Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սննդի, շինանյութերի, տեքստիլ, մսի պահածոների, մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան։

ԱՍՄՈՒՆՔ, գրական երկերի բեմական արտասանություն՝ հիմնված ստեղծագործության ինտոնացիոն կամ դրամատիկական հենքի վրա։ Ա–ի նյութը հիմնականում վիպական և քնարական ժանրերն են, իսկ արտահայտչամիջոցները՝ ոչ լրիվ առումով դրամատիկական–թատերային։ Ա–ի արվեստը ձևավորվել է հնագույն դարերում, երբ դեռ չէին բաժանվել հեղինակի ու կատարողի ֆունկցիաներր (աեդոսներն ու ռապսոդները Հին Հունաստանում, վիպասաններն ու գուսանները Հին Հայաստանում, ժոնգլյորներն ու տրուբադուրները միջնադարյան Եվրոպայում, սկոմորոխները Հին Ռուսիայում), իսկ ապա, գրականության զարգացմանը զուգընթաց, դրսևորվել է նաև իբրև զուտ կատարողական արվեստ։ Նոր և նորագույն ժամանակներում Ա. դարձել է դերասանական արվեստի մի ճյուղը։ Գրական երկերի էստրադային կատարումով հանդես են եկել է. Ռաշելը, Կոկլեն–ավագը, Վ. Դեժազեն (Ֆրանսիա), Յո. Կայնցը (Ավստրիա), Հ. Իրվինգը (Անգլիա), Պ. Մոչալովը, Մ. Շչեպկինը, Վ. Կաչալովը (Ռուսաստան), Պ. Ադամյանը, Ա. Հրաչյան, Վ. Գարագաշյանը (Հայաստան)։ Հայ իրականության մեջ Ա–ի որպես ինքնուրույն արվեստի ներկայացուցիչներից են՝ Ս. Քափանակյանը, Ս. Քոչարյանը, Հ. և Լ. Գարագաշները, Թ. Դեմուրյանը, Հ. Ջինանյանը և ուրիշներ։

Գրկ․ Քոչարյան Ս., Կենդանի խոսքի ոլորտներում, Ե., 1963։ Яхонтов В., театр одного актёра, М., 1958. Հ․ Հովհաննիսյան


ԱՍՄՈՒՍ Վալենտին Ֆերդինանդովիչ (ծն. 1894), սովետական փիլիսոփա։ Փիլ. գիտ. դ–ր (1940)։ Ծնվել է դեկտեմբերի 18 (30)–ին, Կիևում։ Ավարտել է Կիևի համալսարանի պատմա–փիլիսոփայական ֆակուլտետը։ 1939-ից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր է, 1968-ից՝ ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստ–ի ավազ գիտաշխատող։ Ունի բազմաթիվ աշխատություններ փիլիսոփայության, տրամաբանության, պատմության, գեղագիտության և գրականագիտության վերաբերյալ։ Պետական մրցանակի դափնեկիր (1943) է։

Երկ. Диалектический материализм и логика, Киев, 1924; Логика , М., 1947; Декарт, М., 1956; Проблема интуиции в философии и математике, 2 изд, М., 1965; История античной философии, М., 1965, Платон, М., 1969.


ԱՍՅՈՒՏ, քաղաք Եգիպտոսի Արաբական Հանրապետության հարավում։ Ասյուտ նահանգապետության վարչական կենտրոնն է։ Երկաթուղային կայարան է և նավահանգիստ Նեղոսի աջ ափին։ 170 հզ. բն. (1970)։ Ունի կոշիկի, ծխախոտի, գորգագործական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա–ի մոտ կա ոռոգման խոշոր ամբարտակ։


ԱՍՈՂԻԿ (X–XI դդ.), հայ պատմիչ, տես Ստեփանոս Տարոնեցի։


ԱՍՈՂԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի գավառում։ XX դ. սկզբին ուներ մոտ 220 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ 1915-ին Ա–ի հայերը տեղահանվել և աքսորվել են Դիարբեքիր, ուր մի մասը զոհվել է, մյուս մասը գաղթել օտար երկրներ։


ԱՍՈՆԱՆՍ, տես Առձայնույթ։


ԱՍՈՐԱ–ԲԱԲԵԼԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բաբելա–ասուրական մշակույթ:


ԱՍՈՐԱ–ԲԱԲԵԼԵՐԵՆ, տես Աքքադերեն։


«ԱՍՈՐԱ–ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ», ասորական (սիրիական) ստրկատիրական իրավունքի նորմերի ժողովածու, որը կազմվել է Փոքր Ասիայում, հավանաբար, 476–477-ին, Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) առաջացման ժամանակաշրջանում։ Այդ են վկայում դատաստանագրքի ներածությունը և մի շարք հոդվածներ, որտեղ հիշատակված են IV–V դդ. կայսրեր, որոնց անունով ժողովածուն հայտնի է նաև «Օրենք յաղթող թագավորացն Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի»։ Դատաստանագրքում կայսրերի անունների հիշատակումը մի շարք հետազոտողների հանգեցրել է այն եզրակացության, թե իբր այն իր ծագումով և բնույթով հռոմեական է։ Մինչդեռ հիշատակումն արված է ժողովածուին բարձր արժեք և հեղինակություն ապահովելու նկատառումով։ Իսկ դատաստանագրքի «Ասորա–հռոմեական» անվանումը առաջացել է հետագայում, թյուրիմացաբար։ «Ա–հ. դ.» տարածված է եղել ողջ Առաջավոր Ասիայում, այդ թվում և Հայաստանում, նրա մի քանի հոդվածներն իրենց արտացոլումն են գտել Մխիթար Գոշի Դատաստանագրքի մեջ։ Ժողովածուն մեզ է հասել ասորերեն, հայերեն և արաբերեն լեզուներով, որոնք գերմաներեն թարգմանություններով հանդերձ 1880-ին հրատարակել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Կ. Բրունսը՝ Ե. Զախաուի աշխատակցությամբ։ Այս հրատարակության մեջ հայերեն խմբագրությունը ունի 141, իսկ Ա. Ղլտճյանի 1917-ին Էջմիածնում հրատարակածը՝ 151 հոդված։

Դատաստանագիրքը բնագրից հայերենի է թարգմանել Ն. Լամբրոնացին 1197-ին, թեև բացառված չէ, որ եղել է նաև ավելի վաղ թարգմանություն։ Հայերեն տարբերակը ասորականի սոսկ թարգմանությունը չէ, այլ նոր խմբագրություն, որն անտեղյակության կամ թյուրիմացության հետևանքով համարվել է հայկական ու Գոշի Դատաստանագրքի հետ միասին թարգմանվել վրացերենի և մտել Վախթանգ VI թագավորի օրենքների ժողովածուի մեջ՝ «Հայկական օրենքներ» ընդհանուր վերնագրով։ Դատաստանագիրքը հիմնականում քաղաքացիական օրենսգիրք է, հոդվածների ճնշող մեծամասնությունը նվիրված է գույքային հարաբերություններին։ Նրա համակարգը մոտավորապես հետևյալն է. առուծախի պայմանագրեր, քաղաքացիական գործարքների վաղեմություն, պարտավորություններ և գրավի իրավունք, ժառանգական իրավունք, ստրկատիրական իրավունք, հոգևորականների, բժիշկների և գիտնականների ապահարկության և այլ գույքային արտոնություններ, ամուսնություն և ապահարզան, ամուսինների գույքային և ոչ գույքային հարաբերություններ, ծնողների և զավակների փոխհարաբերություններ, քրեական և դատավարական իրավունք։ Դատաստանագիրքը դեռևս չունի գիտական հրատարակություն և հայերեն լեզվով չի ենթարկվել մանրազնին ուսումնասիրության։

Գրկ. Ասորական դատաստանագիրք, լույս ընծայեց Արսեն վրդ. Ղլտճյանց, Էջմիածին, 1917։ Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939։ Թովմասյան Ա. Թ., Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք, Ե., 1962։ Сукиасян А. Г., Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма ( III- IX вв. н. э.), Е., 1963. Ա. Սուքիասյան


ԱՍՈՐԵՍՏԱՆ, Աշուր (գլխ. կենտրոն Աշուր քաղաքի անունով), ստրկատիրական պետություն Առաջավոր Ասիայում։ Ա. նախապես գբաղեցրել է Տիգրիսի միջին հոսանքի շրջանը՝ տարածվելով հս–արլ–ում մինչև Զագրոսի լեռներր, հվ–արլ–ում՝ Զավ գետը, արմ–ում՝ Միջագետքի անապատները։ Ա–ի հնագույն բնակիչները, հիմնականում, խուրրիները և սուբարիներն էին, որոնք մ. թ. ա. II հազարամյակում մասամբ ձուլվեցին Ա–ի մյուս (սեմական) ցեղերին։ Ա. կարևոր նշանակություն է ունեցել Առաջավոր Ասիայի հնագույն երկրների տնտ. կյանքում։ Ա–ի և նրա Աշուր քաղաքի վրայով՝ Տիգրիս գետով, Միջագետքը կապված էր Ասորիքի, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հետ։ Մ. թ. ա. III հազարամյակում Ա. ենթարկվել է Միջագետքի հնագույն պետությունների՝ Շումերի, Աքքադի, Ուրի, Բաբելոնի մշակութային և քաղաքական ազդեցությանը։ Մ. թ. ա. XIX դ. վերջին Շամշիադաղ I, հենվելով ամովրհացի անապատային ցեղակիցների վրա, Ա–ում հիմնել է թագավորություն։ Մոտիկ գտնվելով Առաջավոր Ասիայի հաղորդակցության ուղիներին՝ Ա. արագորեն ընդարձակվել է։ Շամշիադադ I նվաճել է Հյուսիսային Միջագետքը և շրջակա երկրները։ Սակայն մ. թ. ա. XVIII դ. Ա. հարկադրված ենթարկվել է հզորացած Բաբելոնին, իսկ մ. թ. ա. XVI–XV դդ.՝ Միտանի պետությանը։ Մ. թ. ա. XIV դ. դարձել էր քայքայվող Միտանիի ժառանգության հավակնորդ։ Աշուրբալիտ I հափշտակեց նրա տարածքի զգալի մասը և Ա–ում հիմնեց նոր հարստություն։ Մ. թ. ա. XIII դ. Ադադներարի I, այնուհետև Սալմանասար I նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Սալմանասար I արշավեց Նաիրիի «լայնածավալ երկրները»։ Սալմանասար I հաջորդը՝ Թուկուլտինինուրտա I, Ա–ի սահմանները բոլոր ուղղություններով ընդարձակեց։ Նա գրավեց և կողոպտեց նաև Բաբելոն քաղաքը։

Ա–ի թագավորը միաժամանակ քրմապետ էր և զինվորական առաջնորդ։ Նվաճողական պատերազմներին զուգընթաց նա դարձել էր միահեծան, բռնակալ՝ այլևս հաշվի չնստելով ստրկատիրական ավագանու հետ։ Սալմանասար I գահանիստ էր դարձրել Քալաքը, Թուկուլտինինուրտա I՝ Քար–Թուկուլտինինուրտան՝ հեռանալով ավագանու խորհրդատեղից՝ Աշուրից։ Սակայն «ըմբոստացած ավագները» սպանեցին Թուկուլտինինուրտա I և, միանալով Բաբելոնին, գահ բարձրացրին իրենց