Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մոսկվայում ավարտել է Սվերդլովի անվ. բարձրագույն գյուղատնտեսական կոմունիստական համալսարանը։ 1937–38-ին աշխատել է որպես ՀՍՍՀ հողագործության ժողկոմ, 1938–46-ին՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1946–1947-ին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1948–53-ին՝ ՀՍՍՀ ավտոտրանսպորտի մինիստր, 1953–54-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։ Ա. 1954–63-ին եղել է ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ և ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՍՍՀՄ I, II և IV–VI գումարումների Գերագույն սովետի, ՀՍՍՀ II–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ա. եղել է ՀԿԿ Կենտկոմի (1937–47, 1954–63) և նրա բյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Լենինի երկու և այլ շքանշաններով։

ԱՌՈԻՍՏԱՄՅԱՆ Լևոն Աղասիի (1886–1937), բանվոր–հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1904-ից։ Ծնվել է մայիսի 2-ին, Քարահունջ գյուղում (այժմ՝ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում)։ 1899-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ 1902-ից ընդգրկվել է հեղափոխական շարժումների մեջ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1911-ին, 4-ամյա բանտարկությունից հետո, արտաքսվել է Զանգեզուր, բայց շուտով «Արզումսւնով» ազգանունով նորից վերադարձել է Բաքու։ 1917-ին ընտրվել է Բաքվի սովետի անդամ, մարտնչել Բաքվի կոմունայի հաղթանակի համար: 1918– 19-ին կուսակցական աշխատանք է կատարել Հյուսիսային Կովկասում, այնուհետև մասնակցել է Ադրբեջանում սովետական իշխանության հաստատմանը։ 1920-ին եղել է 11-րդ կարմիր բանակի հեղռազմխորհրդի հատուկ լիազոր Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրում, գավառային կուսկոմիտեի բյուրոյի անդաս, գավառային հեղկոմի նախագահ։Ա 1921–37–ին տնտ. պատասխանատու պաշտոններ է վարել Ադրբեջանում։ Եղել է ՍՍՀՄ խորհուրդների II համագումարի, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների II համագումարի պատգամավոր։


ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Մամիկոն Առուստամի (ծն. 1912),հայ սովետական փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտ. դ–ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է հոկտեմբերի 15 (28)–ին, Ելիզավետպոլի նախանգի էրքեջ գյուղում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Շսւհումյանի շրջանում)։ 1940-ին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի (Բաքու) պատմության ֆակուլտետը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին (1941–1945)։ 1947-ից Երևանի պետական համալսարանում դասավանդում է հասարակագիտական առարկաներ, 1973-ից գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչն է։ Ա–ի գիտական աշխատանքները վերաբերում են սոցիալիզմի երկրների սոցիալքաղաքական զարգացման պրոբլեմներին և, հատկապես, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի զարգացման ընդհանուր օրինաչափություններին:

Երկ. Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի զարգացման մի քանի ընդհանուր օրինաչափությունների մասին, Ե., 1966։ Սոցիալիստական երկրների համագործակցությունը և զարգացման մակարդակների աստիճանական հավասարեցումը, Ե., 1971։


ԱՌՈՒՍՏԱՄՈՎ Գեորգի Արկադիի (1919–1945), Սովետական Միության հերոս (ետմահու. 27. 6. 1945), գվարդիայի ավագ լեյտենանտ։ Ծնվել է հուլիսի 28-ին, Կիսլովոդսկում։ 1939-ին զորակոչվել է սովետական բանակ։ Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, ապա՝ սովետա–ֆիննական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1-ին Ուկրաինական ռազմաճակատում եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Սովետական Միության հերոսի կոչմանն արժանացել է Սիլեզիայի Բիշովստալ քաղաքի շրջանում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է հունվ. 22-ին։

(նկ․) Լ. Ա. Առուստամյան։

(նկ․) Մ.Հ . Առուստամով:


ԱՌՈՒՍՏԱՄՈՎ (Առուստամյան) Մարգար Հովհաննեսի (1854–1901), հայ համաճարակագետ։ Բժշկ. գիտ. դ–ր (1889)։ Ծնվել է Շուշի քաղաքում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ում)։ 1877-ին ավարտել է Պետերբուրգի Բժշկա–վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։ Մասնակցել է ռուս–թուրքական պատերազմին: 1879-ին, զորացրվելուց հետո, վերադարձել է Շուշի, որտեղ բժշկական գործունեության հետ միաժամանակ ծավալել է հասարակական մեծ աշխատանք։ Բացել է գրադարան, իգական միջնակարգ դպրոցում անվճար դասավանդել հիգիենա։ 1885-ին բնակություն է հաստատել Պետերբուրգում։ Որպես համաճարակագետ մասնակցել է 1892-ին Աստրախանում տարածված խոլերայի և 1899-ին Աստրախանի նահանգում ու Կիրգիզիայի տափաստաններում բռնկված ժանտախտի համաճարակների դեմ տարվող պայքարին։ Ա. գործուն մասնակցություն է ունեցել Աստրախանի հայկական գաղութի հասարակական կյանքին։ Հեղինակ է շուրջ 20 գիտական աշխատությունների, որտեղ արծարծվում են թոքաբորբերի առաջացման, ձկնորսարանների սանիտարական վիճակի բարելավման, բանվորների բժշկական օգնության կազմակերպման հարցերը։ Աշխատություններ է գրել նաև բորոտության, ժանտախտի և խոլերայի մասին։ Ա. գիտականորեն հաստատեց ձկան թույնի մանրէային բնույթը և տվեց բոտուլիզմի կլինիկայի հանգամանալից նկարագրությունը։ Մահացել է նոյեմբերի 14-ին, Արմավիրում, թաղվել է Շուշիում։ Նշանավոր գրող Վ. Կորոլենկոն «Ինը ֆունտանոց ռեյդի կարանտին» պատմվածքում մարմնավորել է Ա–ի կերպարը։

Երկ. О природе рыбьего яда, Текст и доп. подготовили к изд. Л.А. Оганесян и А. С. Кцоян, Е., 1958. Վ. Մարտիրոսյան


ԱՍԱԱԿ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 17-րդ օրվա անունը։


ԱՍԱԹԻԱՆԻ Գեորգի Իրակլիի (ծն. 1914), վրացի սովետ. կինոռեժիսոր և կինոօպերատոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է մայիսի 28 (հունիսի 10)–ին, Բորզյա քաղաքում (Չիտայի մարզ)։ Աշխատում է վավերագրական կինոյում, 1937-ից։ Եղել է ռազմաճակատային կինոօպերատոր։ 1950–60-ական թթ. համատեղել է օպերատորական և ռեժիսորական աշխատանքը, նկարահանել՝ «ճանապարհորդություն դեպի Նեպալ» (1959), «Տարահարկ Ամերիկան» (1961), «Սահարա» (1962), «Հանրապետության ծնունդը» (1963), «Ուրուգվայ» (1964), «Ինկերի երկրում» (1968) և այլ ֆիլմեր։


ԱՍԱԹԻԱՆԻ Թինա Լևանի (ծն. 1918), սովետական ֆիզիկոս–փորձագետ։ Ֆիզմաթ գիտ. դ–ր (1970)։ Ծնվել է մարտի 12-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը (1940)։ 1944-ից ՍՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստ–ի μ–մեզոնների լաբորատորիայի վարիչն է։ Ա–ի գիտական գործունեությունն սկսվել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում։ 1943-ին Ա. Ալիխանյանի և Ն. Վ. Շոստակովիչի հետ հայտնագործել է միջուկային պրոցեսներով պայմանավորված մթնոլորտային նեղ հեղեղները։ Ա–ի հետագա աշխատանքները վերաբերում են տարբեր մեթոդներով տիեզերական մյուոնների բևեռացման աստիճանը որոշելուն։ 1962-ից մասնակցել է տարրական մասնիկների դետեկտման համար կայծային խցերի կատարելագործմանը։ 1963-ին Ա. Ալիխանյանի, Է. Մաթևոսյանի հետ կայծային լայնաճեղք խցի և ուժեղ մագնիսական դաշտի զուգակցմամբ հայտնագործել է լիցքավորված տարրական մասնիկների իմպուլսները հաշվելու նոր ճշգրիտ մեթոդ։ 1967-ից զբաղվում է x°-մեզոնների ֆոտոծնման երեվույթի հետազոտմամբ։ 1968-ից փորձարարական ֆիզիկայի հատուկ դասընթացներ է դասավանդում Երևանի պետական համալսարանում։ «Տրեկային (հետքային) կայծախցիկներ» աշխատանքի համար Ա. Ալիխանյանի և մի խումբ այլ գիտնականների հետ արժանացել է լենինյան մրցանակի (1970)։

Երկ. Измерения импульса заряжённых частиц с помощью Широкозаорных искровых камер, ЖЕТОР, 44 (773), 1963г. (вместе с Алиханяном А. И. и Матевосяном Э. И.).


ԱՍԱՊՈՎ, Աստվածապով (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ տաղերգու։ Ապրել է Սպահանում և իրեն անվանել Սպահանցի։ Կա նաև կարծիք, որ Նոր Ջուղայեցի է։ Հեղինակ է անտիպ տաղերի, որոնցում իրեն անվանում է «Խաւարեալ Ասապով», «Կույր Ասապով», «Խև Ասապով», «Խև Աստուածապով», «Ողորմելի Աստուածապով»։ Պահպանվել