6 հզ. ձու: Տարեկան որսում են մինչև 20 հզ. ա Ծ.: Օգտագործում են թարմ, սառեցրած և պահածոյացված վիճակում: ԾՈՎԱԽՈԶՈՒԿ (Cavia porcellus) հնդկական, գվինեական խոզուկ, կրծողների կարգի կաթնասուն կենդանի: Գլուխը մեծ է, ոտքերը՝ կարճ, արտաքին պոչ չունի: Մարմնի երկարությունը մինչև 35 սմ է, քաշը՝ 250 գ: Ետին թաթերն ունեն 3, առաջինները՝ 4 մատ: Մթնշաղային կյանք է վարում, փոքր խմբերով ապրում է գետնափոր բներում: Ծ-ները տարածված են եղել Հարավային Ամերիկայում, որտեղից XVI դ. բերվել են Եվրոպա: Բազմանում է տարեկան 2-3 անգամ, տալիս 1-4 ձագ: Ծ-ից ստացվել են տարբեր սեռեր, որոնց անհատները միմյանցից տարբերվում են մորթու գույնով ու բնույթով: Լայնորեն օգտագործվում են որպես լաբորատոր կենդանիներ բժշկ. նպատակով և ֆիզիոլոգիական փորձերում:
ԾՈՎԱԽՈՐՇ, ծովի, ծոցի, լճի, ջրամբարի ոչ մեծ տեղամաս՝ բաց ջրերից անջատված ցամաքի հատվածներով: Ծ-ի ջրաբանական ռեժիմը փոքր-ինչ տարբեր է նրան հարող ջրերից: Ծ. սովորաբար նավահանգիստների հարմար վայր է (Գելենջիկի և Նովոոոսիյսկի ծովախորշերը Սև ծովում, Ոսկեղջյուրը՝ Բոսֆորի նեղուցում, ևն):
ԾՈՎԱԿ, Ծովակ Հյուսիսո (այժմ՝ Չըլդըր), լիճ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում (այժմ՝ Թուրքիայում), 1959 մ բարձրության վրա: Մակերեսը 85 կմ² է, խորությունը՝ 42,7 մ: Ունի գագաթով դեպի հվ. դարձած եռանկյան ձև: Երկարությունը հս-ից հվ. մոտ 20 կմ է, լայնությունը՝ հս-ում 16 կմ: Լճից սկիզբ է առնում Չըլդըր գետը: Սնումը խառն է: Ջուրը մաքուր է, անուշահամ:
ԾՈՎԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանա լճի հարավ-արևելյան ափին, շրջկենտրոնից 9 կմ արևմուտք: Ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, տնկիների աճեցմամբ և լճից ազատված տարածությունների անտառատնկման աշխատանքներով: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, երկու գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց, մթերակայան, կապի բաժանմունք, դեղատուն, հանրախանութ: Ծ-ում և նրա շրջակայքում կան կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ. թ. ա. առաջին հազարամյակ), դամբարաններ (մ. թ. ա. երկրորդ-առաջին հազարամյակներ), Սարդուր Բ-ի սեպագիր արձանագրություն (մ. թ. ա. VIII դ.), գերեզմանոցներ, խաչքարեր (XI-XVIII դդ.):
ԾՈՎԱԿԱԼ, զինվորական կոչում (աստիճան) ռազմածովային նավատորմերում: Եվրոպայում օգտագործվել է XII դարից: Ռուսաստանում ծովակալական աստիճաններ սահմանվել են Պետրոս I-ի օրոք: ՍՍՀՄ-ում սահմանված են ծովակալական հետևյալ կոչումները՝ դերծովակալ, փոխծովակալ ծովակալ, նավատորմի ծովակալ, իսկ ինժեներանավաշինական ծառայության գծով՝ ինժեներ-դեր-ծովակալ, ինժեներ-փոխծովակալ և ինժեներ-ծովակալ:
ԾՈՎԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, 1. ռազմական նավաշինության հիմնական կենտրոն: XVII դ. վերջին - XIX դ. Ռուսաստանում Ծ-ներ եղել են Վորոնեժում (1695-1711), Պետերբուրգում, Սևաստոպոլում, Նիկոլաևում և Կրոնշտադում: Ծ-ները սովորաբար գտնվել են նավահանգիստներում և նավերի ջրարկմանը հարմար գետափերին, օրինակ, Պետերբուրգի Գլխավոր Ծ. գտնվել է Նևայի ձախ ափին: 1704-1844-ին այնտեղ կառուցվել են նավեր, հետագայում տեղավորվել են նավատորմի վարչական հիմնարկները: 2. Շենք Լենինգրադում, ռուս և համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշներից: 1704-ին սեփական մտահղացմամբ հիմնադրել է Պետրոս I՝ որպես նավաշինարան: 1727-1738-ին վերակառուցել է Ի. Կորոբովը: 1806-1823-ին Ա. Զախարովը այն վերափոխել է ռուս, ամպիրի մոնումենտալ կառույցի: Քանդակների հեղինակներն են Ֆ. Շչեդրինը, Ի. Տերեբենյովը և ուրիշներ:
ԾՈՎԱԿԱՂԱՄԲ (Crambe), խաչածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Միամյա, բազմամյա, խիստ ճյուղավորված խոտաբույսեր են: Տերևները խոշոր են, ամբողջական, հյութալի: Ծաղիկները սպիտակ են, հազվադեպ՝ դեղնաոսկեգույն: Պտուղը չբացվող պատիճ է: Հայտնի է 20-25 տեսակ, աճում են Եվրոպայում և Աֆրիկայում, 18-20-ը՝ ՍՍՀՄ-ում: Առավել տարածված են պրիմորյան Ծ. (C. maritima), թաթարական Ծ. (C. tatarica) և արևելյան Ծ. (C. orien- talis), որոնց տերևներն ու երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են որպես սննդամթերք:
ԾՈՎԱԿՈՎԵՐ, Ստելլերի կովեր (Hydrodam&lis stelleri կամ H. gigas), սիրենաների կարգի ծովային կաթնասուններ: Հայտնաբերել ու նկարագրել է Գ. Ստելլերը (1741): Մարմնի երկարությունը՝ մինչև 8 մ, քաշը՝ 3,5 տ: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից՝ ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել: Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ճարպի համար անխնա ոչնչացվել են: Վերջին ծովակովը Բերինգի կղզում սպանվել է 1768-ին:
ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅՈՒՆ, նավերի զավթման և կողոպուտի նպատակով բռնի գործողություններ բաց ծովում: Վաղ անցյալում ուղեկցվում էր անձնակազմի և ուղևորների հետ դաժան հաշվեհարդարով: Ծ. ծագել է հնում, ծովային առևտրի զարգացմանը զուգընթաց: XVII դ. սկսած Ծ-յան տարատեսակ էր կապերությունը: Միջազգային իրավունքի նորմերով Ծ. որակվում է որպես հանցագործություն, նրա դեմ պայքարի միջոցները չեն սահմանափակվում: Ծ-յան դեմ միջազգային համաձայնագրեր կնքվել են Վաշինգտոնում (1922), Նիոնում (1937), Ժնևում (1958): Հայերը Ծ-յանը բախվել են Միջերկրական, Սև և Կասպից ծովերում՝ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի հետ կապող ուղիներում: Գրավելով Միջերկրական ծովի արևելյան ափերը, ծովային առևտրի մայրուղիների ելքը՝ Տիգրան Բ Մեծը, շահագրգռված առևտրական կապերի ընդլայնմամբ, պայքարել է Ծ-յան դեմ՝ փորձելով ստեղծել Ծ. բացառող պայմաններ: Ծ–յան հետ առավել հաճախ բախվել է Կիլիկիայի հայկական պետությունը, որը շահագրգռված լինելով ծովագնացության և ծովային առևտրի զարգացմամբ, հետևողականորեն պայքարել է Ծ-յան դեմ բոլոր հնարավոր, առաջին հերթին միջազգային իրավունքի միջոցներով, նպաստելով ազատ և անվտանգ ծովագնացության, բաց ծովի սկզբունքի հաստատմանը: Ծ. հայ առևտրական ծովագնացության նկատմամբ առանձնապես խրախուսել են նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները: Ծ-յան հետ բախվելու մասին տվյալներ են հաղորդել Սիմեոն Լեհացին, Զաքարիա Ագուլեցին, Գրիգոր Դարանաղցին, Յո. Ստրեյսը և ուրիշներ:
Եվրոպայի գաղութային նվաճումների շրջանում հայ առևտրական նավերը Ծ-յան հետ առնչվել են Պարսկական ծոցում, Հնդկական օվկիանոսում: Եվրոպական ծովահենները հայկ. ծովագնացությանն ու ծովային առևտրին լուրջ վնաս են պատճառել հնդկական օվկիանոսի ավազանում, որտեղ գաղութային զավթիչների հետ ծովահենների կապը առավել ցայտուն էր: Հաշվի առնելով հայկ. առևտրի