Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։

կանացման համար 1960-ին Արագածի լանջին (2050 մ բարձրության վրա) հիմնադրվեց նաև Նոր Ամբերդի կայանը: Այս երկու կայաններում հայ ֆիզիկոսների հետ այժմ աշխատում են Սովետական Միության և արտասահմանյան շատ ֆիզիկոսներ. կազմակերպվում են միութենական և միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված տարրական մասնիկների ֆիզիկային։ Կ. Իսպիրյան

ԱՐԱԳԱԾՅԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂԱԽՈՒՄԲ, մսաբրդատու, կիսանրբագեղմ, ճարպապոչավոր ոչխարների ցեղախումբ։ Ստեղծվել է 1931-52-ին, Թալինի շրջանի Ալագյազի ոչխարաբուծական տոհմային տնտեսությունում, Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ։ Ցեղախմբի ստեղծման համար օգտագործվել են բալբասի և ռամբուլիեի խառնացեղերը։ Կիրառվել է ընտրություն, զույգ ընտրություն և մասամբ ազգակցական բուծում։ Ա. ո. ց. հարմարված է լեռնային պայմաններին։ Պահպանում է ելակետային ցեղերի կենսաբանական ու տնտեսական դրական հատկանիշները։ Բնորոշվում է ամուր մարմնակազմով և զարգացած պոչով։ Խոյերի միջին կենդանի քաշը 90–120 կգ է, մաքիներինը՝ 56–61, սպանդային ելքը՝ 53-58%։ Տոհմային խոյերի բրդատվությունը 4–6 կգ է, մաքիներինը՝ 3–3,5 կգ։ Բուրդը միատարր է, կիսանուրբ, սպիտակ, 50–58 որակի, մաքուր ելքը՝ 63–67%, երկարությունը՝ 10–11 սմ։ Կաթնատվությունը (3 ամսում)՝ 50 կգ։ Վաղահաս են, 7 ամսական գառները կշռում են 42–47 կգ։ Այդ ցեղախմբի ոչխարները տարածված են հիմնականում Թալինի շրջանում։ Տոհմային խոյերը օգտագործվում են Մարտունու շրջանի կոլտնտեսություններում բալբաս ցեղի, իսկ 1965-ից Հոկտեմբերյանի, Արթիկի և Ախուրյանի շրջանների առանձին տնտեսություններում՝ խառնացեղ ոչխարների բարելավման համար։

(նկ․) Արագածյան ցեղախմբի մաքի։


ԱՐԱԳԱԾՈՏՆ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Ընդգրկել է ՀՍՍՀ ներկայիս Հոկտեմբերյանի, Էջմիածնի և Աշտարակի շրջանները և Թալինի ու Նաիրիի շրջանների տարածքի մի մասը՝ 3050 կմ² տարածությամբ։ Կոչվել է նաև Ոտն Արագածո։ Այստեղ էին գտնվում Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրը և Վաղարշապատը։ Ա–ում է հիմննվել Վարդգեսավան բնակավայրը, որը Վաղարշակ Ա թագավորի օրոք (117–140) վերանվանվել է Վաղարշապատ՝ դառնալով Մեծ Հայքի մայրաքաղաքը։ Միջին դարերում Ա–ի հս. մասը կոչվել է Ամբերդ գավառ՝ համանուն ամրոցի անունով։ IX–XI դդ. Պահլավունիների կալվածքն էր։ 1386-ին Ա. ասպատակեցին Լենկթեմուրի զորքերը։ XV դ. գավառն ընկել է Կարա–Կոյունլուների, ապա Ակ–Կոյունլուների տիրապետության տակ, իսկ 1502-ից մտել է Սեֆևյան Իրանի կազմի մեջ։ 1639-ից Ա. Երնանի խանության մասերից էր, իսկ 1828-ին Արևելյան Հայաստանի մյուս շրջանների հետ միացվեց Ռուսաստանին։

Գրկ․ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ., 1890։ Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։


ԱՐԱԳԱՀՈՍՔ, մեծ թեքության ունեցող առվի կամ վաքի նմանվող հիդրոտեխնիկական կառույց՝ ջուրը ջրամբարի կամ ջրատարի վերին տեղամասից ստորինը տեղափոխելա (10–20 մ/վրկ արագությամբ) համար։ Հաճախ հոսքի արագությունը նվազեցնելու համար Ա–ի հատակին ու պատերին արվում են անհարթություններ։ Կիրառվում են ոռոգման ջրանցքներում, հիդրոհանգույցներում իբրև ջրնետներ, լաստանցներ ևն։


ԱՐԱԳԱՑՈՒՄ, նյութական կետի շարժման արագության մեծության և ուղղության փոփոխությունը բնութագրող վեկտորական մեծություն։ Ա–ման վեկտորը () հավասար է արագության () առաջին կարգի ածանցյալին՝ ըստ ժամանակի , ուղղված է կետի հետագծի դեպի գոգավորված կողմը և գտնվում է հալման հարթության վրա։ Ա–ման պրոյեկցիաները դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգի առանցքների վրա հավասար են արագության պրոյեկցիաների առաջին կամ կոորդինատների երկրորդ կարգի ածանցյալներին՝ ըստ ժամանակի՝ ։ Այս դեպքում Ա–ման մոդուլը՝ ։ Հետագծի շոշափողի և գլխավոր նորմալի վրա Ա–ման պրոյեկցիաները կոչվում են շոշափող (տանգենցյալ) և կենտրոնաձիգ (նորմալ) Ա–ներ, որոնք համապատասխանաբար հավասար են ( արագության թվային արժեքն է, իսկ -ը կորության շառավիղն է հետագծի համապատասխան կետում)։ Ա. ընդհանուր մեծությունը՝ Տանգենցյալ Ա. բնութագրում է արագության փոփոխությունը ըստ մեծության, իսկ նորմալ Ա.՝ ըստ ուղղության։ Ա–ման ուղղությունը համընկնում է ազդող ուժի ուղղության հետ։ Նյութական կետի Ա. ուղիղ համեմատական է ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ զանգվածին։ Հավասար արագացող շարժման դեպքում Ա–ման մեծությունը արագության փոփոխաթյան և այն ժամանակամիջոցի հարաբերությունն է, որի ընթացքում տեղի է ունեցել այդ փոփոխությունը։ Պտտական շարժման անկյունային Ա.՝ ։


ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉՆԵՐ, արագացված մասնիկների փնջեր ստանալու տեղակայումներ։ Օգտագործվում են միջուկային, պինդ մարմնի և տարրական մասնիկների ֆիզիկայում, միջուկային քիմիայում, սպեկտրոսկոպիայում ևն։ Ներկայումս, որպես տարբեր տեսակի իոնացնող ճառագայթման հզոր աղբյուրներ և տարբեր օբյեկտների ճառագայթահարման համար ծառայող միջոցներ, կիրառվում են նաև բժշկության, կենսաբանության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Բոլոր տիպի Ա–ում լիցքավորված մասնիկը շարժվելով էլեկտրական դաշտում՝ ձեռք է բերում մեծ արագություն։ Արագացնող էլեկտրական դաշտի բնույթից կախված, լինում են (տես սխեման), ա. մրրկային դաշտով ինդուկցիոն Ա., բ. իմպուլսային կամ ստատիկական դաշտով անմիջական ազդեցության Ա., գ. բարձր հաճախականության դաշտով ռեզոնանսային Ա., դ. կոլեկտիվ դաշտերով Ա.։ Ինդուկցիոն Ա. (բետատրոն, գծային ինդուկցիոն Ա.) նախատեսված են էլեկտրոններին հիմնականում մինչև 10–20 Մէվ էներգիա հաղորդելու համար։ Բետատրոնը կազմված է փոփոխական հոսանքով սնվող էլեկտրամագնիսից և նրա բևեռների միջն գտնվող վակուումային խցիկից, ուր տեղադրվում է համեմատաբար ցածր էներգիայի էլեկտրոնների աղբյուրը (էլեկտրոնային թնդանոթը), ինչպես նաև թիրախը, որի հետ բախվելով էլեկտրոններն արգելակվում են և առաջացնում կոշտ ռենտգենյան ճառագայթներ։ Բետատրոնի վակուումային խցիկ մղված համեմատաբար ցածր էներգիայի էլեկտրոններն արագանում են ի հաշիվ այն ինդուկցիոն մրրկային էլեկտրական դաշտի, որն առաջանում է մագնիսական դաշտի աճման ընթացքում։

Ինդուկցիոն Ա–ում մրրկային էլեկտրական դաշտն առաջանում է մագնիսական հոսքի արագ փոփոխման հետևանքով։