Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տին պատկերված է տիրամայրը՝ Հիսուսը գրկին։ XX դ. սկզբին կանգուն էին սրբատաշ քարից կառուցված գավթի չորս սյուները՝ կամարներով։ Ս. Վարդանին կից եղել է նաև կարմիր աղյուսից Ս. Պետրոս և Պողոս եկեղեցի։ Աբբասաբադը կառուցելիս Ս. Վարդանը թողնվել է ամրոցի մեջ և օգտագործվել է որպես պահեստատեղ։ Ամրոցից հվ–արլ. եղել է Ս. Հովհաննես վանքը, որը քանդվել է և քարերն օգտագործվել են բերդի շինարարության ժամանակ։ Վանքն ունեցել է գավիթ և պարիսպ։ Ա–ից ավելի քան 3 կմ հվ–արլ., Արաքսի ձախ ափին, քարքարոտ բլրի վրա բարձրանում է Ս. Ստեփանոս վանքը (Խնդրակատար Ս. Ստեփանոս), որը կոչվում է նաև Քարատակի կամ Կարմիր վանք (կառուցված է կարմիր քարով և աղյուսով)։ Պատերին ագուցված են խաչքարեր 1277, 1471, 1477 և 1481 թթ. արձանագրություններով։ Վանքի եկեղեցին (ներկայիս շինությունը կառուցվել է XVII դ.) երկու առանձին մույթերով, բարձր, սլացիկ գմբեթով շինություն է՝ արևելյան կողմի զույգ ավանդատներով։ Գավիթը կառուցվել է XVIII դ. պարսպի և բուրգերի հետ միաժամանակ։ Վանքի շուրջը կան նաև կրկնահարկ բնակելի տներ ն տնտեսական շենքեր։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 507–14։ Լալայան Ե., Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, «ԱՀ», 1907, № 15։ Ա. Քալանթարյան

ԱՍՏԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ, 1. գործել է XIV դարի սկզբին, Նախիջևան գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ) Աստապատ գյուղի Ս. Վարդան եկեղեցում։ Այդտեղ դասավանդել են Գևորգ Ծերունին և ուխտի առաջնորդ Վարդանը։ 2. 1379-ին, Աստապատի մոտ, Ս. Ստեփանոս վանքում Մաղաքիա Ղրիմեցու միջոցներով բացվել է նոր դպրոց, որի առաջին րաբունապետն է եղել Ապրակունյաց դպրոցից այդտեղ տեղափոխված Սարգիս վարդապետը։ Այդ դպրոցը բարձր տիպի էր, պատրաստում էր վարդապետներ։ Այդտեղ նաև գրչություն էին սովորում, ընդօրինակություններ կատարում։ Դպրոցը գոյատևեց մինչև 1388, որից հետո Սարգիս Րաբունապետը տեղափոխվեց Քաջբերունիքի Խառաբաստի կամ Սուխարա վանքի դպրոցը։ Բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել հատկապես XVII դ., երբ վանքի առաջնորդ է եղել Հովսեփ վարդապետը։ Վանքի գրադարանը գոյություն է ունեցել մինչև 1916։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 507–14։ Ոսկյան Հ., Վասպուրական–Վանի վանքերը, 2 մաս, Վնն., 1942, էջ 506 – 27։ Ա. Մաթևոսյան


ԱՍՏԱՏԻԿ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ, ավտոմատ կարգավորիչ, որը կարգավորվող մեծության կայունացած սխալի արժեքը պահպանում է անփոփոխ՝ կարգավորման համակարգի վրա ցանկացած արտաքին ազդեցության դեպքում։ Պարզագույն Ա. կ–ում (նկ.) հեղուկի ծախսը ավելանալու (պակասելու) դեպքում լողանը իջնում (բարձրանում) է և փակում վերին (ստորին) կոնտակտը։ Շարժիչի խարսխին տրվում է լարում, որը պտտվելով փոփոխում է փականի դիրքը։ Վերջինս ավելացնում (պակասեցնում) է հեղուկի մուտքը և վերականգնում նրա մակարդակը։

(նկ․) Կարգավորման աստատիկ համակարգ. Խ1 – մուտքի խողովակ, Ս – սողնակ, Է – էլեկտրաշարժիչ, Լ – լողան, Խ2 - ելքի խողովակ, 1, 2, 3 – ռելեի վերին, միջին և ստորին կոնտակտներ։


ԱՍՏԱՏԻՆ (Astatium, <հուն. άστατος – անկայուն), աստատ, , տարրերի պարբերական համակարգի VII խմբի քիմ. տարր, կարգահամարը՝ 85։ Կայուն իզոտոպներ չունի, արհեստականորեն ստացվել են 198–219 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենակայունը է ( = 8,3 ժամ)։ Առաջինը ստացվել է ( = 7,2 ժամ) բիսմութը () α մասնիկներով ռմբակոծելիս (Սեգրե, Կորզոն և Մակենզի, 1940, ԱՍՆ)։ Ա. տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ և թաղանթները լրացված են։ Բնության մեջ չնչին քանակներով առաջանում է (215, 216, 218 և 219 իզոտոպները) ուրանի և թորիումի ռադիոակտիվ քայքայման ժամանակ, որպես արդյունք բնական ռադիոակտիվ շարքերի չափազանց քիչ հավանական ճյուղավորումների։ Քիմ. հատկություններով նման է հալոգեններին (հատկապես յոդին) և պոլոնիումին, այսինքն ունի ոչ մետաղական և մետաղական հատկություններ։ Ա. լավ ադսորբվում է արծաթի, ոսկու, պլատինի վրա՝ ըստ երևույթին միացություններ առաջացնելով։ Հալոգենների նման լուծվում է օրգ. լուծիչներում, առաջացնում անլուծելի աղը, տաքացնելիս հեշտությամբ ցնդում է։ Վերականգնվում է ջրածնով՝ առաջացնելով ։ Քրոմատները և ազոտական թթուն օքսիդացնում են նրան մինչև , իսկ գերսուլֆատները և հիպոքլորիդները՝ մինչև ։ Էլեկտրոլիզի ժամանակ մետաղների նման անջատվում է կաթոդի վրա, ծծմբաջրածնով նստեցվում է անգամ ուժեղ թթու լուծույթներից, ծծմբաթթվական լուծույթներում դուրս է մղվում ցինկի կողմից։ Կուտակվում է վահանաձև գեղձում, կարող է օգտագործվել ֆիզիոլոգիական հետազոտություններում։


ԱՍՏԱՐԱ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Աստարայի շրջանի վարչական կենտրոնը, նավահանգիստ Կասպից ծովի ափին, սովետա–իրանական սահմանագլխին։ 9,1 հզ. բնակիչ (1970)։ Մերձարևադարձային բույսերի (թեյ, ցիտրուսներ) և բրնձացան շրջանի կենտրոն է։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, շերմապահությամբ, ձկնորսությամբ։ Կան ձկնագործարան, թեյի ֆաբրիկա, պահածոների արտադրություն։


ԱՍՏԱՈՒՐՈՎ Բորիս Լվովիչ (ծն. 1904), սովետական կենսաբան, բջջագենետիկ, փորձարար–սաղմնաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966)։ Ծնվել է հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում։ Զարգացման կենսաբանության ինստ–ի դիրեկտորն է (1967-ից), Գենետիկների և սելեկցիոներների համամիութենական ընկերության նախագահը (1966-ից)։ Աշխատանքները հիմնականում նվիրված են շերամի որդի և դրոզոֆիլի զարգացմանն ու ժառանգականությանը։ Ա. մշակել է արհեստական (ջերմային) կուսածնության մեթոդը, սեռի կարգավորման հարցը, ստացել լիարժեք միջտեսակային անդրոգենեզ և շերամի որդի պոլիպլոիղ գծեր։ Շերամապահության մեջ Ա–ի հիմնական ծառայություններըն են արդյունաբերական հիբրիդացման ներդրումը և ջերմային շոկերի կենսաբանական ազդեցության կիրառումը՝ նոզեմատոզի հարուցիչով վարակված շերամի սերմերի (գրենա) վարակազերծման գործում։


ԱՍՏԵՐՈԻԴՆԵՐ (<հուն. άστήρ - աստղ և είδος – ձև, կերպ), աստղակերպեր, տես Փոքր մոլորակներ:


ԱՍՏԻԴՄԱՏԻԶՄ (<հուն. ά ժխտ. մասնիկ + στιγμή – կետ), 1. օպտիկական համակարգի թերություն։ Նույնն է, ինչ տարաբեկությունը։ 2. Աչքի Ա., աչքի բեկող (դիոպտրիկական) ապարատի թերություն, որը պայմանավորված է եղջերաթաղանթի կամ ոսպնյակի կորության շառավիղների բեկող ուժերի տարբերությամբ։ Աչքի Ա–ի ժամանակ զուգորդվում են բեկունակության տարբեր ձևերը կամ նույն ձևի տարբեր աստիճանները (օր. կարճատեսություն և հեռատեսություն)։ Աչքի բնածին Ա. կյանքի ընթացքում քիչ է փոխվում, երբեմն նույնիսկ փոխանցվում է ժառանգաբար։ Աչքի աստղակերպերձեռքբերովի Ա. հետևանք է բորբոքային պրոցեսների, վնասվածքի կամ աչքի խնձորակի վիրահատության։ Աչքի Ա–ի ժամանակ տեսողությունը թուլանում է, որովհետև եղջերաթաղանթի տարբեր միջօրեականներ ունենում են տարբեր լուսաբեկող ուժ և լույսի ճառագայթներն ընկնելով աչքի մեջ՝ ցանցաթաղանթի վրա առաջացնում են ոչ թե կետի, այլ գծերի, շրջանակների և օվալների պատկեր։ Աչքի Ա. շտկում են գլանաձև, գնդագլանաձև և հպվող ոսպնյակներով։ Ս․ Մալայան


ԱՍՏԻՃԱՆ ջերմաստիճանային, ջերմաստիճանի տարբեր միավորների ընդհանուր անվանումը, որը համապատասխանում է ջերմաստիճանային տարբեր ցուցնակների։ Հայտնի են Կելվինի (°K), Ցելսիուսի (°C), Ռյոմերի (°R), Ֆարենհայտի (°F) Ա–յին ցուցնակներ (տես նաև Ջերմաստիճանային ցուցնակներ


ԱՍՏԻՃԱՆ, հարթ անկյունների և շրջանագծային աղեղների չափման միավոր։ Մեկ անկյունային Ա. ուղիղ անկյան 1/90 մասն է, հավասար է 60 րոպեի (60') կամ 3600 վրկ–ի (3600")։ Մեկ աղեղնային Ա․ լրիվ շրջանագծի 1/360 մասն է։ Ա–ի նշանն է՝ °։