C–175°C, եռ. 248°C–250°C։ Լուծվում է օրգ. լուծիչներում։ Ջրում չի լուծվում։ Բևեկնախեժի բաղադրիչ մասն է։ Ստացվում է բևեկնախեժը սառցային քացախաթթվի հետ տաքացնելով և անջատված բյուրեղները բազմակի վերաբյուրեղացնելով։ Հեշտությամբ օքսիդանում է, ռեակցիայի մեջ է մտնում ծծմբական (սուլֆացում) և ազոտական (նիտրացում) թթուների հետ, մասնակցում դիենային սինթեզին։ Ա. հիմքերի հետ առաջացնում է աղեր, որոնցից ալկալիական մետաղների աղերն ունեն լվացող հատկություն, օգտագործվում են օճառ և լաքեր պատրաստելու համար։


ԱԲԻԽ (Abich) Հերման Վիլհելմ (1806—1886), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)։ Ծնվել է դեկտեմբերի 11-ին, Բեռլինում։ Ավարտել է տեղի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842-ին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844-ին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը։ 1845-ին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17-ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Ա-ին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խ. Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին։ Ա. հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները։ 1876-ին, տեղափոխվելով Վիեննա, Ա. հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–87) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին։

Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որը Ա-ի մահից հետո հրատարակման է պատրաստել Է. Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1:420000 մասշտաբի քարտեզը։ Ա. նկարագրել է Մեղրիի, Ղափանի պղնձի, Նախիջևանի քարաղի, Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիս. Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով։

Կովկասի երկրաբանության վերաբերյալ Ա. գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Ա. համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»։ Մահացել է հուլիսի 1-ին, Գրացում։

Գրկ. Волкова С. П. и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, в. 8 (կա Ա-ի աշխատությունների լրիվ ցանկը)։ Լ. Ավագյան


ԱԲԻՅԱՆՑ (Աբիանց) Վիկտոր Քրիստափորի (ծն. 1911), հայ սովետական գիտնական։ Տեխ. գիտ. դ֊ր, պրոֆեսոր (1958), ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է հոկտ. 18-ին, Չեռնոբիմ քաղաքում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ)։ 1946–65-ին Մոսկվայի Բաումանի