Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրորդը (ավելի բուռն)՝ մայիս–հունիս, լեռների ձնհալքի հետ։ Ամենացածր մակարդակները լինում են հուլիս–օգոստոսին և ձմռանը։ Երրորդ թույլ հորդացումը աշնանային անձրևներից է։ Հորդացման ժամանակ Ա. մեծ ավերածություններ է առաջացնում, հատկապես Արարատյան, Միլիի ու Մուդանի դաշտերում։ Հայտնի է Ա–ի 1896-ի հորդացումը, երբ գետը, Մուղանի դաշտում ճեղքելով իր նստվածքները, փոխեց հունը և ջրերի մեծ մասն ուղղեց նոր հունով՝ Նոր Ա–ով, ողողելով մոտ 180 հզ. հա, առաջացրեց Աղ–Չալա (երկ. 28 կմ, լայն. 21 կմ) և Մահմուդ–Չալա լճերը։ Այժմ Նոր Ա. արհեստականորեն փակված է, նրա մեջ ջուր բաց է թողնվում միայն անհրաժեշտության դեպքում։ Հորդացումների ժամանակ Ա. միջին և ստորին հոսանքներում հաճախակի փոխում է իր հունը՝ միշտ շարժվելով դեպի հվ.։ Խորենացու վկայությամբ, Ա–ի հունը Արարատյան դաշտում անկայուն լինելով, հեռացել է հայոց մայրաքաղաքներ Արմավիրից, Վաղարշապատից, Արտաշատից։ Հնահուներ նկատվում են Արարատյան դաշտում (3–4) և ստորին հոսանքում, հայտնի է «Չոր Ա.» (Հոկտեմբերյանի շրջան)՝ բավականին լայն ճահճապատ մի տարածություն, որը նկատվում է տեղ–տեղ մինչև Արտաշատ։ Ա. չափազանց տղմոտ է։ Ջրերի բերած տղմի տարեկան քանակը ստորին հոսանքում մոտ 20 մլն. տ է, տարեկան միջին պղտորությունը՝ 1268 գ/մ³, առավելագույնը՝ 24830 գ/մ³։ Ա–ի միջին ծախսը 222 մ³/վրկ է (Կարադոնլի, Ադրբեջանական ՍՍՀ), տարեկան հոսքը՝ մոտ 7 մլրդ. մ³։ Հաստատուն սառցակալումը բացակայում է, սառցային երևույթներով օրերի թիվը տատանվում է 2-ից 43։ Նավարկելի չէ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ռուսական կառավարությունը քայլեր է կատարել Ա–ի ջրերն օգտագործելու համար։ 1848-ին, առաջին անգամ, «Վոլգա» անունով ռուսական ջերմանավը, որն ուներ 40 ձ. ու., մտավ Ա.՝ գետի նավարկելիությունը ստուգելու նպատակով։ Այդ փորձը ձախողվեց և այնուհետև չկրկնվեց։ Շատ հնուց Ա–ի ջրերը բարեբեր են դարձրել նրա ափերը։ Ա–ի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Տակավին VII դարից գոյություն է ունեցել ներկայիս Հոկտեմբերյանի ջրանցքը։ 1870-ին ռուսական կառավարությունը հատուկ պայմանագրով Ա–ի մի հատվածը (Արարատյան դաշտում) 65-ամյա ժամկետով հանձնեց հայազգի գեներալ–մայոր Կախանովին։ 1874-ին Կախանովը գործարկեց մի ջրանցք, որը ոռոգելի դարձրեց մի քանի տասնյակ հա տարածություն։ Այժմ փորված են Ազիզբեկովի անվ., Մոսկովյան, Լենինի անվ., Ձախակողմյան, Շահումյանի անվ. ջրանցքները (Ադրբեջանական ՍՍՀ) ևն։ Ա–ի վրա սովետա–իրանական պայմանագրով Նախիջևանի մոտ կառուցվել է (1971) հիդրոտեխնիկական համալիր։ Նախատեսվում է խուղաֆերինի (1,7 մլրդ. մ³), Նախիջևանի (1 մլրդ. մ³), Օրդուբադի, Մեղրու և Նյուվադիի ջրամբարների կառուցումը։ X դ. արաբ աշխարհագիր Իբն–Ֆակիհը գրում է, որ միայն Ա–ի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1.000 քաղաք ու գյուղ։

Ա. գովերգել են հայ և օտարազգի պատմիչներն ու գրողները։ Հռոմեացի նշանավոր բանաստեղծ Վիրգիլիոսը (մ. թ. ա. 74–19) Ա. պատկերել է որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ուժի, ազատաբաղձության ու ըմբոստության խորհրդանիշ. «et pontem indignatus Araxe»՝ «և գետն Երասխ՝ կամուրջներ չհանդուրժող»։ Հռոմեացի մի ուրիշ բանաստեղծ՝ Ալբիոս Տիբուլլոսը (մ. թ. ա. 54–19) իր «Եղերերգություններ» երկի մեջ Ա. անվանել է «finivit Araxe»՝ «աղվորիկ Արաքս»։ Հայ քնարերգության գոհարներից է ՌափայելՊատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը, որ առաջին անգամ տպագրվել է 1856-րն, ապա ձայնագրվել և դարձել հայկական սիրված երգերից մեկը։ Հայ արձակում Ա–ի գեղարվեստական հաջող նկարագիրը տվել է Րաֆֆին («Սամվել» վեպի «Արաքսի որոգայթները» գլխում)։ Ա–ի հետ կապված են հայ ժողովրդական շատ զրույցներ ու ավանդություններ։ Ահա դրանցից մեկը. «Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվամ է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և, լքելով իր հայրենիքը, գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս» (Ղանալանյան Ա., Ավանդապատում, 1969, էջ 87)։

Ա. անունով են կոչվում Սովետական Հայաստանի և սփյուռքահայ բազմաթիվ մշակութային ու մարզական միություններ, պարբերականներ ևն։ 1945-ին, Սախալին կղզու հարավային մասը ճապոնացիներից ազատագրելուց հետո, Սովետական Միության տարբեր կողմերից այստեղ եկած նորաբնակները իրենց հետ բերեցին հայրենի վայրերի, գետերի, լճերի շատ անուններ։ Ահա այդ ժամանակ էլ Սախալինի գետերից մեկը կոչվեց Ա. և այժմ էլ կրում է այդ անունը։ Հ. Աճառյանը գրում է, որ XIX դարից Հայաստանի մայր գետի անունը հայերի մոտ սկսեց գործածվել որպես իգական անուն (Արաքսի, Արաքսյա)։ Ա. Պողոսյան

ԱՐԱՔՍ (մինչև 1946՝ Ներքին Ղարխուն), գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ։ 841 բն. (1970), հայեր և մասամբ քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։


ԱՐԱՔՍ, երկաթուղային կայարան Երևան–Լենինական ուղեմասում։


«ԱՐԱՔՍ», տես Թվանշանային հաշվողական մեքենա։


«ԱՐԱՔՍ», գրական և գեղարվեստական պատկերազարդ վեցամսյա հանդես, լույս է տեսել 1887–98-ին, Ս. Պետերբուրգում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ս. Գուլամիրյան։ Ունեցել է լիբերալ–բուրժուական ուղղություն։ Տպագրել է հասարակական–քաղաքական, հայագիտական, բանասիրական, գրաքննադատական, պատմա– աշխարհագրական, տեդագրական և ազգագրական հոդվածներ։ Գրական–գեղարվեստական բաժնում «Ա.» տպագրել է Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Պ. Պռոշյանի, Ա. Իսահակյանի, Նար–Դոսի, Ա. Ծատուրյանի ստեղծագործությունները, թարգմանություններ ռուս և եվրոպական դասականներից (Մ. Լերմոնտով, Լ. Տոլստոյ, Ի. Տուրգենև, Շեքսպիր և ուրիշներ)։ Տեսական և քննադատական հոդվածներ է տպագրել Հ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Վերեշչագինի և այլ արվեստագետների մասին, ինչպես նաև Հայաստանի բնությունը, արվեստի կոթողները պատկերող նկարներ, նշանավոր նկարիչների գործեր։

(նկ․) «Արաքս» հանդեսի շապիկը։


«ԱՐԱՔՍ», գրական–հասարակական, պատմագիտական և քաղաքական շաբաթաթերթ (1907-ին՝ ամսաթերթ)։ Լույս է տեսել 1905–07-ին, Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում (ԱՄՆ)։ Խմբագիրն էր Վ. Շահենին (Հովհ. Հակոբյան)։ Տպագրել է նամակներ արևմտահայ գավառներից, պատկերել հայ գյուղացու տնտեսական ու քաղաքական բռնադատված դրությունը։ Անմիջականորեն չհարելով որևէ կուսակցության՝ «Ա.»–ի հեղինակները պրոպագանդել են արևմտահայ ազգային–ազատագրական պայքարի գաղափարը։ «Ա.» դատապարտել է Կովկասի ժողովուրդների ազգամիջյան ընդհարումները, դրանք համարել ցարիզմի ազգային քաղաքականության հետևանք, տպագրել է Մ. Գորկու նամակը Ս. Հ. Րայթին, ուր բացատրվում