Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգ․ վարժարանը (1931-ից), Ս․ Գեորգ եկեղեցին, ՀԲԸՄ–ի Ս․ Պ–ի մասնաճյուղը (1931-ից), Մարաշի և Հաճընի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Ս․ Պ–ի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Տես նաև Բրազիլիա, Հայերը Բրազիլիայում մասը։ Ս․ Պ–ում է կառավարության պալատը (XVI դ․)։ Կան երկնաքերներ (XX դ․), Ս․ Պ–ի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951–54, ճարտ․ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) ևն։

ՍԱՆ ՌԵՄՈՅԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1920, Անտանտի տերությունների Գերագույն խորհրդի նիստը ապրիլի 19–26-ը Սան Ռեմոյում (Իտալիա)։ Մասնակցել են Մեծ Բրիտանիայի (Լ․ Լլոյդ Ջորջ), Ֆրանսիայի (Ա․ Միլերան), Իտալիայի (Ֆ․ Նիտտի) պրեմիեր մինիստրները, ճապոնիայի ներկայացուցիչ Մացուին։ Բելգիայի (Գյումանս), Հունաստանի (Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամեր․ ներկայացուցիչը մասնակցում էր որպես դիտորդ։ Հայաստանին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Բուրժ․ Հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը և Ազգ․ պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը։

Ս․ Ռ․ կ․ քննարկեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի և Ազգերի լիգայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես Վերսալի հաշտության պայմանագիր 1919) կատարման, Սովետական Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը։

Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ Օսմանյան կայսրությունից անջատված Պաղեստինի և Իրաքի (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ Սիրիայի և Լիբանանի մանդատները։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը։ Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Կոնֆերանսում Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և մյուսները ոչինչ չարեցին պաշտպանելու համար հայ ժողովրդի շահերը։ Ս․ Ռ․ կ․ դիմեց ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ․ Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ–ի պրեզիդենտի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների (էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում) հարցում և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։


Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սերի պայմանագրի (տես Սերի հաշտության պայմանագիր 1920) հիմքում։


Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմ, և ռեպարացիոն պայմանները։ Այսպես կոչված, ռուս, հարցում կոնֆերանսը որոշեց վերականգնել Սովետական Ռուսաստանի հետ առևտր․ հարաբերությունները։ Սակայն, միաժամանակ Ս․ Ռ․ կ–ում գաղտնի համաձայնություն կայացվեց օգնել բուրժուակալվածատիրական Լեհաստանին, որը 1920-ի ապրիլի 25-ին հարձակվեց Ուկրաինայի վրա։


ՍԱՆ ՍԱԼՎԱԴՈՐ (San Salvador), Սալվադորի մայրաքաղաքը (1821-ից), երկրի տնտ․ և մշակութային կարևոր կենտրոնը։ 800 հզ․ բն (1981)։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։ Գտնվում է Սան Սալվադոր հրաբխի ստորոտին։ Ս․ Ս–ով անցնում է Պանամերիկյան ճանապարհը։ Կա տեքստիլ, սննդի արդյունաբերություն, մետաղամշակություն։ Մի քանի երկրաշարժերից (1798, 1854, 1873, 1965 ևն) հետո քաղաքը վերակառուցվել է։ Ունի համալսարաններ։ Հիմնադրել են իսպանացիները, 1525-ին։


ՍԱՆ ՍԱՏԻՐՈ, ճարտ․ հուշարձան Միլանում։ Հուշարձանախմբի կազմում են՝ մատուռը (կառուցվել է 868–881-ին), ավելի ուշ կառուցված զանգակատունը և եկեղեցին (1478, ճարտ․ Բրամանտե)։ Մատուռը քառաբսիդ, գմբեթակիր չորս սյուներով, կենտրոնակազմ, փոքր չափերի կառույց է։


1482-ին Բրամանտեն մատուռի արտաքին քառաբսիդ ծավալը դասական թոլոսի նմանությամբ վերափոխել է գլանաձև, չորս խորշերով շենքի, պահպանելով ներսի հորինվածքը։ Ս․ Ս–ի մատուռի հատակագծային և կառուցվածքային հորինվածքը կրկնում է Բագարանի Ս․ Թեոդորոս եկեղեցուն։


Սան Ստեփանոյի Պայմանագիր 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմը (տես Ռուս–թուրքական պատերազ է 1877–78)։ Ստորագրել են փետր․ 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (այժմ՝ Եշիլքյոյ, Ստամբուլի մոտ), կոմս Ն․ Իգնատևն ու Ա․ Նելիդովը (Ռուսաստան) և Սաֆվետ փաշան ու Սահաղուլ բեյը (Թուրքիա)։ Ս․ Ս․ պ–ով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում, ընդլայնվում էր նրանց տարածքը (Ռումինիային էր անցնում Հս․ Դոբրուջան)։ Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմ․ կայսրության շրջանակներում։ Բուլղարիան (Արլ․ Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի