Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԴՅԱՆ 75

4 տարին մեկ և բաղկացած է 7 հոգուց։ Հայկական առաջին դպրոցը («Ազգային Արարատյան վարժարան») հիմնվել է 1918-ին։ Այժմ գործող դպրոցը կոչվում է «Ազգային Գևորգով վարժարան» (150 աշակերտով, նախակրթարան)։ Հայկական եկեղեցին (Ս. Գևորգ) կառուցվել է 1934-ին։ 1958–62-ին հրատարակվել է «Փյունիկ» ամսաթերթը։ Գործում են «Արարատ» մարզական միությունը, Եկեղեցասեր տիկնաց միությունը, Հայ տիկնաց բարեսիրաց միությունը, ՀԲԸՄ մասնաճյուղը, «Մուրադյան» և «Կոմիտաս» երգչախմբերը, «Հայ բեմ» խումբը։

ԱԴԻՍՈՆ (Addison) Ջոզեֆ (1672–1719), անգլիացի հրապարակախոս, լուսավորիչ, գրող և քննադատ։ Աշխատակցել է իռլանդացի դրամատուրգ քաղաքական գործիչ Ռիչարդ Ստիլի «Թաթլըր» («The Tatler») հանդեսին և նրա հետ միասին հրատարակել է «Սփեքթեյթըր» («The Spectator») և «Գարդիըն» («The Guardian») պարբերականները։ Կլասիցիզմի ոճով գրել է «Կատոն» ողբերգությունը՝ դրվատելով քաղաքացիական առաքինությունը։ Իր ակնարկներով հող է պատրաստել XVIII դ. անգլիական ռեալիստական վեպի համար։


ԱԴԻՍՈՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, բրոնզախտ, առաջանում է մակերիկամների կեղևային մասի գործունեության խանգարումից (տուբերկուլոզի, սիֆիլիսի, ուռուցքների հետևանքով)։ Առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Թ. Ադիսոնը 1855-ին։ Ա. հ. զարգանում է աստիճանաբար՝ 2–3 տարում։ Ախտանիշները՝ գրգռվածություն, հոգնածություն, սեռական անկարություն, մկանացավեր, մարսողության խանգարում, մազաթափություն, ընդհանուր հյուծվածություն։ Մաշկը դառնում է բրոնզագույն, տեսանելի լորձաթաղանթներում, ափերի, մատների ծալքերի և մարմնի շփման ենթակա հատվածներում հայտնվում է պիգմենտացիա։ Բուժվում է հորմոնային դեղամիջոցներով։


ԱԴԻՏԻՎՈՒԹՅՈՒՆ (<լատ. additivus – ավելացվող, գումարվող), մեծությունների հատկություն, որի էությունն է. ամբողջ օբյեկտին համապատասխանող մեծության արժեքը հավասար է նրա առանձին մասերին համապատասխանող մեծությունների արժեքների գումարին, անկախ օբյեկտի տրոհման եղանակից։ Օրինակ՝ ծավալի Ա. նշանակում է՝ ամբողջ մարմնի ծավալը հավասար է նրա մասերի ծավալների գումարին։ Ա֊յան հատկությամբ օժտված են նաև կորի երկարությունը, մակերևույթի մակերեսը, մարմնի զանգվածը, կշիռը, իմպուլսը, չփոխազդվող մասնիկներից կազմված համակարգի էներգիան ևն։


ԱԴԻՐՆԵՐ, 100–400 մ հարաբերական բարձրությամբ բլրաթմբային նախալեռներ, որոնք եզրավորում են Տյան֊Շանի լեռնաշղթան (Ֆերգանայի, Գիսարյան հովիտներում ևն)։ Կազմված են երրորդականի և չորրորդականի հատվածքներից՝ ծածկված լյոսով և լյոսանման ապարներով։ Ա. կտրատված են, ճյուղավորված, զառիթափ խոր ձորակներով։


ԱԴԼԵՐ (Adler) Ալֆրեդ (1870–1937), ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի ստեղծողը։ Ծնվել է փետրվարի 2-ին, Վիեննայում։ Սկզբում հարել է Զ. Ֆրեյդի ուսմունքին, ապա 20-ական թթ. ստեղծել անհատական հոգեբանության իր դպրոցը։ Ա. անձի հոգեկանի շարժիչ ուժը համարում է «իշխելու ձգտումը», որն իբր բխում է նրա «ոչ լիարժեքության» զգացումից, իսկ բնավորության ձևավորման պրոցեսը դիտում է որպես այդ «ոչ լիարժեքության» դեմ ներքին բողոքի արդյունք։ Ա֊ի ուսմունքում որոշիչը ճակատագրորեն տրված «մարդը մարդու համար գայլ է» հակագիտական դրույթն է։ Մահացել է մայիսի 28-ին, Աբերդինում։

Երկ. Индивидуально-психологическое лечение нервов, М., 1913.


ԱԴԼԵՐ (Adler) Մաքս (1873–1937), ավստրիացի փիլիսոփա, ավստրոմարքսիզմի տեսաբան։ Վիեննայի համալսարանի պրոֆ.։ Ծնվել է հունվարի 15-ին։ Ա. ձգտում էր մատերիալիստական դիալեկտիկան փոխարինել կանտյան իդեալիզմով։ Ըստ Ա֊ի, սոցիալիզմը յուրահատուկ կրոն է, «հավատ դեպի մարդկային առաջադիմությունը»։ Մարքսիզմի նման խեղաթյուրումը մի փորձ է՝ շեղել հասարակական առաջադեմ ուժերը գիտակից, կազմակերպված գործունեությունից։ Ա. ակտիվորեն մասնակցել է Ավստրիայի սոցիալ֊դեմոկրատական կուսակցության գործունեությանը։ Մահացել է հունիսի 27-ին։


ԱԴԼԵՐ (Adler) Վիկտոր (1852-1918), ավստրիական գործիչ, սոցիալ֊դեմոկրատիայի պարագլուխ։ Ծնվել է հուլիսի 24-ին։ 1905-ից պառլամենտի (ռայխսրատի) անդամ էր։ Քաղաքական գործունեությունն սկսել է պան֊գերմանական կազմակերպությունում։ 1883-ից հետաքրքրվել է բանվորական շարժման հարցերով և մոտեցել սոցիալ֊դեմոկրատիային։ Երկու անգամ հանդիպել է Ֆ. Էնգելսին (1883 և 1889), նամակագրական կապ է ունեցել նրա հետ (1889–95)։

Ավստրիական ս֊դ. կուսակցության Հայնֆելդի հիմնադիր համագումարում (31 դեկտ. 1888 — 1 հունվ. 1889) ընդունված ծրագրի գլխավոր հեղինակներից էր։ Մեծ աշխատանք է տարել ավստրիական ս֊դ. շարժման պառակտումը կանխելու և միասնական կուսակցություն ստեղծելու համար։ Կուսակցության քաղաքականության մի շարք կարևոր հարցերում, մասնավորապես ազգային հարցում, տուրք է տվել օպորտունիստական հայացքների։ 1914–18-ի իմպերիալիստական պատերազմի ժամանակ հարել է սկզբում գերմանական սոցիալ֊շովինիստների դիրքավորմանը մոտ տեսակետի, ապա՝ ցենտրիզմին և կաուցկիական դիրքերից քննադատել նրանց։ Սակայն Ա֊ի քննադատության գլխավոր օբյեկտը եղել է գերմանական սոցիալ֊դեմոկրատիայի ձախ թևը (Կ. Լիբկնեխտ, Ռ. Լյուքսեմբուրգ)։ 1918-ի նոյեմբերին կարճ ժամանակ եղել է Ավստրիայի արտաքին գործերի մինիստր։ Մահացել է նոյեմբ. 11-ին։


ԱԴԼԵՐ, կլիմայական բուժավայր Սև ծովի կովկասյան ափին (տես Սոչի


ԱԴՀԵԶԻԱ (<լատ. adhesio – կպչել), երկու տարասեռ նյութերի (պինդ կամ հեղուկ) իրար կպչելու երևույթը։ Ա. մակերևութային մոլեկուլների փոխազդեցությունների հետևանք է։ Պինդ մարմինների հպվող մակերեսների անհարթությունները փոքրացնում են Ա֊ի ուժը։ Հեղուկ և պինդ նյութերի Ա. սահմանային է, քանի որ հպումը տեղի է ունենում ամբողջ մակերևույթով, անկախ անհարթությունից։ Ա֊ի ցայտուն օրինակ են լաքապատումը, ներկումը, մետաղների գալվանապատումը (էլեկտրա֊բյուրեղացում), զոդումը, եռակցումը և սոսնձումը, երբ հպման ամբողջ մակերեսով առաջանում է լրիվ կոնտակտ։ Ա֊ի մասնավոր դեպք է կոհեզիան (երբ հպվում են միատեսակ նյութեր)։ Եթե Ա֊ի ուժն ավելի մեծ է, քան հեղուկի ներսում գործող կոհեզիայի ուժը, ապա պինդ նյութերը թրջվում են հեղուկով։


ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ (< լատ. administratio — կառավարում), լայն առումով՝ պետության կառավարման ամբողջ գործունեությունը, նեղ առումով՝ առանձին հիմնարկ֊ձեռնարկությունների ղեկավար անձինք։ Տես նաև Վարչություն։


ԱԴՄԻՐԱԼ (արաբ․ ամիր ալ֊բահր–ծովի տիրակալ), տես Ծովակալ։


ԱԴՅԱՄԱՆ (այժմ՝ Ներքին Գետաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավ-արևելյան ափին։ Հինավուրց հայկ. Կոթ գյուղն է, որ ուշ միջնադարում վերանվանվել է Ա.։ 1908-ին Ա֊ում հայտնաբերվել է ուշ բրոնզի դարաշրջանի (մ. թ. ա. II հազարամյակի վերջը) հարուստ դամբարան։ Հանգուցյալը պառկած է եղել եզներ լծած փայտյա քանդակազարդ սայլի վրա։ Շուրջը տարածված էին հուղարկավորության ժամանակ սպանված մարդկանց կմախքները։ Գտնվել են մեծ թվով բրոնզյա իրեր։ Նման դամբարանաբլուրներում (Լճաշեն, Մուխան) թաղել են անասնապահական ցեղերի առաջնորդներին, որոնք ապրել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման ժամանակ, ունեցել են զարգացած ինքնատիպ մշակույթ և կապերի մեջ են եղել Հին Արևելքի երկրների հետ։

Գրկ. Լալայան Ե. Ա., Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում, Ե., 1931։


ԱԴՅԱՆ Սերգեյ Իվանի (ծն. 1931), սովետական մաթեմատիկոս։ Ծնվել է հունվարի 1-ին, Ադրբ. ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղում։ Ֆիզմաթ գիտ. դ֊ր (1962), պրոֆ. (1968)։ 1952-ին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1956-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի