Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱԲԿԻՐԻ ԲԱՐԲԱՌ, խոսվել է Փոքր Հայքի հարավային մասում, հատկապես Արաբկիրում։ Պատկանում է կը ճյուղի եռաստիճան խլազարկ խմբին (բհ, բ–փ)։ Ա. բ–ի ձայնավորներն են՝ ա, է, ի, օ, ու, ը, ա..։ Ունի շնչեղ ձայնեղներ (բհ, դհ, ձհ, ջհ, գհ), որոնք բառամիջում վերածվում են շնչեղ խուլերի։ Ա. բ–ի գործիականը կազմվում է օք–ով (ձեռքօք, խոսէլօք), սահմանական ներկան՝ հետադաս գու (ձայնավորով սկսվող բայերի մոտ այն կրկնվում է՝ գըսա գու, գառնա գու, գէրթամ գու), շարունակականը՝ վերջից նաև ա>ը (գէրթամ ա>ը), հարկադրականը բաղաձայնի մոտ՝ հետադաս դի, ձայնավորի մոտ՝ նախադաս դ (խմիմ դի, դէթամ) մասնիկներով։

Գրկ. Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951, էջ 348-49։ Մելիք Ա. Դավիթ–Բեկ, Արաբկիրի գավառաբարբառը, Վնն., 1919։ Ա. Ղարիբյան


ԱՐԱԲԿԻՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, արաբկիրցիների հայրենակցական միություն։ Դեռևս 1899-ին ԱՄՆ–ի Բրիջուոթըր քաղաքում մի խումբ արաբկիրցի երիտասարդներ հիմնել են «Ուսումնասիրաց ընկերություն Արաբկիրի» կազմակերպությունը, որի նպատակն էր նյութապես օժանդակել Արաբկիրի հայկական դպրոցներին։ 1902–10-ին համանման միություններ են ստեղծվել Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ 1911-ի նոյեմբ. 30-ին երեք միությունների Ֆիլադելֆիայի համատեղ ժողովում ստեղծվել է «Արաբկիրի ուսումնասիրսւց միությունը» (կենտրոնը Նյու Յորքում), որն այնուհետև մասնաճյուղեր է ունեցել ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։ 1917-ին «Ուսումնասիրաց»–ին զուգահեռ ստեղծվել է «Արաբկիրի վերաշինաց միություն»–ը, որի նպատակն էր օգնել Մեծ եղեռնից փրկված հայրենակիցներին։ 1923-ի մայիսին «Ուսումնասիրաց»–ը և «Վերաշինաց»–ը միացել են և անվանվել «Ամերիկահայ արաբկիրցիներու միություն», որը 1929-ին վերանվանվել է «Արաբկիրի միություն»։ Առաջին պատգամավորական ժողովում (1923-ի դեկտ. 30 – 1924-ի հունվ. 1, Նյու Յորք) Միությունը որոշել է հիմնել Նոր Արաբկիր ավան Սովետական Հայաստանում։ 1925-ի նոյեմբ. 29-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվել է Նոր Արաբկիրը, որի կառուցման ու բարեկարգման գործին իր նպաստն է բերել Միությունը։ Ա. մ. 1923-ից ի վեր մասնաճյուղեր է ունեցել ԱՄՆ–ի 8 նահանգների 19 քաղաքներում, ինչպես նաև Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եթովպիայում, Սուդանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Կուբայում, Արգենտինայում։ Ա. մ. սփյուռքի հայրենակցական միությունների շարքերում միշտ գործուն մասնակցություն է ունեցել համագաղութային ձեռնարկումներին։

1925-ի դեկտեմբերից հրատարակվում է Միության պաշտոնաթերթ «Նոր Արաբկիր»–ը։ Պ. Մարտիրոսյան


ԱՐԱԲՆԵՐ (ինքնանվանումը՝ ալ–արաբ), ազգակից ժողովուրդների խումբ Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում. ընդհանուր թիվը՝ ավելի քան 96 մլն. (1967), որից Աֆրիկայում՝ 63 մլն., Ասիայում՝ 32 մլն.։ Ա. կազմում են արաբական երկրների բնակչության ավելի քան երեք քառորդը (Ասիայում՝ Լիբանան, Սիրիա, Հորդանան, Իրաք, Սաուդյան Արաբիա, Եմենի Արաբական Հանրապետություն, Հարավային Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Քուվեյթ, Օման, Մասկաթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, և Աֆրիկայում՝ Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Ալժիր, Մարոկկո, Մավրիտանիա)։ Ավելի քան 800 հզ. Ա. ապրում են Չադ Հանրապետությունում (Աֆրիկա), 500 հզ. Ֆրանսիայում, 450 հզ. Իրանում, նույնքան էլ՝ Թուրքիայում, 300 հզ. Իսրայելում, 150 հզ. ԱՄՆ–ում։ Նիգերիայում, Նիգերում և Ինդոնեզիայում ապրում են ավելի քան 100 հզ–ական Ա.։ Ա–ի թիվը ՍՍՀՄ–ում 8 հզ. է։ Ա–ի հայրենիքը Հյուսիսային Արաբիան է։ Ենթադրվում է, որ մ. թ. ա. II հազարամյակում նրանց նախնիները՝ սեմական ցեղերը, տարածվել են ամբողջ թերակղզում։ Մ. թ. ա. I հազարամյակում արաբական քոչվոր ցեղերը ներխուժել են Ասորիք և Միջագետք, Հյուսիս–Արևելյան Աֆրիկա՝ ստեղծելով արաբական առաջին պետական կազմավորումները՝ Պալմիրա, Նաբաթեա ևն։ Հայ մատենագրության մեջ Ա. հիշատակվում են «տաճիկ» անունով։ Ա–ի ներխուժումը հարևան երկրներ մեծ ծավալ ընդունեց մ. թ. VII դ. 1-ին կեսին, երբ նրանք նոր կրոնի՝ իսլամի դրոշի ներքո գրավեցին Սերձավոր Արևելքի և Սիջերկրական ծովի շատ երկրներ՝ ստեղծելով արաբական հսկայածավալ խալիֆայությունը, որը տարածվում էր Հնդկաստանից մինչև Ատլանտյան օվկիանոս և Միջին Ասիայից մինչև Կենտրոնական Աֆրիկա։ Արաբական տիրապետության ժամանակ Հայաստան են թափանցել զանազան արաբական ցեղեր (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում)։ X դ. նվաճված ժողովուրդների ազատագրական պայքարի և ֆեոդալական մասնատվածության հետևանքով խալիֆայությունը կազմալուծվում է։ Հյուսիսային Աֆրիկայի բնիկները, ընդունելով Ա–ի լեզուն, կրոնը և մշակույթի շատ տարրեր՝ ենթարկվեցին արաբացման։ Իրենց հերթին Ա. ևս ընդունեցին նվաճված ժողովուրդների մշակույթի որոշ տարրեր։ Առաջացավ ինքնատիպ արաբական մշակույթը։ XVI դ. արաբական երկրների մեծ մասը նվաճեց Օսմանյան կայսրությունը։ XIX դ. արաբական երկրներն ընկան Եվրոպայի գաղութատեր պետությունների տիրապետության տակ։ 1940– 60-ին ծավալվեց լայն ազգային–ազատագրական պայքար, արաբական երկրների մեծ մասը ձեռք բերեց պետական անկախություն։ Գաղութատերերի դեմ պայքարի ընթացքում արաբական ժողովուրդների համախմբման շնորհիվ սկսեցին ձևավորվել խոշոր ազգեր (եգիպտական, ալժիրական ևն)։

Մարդաբանական տեսակետից Ա. եվրոպեոիդներ են։ Հիմնական մարդաբանական տիպն է՝ միջերկրականը, բայց Իրաքում և Արևելյան Արաբիայում տարածված է արմենոիդ տիպը, հարավային Արաբիայում՝ եթովպիականը։ Չադ Հանրապետությունում, Նիգերիայում և Կամերունում Ա. պատկանում են նեգրոիդ ռասային։ Արաբական խոսակցական լեզուն, որը պատկանում է սեմական լեզվախմբին, ունի մի շարք բարբառներ։ Միաժամանակ գոյություն ունի արաբական միասնական գրական լեզու։ Կենցաղում, ավանդույթում և հոգևոր կյանքում կան մշակույթի համաարաբական տարրեր։ Նկատելի են արաբական ժողովուրդների մշակութային առանձնահատկություններ։ Ըստ կրոնի, հավատացյալ Ա–ի մեծամասնությունը սունի մահմեդականներ են։ Ս. Բրուկ

ԱՐԱԲՈ (մոտ 1863-1893), հայ ֆիդայի, 1880–90-ական թթ. ազգային–ազատագրական շարժման հերոս։ Թուրքական իշխանությունների կողմից դատապարտված է եղել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից և թաքնվել Սասունի գյուղերում։ Իր շուրջը համախմբելով Մշո և շրջակա գյուղերի հայ երիտասարդներին՝ նա հալածել է աշխատավոր գյուղացիների իրավունքներին բռնացող քուրդ ցեղապետներին ու թուրք հարկահավաքներին։ Զոհվել է Գյալի–Սորի ձորում, հրոսակների դեմ կռվելիս։ Ա–ի հիշատակին սասունցի հայերն ու այլազգիները երգեր են հյուսել։

Գրկ. Մարկոսյան Ա., Արևմտահայության վիճակը XIX դ. վերջերին, Ե., 1968, էջ 195–96, 204։


ԱՐԱԳԱԾ (Ալագյազ, Ալագյոզ), լեռնազանգված Հայկական ՍՍՀ արևմուտքում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս–արևմտյան մասում, Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև։ Իր շրջապատի նկատմամբ համարյա առանձնացած բարձրություն է, արտաքնապես բավականին կանոնավոր փռված կոն՝ ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով ու մինչև 200 կմ ստորոտի եզրագծով։ Ա–ի անվան ծագումը պատմիչները կապում են Արա աստծո հետ (Արագած բառը վերծանվում է այսպես՝ Արա + գահ = Արայի գահ)։ Ա–ի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ «վիշապներ», միջնադարյան ճարտարապետության հոյակապ կերտվածքներ։ Ա–ի լեռնազանգվածը մտել է Մեծ Հայքի երեք՝ Արագածոտն, Շիրակ, Նիգ գավառների մեջ։ Այժմ լեռնազանգվածը շրջապատված է Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Արագածի, Ապարանի շրջաններով։ Ա–ի անմատույց քարայրներում և խոր ձորերում հայ ժողովուրդը բազմիցս պատսպարվել է օտարերկրյա արշավանքներից։

Իր բարձրությամբ Ա. Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մ. Մասիս՝ 5165 մ, Սեբելան՝ 4821 մ, Սիփան՝ 4434 մ) և ՀՍՍՀ ամենաբարձր լեռն է։ Գագաթն ունի չորս սուր կատարներ, որոնք դասավորված են մոտ 270° աղեղի վրա։ Կատարներից ամենաբարձրը Հյուսիսայինն է՝ 4090 մ։ Արևմտյանը՝ 4080 մ, Արևելյանը՝ 3916 մ և Հարավայինը՝ 3879 մ։

Ա–ի զանգվածը կազմված է երրորդական հասակի 400–800 մ հզորության հրաբխային ապարներից՝ անդեզիտներից, անդեզիտա–դացիտներից, իսկ ստորոտը շըր–