Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կինոապարատներ, թատերական լուսավորող և ձայնագրիչ սարքավորումներ, քիմ․ ձեռնարկությունները՝ հանքային պարարտանյութեր, ծծմբական թթու։ Սննդի արդյունաբերությունը ներկայացված է պահածոների, գինեգործական, մսի, ձեթօճառի, ծխախոտի, թեթև արդյունաբերությունը բամբակազտիչ, կաշվի, մետաքսի ճյուղերով։ Արդյունահանվում է վոլֆրամի հանքանյութ։ Կա շինանյութերի արտադրություն։ Դարգոմ–Խիշրաու ջրանցքի վրա կառուցվել է ՀԷԿ։ Ս․ մ–ի տարածքով է անցնում Բուխարա–Ալմա Աթա գազամուղը։

Գյուղատնտեսության մեջ տիրապետող է ոռոգովի հողագործությունը։ Կառուցվել են Կաթակուրգանի ջրամբարը, Դարգոմի, Նարպայի, Աջափնյա Զերավշանի, էսկիանխորի, Միանկալ Խատըրչինյան ոռոգիչ ջրանցքները։ Ցանքատարածությունները 447,6 հզ․ հա են (1983), կեսը՝ ոռոգովի։ Տեխ․ կուլտուրաներից մշակում են բամբակենի (Զերավշանի հովտի ոռոգովի հողերում), ծխախոտ (Ուրգուտի շրջանում)։ Մշակում են նաև հացահատիկային կուլտուրաներ (բրինձ, ցորեն, եգիպտացորեն), կարտոֆիլ, բանջարեղեն, խաղող։

Հարթավայրերում և նախալեռներում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Կզըլկումում, Կարնաբչուլում և նախալեռնային տափաստաններում զարգացած է կարակուլային ոչխարաբուծությունը, Զերավշանի հովտի օազիսներում՝ շերամապահությունը։

Երկաթուղիների երկարությունը 251 կմ է, ավտոճանապարհներինը՝ 4464 կմ (այդ թվում՝ 4249 կմ՝ կոշտ ծածկով), զարգացած է օդային տրանսպորտը։

Ս․ մ–ում (1982–83 ուս․ տարում) գործում էր 937 հանրակրթական դպրոց, 21 պրոֆտեխ․ ուսումնարան, 19 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 6 բուհ։ 1983-ին Ս․ մ–ում կար 836 գրադարան, 6 թանգարան, 4 թատրոն, 537 ակումբային հաստատություն, 516 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1983-ին մարզի 130 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 5,36 հզ․ բժիշկ։ Ս․ մ–ում կա 6 առողջարան, հանգստյան տուն։

ՍԱՄԱՐՍԿԻՏ, օքսիդների խմբի միներալ, տանտալանիոբատային հազվագյուտ հողային տարր, մոտավոր քիմ․ բանաձևը՝ (Y, Ս, Fe)2 (Nb, Ti, Ta)2 O6։ Հանդիպում է մի շարք տարբերակներով։ Բյուրեղային համակարգը ռոմբային է։ Առաջացնում է զուգահեռանիստ բյուրեղներ, անկանոն հատիկներ ու կուտակումներ։ Գույնը՝ թավշային սև, վառ ձյութային փայլով։ Կարծրությունը՝ 5–6, խտությունը՝ 5600–5800 կգ/մ³։ Ս–ի ուղեկիցներն են մոնացիտը, ցիրկոնը, ուրանինիտը, կոլումբիտը, մագնետիտը, տռպազը, բերիլը ևն։ Ուրանի հանքանյութ է։ Սովորաբար տարածված է գրանիտային պեգմատիտներում։

ՍԱՄԱՐՏԻՆԻ (Sammartini) Ջովաննի Բալիստա (հավանաբար՝ 1700–1775), իտալացի կոմպոզիտոր։ 1726-ից՝ եկեղեցական կապելմայստեր, 1760–70-ին՝ Միլանի 7 եկեղեցիների կապելմայստեր։ 1767-ից աշխատել է նաև հերցոգի կապելլայում (1768-ից՝ դիրեկտոր)։ Գրել է 78 սիմֆոնիա, 7 օպերա, 3 մեսսա, 15 concerti grossi, 20 լարային կվարտետ, կվինտետներ, 187 տրիո–սոնատ, սոնատներ ևն։ Ս․ երաժշտության պատմության մեջ մտել է որպես «նախադասական սիմֆոնիա»-ի ստեղծող։ Ս–ից դասեր են առել Ք․ Վ․ Գլյուկը, Յո․ Ք․ Բախը։

ՍԱՄԲՈ (ռուս․ самозащита без оружия–ինքնապաշտպանություն առանց զենքի), մարզական ըմբշամարտի տարբերակ՝ ստեղծված ըմբշամարտի ազգ․ ձևերի (այդ թվում նաև կոխի) առավել արդյունավետ հնարքներից։ Ձևավորվել է ՍՍՀՄ–ում, 1930-ական թթ․։ Կանգնած պայքարի ժամանակ մարզիկներին թույլատրվում է ոտքցուկներ, նետումներ կրծքի կամ մեջքի վրայով, հակառակորդին կտրել գետնից կամ փաթաթվել նրան ու կաշկանդել գործողությունները, բռնել ոտքերից։ Պառկած վիճակում կարելի է հակառակորդին սեղմած պահել մեջքի վրա, կիրառել ոտքի և ձեռքի հոդերը ցավեցնող հնարքներ։ Մարտը տեղի է ունենում 9 մ տրամագծով գորգի վրա և տևում է 6–8 ր, առանց ընդմիջման։ Մարզիկները հագնում են գոտեկապ կիսախալաթ (տարբեր գույների), փափուկ կոշիկներ։ Մարտը վարում է մրցավարական բրիգադը։ Հաղթողը որոշվում է միավորների առավելությամբ կամ մաքուր հաղթանակով։ Ս–ի պաշտոնական մրցումներ անցկացվում են ըստ առանձին տարիքային խմբերի և քաշային (մեծահասակների մինչև 10) կատեգորիաների։ 1938-ին ստեղծվել է Ս–ի համամիութենական ֆեդերացիա։ 1939-ից անցկացվում են ՍՍՀՄ անհատական, 1949-ից՝ թիմային առաջնություններ։ 1966-ին Սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) Ս․ ճանաչեց որպես սպորտի միջազգային ձև և իր կազմում ստեղծեց Ս–ի ինքնուրույն հանձնաժոդով։ Ազգ․ ֆեդերացիաներ գործում են Մոնղոլիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Մեծ Բրիտանիայում, Իրանում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում և այլ երկրներում։ 1967-ին տեղի են ունեցել սամբիստների միջազգային առաջին մրցումները, 1972-ին՝ Եվրոպայի առաջնությունը (երկուսն էլ՝ Ռիգայում), 1973-ին՝ աշխարհի առաջնությունը (Թեհրան)։ Սովետական մարզիկներից տարբեր տարիների աշխարհի չեմպիոններ դարձել են․ Դ․ Ռուդմանը, Ա․ Ֆեոդորովը, Չ․ Եզերսկասը, Լ․ Թեդիաշվիլին և ուրիշներ։ ՀՍՍՀ–ում Ս․ տարածվել է 1950-ական թթ․։ Ընկերությունների և մանկապատանեկան դպրոցների մարզական Ս–ի խմբերում մարզվում է շուրջ 2000 ըմբիշ (1982)։ Հայ մարզիկներից աշխարհի չեմպիոնի կոչում նվաճել է Գ․ Հովհաննիսյանը (1981)։ ՍՍՀՄ չեմպիոն դարձել են Խ Չիբիքչյանը (1949), Գ․ Թումանյանը (1950), Ս․ Առաքելյանը (1980)։ Միջազգային տարբեր մրցաշարերում հաղթել են Ա․ Գրիգորյանը, Մ․ Շիրինյանը։ 1975-ից Երևանում անցկացվում է Կամոյի (Ս․ Տեր–Պետրոսյան) հիշատակին նվիրված համամիութենական մրցաշար։ Գոյություն ունի նաև Ս–ի, այսպես կոչված, մարտական տարբերակ (ինքնապաշտպանություն զինված կամ անզեն հակառակորդից), որն ընդգրկված է ՍՍՀՄ Զինված ուժերի ռազմիկների մարտական պատրաստվածության ծրագրում։

ՍԱՄԲՈ (իսպ․ Zambo, անգլ․ Sambo), Լատինական Ամերիկայում՝ հնդկացիների ու նեգրերի, Ճամայկա կղզում՝ մուլատուհիների ու նեգրերի ամուսնությունից գոյացած սերնդի անվանումը։

ՍԱՄԲՈՒ Ժամսարանգիյն (1895-1972), մոնղ․ քաղ․ և պետ․ գործիչ։ ՄԺՀ աշխատանքի հերոս (1965), Մոնղ․ ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) անդամ 1922-ից։ 1936-ից՝ ՄԺՀ անասնապահության և հողագործության մինիստրության բաժնի վարիչ։ 1937–46-ին Ս․ ՄԺՀ դեսպանորդն էր ՍՍՀՄ–ում, 1946–1950-ին՝ ՄԺՀ արտգործմինիստրության բաժնի վարիչ, 1950–52-ին՝ ՄԺՀ դեսպանը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրաաական Հանրապետությունում։ 1952–53-ին՝ ՄԺՀ արտաքին գործերի մինիստրի տեղակալ։ 1953–54-ին՝ մոնղոլա–սովետական բարեկամության ընկերության նախագահի տեղակալ։ 1954-ից ՄԺՀ ժող․ մեծ խուրալի նախագահության նախագահն էր, ՄԺՀԿ ԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» լենինյան միջազգային մրցանակ (1966)։ Պարգևատրվել է Սուխե Բատորի 4 և մոնղ․ այլ շքանշաններով, ինչպես նաև Լենինի ու սովետական այլ շքանշաններով։

ՍԱՄԵԴ ՎՈՒՐՂՈՒՆ, գյուղ ՀՍՍՀ Իջևանի շրջանում, Աղստևի հովտի ձախափնյա լանջին, շրջկենտրոնից 12 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են եկեղեցի, գյուղատեղի, գերեզմանոց։

ՍԱՄԵՀԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարապետ։ Ըստ շինարարական արձանագրության, որտեղ Ս․ կոչվում է «ճարտարապետ աբեղա» (դա ճարտարապետ բառի օգտագործման