մատուցած ծառայությունների համար։ Ա. եղել է ՀԿԿ XXIII–XXV և ՍՄԿԿ XXIV համագումարների պատգամավոր, ՀՍՍՀ VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ԱՎԴԱԼՅԱՆՑ Հովհաննես (1803–1870) հայ թարգմանիչ, մանկավարժ։ Ծնվել է Շիրազում (Իրան), ուսանել և գործել՝ Կալկաթայում։ Ուսուցիչ և տնօրեն էր «Հայոց մարդասիրական ճեմարան»–ում։ Անգլերեն է թարգմանել (քաղվածաբար) Մ. Չամչյանի «Հայոց պսւտմություն»-ը (1827), հայերեն՝ Շատոբրիանի «Ատալա»–ն (1826), Ս. Ջոնսոնի «Հռասսելաս»–ը (1826) և օտար այլ գրողների գործերից։ Մահացել է հուլիսի 11-ին, Կալկաթայում։
ԱՎԴՈՒՌ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս–արևմուտք։ 258 բն. (1970), հայեր։ Միավորված է Մյուրիշենի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան բուժկայան։
ԱՎԵԼՅԱՑ, հայկական հեթանոսական տոմարի 13-րդ՝ լրացուցիչ ամսվա անունը, եղել է 5-օրյա։ Հովհաննես Իմաստասերի կազմած (1084) անշարժ տոմարում Ա. նահանջ տարիներին 6-օրյա էր։
ԱՎԵԼՈՒԿ (rumex), հնդկացորենազգիների ընտանիքի բազմամյա և միամյա խոտաբույսեր կամ կիսաթփեր։ Տերևները ամբողջական են, ծաղիկները՝ երկսեռ, երբեմն՝ միասեռ։ Հայտնի է մոտ 150 տեսակ՝ տարածված մեծ մասամբ Հս. կիսագնդի բարեխառն գոտում։ ՀՍՍՀ–ում՝ 12 տեսակ, որոնք հանդիպում են հատկապես լեռնային և բարձր լեռնային շրջաններում։ Ամենատարածված տեսակներն են՝ սովորական կամ թթու Ա. (R. acetosa) և բրգաձև Ա. (R. thyrsiflorus)։ Սովորական Ա–ի թթու համը պայմանավորված է թրթնջկաթթվի առկայությամբ։ Ա. պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, դաբաղանյութեր, եթերային յուղեր ևն։ Օգտագործվում է թարմ և չորացրած վիճակում, որոշ տեսակներ կիրառվում են բժշկության մեջ։
ԱՎԵՆԱՐԻՈՒՍ (Avenarius) Ռիխարդ (1843–1896), շվեյցարացի իդեալիստ փիլիսոփա, էմպիրիոկրիտիցիզմի հիմնադիրներից։ Ծնվել է նոյեմբերի 19-ին։ Նրա փիլիսոփայության մեջ կարևորագույնը փորձ հասկացությունն է, որով, ըստ նրա, լուծվում է մատերիայի ու գիտակցության, ֆիզիկականի ու հոգեկանի հակադրության պրոբլեմը։ Բայց դա փաստորեն հանգեցնում է գիտակցության առաջնայնության ընդունմանը, քանի որ փորձն առանց սուբյեկտի և գիտակցության հնարավոր չէ։ Ա–ի սուբյեկտիվ իդեալիզմը դրսևորվեց հատկապես նրա «սկզբունքային կոորդինացիայի» ուսմունքում, ըստ որի՝ «առանց սուբյեկտի չկա օբյեկտ և առանց օբյեկտի չկա սուբյեկտ»։ Ա. օբյեկտիվ Ճշմարտությանը հակադրում էր «ուժերի նվազագույն ծախսմամբ» կատարվող ճանաչողության և մտածողության կենսաբանական առժեքավորությունը։ Ա–ի հայացքների քննադատությունը տրված է Վ. Ի. Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում։ Մահացել է օգոստ. 18-ին։
ԱՎԵՌՈԵՍ, տես Իբն Ռուշդ:
ԱՎԵՌՈԻԶՄ, միջնադարյան փիլիսոփայական ուղղություն, որի հիմնադիրն է արաբ մտածող Իբն Ռուշդը (լատ. անունը՝ Averes)։ Ա–ի ներկայացուցիչները պաշտպանում էին աշխարհի հավերժության և երկակի ճշմարտության գաղափարները, ժխտում հոգու անմահությունը։ Ա–ի գաղափարները տարածում ստացան Արևմտյան Եվրոպայում. գլխավոր ներկայացուցիչն էր Սիգեր Բրաբանցին (XIII դ.)։
«ԱՎԵՍՏԱ» (հնագույն ձևը՝ Ուպաստհա, բառացի հիմունքներ), իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության «սուրբ» գիրքը։ Ա. ստեղծվել է մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, բանավոր ձևով, հետագայում զգալի չափով վերափոխվել, լրացվել ու գրի է առնվել հին իրանական մի լեզվով, որ պայմանականորեն անվանվում է ավեստայի լեզու։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ (մ. թ. ա. 334–331) Ա. ոչնչացվել է։ Սասանյանների օրոք (III–VII դդ.), բանավոր ավանդությունների հիման վրա, կազմվել և օրինականացվել է Ա–ի պահլավերեն (միջին պարսկերեն) տեքստը, ինչպես նաև նրա մեկնությունը՝ Զենդը։ Այստեղից էլ Ա. սխալ կերպով կոչվել է նաև Զենդ–Ա., իսկ ավեստայի լեզուն՝ գենդերեն։ Ա–ի պահլավերեն տեքստը բաղկացած է եղել 21 մասերից (նասքերից), 7՝ աշխարհի ծագման ու մարդկության առաջացման, 7՝ քաղաքացիական օրենքների ու կրոնական պարտականությունների և 7՝ բժշկության, աստղագիտության ու բարոյագիտության մասին։ Այդ տեքստի մեծ մասը նույնպես մեզ չի հասել, նրա միայն մեկ քառորդն է կազմում ներկայումս հայտնի Ա., որը պահպանել են փարսիները (արաբական արշավանքների ժամանակ Հնդկաստան գաղթած պարսիկները, որոնք մինչև այժմ էլ հետևում են զրադաշտականության և օգտագործում են Ա.)։ Ներկայիս Ա. ունի երկու տարբերակ։ Առաջինը իրենից ներկայացնում է Ա–ի տարբեր գրքերից վերցված աղոթքների ժողովածու։ Երկրորդը բաղկացած է մի քանի մասերից՝ Վենդիդադ (դևերի դեմ), որը ներկայացնում է կրոնական ու քաղաքացիական պատվիրանների հավաքածու, Վիսպերեդ (հանճարեղ տիրողներ) և Յասնա (փառաբանության հիմներ)՝ կրոնական արարողությունների ժամանակ կատարվող աղոթք–երգեր, Հաշտեր (զոհաբերության հիմներ)՝ զրադաշտական աստվածներին նվիրված հիմներ, Փոքր Ա. (խորդե–Ա.)՝աղոթքներ։ Ա–ի հնագույն մասն են կազմում Գաթերը (Երգ երգոց)՝ հիմներ, որոնք վերագրվում են Զրադաշտին։ Ա. առանց Գաթերի կոչվում է «Կրտսեր Ա.»։ Բացի բուն զրադաշտականության ուսմունքից, Ա. պարունակում է նաև ավելի հին հավատալիքների տարրեր։ Ա–ի կրոնա-փիլիսոփայական գաղափարների համար բնորոշ է դուալիզմը՝ բարու և չարի (լույսի և խավարի) նախասկիզբների, նրանց մշտական պայքարի ընդունումը։ Բարու նախասկզբի արտահայտությունն է Զրադաշտի քարոզած հայտնի սկզբունքը՝ «Բարի միտք, բարի խոսք, բարի գործ»։ Իր կրոնաառասպելաբանական բովանդակությամբ հանդերձ, Ա. ունի որոշակի գիտական և գեղարվեստական արժեք։ Այն ընձեռում է արժեքավոր տվյալներ ոչ միայն զրադաշտականության ձևավորման ու էության, այլև առհասարակ իրանական ժողովուրդների հոգևոր մշակույթի ու կենցաղի, նրանց պատմության մասին։ Ամբողջ Ա. գրված է անհանգ, վանկային չափածո ընդմիջումներով, հարուստ ասոնանսներով, անաֆորաներով և ալիտերացիաներով։ Ա. հայտնաբերել և առաջինը ֆրանս. թարգմանել է Անկետիլ Դյուպերոնը (1771)։
ԱՎԵՍՏԱՅԻ ԼԵԶՈՒ, հին իրանական խոսվածք, զրադաշտական կրոնի «սուրբ» գրքի՝ «Ավեստա»–ի լեզուն։ Գրավոր ավանդված է մ. թ. ա. VII–VI դդ., երբ այլևս խոսակցական լեզու չէր։ Բաժանվում է երկու բարբառի, ավելի հին՝ Գաթայի, որով կազմված են Զրադաշտի հիմները, և հետավեստյան, որով գրված են «Ավեստա»–ի մնացած մասերը։ Բնորոշ հատկանիշներն են՝ թեքականությունը, հոլովման ու խոնարհման զարգացած ու բարձր կառուցվածքը, անվանական ու բայական հիմքերի բազմազանությունը, դերանվանական ճոխ, զուգաբանություններով (սուպլետիվիզմներով) հարուստ համակարգը ևն։ Ա. լ. նախկինում կոչվել է հին բակտրիերեն և ավելի շատ՝ զենդերեն ոչ ճիշտ անվանումներով։
Գրկ. Оранский И. М., Введение в иранскую филологию, М., 1960; Cоколов С. Н., Авестийский язык, М., 1961; Bartholome Ch., Awestasprache und Altpersisch, «Grundriss der iranischen Philologie», Bd. 1, Abt. 1, Strassburg,1895-1901.
«ԱՎԵՏԱԲԵՐ», կրոնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1855–1915-ին, Կ. Պոլսում (1855–65-ին «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելյաց»)։ խմբագիրներ՝ Դուայթ, Է. Բլիս, Ջ. Գրին, Հ. Բարնըմ, Հ. Ալեն, Ս. Մինասյան, Ֆ. Մեքալըմ, Ա. Շմավոնյան, Հ. Ճեճիզյան։ «Ա.» Ամերիկայի միսիոներների ընկերության օրգանն էր։ Հրատարակվել է նաև հայատառ թուրքերենով։ 1872-1915-ին (ընդհատումներով) որպես «Ա»-ի հավելվածներ լույս են ընծայվել «Ավետաբեր տղայոց համար» (1908-ից «Ավետաբեր մանկանց») և «Ավետաբեր չոճուքլար իչյուն» (հայատառ թուրքերեն) հանդեսները։ «Ա.» լուսավորություն տարածելու անվան տակ աշխատել է նպաստել արևմտահայության շրջանում բողոքականության և ամերիկյան ազդեցության տարածմանը։ Կրոնա–բարոյական նյութերի հետ մեկտեղ տպագրել է հայագիտական և գեղարվեստական գործեր։ Աշխատակցել են Ե. Քասունին, Հ. Պուճիգանյանը, Գևորգ Մեսրոպը, Հ. Մրմրյանը և ուրիշներ։ Լինելով արևմտահայ աշխարհաբարով առաջին պարբերականներից՝ «Ա.» նպաստել է նրա զարգացմանը։
ԱՎԵՏԱՐԱՆ (ավետիք, բարի լուր պարունակող), Նոր կտակարանի առաջին չորս գրքերը միասին (այս առումով կոչվում է նաև քառամատյան), ինչպես նաև դրանցից յուրաքանչյուրն առանձին։ Ա–ի բովանդակությունը կազմում են Քրիստոսի «երկրային կյանքին» վերաբերող առասպելական պատմությունները և քրիստոնեական