ԱՆՊԱՅՄԱՆ ՌԵՖԵՔՍՆԵՐ, օրգանիզմի համեմատաբար հաստատուն, ժառանգաբար անցնող ռեակցիաներ։ Բնածին են, տեսակային։ Ա. ռ. տերմինը մտցրել է Ի. Պ. Պավլովը՝ նշելու համար այն ռեֆլեքսները, որոնք անպայմանորեն առաջանում են զգայական նյարդերի վերջավորությունների (ռեցեպտորների) վրա համապատասխան գրգռիչների ներգործության դեպքում։ Իրականանում են կենտրոնական նյարդային համակարգի միջոցով և իրենց առաջացման համար հատուկ պայմաններ չեն պահանջում։ Ի. Պ. Պավլովը բնազդները դասակարգել է որպես բարդ Ա. ռ–ի առանձնահատուկ կատեգորիա։ Տես նաև Ռեֆլեքսներ։
ԱՆՊՈՉ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ (Anura կամ Salientia), երկկենցաղների դասի կարգերից։ Հայտնի են մոտ 1800 տեսակ, որոնք միավորվում են 12 ընտանիքի, 176 ցեղի և 5 ենթակարգի մեջ։ Տարածված են բոլոր մայր ցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Հասուն Ա. ե–ի մարմինը կարճ է, լայն, պարանոցը վատ է արտահայտված։ Կերպարանափոխության ընթացքում պոչն անհետանում է։ Զույգ վերջավորությունները լավ են զարգացած, ետին վերջավորությունները 2–-3 անգամ ավելի երկար են, քան առջևինները և հարմարված թռիչքային տեղաշարժման։ Թմբկաթաղանթը զարգացած է։ Վարում են ցամաքային կամ կիսաջրային կյանք։ Pipidae ոչ մեծ ընտանիքն ապրում է միայն ջրում։ Ցամաքայինները լինում են ծառաբնակ (ծառագորտ) և գետնափոր (սխտորագորտ)։ Ծառաբնակներից որոշ տեսակներ որսի ետևից ծառից–ծառ կարող են թռչել 12 մ և ավելի։ Գետնափորները ցերեկները թաղվում են հողի մեջ՝ երբեմն հասնելով 75 սմ խորության։ Ա. ե–ից ՀՍՍՀ–ում տարածված են՝ սիրիական սխտորագորտը, կանաչ դոդոշը, փոքրասիական ծառագորտը, լճագորտը և անդրկովկասյան գորտը։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին, որոշ տեսակներ սնունդ են թռչունների և մի շարք մուշտակավոր կենդանիների համար։
(նկ․) Կանաչ դոդոշ։
ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ (ամլություն) գյուղատնտեսական կենդանիների, սեռահասուն կենդանիների վերարտադրության անընդունակություն։ Ա. լինում Է՝ բնածին, ծերունական, ախտանշային, կերային, շահագործական, կլիմայական և արհեստական։ Բնածին Ա–յան պատճառները սեռական օրգանների աննորմալություններն են, թերզարգացածությունը, անաճությունը ևն։ Ծերունականի ժամանակ, տարիքի հետ կապված, փոփոխվում ու ետաճում են սեռական օրգանները, նվազում սեռական գործունեությունը (զամբիկներն ամլանում են 17–25, կովերը՝ 14–15, մաքիները և այծերը՝ 6–8, խոզերը՝ 6–7, ճագարները՝ 4–5 տարեկանում)։ Ավելի հաճախ Ա. առաջանում է սեռական օրգանների հիվանդությունների (բորբոքումներ, ձվարանային կիստա, կայուն դեղին մարմին ևն) և մի շարք վարակիչ հիվանդությունների ժամանակ (վիբրիոզ, բրուցելոզ, տրիխոմոնոզ, տոքսոպլազմոզ ևն)։ Կերային Ա. հետևանք է քիչ, թերարժեք կամ միակողմանի կերակրման։ Ա. կարող է առաջանալ նաև՝ սեռական ծանրաբեռնվածությունից, կարճ ժամկետում կլիմայի տատանումներից, զոոհիգիենիկ պայմանների վատացումից, ինչպես նաև ոչ ժամանակին սերմնավորելուց, արհեստական սերմնավորման տեխնիկայի անճշտություններից (շահագործական, կլիմայական և արհեստական Ա.)։ Պայքարի միջոցները, համապատասխան հիվանդությունների բուժում, կերակրման, խնամքի պայմանների բարելավում, արհեստական սերմնավորման տեխնիկայի ճիշտ օգտագործում ևն։
Գրկ. Մանասյան Ա., Գյուղատնտեսական կենդանիների անպտղությունը և պայքարը նրա դեմ, Ե., 1950։ Նույնի, Պայքար կովերի անպտղության և վիժումների դեմ, Ե., 1956։ Մադոյան Հ. Հ., Գյուղատնտեսական կենդանիների անպտղության վերացման ուղիները, Ե., 1966։
ԱՆՋԱՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ (այլ անվամբ՝ ամորֆ, անձև կամ արմատական լեզուներ), ըստ ձևաբանական դասակարգման, չորս հիմնական խմբերից մեկը կազմող լեզուներ։ Զուրկ են կամ համարյա գուրկ են մասնիկավորումից, չունեն բուն առումով ածանցներ, հոլովման ու խոնարհման վերջավորություններ։ Ա. լ–ում թեև կան խոսքի մասերի իմաստային տարբերակումներ, սակայն դրանք բառերի յուրահատուկ ձևավորումներով չեն արտահայտվում։ Գրեթե բոլոր բառերը միաժամանակ արմատներ են և ունեն մի քանի իմաստ։ Բառերի քերականական զանազան հարաբերությունների արտահայտման համար էական դեր են խաղում սպասարկու բառերը, շեշտը, բառերի դասավորությունը։ Ա. լ–ից են՝ չինարենը, վիետնամերենը, տիբեթերենը ևն։
ԱՆՋԱՏԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, տես Անջատելիության աքսիոմաներ:
ԱՆԶԱՏԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՔՍԻՈՄԱՆԵՐ, տոպոլոգիական կարևոր դասեր բնութագրող աքսիոմաներ։ Եթե տոպոլոգիական տարածության կամայական երկու տարբեր կետերից գոնե մեկն ունի մյուսը չպարունակող շրջակայք, ապա ասում են, որ տարածությունը բավարարում է Ա. աքսիոմային (–ը –տարածություն է), իսկ եթե սյդ կետերից յուրաքանչյուրն ունի մյուսը չպարունակող շրջակայք, ապա –ը բավարարում է Ա. աքսիոմային –ը –տարածություն է)։ Ապացուցված է, որ –տարածություններում միակետ ենթաբազմությունները չեն կարող ունենալ սահմանային կետեր, մինչդեռ կամայական տոպոլոգիական տարածություններում այդ «միանգամայն բնական» հատկություններն անգամ կարող են խախտվել։ Եթե -ի կամայական երկու կետեր ունեն չհատվող շրջակայքեր, ապա ասում են, որ –ը –տարածություն է, կամ անջատելի տարածություն է, իսկ ավելի հաճախ՝ ամորֆ, անձևհաուսդորֆյան տարածություն է։ Միայն հաուսդորֆյան տարածություններում է, որ կետերի հաջորդականությունը չի կարող ունենալ մեկից ավելի սահման։ Եթե -ը –տարածություն է, որի յուրաքանչյուր փակ բազմություն և նրան չպատկանող կետ ունեն չհատվող շրջակայքեր, ապա -ը կոչվում է –տարածություն կամ ռեգուլյար, իսկ եթե յուրաքանչյուր երկու չհատվող փակ բազմություններ ունեն չհատվող շրջակայքեր, ապա -ը կոչվում է նորմալ տարածություն։ Ակնհայտ է, որ նշված Ա. ա–ից յուրաքանչյուրն ավելի թույլ է (նրանով որոշվող տարածությունների դասն ավելի լայն է), քան հաջորդ Ա. ա.։ Հատկապես կարևոր են հաուսդորֆյան և նորմալ տարածությունների դասերը (վերջինում տեղի ունի անընդհատ ֆունկցիաների շարունակելիության վերաբերյալ Տիտցե–Ուրիսոնի նշանավոր թեորեման)։
Գրկ. Александров П. С., Комбинаторная топология, М.-Л., 1947; Келли Дж., Общая топология, М., 1968.
ԱՆՋԱՓԱՐԻՁԵ Վերա (Վերիկո) Իվլիանեի (ծն. 1900), վրացի սովետ, դերասանուհի։ ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1950)։ Ծնվել է սեպտ. 23 (հոկտ. 6)–ին, Քութայիսում։ 1920–27-ին աշխատել է Թբիլիսիի Ռուսթավելու անվ. թատրոնում, 1928-ից՝ Թբիլիսիի Մարջանիշվիլու անվ. թատրոնի դերասանուհի է։ Ա–ի արվեստին բնորոշ են բեմական բարձր կալտուրան, կերպարների նուրբ մշակումը, արտիստական վառ անհատականությունը։ Լավագույն դերակատարումներից են՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Կլեոպատրա (Շեքսպիրի «Համլետ», 1925, «Օթելլո», 1932, «Անտոնիոս և Կլեոպատրա», 1951), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1929), Գինատրե (Դադիանրի «Գուրիա Նինոշվիլի», 1934), Ջավարա (Վաժա Փշավելայի «Աքսորյալը», 1945), Տատիկ (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», 1957)։ 1923-ից նկարահանվում է կինոյում (Ռուսուդան՝ «Գեորգի Սահակաձե» ևն)։ ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1943, 1946, 1952)։ Ա. գրավոր և բանավոր ելույթներով բարձր է գնահատել հայ բեմի վարպետներին (Ի. Ալիխանյան, Հ. Ներսիսյան, Օ. Գուլազյան, Վ. Փափազյան և ուրիշներ), իր գործունեությամբ ամրապնդում է հայ և վրաց թատրոնների կապը, Տատիկի դերակատարումով («Ծառերը կանգնած են մա–
(նկ․) Վ. Ի. Անջափարիձե։