ԱՂՏՈ 265
11-րդ դարի կեսը՝ Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրուժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ «Թագավոր Աղվանից» տիտղոսը այնուհետև կրում էին Լոռու Կյուրիկյանները։ Անդրկուրյան և Ծանարաց աշխարհում 897–950 թթ.-ին թագավորեց Գրիգոր–Համամի թոռ Ատրներսեհը՝ նույնպես «Թագավոր Աղվանից» տիտղոսով։ Սրա հաջորդը՝ Սևադա–Իշխանիկը (շուրջ 950–960 թթ.), կապվելով վրաց Բագրատունիների հետ, դարձավ քաղկեդոնական։ Հետագայում՝ 1104 թ.-ին Դավիթ Շինարարը այդ թագավորությունը միացրեց Վրաստանին։ Արաբական խալիֆայության տիրապետության մնացորդներն էին Պարտավի և Գանձակի ամիրայությունները։ Պարտավն ավերվեց 913 թ.-ին և 944 թ.-ին, իսկ Գանձակը ապրեց իր վերելքը՝ անցնելով Շադդադյան քրդական դինաստիայի իշխանության ներքո։ Կուրից դեպի հյուսիս–արևելք գտնվող Աղվանքի մասում Շամախիի ամիրան ընդարձակեց իր իշխանությունը մինչև Բաքու, Դերբենդ և հիմնադրեց Շիրվանշահերի թագավորությունը։ Հետզհետե Շադդադյանները, ապա մյուս մահմեդական իշխանները գրավեցին Դաշտային Ղարաբաղը։ 11-րդ դարի կեսերից սկսվեցին թուրք–սելջուկների արշավածները և Միջին Ասիայից նրանց հետևող թուրքական քոչվոր ցեղերի գաղթերը, որոնց համար ամառային արոտավայրեր դարձան Կուր և Արաքս գետերի ներքին հոսանքներն ընդգրկող դաշտավայրերը։ Սելջուկ–թուրքերի, այնուհետև թաթար–մոնղոլների ասպատակությունները խափանեցին Աղվանքի վերընթաց զարգացումը, փոխեցին Ուտիքի դաշտային մասի էթնիկական կազմը։ Աստիճանաբար տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա–թուրքմենական ցեղերը, իսկ Աղվանքի անունը մնաց իբրև Գանձասարի եկեղեցական թեմի անուն, որը դարձավ Ղարաբաղի հայ մելիքությունների հոգևոր կենտրոնը։
Գրականություն՝ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։ Մնացականյան Ա., Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, Ե., 1966։ Ուլուբաբյան Բ., Ալբանիա, Աղվանք և Առան տեղանունները, «ՊԲՀ», 1971, № 3։ Тревер К., Очерки по истории и культуре Кавказской Албании.IV в. до н. э.–VII в. н. э., 1959; Минорский В., История Ширвана и Дербена, М., 1963; Marquart J., Erānšahr Geographie des Ps. Moses Xorenaci, B., 1901.
ԱՂՎԵՆԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐ, վաղ միջնադարի հայկական իրավական հուշարձան։ Հիշատակվում է «Կանոնագիրք Հայոց»–ում և Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» մեջ։ Տիրապետող կարծիքի համաձայն, ժողովը կայացել է 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին, Վաչագան Գ Բարեպաշտի օրոք, Պարտավից արևմուտք՝ թագավորական ամառանոց Աղվենում։ Իր բնույթով ժողովն աշխարհիկ–եկեղեցական էր։ Հրավիրման դրդապատճառը բազմաթիվ հակառակություններն էին երկրի աշխարհականների և հոգևորականների միջև, նպատակը՝ ներգործության իրավական միջոցներով դրանք հարթելը։ Արքայի ամառանոցում ժողով հրավիրելը եկեղեցու նվաստ կացության հետևանքն էր։ Ժողովն ընդունել է 21 կանոն, որոնք չափազանց մերձ են Աշտիշատի ժողովի սահմանումներին։ Նրանցից երևում է, որ ազատներն իրենց դաստակերտներից վտարում էին երեցներին, նոր երեցներ կարգում, եկեղեցիներում սեղան կանգնեցնում, նշխարներ տեղադրում, պատարագ կազմակերպում՝ առանց եպիսկոպոսի հետ համաձայնեցնելու՝ յուրացնելով վերջինիս իշխանությունը (կանոն Ի, ԻԱ), կիրակի օրերը իրենց ծառաների հետ եկեղեցի չէին գնում (կանոն ԺԹ), հանգուցյալի հոգեբաժինը չէին հանձնում եկեղեցուն (կանոն Գ), հանգուցյալի հիշատակին նվիրված պատարագ չէին կատարում (կանոն Ե), շարունակում էին ապրել հեթանոսաբար, ամուսնանում մերձավոր ազգականների, եղբոր կնոջ հետ, կին էին առնում առանց պսակի և օրհնության, առանց պատճառի կնոջից ամուսնալուծվում (կանոն ժ, ժա) և այլն։ Ժողովը պակասեցրեց աշխարհականներից գանձվող պտղի և տասանորդ կոչվող հարկերը։ Նրանց համար սահմանվեցին նաև հոգևոր բնույթի մի շարք պարտավորիչ կանոններ՝ արգելվեցին նոր կրոնի գաղափարներին հակասող հեթանոսական կենցաղավարության առանձին երևույթներ, վերջապես, «ամենայն սրությամբ» հետապնդվեց հոգևորականների դատապարտելի վարքը (օրինակ՝ միմյանց վրա մեղք բարդելը, վանքի հասույթները հափշտակելը և այլն)։
Գրականություն՝ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Բարխուդարյան Մ., Պատմություն Աղվանից, հ. 1, Վաղ–պատ, 1902։ Հովհաննիսյան Ս. Հ., Աղվենի սահմանադիր ժողովի կանոնները և նրանց աղերսը Աշտիշատի կանոնների հետ, «ՊԲՀ», 1967, № 4։ Ակինյան Ն., Մովսես Դասխուրանցի (կոչված Կաղանկատվացի) և իր պատմություն Աղվանից, Վիեննա, 1970։
ԱՂՎԵՍ (լատիներեն՝ Vulpecula), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Կարապ, Պեգաս, Դելֆին, Աղեղ, Վահագն (Հերկուլես) և Քնար համաստեղությունների միջև։ Միջին լայնություններից երևում է ամբողջ տարին, հատկապես լավ է երևում ամռանն ու աշնանը։
ԱՂՎԵՍԱԳԻ (Alopecurus), հացազզիների ընտանիքի ցեղ։ Բազմամյա, երբեմն միամյա, կոճղարմատավոր բույսեր են։ Ծաղկաբույլը հասկանման հուրան է։ Պտուղը՝ հատիկ։ Հայտնի է 50 տեսակ։ ՀՀ–ում տարածված են փքված աղվեսագիի (A. ventricosus), հայկական աղվեսագիի (A. armenus) տեսակները, որոնք բարձր բերքատու, խոտհարքային բույսեր են, որակյալ կեր անասունների համար։
«ԱՂՎԵՍԱԳԻՐՔ», «Աղուէսագիրք», հայկական միջնադարյան առակների ժողովածու, որը ձեռագրերում հայտնի է խմբագրական տարբերակներով։ «Աղվեսագիրք» անվանումը տարածվել է 17-րդ դարից, Ոսկան Երևանցու հրատարակությունից հետո («Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք», 1668 թ.)։ «Աղվեսագիրքն» ունեցել է հայերեն ևս 3 հրատարակություն՝ 1683 թ.-ին, 1698 թ.-ին և 1827 թ.-ին։ «Աղվեսագրքի» տարբերակները զանազանվում են ծավալով և նյութերի խմբավորմամբ: Նրանք պարունակում են ժողովրդական բանահյուսությունից կամ գրավոր աղբյուրներից քաղված առակներ, զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ։ «Աղվեսագիրքը» սովորաբար վերագրվել է Վարդան Այգեկցուն, իսկ ըստ Ն. Մառի այն «վարդանյան» առակախմբերի մի ուրույն խմբագրություն է։ «Աղվեսագիրքը» ուշ միջնադարում թարգմանվել է վրացերեն և արաբերեն։
Գրականություն՝ Տաշյան Հ., Ժողովածոյք առակաց Վարդանայ, Վիեննա, 1900։ Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 1060–1087: Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, 2 հրտ., Ե., 1955։ Марр Н. Сборники притч Вардана ч. 1–3,. СПБ, 1894–1899։
ԱՂՎԵՍՆԵՐ (Vulpes), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ Մարմնի երկարությունը մինչև 90 սմ, պոչը՝ 60 սմ։ Մազածածկը խիտ է, շիկակարմիր, դեղնամոխրագույն, հազվադեպ նաև սև ու սպիտակ։ Տարածված են բոլոր մայրցամաքներում (բացի Ավստրալիայից և Անտարկտիդայից)։ Հայտնի է 9 տեսակ, որից ՀՀ–ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսները (Vulpes vulpes) 3 ենթատեսակով։ Հաճախ ապրում են բնակավայրերին շատ մոտ։ Սնվում են հիմնականում մկնակերպ կրծողներով, երբեմն՝ նապաստակներով, թռչուններով, միջատներով, իսկ ամռանը՝ նաև պտուղներով։ Ապրում են իրենց, երբեմն էլ այլ կենդանիների փորած որջերում։ Զուգավորվում են հունվար–մարտ ամիսներին։ Հղիությունը տևում է 50–53 օր։ Մեկ ծնի ձագերի թիվը՝ 3–12։ Մորթին թանկարժեք է։ Սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսները բուծելու համար ՀՀ–ում ստեղծվել է հատուկ տնտեսություն (տես Գազանաբուծական սովետական տնտեսություն)։
ԱՂՎԵՐԱՆ, մինչև 1966 թ.՝ գյուղ Հայկական ԽՍՀ Հրազդանի շրջանի հարավ–արևմտյան մասում, Հրազդան գետի աջ վտակ Դալարի ափին։ Ներկայումս ապաբնակեցված է։ Աղվերանի տարածքում կառուցված են ամառանոցներ և հանգստյան տներ։
ԱՂՏՈ ՁՈՐ, լեռնանցք (2200 մ) Հայկական պար լեռնաշղթայում։ Ալաշկերտի դաշտը կապում է Արաքսի հովտի (Երասխաձոր) հետ։ Աղտո ձորով է անցնում Կարաքյոսե–Կաղզվան խճուղին։