Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դավանանքի հիմնական դրույթները։ Ըստ եկեղեցական ավանդության, Ա. գրել են Քրիստոսի առաքյալներ Մատթեոսն ու Հովհաննեսը և նրանց հետևորդներ Մարկոսն ու Ղուկասը (այդ պատճառով էլ կոչվել են ավետարանիչներ) I դ. կեսերին։ Իրականում այն տարբեր աղբյուրներից աստիճանաբար կազմվել է ավելի ուշ՝ II դ. առաջին կեսին, երբ ձևավորվել էր քրիստոնեական դավանանքը և առաջ էր եկել քրիստոնեական եկեղեցին։ Եկեղեցական ծիսակատարությունները պահանջում էին ժամասացության գրքեր, և այդ դերն էլ սկսեց կատարել Ա.։ Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում են շուրջ 1750 ձեռագիր Ա–ներ (տես նաև Աստվածաշունչ):

Մեզ հասած ձեռագիր պատկերազարդ Ա–ները զգալի հետաքրքրություն են ներկայացնում որպես մանրանկարչական արվեստի հուշարձաններ։ Հնագույն պատկերազարդ Ա–ներից են՝ «Ռոսսանոյի» (VI դ.) հունական, «Ռաբուլայի» (586) ասորական և Աթենքի բյուզանդական թանգարանի VI դ. 2-րդ կեսի ձեռագրերը։ X–XI դդ. ավետարանական նկարաշարը ստացավ հանդիսավոր–կանոնիկ բնույթ՝ արտահայտելով ֆեոդալակսւն–եկեղեցական աշխարհայացքի պահանջները (Լենինգրադի հանրային գրադարանում պահվող հունական X» 21 ավետարանը, Օտտոն III-ի ռոմանական ավետարանը, երկուսն էլ X դ., ռուս. «Օստրոմիրովո եվանգելիե»–ն, 1056–57)։ Ավելի ուշ ավետարանական պատկերազարդումների մեջ ներթափանցել են ժողովրդական ստեղծագործության տարրեր և աշխարհիկ մոտիվներ։

Հայկական նկարազարդ ձեռագրերի ճնշող մեծամասնությունը Ա–ներ են։ Մեզ հասած հայերեն հնագույն պատկերազարդ օրինակը «Մլքե թագուհու ավետարանն» է (862)։ X–XII դդ. նկարազարդվել են «Էջմիածնի ավետարանը» (989), «Տրապիզոնի ավետարանը» (X դ.), «Ծուղրութի ավետարանը» (974), Երուսաղեմի մատենադարանում պահվող № 2555 ձեռագիրը, 1038-ի ավետարանը, «Կարսի ավետարանը» (1064) ևն։ «Հաղպատի ավետարանի» (1221), «Խաչենի ավետարանի» (1224) և «Թարգմանչաց ավետարանի» (1232) մանրանկարներում շեշտված են առավելապես ազգային հոգեբանության ու գեղագիտական տեղական նախասիրությունների տարրերը։

Հայ միջնադարյան մանրանկարչությունը գեղարվեստական մեծ կատարելության է հասել Գլաձորի, Տարոնի և հատկապես՝ Կիլիկիայի դպրոցներում։ Դրանց լավագույն նմուշներից են՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № 7644 ձեռագիրը (XIII դ.), «Ութ մանրանկարիչների ավետարանը», 1260-ին ընդօրինակված ավետարանը, որը նկարազարդել է ԹորոսՌոսլինը (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. № 251), 1302-ին ընդօրինակված ավետարանը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 6792)։ Կիլիկյան դպրոցի նկարիչների և ամենից առաջ Թորոս Ռոսլինի ավետարանական պատկերազարդումներին բնորոշ է նոր վերաբերմունքը մարդու նկատմամբ, նրա մեջ անհատականություն արտահայտելու ձգտումը։ Վասպուրականում և Տարոնում նկարազարդված Ա–ներում կանոնիկ շարին զուգընթաց զգալի տեղ են գրավում նաև տեղական–ազգային ավանդույթներից բխող առանձին հավելումները՝ խիստ արխաիկ ձևեր, ընդհուպ մինչև հեթանոսությունից եկող մոտիվներ, պարականոն պատմություններ, աշխարհիկ–կենցաղային այլևայլ թեմաներ, որոնց շեշտումը, ըստ էության, տիրող քաղաքական սոցիալական հարաբերությունների հետևանք էր։ Տարածված են եղել նաև ավետարանական պարականոն նյութերի պատկերազարդումները։ Ա–ների հարդարանքը ամբողջականացնում են դրոշմազարդ և այլ կազմերը, խորանազարդերը, անվանաթերթերը և լուսանցազարդերը (բույսերի, կենդանիների պատկերներ, երկրաչափական զարդանախշեր)։

Պատկերազարդումը տես 537 էջից առաջ՝ ներդիրում։ Խ. Պալյան, Հ. Հակոբյան

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ, պատմական գյուղ Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ (հետագայում՝ Վարանդա) գավառում։ Տես Չանախչի։


ԱՎԵՏԻՍ, 1. Քրիստոսի ծնունդն ավետող ու գովերգող հոգևոր տաղերի տեսակ։ Գրական խոսքի յուրաքանչյուր տողի սկզբում կամ վերջում և կամ մի այլ պարբերականությամբ կրկնվում է «ավետիս» բառը։ 2. Ժողովրդական համանուն երգեր, որոնց խոսքերում նույն դերն է խաղում «ավետիս» բառը։ Հոգևոր Ա–ներից ավելի շատ ու բազմազան ժողովրդական Ա–ները հետաքրքրական են նրանով, որ քրիստոնեական պատյանի տակ պահել են հեթանոսական, մասնավորապես՝ հին հայկական ամանորյան երգերի բովանդակությունը։ Դրանց մի մասը կոչվում է նաև աչեւու՝ երգի մեջ այդ բառի պարբերական կրկնության պատճառով։

Գրկ. Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 108–109։


ԱՎԵՏԻՍ, Ավետիք (ծն. թ. անհտ.–մոտ 1381), XIV դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ, գրիչ և կազմող։ Ապրել և ստեղծագործել է Սուրխաթում (Ղրիմ)։ Ա–ի ընտանիքը Ղրիմ է գաղթել Բսւբերդից XIV դ. 40-ական թթ.։ Գրչության արվեստը սովորել է հորից՝ Նատերից։ Գրիչներ են եղել նաև եղբայրները՝ Գրիգորը և Ստեփանոսը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահպանվում են Ա–ի ընդօրինակած և պատկերազարդած 1344, 1346, 1347, 1348 թթ. Ավետարանները (ձեռ. №№ 7636, 7637, 7742, 7857), 1364, 1371 թթ. ճաշոցները (ձեռ. №№ 4656, 7449) և 1355-ին ընդօրինակած ժողովածուն (ձեռ. № 6938)։ Նրա ձեռագրերից կան նաև Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Վիեննայի Մխիթարյան մատենադարանում և ՎՍՍՀ ԳԱ Կեկելիձեի անվ. հին ձեռագրերի ինստ–ում (Թբիլիսի)։ Ա–ի արվեստին հատկանշական է բուն Հայաստանի և կիլիկյան գեղանկարչության ավանդույթների զուգորդումը, սակայն նկարիչն ավելի հակված է կապույտ խորքով նկարների մոնումենտալ լուծմանը, շեշտված ուրվագծերին, ցայտուն արտահայտված արևելյան դեմքերով ֆիգուրների պատկերմանը, որ հատակ են բուն Հայաստանի արվեստին։ Մահացել է 1381-ից առաջ։

Գրկ. Կորխմազյան Է., Ղրիմի հայ մանրանկարիչների մի ընտանիքի մասին, «ՊԲՀ», 1968, № 2։ Նույնի, XIV–XV դարերի Ղրիմի հայ մանրանկարչության առանձնահատկությունները, «ԲՄ», 1969, № 9։


ԱՎԵՏԻՍՅԱՆ Աշխեն Միքայելի (ծն. 1920), գյուղատնտեսական արտադրության առաջավոր, կթվորուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից ։ Ծնվել է հունվ. 10-ին, ՀՍՍՀ Հրազդան քաղաքում։ 1954-ից աշխատում է ՀՍՍՀ Շահումյանի շրջանի ՍՄԿԿ XXII համագումարի անվան կոլտնտեսությունում։ 1955-ին ՀՍՍՀ–ում սկիզբ է դրել «հինգհազարական կթվորուհի» շարժմանը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է կովերի կաթնատըվության բարձրացման գործում ունեցած հաջողությունների համար։ Ա. ընտրվել է ՍՄԿԿ XXI, ՀԿԿ XXII–XXV համագումարների պատգամավոր, ՀԿԿ XXIII–XXV համագումարներում՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։ ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է ՍՍՀՄ ԺՏՆՑ ոսկյա և արծաթյա մեդալներով։


ԱՎԵՏԻՍՅԱՆ (Ոսկանյան) Ավետ Մարկոսի (1897–1971), հայ սովետ, դերասան։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է նոյեմբերի 12 (24)–ին, Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Նախքան բանակ մեկնելը (1916) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար, մոտիկից շփվել առևտրական միջավայրի ներկայացուցիչների հետ, որոնց տարիներ անց պիտի ներկայացներ բեմում։ Բանակից զորացրվելուց հետո (1918) Բաքվում մասնակցել է Հ. Աբելյանի թատերախմբի ներկայացումներին, բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Շիրվանզադեի «Չար ոգի», 1918) դերակատարումը։ 1919-ին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920–21-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922-ից հաստատվել է Երևանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն)։ Այդ շրջանի աչքի ընկնող դերերից են Պանտալոնեն (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», 1923) և Օրգոնը (Մոլիերի «Տարտյուֆ», 1924)։ Հայկական խաղացանկում Ա. միանգամից հռչակվել է Սաքոյի (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1924) և Զամբախովի (Սունդուկյանի «Խաթաբալա», 1927) դերերով։ Լինելով Սունդուկյա–