Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

92 ԱԴՐԵՆՈԿՈՐՏԻԿՈՏՐՈՊ

ԱԴՐԵՆՈԿՈՐՏԻԿՈՏՐՈՊ ՀՈՐՄՈՆ, հիպոֆիզի (մակուղեղի) առաջային բլթի հորմոն։ Մակերիկամի կեղևային շերտի ֆունկցիայի ֆիզիոլոգիական խթանիչը։ Ստացվում է խոշոր եղջերավոր անասունների և խոզերի հիպոֆիզից։ Ա. հ. կիրառվում է ռևմատիզմի, վարակիչ ոչ յուրահատուկ հոդաբորբերի, պոդագրայի (հոդատապի), ալերգիկ, մաշկային և արյան որոշ հիվանդությունների դեպքում։


ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼԻՍ (թուրք. Էդիրնե), քաղաք Թուրքիայի եվրոպական մասում, Մարիցա, Թունճա և Արտաս գետերի միախառնման վայրում, Ստամբուլ–Սոֆիա (Բուլղարիա) երկաթուղու վրա։ Էդիրնե վիլայեթի վարչական կենտրոնը։ 46,1 հզ. բն. (1965)։ Կան մետաքսի, գործվածքեղենի և կաշվի արտադրության տնայնագործական ձեռնարկություններ։

Ա. կառուցել է Հռոմի Ադրիանոս (117–138) կայսրը, որի անվամբ էլ կոչվում է։ 1361-ին սուլթան Մուրադ I նվաճեց Ա. և դարձրեց Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (մինչև 1453)։ Ա. գրավել են ռուսները (1828), բուլղարացիները (1912–13), հույները (1920–22)։

Ա֊ի հայ համայնքը ձևավորվել է դեռևս Բյուզանդական կայսրության վաղ շրջանում։ Մեզ հասած հայկական մշակույթի հուշարձաններից է «Ադրիանուպոլսի ավետարան»֊ը (1007)։ Հայերի թիվն Ա֊ում ավելացավ, երբ Ղրիմում հաստատված Անիի հայերը XIII–XIV դդ. Լեհաստանի և Մոլդավիայի վրայով անցան Բալկաններ։ 1550-ին սուլթան Սելիմ I պատվերով հայազգի Սինան ճարտարապետը կառուցեց Ա֊ի նշանավոր մզկիթը։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ա֊ում բնակվում էին հայեր, հույներ, թուրքեր։ Հայերի թիվը մոտ 3 հզ. էր։ Հիմնականում զբաղվում էին տնայնագործությամբ և առևտրով։ Նրանք ապրում էին Գալեիչի, Աթ փազար, Գարաղաճ թաղամասերում, որոնք ունեին իրենց եկեղեցիները (Մ. Թորոս, Մ. Կարապետ, Ս. Լուսավորիչ), վարժարաններն ու մանկապարտեզները։ Ա֊ի հայերից 700 հոգի 1915-ին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտ. 15–21, աքսորվեցին Գոնիա, Էսկի֊Շեհիր, Հալեպ, Դամասկոս և Դեր Էլ֊Զոր։ 1916-ի փետր. 16-ին բռնությունները կրկնվեցին։ Առաջին համաշխարհային պատերազմից, հատկապես թուրքերի կողմից Ա. վերագրավվելուց հետո հայերի մեծ մասը գաղթեց Հունաստան և Բուլղարիա։ Հ. Հ. Պարոնյանի ծննդավայրն է։ 1885֊ին այստեղ տպագրվել է «Խիկար» հանդեսը։


«ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ավետարան)։ Գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում (№ 887/116, 32×42 սմ)։ Դրվել և պատկերազարդվել է 1007-ին. Ադրիանուպոլսում՝ Հովհաննես Պրոքսիմոսի պատվերով։ Անհայտ մանրանկարիչը պատկերել է խորաններ, 2 խաչ, 4 ավետարանիչներին, Տիրամորը՝ գահի վրա, մանուկ Հիսուսի հետ, և պատվիրատուին։ Գրիչն է Կիրակոս երեցը։ Եթե Տիրամոր պատկերագրական տիպը և պատկերման եղանակը կրում են բյուզանդական արվեստի ազդեցությունը, ապա խորանները և կանգնած ավետարանիչների ծանր, մոնումենտալ ֆիգուրները բնորոշ են X–XI դարերի հայկական ձեռագրերի նկարազարդումներին ու տարբերվում են XI դարի բյուզանդական ոճից։ «Ա. ա.»֊ի մանրանկարները կարևոր են հայ և բյուզանդական արվեստի առնչությունները պարզաբանելու համար։

Գրկ. Հայկական մանրանկարչություն, Մխիթարյան մատենադարան ձեռագրաց, [հ.] 1, Վնտ., 1966։ Լ. Ազարյան


ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1829, ստորագրվել է Ադրիանուպոլիս քաղաքում, սեպտ. 2(14)֊ին՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, 1828–29-ի ռուս֊թուրքական պատերազմից հետո (տես Ռուս֊թուրքական պատերազմներ)։ Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ա. հ. պ֊ով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թուրքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 մլն. հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։ 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–30-ին շուրջ 100 հզ. հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթիայի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի ն Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ա. հ. պ. ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական֊քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

Գրկ. Юзефович Т., Договоры России с Востоком, СПБ, 1869; Дебидур А., Дипломатическая история Европы, т. 1, М., 1947; Фадеев А. В., Россия и восточный кризис 20-х годов ХIХ в., М., 1958, гл. 5. Ջ. Գրիգորյան


ԱԴՐԻԱՆՈՍ, Հադրիանոս (Hadrianus) Պուբլիոս (76–138), Հռոմի կայսր՝ 117-ից, Անտոնինոսների հարստությունից։ Հրաժարվեց իր նախորդի՝ Տրայանոսի արևելյան նվաճումներից (բացառությամբ Արաբիայի), որոնց պահպանումը կայսրությունից պահանջում էր ուժերի լարում և նյութական մեծ միջոցներ։ Հայերի ապստամբությանը 116-ին և պարթևների հետ ընդհարվելու վտանգը Ա֊ին հարկադրեցին 117-ին հռոմեական զորքերը դուրս բերել Հայաստանից և ճանաչել նրա անկախությունը։ Ա. ուշադրությունը կենտրոնացրեց սահմանների պաշտպանության վրա, կատարեց բարենորոգումներ, որոնք նպաստեցին պետության կենտրոնացմանը և կայսրության ներքին առևտրի զարգացմանը։ Ճնշելով հրեաների ապստամբությունը (132–135) Հուդայում՝ նրանց արտաքսեց իրենց հայրենիքից։ Արգելեց քրիստոնյաների հալածանքը։ Ա. կառուցեց Ադրիանուպոլիս քաղաքը, սահմանային պարիսպները (ներկայիս Գերմանիայի և Բրիտանիայի տերիտորիաներում), Զևսի տաճարը (Աթենքում), Վեներայի և Հռոմի տաճարները (Հռոմում)։ Թաղվել է Հռոմում՝ իր կառուցած դամբարանում (այժմ՝ Ս. Հրեշտակի դղյակ)։


ԱԴՐԻԱՏԻԿ ԾՈՎ, Ադրիական ծով (իտալ. mare Adriatico), կիսափակ ծով Միջերկրականի ավազանում, Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև։ Անունը ծագել է մ. թ. ա. VI դարում ծովային կարևոր նավահանգիստ ու հետագայում Պո և Ադիջե գետերի բերուկներով ծովից 22 կմ հեռացած Ադրիա քաղաքից։ Օտրանտո նեղուցով միանում է Հոնիական ծովին։ Մակերեսը 132 հզ. կմ² է, խորությունը մինչև 1589 մ է (հարավ֊արևելքում)։ Արևելյան ափը կտրտված է (Դալմաթյան ափ), գլխավոր ծոցերը՝ Վենետիկի և Տրիեստի։ Մակերեսային ջրի ջերմաստիճանը փետրվարին հս֊ում 7° C է, հվ֊ում՝ 13° C, օգոստ. 24° C, 26° C, աղիությունը հս֊ում՝ 30–35‰, հվ֊արլ֊ում՝ մինչև 38,5‰։ Իշխում են բորա, միստրալ և սիրոկկո քամիները։ Մակընթացությունները խառն են, մակերեսային հոսանքները՝ շրջանաձև։ Զարգացած է ձկնորսությունը (սարդինա, թյունիկազգիներ ևն)։ Գլխավոր նավահանգիստները՝ Տրիեստ, Վենետիկ, Անկոնա, Բարի (Իտալիա), Ռիեկա, Սպլիտ (Հարավսլավիա), Դուրես, Վլյորա (Ալբանիա)։


ԱԵԴՈՍ (հուն. άοιδός — երգիչ), հին հունական երգիչ, աստվածների և հերոսների մասին էպիկական երգերի կատարող։ Ա֊ները նվագել են լարավոր գործիքների վրա, հորինել հանպատրաստից։ Ծառայել են համայնքներին և թագավորներին, եղել նաև թափառաշրջիկներ։ Նրանց արվեստը նշանակալից դեր է խաղացել հունական էպոսի զարգացման և տարածման գործում։ «Ոդիսական»֊ի մեջ հիշատակված են Թեմիաս և Դեմոդոկոս Ա֊ների անունները։


ԱԵՐԱՑԻԱ (ֆր. aération, < հուն, άἣρ — օդ), մթնոլորտի օդի բնական մուտքը կամ արհեստական մղումն այլ միջավայրի մեջ։ 1. Ա. շենքերի, կազմակերպված բնական օդափոխություն, կատարվում է շենքերում պատուհանների և ծածկերի բացված փեղկերի ու անցքերի միջով՝ դրսի օդի և ներսի օդի խտությունների տարբերության շնորհիվ։ 2. Ա. ջրի, խմելու, տեխնիկական կարիքների համար օգտագործվող և հոսող ջրերի հարստացումն օդով։ Կատարվում է ջուրն օդում ցանելով կամ ջրի մեջ օդ մղելով։ Կիրառվում է ջրին հոտ տվող գազերի, նյութերի հեռացման, ջրի երկաթազրկման և այլ նպատակներով։ 3. Ա. հողի (տես Հողի օդային ռեժիմ


ԱԵՐՈ… (հուն. άήρ – օդ), բարդ բառերի բաղադրիչ՝ օդին, ավիացիային և օդագնացությանը վերաբերող բառաբարդումների մեջ (օր. աերոլուսանկարահանում, աերոդինամիկա, աերոլոգիա)։


ԱԵՐՈԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մեխանիկայի բաժին․ ուսումնասիրում է գազային