96 ԱԶԱՏ
ԱԶԱՏ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ (ԱԱՄԿ), ռեֆորմիստական արհմիութենական միավորում։ Հիմնվել է 1949-ին, Լոնդոնում, երբ աջ արհմիութենական ղեկավարները պառակտեցին Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիան։ Հռչակելով «Հանուն հացի, ազատության ու խաղաղության» լոզունգը՝ ԱԱՄԿ իրականում պաշտպանում է տարբեր դասակարգերի համագործակցությունը, հրաժարվում բանվոր դասակարգի գործողությունների միասնության գաղափարից։ 1971-ին ԱԱՄԿ ընդգրկում էր մոտ 90 երկրների 118 կազմակերպություն՝ շուրջ 50 մլն. անդամով։ Ունի նաև 2 ռեգիոնալ կազմակերպություն՝ Ասիական և Միջամերիկյան։ Կենտրոնական վարչությունը գտնվում է Բրյուսելում, ղեկավար մարմիններն են՝ կոնգրեսը (հրավիրվում է 3 տարին մեկ անգամ), ընտրովի գործադիր կոմիտեն, գլխավոր քարտուղարը և նախագահը։ Հրատարակում է «Ազատ արհմիութենական աշխարհ» ամսագիրը՝ անգլ., ֆրանս., գերմ. և իսպ. լեզուներով։
«ԱԶԱՏ ԲԵՄ», ազգային, գրական և քաղաքական շաբաթաթերթ, հետագայում՝ եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1903–05-ին, Ալեքսանդրիայում, 1906–07-ին՝ Կահիրեում։ Առաջին շրջանում խմբագիրն էր Ե. Օտյանը (կարճ ժամանակ՝ Մ. Կյուրճյանը), այնուհետև՝ Լ. Լարենցը (Քիրիշճյան)։ Սկզբում եղել է վերակազմյալ հնչակյան ուղղության թերթ (Ե. Օտյանի խմբագրության տարիներին), հետագայում դարձավ նույն կուսակցության օրգանը։ Տպագրել է տեղական լուրեր, գրական նյութեր, անդրադարձել այլ գաղութների, օսմանյան տիրապետության տակ ապրող հայության կյանքին և Թուրքիայի իրադարձություններին։ Թերթը զգալի տեղ է հատկացրել ռուս֊ճապոնական պատերազմին, ռուսական առաջին հեղափոխությանը և Անդրկովկասի ազգամիջյան ընդհարումներին։ «Ա․ բ.»֊ին աշխատակցել են Վ. Թեքեյանը (Վ. Տիրանյան կեղծանունով), Ա. Արփիարյանը, Վ. Մալեզյանը, Տ. Կամսարականը, Մ. Պեյլերյանը և ուրիշներ։
ԱԶԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, մանկավարժական տեսություն, որ տարածվեց Եվրոպայում, XIX դ. կեսերից մինչև XX դ. սկիզբը։ Դաստիարակության մեջ մերժելով խստավարժությունը, ուսուցման քարացած, սխոլաստիկ ձևերը՝ Ա. դ֊յան ջատագովներն առաջ էին քաշում երեխայի բնածին հակումների, հետաքրքրությունների, ընդունակությունների ազատ ու անկաշկանդ զարգացման սկզբունքը։ Սակայն Ա. դ. իդեալականացնում էր երեխային իբրև «ճշմարտության, բարու և գեղեցկության նախատիպարի», գերագնահատում նրա բնածին ուժերը։ Ա. դ֊յան որոշ ծայրահեղ կողմնակիցներ (Է. Քեյ, Մ. Մոնտեսորի և ուրիշներ) բացասում էին նույնիսկ դպրոցը և դասավանդումը՝ հանգելով ինքնազարգացման գաղափարին։ Ա. դ֊յան տեսությունը սերտորեն կապված է Ժ. Ժ. Ռուսոյի «բնական իրավունքի» և «բնական դաստիարակության» ուսմունքի հետ։ Լ. Ն. Տոլստոյը Յասնայա Պոլյանայում հիմնած իր դպրոցում (1859) այդ տեսությունը կիրառել է յուրովի։
ԱԶԱՏ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կամ «նոր», «կենդանի» եկեղեցականություն, շարժում Սովետական Ռուսաստանում 1921–22-ին։ 1923-ից արձագանք գտավ ՀՍՍՀ֊ում։ Նպատակն էր՝ կրոնական և ներքին վարչական բարեփոխությունների միջոցով պահպանել կրոնի և եկեղեցու ազդեցությունը։ Ա. ե֊յան սոցիալական հենարանը նէպմանական֊կուլակային տարրերն էին։ Նրա գաղափարներն էր արտահայտում Երևանում լույս տեսնող «Ազատ եկեղեցի» շաբաթաթերթը (1924–28)։ Ա. ե. հաջողություն չունեցավ և աստիճանաբար մարեց։
ԱԶԱՏ ԷՆԵՐԳԻԱ, համակարգի ներքին էներգիայի այն մասը, որի հաշվին աշխատանք է կատարվում իզոթերմ պրոցեսի ժամանակ։ Ա. է. թերմոդինամիկական ֆունկցիա է և որոշվում է բանաձևով։ Այստեղ –ն համակարգի ներքին էներգիան է, -ը՝ էնտրոպիան, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Եթե համակարգը մի վիճակից իզոթերմորեն անցնում է մյուսին, ապա Ա. է-ի փոփոխությունը մեծ է (անդարձելի պրոցեսների համար) կամ հավասար (դարձելի պրոցեսների համար) համակարգի կատարած մակրոսկոպիկ աշխատանքին։ Իզոթերմ պրոցեսների ժամանակ մակրոսկոպիկ աշխատանքը չափվում է ոչ թե ներքին էներգիաների, այլ Ա. է-ների տարբերությամբ, որովհետև հաստատուն ջերմաստիճան պահպանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ էներգիայի փոխանակում համակարգի և միջավայրի միջև։ Տես նաև Թերմոդինամիկա։
ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ, արտաաշխատանքային ժամանակի մաս, որ մարդիկ օգտագործում են հանգստի, ուսման, որակավորումը բարձրացնելու, հասարակական աշխատանքի, հոգեկան պահանջմունքների բավարարման ևնի համար։ Ա. ժ-ի բնույթը որոշվում է արտադրահարաբերությունների էությամբ։ Մարքսը նշել է, որ կապիտալիզմի պայմաններում շահագործող դասակարգի ազատ ժամանակն ստեղծվում է աշխատավորների ամբողջ կյանքն աշխատաժամանակի վերածելու միջոցով։ Սոցիալիզմը վերացնում է Ա. ժ-ի և աշխատաժամանակի միջև եղած հակամարտությունը՝ ստեղծելով առաջինը երկարացնելու և երկրորդը սահմանափակելու իրական պայմաններ։ Սոցիալիստական հասարակարգում Ա. ժ-ի մեծացմանը նպաստում են աշխատանքի արտադրողականության բարձրացումը և դրա հիման վրա՝ աշխատաժամանակի կրճատումը։ Միաժամանակ Ա. ժ. կարելի է երկարացնել աշխատավորների արտաաշխատանքային ժամանակի այլ տարրերի նպատակամետ օգտագործման հաշվին։
«ԱԶԱՏ ԽՈՍՔ», ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել Փարիզում, 1901–1903-ին, այնուհետև՝ Ալեքսանդրիայում, 1906–08-ին։ Խմբագիրն էր Ե. Օտյանը։ «Ա. խ.» անկախ օրգան էր՝ դեմոկրատական ուղղությամբ։ Հիմնական նպատակը եգիպտահայ կյանքի ստվերոտ կողմերի քննադատությունն ու ձաղկումն էր երգիծանքի միջոցով, տեղի ազգային «ջոջերի» ն «ջոջիկների» մերկացումն ու խարազանումը։ Պարբերականը տպագրել է նաև արտասահմանյան լուրեր, տեղեկություններ սուլթանական Թուրքիայի կյանքից։ «Ա. խ.»-ի նյութերի մեծ մասի հեղինակը Ե. Օտյանն է։ Աշխատակցել են նաև Ա. Արփիարյանը, Մ. Կյուրճյանը, Վ. Թեքեյանը, Բ. Շահպազը և ուրիշներ։
«ԱԶԱՏ ԽՈՍՔ», օրաթերթ։ Լույս է տեսել Փարիզում, 1949–51-ին։ Հայ առաջադիմական կազմակերպությունների Հայկական հրատարակչական ընկերության օրգան։ Խմբագիրն էր Ա. Նազարյանը։ Տպագրել է հասարակական֊քաղաքական և գրական֊գեղարվեստական նյութեր։ Արտացոլել է սփյուռքահայ, հատկապես ֆրանսահայ գաղութի կյանքը, Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակութային վերելքը։ Թերթը նյութեր է տպագրել նաև ՍՍՀՄ ետպատերազմյան շրջանի տնտեսական կյանքի, նրա արտաքին քաղաքականության, խաղաղության պաշտպանության համար մղած պայքարի մասին։
«ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ», ընդհատակյա թերթ, «Հայ բանվոր֊հեղափոխականների ասոցիացիայի» օրգանը, հրատարակվել է 1893–94-ին, Թիֆլիսում (թերթի ճակատին, ցարական գրաքննությանը թյուրիմացության մեջ գցելու համար, տպված է Բրյուսել)։ Խմբագրել են Ս. Խանոյանը, Ա. Խումարյանը, Ս. Տեր֊Սիմոնյանը, Ա. Խաժակյանը։ «Ա. Հ.» հայերեն առաջին բանվորական թերթն էր Անդրկովկասում։ Արծարծել է աշխատավորությանը հուզող հարցեր, հատուկ համար նվիրել Մայիսմեկյան տոնին, թարգմանաբար տպագրել հոդվածներ Կ. Մարքսից։
ԱԶԱՏ ՈՏԱՆԱՎՈՐ, չափածո խոսքի կառուցման ձև։ Ի տարբերություն սովորական չափածոյի, Ա. ո֊ում չի պահպանվում վանկերի կամ շեշտերի թվի հավասարությունը։ Յուրաքանչյուր տող, իմաստային և շարահյուսական֊արտասանական առումով, համեմատաբար ինքնուրույն, առանձին միավոր է, ունի յուրօրինակ ռիթմ։ Ա. ո֊ի հնագույն նմուշներ հանդիպում են Ժողովրդական բանահյուսության մեջ։ Գրավոր պոեզիայում լայնորեն տարածվել է XIX–XX դարերում (Ու. Ուիթմենի, Է. Վերհարնի երկերում)։ Ա. ո. կիրառվել է նաև հայ քնարերգության մեջ (Սիամանթոյի գրեթե բոլոր գործերը, Դ. Վարուժանի, Ե. Չարենցի, Ա. Վշտունու, Պ. Սևակի շատ ստեղծագործությունները)։
Գրկ. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933, էջ 367–69։ Ջրբաշյան Է., Գրականության տեսություն, 3 վերամշ. հրտ., Ե., 1967, էջ 279–82։
ԱԶԱՏ ՌԱԴԻԿԱԼՆԵՐ, արժեքականությամբ չհագեցած՝ չզույգավորված էլեկտրոններ պարունակող ատոմներ կամ ատոմային խմբեր։ Հայտնաբերված առաջին ազատ ռադիկալը եռֆենիլմեթիլն է՝ (Մ. Գոմբերգ, 1900)։ Ա. ռ. պարամագնիսական են և հաճախ գունավորված։ Սովորաբար քիմիապես ակտիվ են, անկայուն և առաջանում են ջերմության, ուլտրամանուշակագույն կամ ռադիոակտիվ ճառագայթների և կատալիզատորների ազդեցությամբ։ Ա. ռ֊ի կյանքի տևողությունը կարող է տատանվել վայրկյանի ամենափոքր մասերից մինչև տարիներ։ Մեծ թվով քիմիական ռեակցիաներ ընթանում