Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲՈՎՅԱՆ 31

(1911) ուսուցիչ Խաչատուր Ավդալբեգյանի ղեկավարությամբ կենտրոնացրեց և գլխավորեց դպրոցական գործը, Սուխումում բացեց գրախանութ, ստեղծեց հայկական տպարան, հրատարակեց հայերեն թերթեր։ 1912–13-ին հրատարակվում էր «Լույս» գրական շաբաթաթերթը։

Ա֊ում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարում աչքի են ընկել շատ հայեր (Գ. Աթարբեկյան, Ա. Շահգելդյան, Վ. Երեմյան, Տ. Զեյթունյան, Վ. Նիկողոսյան, Մ. Պետրոսյան և ուրիշներ)։ Կարմիր բանակի զորամասերին էական օգնություն ցույց տվեց Անուխվա, Ցեբելդա, Մցարա հայկական գյուղերի բնակչությունը։ Այդ տարիներին հրատարակվել են մենշևիկյան «Նոր կյանք» (1918), «Փարոս» (1919) թերթերը։ 1920-ին լույս է տեսել բոլշևիկյան «Կարմիր Աստղ» լրագիրը։

Ա֊ի հայերի վիճակն արմատապես փոխվեց սովետական կարգերի շնորհիվ։ Մեծացավ նրանց դերը Ա֊ի տնտեսության մեջ։ 1934-ին Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի ծխախոտագործ Գ. Հ. Բոստանջյանը մշակեց ծխախոտ հավաքելու նոր եղանակ, որի շնորհիվ 4–7 անգամ բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը։ Նոր եղանակը, որը ստացավ «Բոստանջյանի մեթոդ» անունը, արագորեն տարածվեց Սովետական Միության ծխախոտագործների շրջանում։ 1935-ի դեկտեմբերին Կրասնոդարում տեղի ունեցավ ստախանովական֊բոստանջյանականների համամիութենական առաջին հավաքը։ Սուխումում ստեղծվեց հայկական թատրոն (տես Սուխումի հայկական թատրոն), որը հետագայում դերասաններ Շահեն և Էլզա Շահինյանների ջանքերով վերածվեց հայկական պետական թատրոնի (1928–30)։ Սուխումի հայկական ծխական դպրոցը դարձավ յոթնամյա, ապա՝ միջնակարգ։ Սուխումում գործում էր հայկական մանկավարժական ուսումնարան։ 1969-ին Ա֊ում կար 105 հայկական դպրոց, որից 20-ը՝ միջնակարգ, 38-ը՝ ութամյա (13.500 աշակերտ)։ Ուսուցիչների մեծամասնությունը տեղացիներ են։ Ճնշող մասը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի բուհերում։ 1954-ին հիմնադրվեց Ա֊ի հայ գրողների միավորումը, ստեղծվեց հայկական տպարան, կազմակերպվեցին Ա֊ի հայկական ժողովրդական թատրոնը և հայկական երգի֊պարի անսամբլը։

1970-ին Ա֊ում աշխատում էին սոցիալիստական աշխատանքի 27 հայ հերոսներ։ Գագրայի շրջանի «Իլյիչ» կոլտնտեսության կոլտնտեսուհի 0. Ա. Հալաջյանը ՍՍՀՄ Գերագույն սովետի, Գուլրիպշի շրջանի «Ռուսթավելի» կոլտնտեսությունից Ա. Գ. Մարկոսյանը Վրացական ՍՍՀ Գերագույն սովետի, իսկ 6 հոգի Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատներ են։

Գրկ. Վրացական ՍՍՀ, Ե., 1961։ Абхазская АССР. Т6, 1961; Грузия М., 1967 (серия «Советский Союз»); Куфтырева Н. С., Лашхия Ш. В., Мгеладзе К. Г., Природа Абхазии, Сухуми, 1961; География хозяйств республик Закавказья, М., 1966; Очерки истории Абьазской АССР, ч. 1-2, Сухуми, 1968; Гогохия Ш. Д., Здравоохранение в Абхазии, Сухуми, 1960-64; Под знамением Октября, Сухуми, 1968; Гогохия Ш. Д., Здравохранение в Абхазии, Сухуми, 1966; Абхазская литература. Краткий очерк, Сухуми, 1968; Адзинба И. Е., Архитектурные памятники Абхазии, Сухуми, 1958; Кортуа И. Е., Абхазская народная песня, М., 1965; Дарсалиа В. В., Абхазская советская драматургия, Т6., 1968. Ռ. Խոնելիա, Պ. Փարսադանյան, Ա. Զեյթունյան, Ա. Ջիդարյան


ԱԲԽԱԶԵՐԵՆ, աբխազների լեզուն, որով խոսում է շուրջ 70 հզ. մարդ (1971)։ Մտնում է իբերո֊կովկասյան լեզուների աբխազա֊ադըղեական խմբի մեջ։ Ունի երկու գլխավոր բարբառ՝ աբժույի (գրակ. լեզվի հիմքը) և բզիբի։ Ռուսական գրի հիման վրա 1862-ին կազմվել է Ա֊ի այբուբենը, որը 1926–28-ին փոխարինվել է Ն. Մառի ստեղծած վերլուծական այբուբենով, 1928-ին՝ լատինական, 1938-ին՝ վրացական, 1954-ին՝ նորից ռուսական գրով։ Ա. ցեղակից է աբազերենին և աչքի է ընկնում բաղաձայն հնչյունների առատությամբ։


ԱԲԽԱԶՆԵՐ, ափխազներ (ինքնանվանումը՝ ափսուա), ազգ, Աբխազական ԻՍՍՀ֊ի արմատական բնակչությունը։ Ա֊ի մի մասն ապրում է Աջարական ԻՍՍՀ֊ում և Թուրքիայում։ ՍՍՀՄ֊ում Ա֊ի թիվը 83 հզ. է (1970)։ Լեզուն աբխազերենն է։ Ա֊ի նախնիները մ. թ. ա. XI դ. ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում են աբեշլա, հունականում՝ աբազգ և ապսիլ, իսկ «Աշխարհացոյց»֊ում (VII դ.)՝ ափխազք և ափշեղք անուններով։ Լեզվ., ազգագր. և մարդաբան, առումով Ա. մոտ են աբազներին և ադըղեներին։ Աբխազ ժողովուրդը կազմավորվել է հիմնականում VIII դ., Աբխազական թագավորության վերելքի շրջանում։ Հավատացյալ Ա. ուղղափառ քրիստոնյաներ են, մասամբ՝ սունի մահմեդականներ։

Գրկ. Инал-Ипа Ш., Абхазы, 2 изд., Сухуми, 1965.


ԱԲԿԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆՈՍ (Անկյուրացի, ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դ. հայ մանկավարժ֊բնագետ։ Միակ հայտնի աշխատությունը՝ «Գիրք որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796), դասագիրք է՝ գրված մանուկների համար։ Գրքում հարց ու պատասխանի ձևով տեղեկություններ են տրվում Երկրին վերաբերող գիտությունների, հատկապես՝ աշխարհագրության մասին, ընդհանուր գծերով բնութագրվում են Արեգակնային համակարգության մեջ Երկրի դիրքն ու կառուցվածքը, ինչպես և մթնոլորտային երևույթներն ու օրգանական աշխարհը։


ԱԲՈԼԻՑԻՈՆԻԶՄ (<լատ. abolitio–ոչնչացում, վերացում), նեգրերի ստրկությունը վերացնելու շարժում ԱՄՆ֊ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում XVIII–XIX դդ.։ Շարժումը ծագել է ԱՄՆ֊ում, 1775-ին և ծավալվել հատկապես «Ստրկության դեմ պայքարի ամերիկյան ընկերության» ստեղծվելուց (1833) հետո։ Շարժմանը մասնակցել են ֆերմերներ, բանվորներ, մտավորականներ, նեգրական շարժման գործիչներ, բուրժուազիայի ներկայացուցիչներ։ Ա֊ին դեմ էին ԱՄՆ֊ի հվ. նահանգների ստրկատեր֊պլանտատորները և տնտեսապես նրանց հետ կապված բուրժուական տարրերը։ Ա. ուներ երկու հոսանք, չափավոր ազատամիտներն ընդունում էին պայքարի սոսկ բարոյական միջոցները, իսկ արմատականները կոչ էին անում զենքի դիմել։ Տեղի ունեցան հակաստրկատիրական ապստամբություններ (1800, 1831, 1859)։ Ա. դարձավ ԱՍՆ֊ում քաղաքացիական պատերազմի (1861–65) նախապատրաստման գաղափարական հիմք և նպաստեց ստրկության ոչնչացմանը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Ա. Լինկոլնը։ Սակայն ԱՄՆ֊ում նեգրերի իրավահավասարության խնդիրը տակավին չի գտել իր լուծումը։ Գ․ Հարությունյան


ԱԲՈՎ Գևորգ Արշակի (իսկական ազգանունը՝ Աբովյան, 1897–1965), հայ սովետական գրող, գրականագետ։ Պրոֆ. (1937), արվեստի վաստ. գործիչ (1945)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Ծնվել է նոյեմբերի 27-ին, Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի քարտուղար (1925–31), Առաջին պետ. թատրոնի դիրեկտոր (1928–31), ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ (1934–36), Մատենադարանի դիրեկտոր (1940-52), Հայկ. ՍՍՀ ԳԱ տեղեկագրի (հասարակագիտական սերիա) խմբագիր (1961–64)։ Վաղ շրջանի ստեղծագործություններում («Միայն կինը», 1919, «Դանակը բկին», 1923, բանաստեղծությունների ժողովածուներ) հետևել է գրական ձևապաշտական հոսանքներին։ Ավելի ուշ հրատարակել է պատմվածքներ, մենագրություններ՝ Սայաթ֊Նովայի, Խ. Աբովյանի, Գ. Սունդուկյանի մասին։ Մասնակցել է հայ ժող. էպոսի համահավաք տեքստի պատրաստմանը։ Թարգմանել է ռուս գրողների (Ա. Գրիբոյեդով, Ի. Կռիլով, Վ. Մայակովսկի) ստեղծագործություններից։ Մահացել է մարտի 11-ին։


ԱԲՈՎՅԱՆ Գևորգ Կարապետի (1837–անհետացել է 1866), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։ Ծնվել է Լոռու Օձուն գյուղում (այժմ՝ Հայկ. ՍՍՀ Թումանյանի շրջան)։ Սկզբնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում։ Այնուհետև ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847)։ 1849-ին Ներսես Աշտարակեցու օժանդակությամբ ուղարկվել է Մոսկվա՝ Լազարյան ճեմարան, որն ավարտել է 1854-ին։ Մոսկվայում ուսանելու տարիներին մտերմացել է առաջավոր մտավորականների հետ, տարվել հեղափոխական գաղափարներով։ 1854–66-ին Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ։ Նրա «Համառոտություն հայոց ազգի պատմության» աշխարհաբար դասագիրքն ունեցել է չորս հրատարակություն (1869, 1877, 1884, 1893)։ Գ. Սունդուկյանի և Պ. Պռոշյանի հետ Ա.