Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

74 ԱԴԻԲԵԿ

օրոք (35–59) թագավորությունն զգալիորեն ընդարձակվեց և հզորացավ։ Պարթևաստանի Արտավան III թագավորը Հռոմի համաձայնությամբ 37֊ին Ա֊ին միացրեց Հայաստանի Ծավդեք, Արվաստան (Միգդոնիա) և Միջագետք Հայոց երկրամասերը։ Ա․ արևմուտքում տարածվեց մինչև Կոմմագենեի թագավորության եփրատյան սահմանը, իսկ նոր կենտրոնը դարձավ Մծբինը։ Մ․ թ․ I դարի երկրորդ կեսին Հայաստանի համար ծավալված հռոմեա֊պարթևական պայքարում Ա֊ի թագավորությունը հենարան էր Պարթևաստանի Վաղարշ I թագավորի (իշխել է մոտ 51–80) և նրա եղբայր Տրդատ Ա֊ի համար։ Այստեղից նրանք ռազմական գործողություններ էին ձեռնարկում Հռոմի և Հայաստանում նրա դրածո թագավորների դեմ։ Հայաստանի գահին տիրանալու համար Հռոմի դեմ պայքարող Տրդատ Ա֊ին հատկապես եռանդուն աջակցություն ցույց տվեց Մոնոբազ II թագավորը։ Մոնոբազյանների տան անդամները դարձան Տրդատ Ա֊ի թագավորության հենարանը և, հավանաբար, նրանցից կազմվեցին Մանավազյանների ու Խորխոռունիների նախարարությունները։ 115֊ին Հռոմի Տրայանոս կայսրը նվաճեց Ա֊ի թագավորությունը, նրան կցված հայկական տերիտորիաներից կազմեց «Մեսոպոտամիա», իսկ բուն Ա֊ից՝ «Ասսիրիա» (հայկ․ մատենագրությունում՝ «Ասորեստան») պրովինցիաները։ Տրայանոսի մահից հետո Ա․ կրկին անցավ Պարթևաստանին։ 193֊ին այն նվաճեց Հռոմի Սեպտիմիոս Սևերոս կայսրը։ Բայց 198֊ի հռոմեա֊պարթևական նոր համաձայնագրով, երբ երկու տերությունների սահմանը ճանաչվեցին Եփրատ ու Խաբուր գետերը, Ա․ մնաց Պարթևաստանին։ 213֊ին Հռոմի Կարակալա կայսրը նվաճեց այն, քանդեց Արբելա քաղաքում պարթև Արշակունիների նախնիների գերեզմանները և աճյունները ցրիվ տվեց։ Բայց Մակրինոս կայսրը (իշխել է 217–218) ստիպված էր Ա․ վերադարձնել Պարթևաստանին և հատուցել իր նախորդի պատճառած վնասները։ Ա֊ի վասալ թագավորությունն իր գոյությունը պահպանեց, հավանաբար, մինչև Սասանյանների իշխանության գլուխ անցնելը (224)։ VI դարում Ա․ հիշվում է որպես Սասանյան Պարսկաստանին ենթակա վարչական առանձին միավոր՝ Հեդայաբ անունով։ Հեդայաբը (հին Ադիաբենեն) ասորական (նեստորական) եկեղեցական թեմերից էր, որի առաջնորդին ենթարկվում էին Մոկքի, Կորճայքի և Նուշիրական֊ Պարսկահայքի ասորի եպիսկոպոսները։ Արաբական նվաճումներից (VII դարի կես) հետո Ա․ վարչականորեն ընդգրկվեց Ջեզիրեի կազմում, և նրա անունն աստիճանաբար մոռացվեց։ Այժմ գտնվում է Իրաքի տերիտորիայում։ Վաղ ժամանակներից այստեղ բնակվում են ասորիներ, մասամբ՝ հայեր, իսկ ուշ միջնադարից՝ նաև քրդեր։ Մ․ Երեմյան

ԱԴԻԲԵԿ֊ՄԵԼԻՔՅԱՆ (Հովհաննիսյան) Արտաշես Իսահակի (1884–1956), հայ սովետական քիմիկոս֊ինժեներ։ Ծնվել է մայիսի 3֊ին, Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ներսիսյան դպրոցում, բարձրագույնը՝ Ժնևում։ Աշխատել է Ժնևի համալսարանում, Շլիսելբուրգում, Անապայում, Կրասնոդարում, Ռոստովում՝ հիմնականում զբաղվելով կիրառական քիմիայի հարցերով։ 1933֊ին տեղափոխվել է Հայաստան։ Կիրովականի քիմիական գործարանի կազմակերպիչներից էր, 1933–38֊ին վարել է գործարանի գլխավոր ինժեների և տեխնիկական դիրեկտորի պաշտոնները։ 1938–45֊ին աշխատել է ներքին գործերի մինիստրության և տեղական արդյունաբերության ժողկոմատներում։ Նրա նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ 1945֊ին ստեղծվել է ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի վերլուծական քիմիայի լաբորատորիան, որի անփոփոխ ղեկավարն էր մինչև իր կյանքի վերջը։ Մահացել է դեկտ․ 28֊ին, Երևանում։


ԱԴԻՅԱՄԱՆ (Adiyaman), քաղաք Թուրքիայում, Ադիյաման վիլայեթի վարչական կենտրոնը։ 23 հզ․ բն․ (1970)։ Ա֊ի բնակչությունն զբաղվում է տեխնիկական կուլտուրաների (ծխախոտ, բամբակ) մշակությամբ, արհեստներով և առևտրով։ 1927֊ին, 1937–38֊ին և հետո Ա֊ում հետազոտվել է հին քարի դարի ուշ շրջանի բնակավայր, որտեղ գտնվել են քարե (կայծքար, հասպիս, երբեմն օբսիդիան) բազմատեսակ իրեր։ Որոշ գիտնականների կարծիքով նրանք պատկանում են օրինիակյան մշակույթին։ Գտածոների մեջ կան քերիչներ, կտրիչներ, բութ եզրով շեղբեր, ծակիչներ ևն, որոշ քանակությամբ, մուստերյան կաղապարներ և, հավանաբար, նեոլիթյան դարաշրջանին պատկանող իրեր։ Ա֊ի շրջակայքում գտնվել են նաև ժայռապատկերներ (քարայծերի)։ XIX դարի վերջերին Ա֊ում բնակվում էր մոտ 6 հզ․ հայ։ Հայ համայնքն ուներ իր եկեղեցին և դպրոցները։ Ա֊ի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսար, Գանթարու, Կևրուկ։ 1895֊ի համիդյան ջարդերի և 1909֊ի Կիլիկիայի եղեռնի ժամանակ Ա֊ի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ եղեռնին հայերի մի մասը բնաջնջնվեց։ 1971–ին Ա֊ում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ա֊ում է ծնվել ֆրանս․ դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանը։


ԱԴԻՍ ԱԲԵԲԱ (ամհար․ նոր ծաղիկ), Եթովպիայի մայրաքաղաքը, Նեգուսի աթոռանիստը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Հաբեշական բարձրավանդակում, բարձր․ 2400 մ։ 684,1 հզ․ բն․ (1968)։ Երկաթուղով կապված է Ջիբութի նավահանգստի (Ֆրանս․ Սոմալի), ավտոխճուղով՝ Մասսաուայի հետ։ Խճուղիների հանգույց է և միջազգային օդանավակայան։ Ա․ Եթովպիայի արդյունաբերության, առևտրի ու մշակույթի կենտրոնն է։ Կան սննդի, տեքստիլ, փայտամշակման և ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ, կոշիկի, գորգերի տնայնագործական արտադրություն։ Մշակույթի օջախներից են՝ համալսարանը (հիմնադրված 1950֊ին), Ազգային գրադարանը, Պատմա֊ազգագրական թանգարանը, Եթովպագիտության ինստիտուտը, Ազգային թատրոնը։ Այստեղ են գտնվում Աֆրիկյան միասնության կազմակերպության և ՄԱԿ֊ի՝ Աֆրիկայի համար տնտեսական հանձնաժողովի շտաբ֊կայանները։ Քաղաքում բազմահարկ շենքերը սակավաթիվ են, առավել նշանավոր են Եթովպիայի պետական բանկի շենքը, «Մենեն» հյուրանոցը, կայսերական պալատը, Ս․ Երրորդության և Ս․ Գևորգ տաճարները։ Ա․ հիմնադրել է Մենելիք II կայսրը, 1887֊ին։ Սայրաքաղաք է 1889֊ից։

Ա֊ի հայ համայնքն սկսել է կազմավորվել XIX դարի երկրորդ կեսից։ Հայերի թիվը մոտ 1200 է (1965)։ Համայնքի, ինչպես նաև ամբողջ եթովպահայության ղեկավար մարմինը «Եթովպահայ գաղութային ժողովն» է, որ ընտրվում է եթովպահայերի ընդհանուր ազգային ժողովի կողմից