ԱՌՈՍ–ՊԻԺԱՆ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։ Տարածվում էր նահանգի հվ. կողմում՝ Վիլյաշչայ գետի վերին ավազանում՝ այժմյան Առուս գյուղի շրջակայքում (Ադրբ. ՍՍՀ Յարդիմլիի շրջան)։ Գավառում հայտնի էր Առոս ավանը։ Ա․–Պ. կոչվել է նաև Առոս, Առոս–Բիճան, Առոս–Պիճան անուններով։
ԱՌՎԱՓՈՐԻՉ, առու փորող և մաքրող մեքենա։ Օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ հողերի ոռոգման, ճահիճների չորացման, իսկ շինարարությունում՝ խողովակաշարերի, մալուխների տեդրման, խրամառուների և ժապավենային հիմքերի բացման համար։ Ա–ները լինում են ինքնագնաց և կցովի։ Ինքնագնաց Ա–ի (նկ.) աշխատանքային օրգանը անվերջ շղթային կամ անվին ամրացված շերեփներն են (15–250 լ տարողության, 12–70 հատ)։ Աշխատանքի ժամանակ շերեփները շղթայի կամ անվի պտտումով լցվում են հողով, վերևի դիրքում դատարկվում փոխակրիչի վրա, որը հողը մի կողմ է նետում։ Կցովի Ա. երկկողմանի գութանատներով և երկանիվ առաջքով մի մեծ գութան է, որն աշխատում է մեկ կամ երկու տրակտորի քարշումով։ Ինքնագնաց առվափորի։
ԱՌՎԵՆԻՑ ՁՈՐ, Առվանից ձոր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգում։ Գավառի կենտրոնն էր Առվանից ձոր ամրոցը, որը գտնվում էր հավանաբար այժմյան Ուրանց գյուղի տեղում։ Թովմա Արծրունին գավառը հիշատակում է նաև «Զորն Առվանից» անունով։
ԱՌՎՈՒՅՏ (Medicago), թիթեռնածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ՝ բազմամյա կամ միամյա։ Հայտնի է մոտ 100 տեսակ՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ ՍՍՀՄ–ում հաշվվում է մոտ 60 տեսակ։ Ա–ի ցողունները ճյուղավոր են՝ 90–150 սմ բարձրությամբ, տերևները՝ եռամսյա, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Պտուղն ունդ է, զսպանակաձև կամ մանգաղաձև, սերմերը՝ գորշագույն, մանր, երիկամաձև։ Խաչաձև փոշոտվող է։ Արմատային համակարգը հողի մեջ խորանում է մինչև 5 մ։ Ա. սպիտակուցներով և վիտամիններով հարուստ, հարելուց հետո արագ աճող կերաբույս է։ Ցանքերն օգտագործվում են 5–6 տարի։ Ցանքաշրջանառության մեջ թողնվում է 2–3 տարի: Ա. հողը հարստացնում է ազոտով, լավացնում ֆիզիկական հատկությունները, որոշ չափով կանխում աղակալումը, բարձրացնում բերրիությունը։ Ա–ի խոտի բերքը Արարատյան դաշտում (ջրովի պայմաններում) հասնում է 150–200 ց/հա։ Սերմի բերքը՝ 3–4 ց/հա։ Ցանում են ծածկոցի տակ 20 կգ/հա նորմայով, 1–2 սմ խորությամբ, վաղ գարնանը։ Տարածված են հիմնականում 2 տեսակ՝ սովորական կամ կապույտ (M. sativa), դեղին (M. falcata) և դրանց հիբրիդները։ Սովորական կամ կապույտ Ա. ունի բազմաթիվ ձևեր, որոնցից է նաև անդրկովկասյան կամ հայկական մշակովի Ա.։ ՍՍՀՄ–ում Ա–ի մշակությունը հիմնականում կենտրոնացված է Միջին Ասիայի, Անդրկովկասի, Ուկր. ՍՍՀ–ի, Հյուսիսային Կովկասի ոռոգվող հողատարածություններում։ ՀՍՍՀ– ում մշակվում է Ապարանի առվույտը գլխավորապես Արարատյան դաշտի, նախալեռնային և նվազ չափով՝ լեռնային շրջանների ջրովի պայմաններում։ Արարատյան դաշտում հնձվում է 4–5, նախալեռնային շրջաններում՝ 3–4, լեռնայինում՝ 2 անգամ։
ԱՌՏԻԱԼԻ ԲԱՐԲԱՌ (այլ անվամբ՝ Սուչավայի բարբառ), Միջին Եվրոպայի՝ Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի հայերի բարբառը, այժմ՝ մեռած։ Բարբառի անվանումը ծագել է Առտիալ անունից, որը Տրանսիլվանիա տեղանվան ռում. Արդեալ (հունգ. Էրդեյ) հոմանիշի արևմտահայերեն տառադարձումն է։ Պատկանում է կը ճյուղին։ Ունի 8 ձայնավոր՝ ա, է, ը, ի, օ, ու, ö, ṅւ, 6 երկբարբառ՝ աւ (ա^ու), էւ (է^ու), իւ (ի^ու), օւ (օ^ու), ե (ի^ե), իը։ Պայթական բաղաձայնները եռաստիճան խլազուրկ են (բհ, բ, –, փ), խուլերը արտասանվում են ձայնեղ (կարդալ > գհարդհալ, սիրտ > սիըրդ, ծառ > ձառ ևն)։ Ա. բ–ում հոգնակին կազմվում է եր, ներ, ան, դաք, դիք, օրանք, նի, ք մասնիկներով, բացառականը՝ է, մէ, գործիականը՝ երկբարբառային օւ վերջավորությամբ, հայցականը, ինչպես նաև անձնական դերանունների սեռակննի ու բացառականի ձևերն ստանում են զ նախդիրը (հմմտ. զհարս, զիմ, զիս, զիմմէ, զքու, զքէզ || սքէզ, զքումէ)։ Դասական թվականները կազմվում են ում–ով (էրգուսում = երկրորդ), սահմանական ներկան ու անկատարը՝ գի–ով (գի սիրիմ, գի սիրիս, գի սիրէի)։ Խոնարհումներն են՝ ել (իլ), ալ, ուլ։ Անկատարի եզակի 2-րդ դեմքը ներկայի նմանողությամբ ստանում է ս (հմմտ. գի սիրիմ - գի սիրէիս), կատարյալի փոխարեն գործածվում են վաղակատարի ձևերը (սիրիլ իմ = սիրեցի, սիրիլ իս = սիրեցիր), հարկադրականը կազմվում է բիդօր, որոշ հատվածներում՝ բի, բ (ձայնավորի մոտ) եղանակիչ մասնիկներով։ Դերբայները չորսն են, որոնցից հարակատարը ունենում է աձ, աձաձ, մի քանի բայերի կրավորականի համար՝ ման, ապառնին՝ լիք (աբրելիք) վերջավորությունը։
Գրկ. Աճառյան Հ., Քննություն Առտիալի բարբառի, Ե., 1953։
ԱՌՈՒԾԱԽ (իրավունքում), պայմանագիր, որով վաճառողը պարտավորվում է գույքը հանձնել գնորդին ի սեփականություն, իսկ գնորդը՝ ընդունել գույքը և վճարել դրա գինը։ Եթե գնորդը պետական կազմակերպություն է, գնված գույքը դառնում է պետության սեփականություն։ Գնորդը ձեռք է բերում գույքը տիրապեւտելու, օգտագործելու և տնօրինելու, այսինքն՝ օպերատիվ կառավարման իրավունք։ Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տան Ա–ի պայմանագիրը կնքվում է միայն գրավոր՝ նոտարական հաստատմամբ։ Ա. ապրանքաշրջանառության հիմնական միջոց է պետական, կոոպերատիվ կազմակերպությունների և քաղաքացիների միջև, քաղաքացիների նյութական–կուլտուրական պահանջմունքները բավարարելու հիմնական ձև։ Ա–ի պայմանագիրը կնքվում է գրավոր, եթե գույքի հանձնումն ու գնի վճարումը միաժամանակ չի կատարվում։
ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Բագրատ Իսահակի (ծն. 1903), սովետական բանակի գեներալ– լեյտենանտ (1945-ից)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ծնվել է փետրվարի 27-ին, Հին Գորիս (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանի Վերիշեն) գյուղում։ Սովետական բանակում ծառայել է 1923-ից։ 1926-ին ավարտել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. հայկական միացյալ ռազմական դպրոցը և ծառայության անցել Հայկական լեռնսւհրաձգային դիվիզիայում (1926–32)։ 1936-ին ավարտել է Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան։ Մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված մարտերին (1939–40)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հարավ–Արևմտյան ռազմաճակատում եղել է 12-րդ բանակի շտաբի պետ, ապա՝ նույն ռազմաճակատի հրամանատարի տեղակալ (թիկունքի գծով)։ 1941-ի հոկտեմբերին նշանակվել է 56-րդ բանակի շտաբի պետ և մասնակցել Դոնի Ռոստովի ազատագրմանը։ 1943-ին տեղափոխվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատ։ 1944-ի հունիսից եղել է 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար։ Ա–ի զորամիավորումները հերոսական կռիվներ են եղել Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրման համար, մասնակցել են Արևելյան Պրուսիայի մարտերին։ Ա. պարգնատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 3, Սուվորովի և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։ Ետպատերազմյան տարիներին ավարտել է ՍՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ. Վորոշիլովի անվ. ռազմ, ակադեմիան (1948), ապա դասախոսել է ռազմական ակադեմիաներում։ Գրել է ռազմագիտական և ռազմապատմական հոդվածներ։
ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Շմավոն Մինասի (ծն. 1903), սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1926-ից։ Ծնվել է հունվարի 2-ին, Զանգեզուրի գավառի Մինքենդ գյուղում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Լաչինի շրջան)։ Սովորել է տեղի երկդասյան, ապա՝ Գորիսի քառամյա բարձր տարրական դպրոցներում։ 1935-ին: