Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեղինակ է նաև պատմվածքների, մանկական գրքերի, «Ագռավի թագավորը» (1962) հեքիաթների և «Հեքիաթներ ծաղիկների մասին» (1966, հայ․ հրտ․ 1981) ժողովածուների։ Ս–ի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ ՍՍՀՄ III–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 3 այլ շքանշանով։

ՍԱՔՍԵՐ (Sachsen), գերմանական ցեղերի խումբ։ III–IV դդ․ միավորվել են ցեղային միության մեջ։ Վաղ միջնադարում բնակվել են Հս․ Գերմանիայում (Հռենոս գետից արլ․ և էլբա գետից արմ․)։ V դ․–VI դ․ 1-ին կեսին Ս–ի մի մասը վերաբնակվել են Բրիտանիայում։ Մայրցամաքային Ս-երը VI–VIII դդ․ բաժանվել են վեստֆալների, օստֆալների, էնգրերի և նորդալբինգների։ Կարլոս Մեծի մղած սաքսոնական պատերազմների (772–804) հետևանքով Ս–ին հպատակեցրել են ֆրանկները և նրանց պարտադրել ֆեոդալ, հարաբերություններ։ 843-ին Ս–ի մարզը անցել է Արևելա-Ֆրանկական թագավորությանը, IX դ․ վերջին այնտեղ ստեղծվել է Սաքսոնական դքսությունը։ Ս․ կազմել են, այսպես կոչված, ստորին սաքսոնացիների էթնիկ, հիմքը։

ՍԱՔՍՈՆ ԳՐԱՄԱՏԻԿ (Saxo Grammaticus, դան․ Sakse, 1140–մոտ 1208), դանիացի պատմիչ–տարեգիր։ «Գործք դանիացոց» ստեղծագործության հեղինակն է։ Առաջին իննը գիրքը բովանդակում է հին սկանդինավյան պատմազրույցներ (Համլետի մասին ասքն օգտագործել է Ու․ Շեքսպիրը իր ողբերգության մեջ), մնացած յոթ գիրքը՝ մինչև 1185-ի Դանիայի պատմության վերաբերյալ նյութերը։ Ս․ գրել է լատիներեն։ «Գործքը» առաջին անգամ հրատարակվել է 1514-ին, Փարիզում, բազմիցս թարգմանվել է դանիերեն, նաև գերմ․ և անգլ․։

ՍԱՔՍՈՆԻԱ (Sachsen), 1․ սաքսերի բնակության վայրը, որտեղ նրանք հիմնել են իրենց դքսությունը (IX դ․ վերջ–1180) (զբաղեցրել է ժամանակակից Ներքին Սաքսոնիայի տարածքը)։ 2․ Պատմ․ մարզ ԳԴՀ–ում։ Ս–ի միջուկը եղել է Մեյսենի մարկան (ստեղծվել էր X դ․ սերբա–լուժիչյան խմբի պոլաբյան սլավոններից գերմ․ ֆեոդալների զավթած հողերից)։ 1089-ին այն անցել է Վետտինների ֆեոդ. տոհմին, որը 1247-ին (փաստորեն 1264-ին) տիրացել է նաև Թյուրինգիային, իսկ 1243-ին՝ Սաքսեն–Վիտտենբերգին։ Վետտիների տիրույթները անվանվել են Ս․։ XV–XVI դդ. Ս․ եղել է Գերմանիայի արդ․ և մշակութային կենտրոններից։ XVI դ․ Ս–ում են գտնվել Ռեֆորմացիայի և գյուղացիական պատերազմի (տես Գյուղացիական պատերազմ Գերմանիայում 1524–25) հենակետերը։ XVIII դ․ վերջին Ս․ մասնակցել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ պատերազմներին, իսկ 1806-ին, մտնելով Հռենոսյան միության մեջ (տես Հռենոսյան միություն 1806–1813), հռչակվել է թագավորություն։ Վիեննայի կոնգրեսի (տես Վիեննայի կոնգրես 1814–15) որոշմամբ Ս–ի թագավորության մոտ կեսը անցել է Պրուսիային։ Ս․ եղել է Գերմանիայի 1848–49-ի հեղափոխության կենտրոններից։ 1871-ին մտել է Գերմ․ կայսրության մեջ։ XIX դ․ 60–70-ական թթ․, լինելով Գերմանիայի արդ․ առաջատար շրջաններից մեկը, դարձել է գերմ․ բանվորական շարժման կենտրոն։ Ս–ում է ծավալվել Ա․ Բեբելի և Վ․ Լիբկնեխտի գործունեությունը։ 1909-ին Ս–ում մտցվել է ընդհանուր ընտրական իրավունք (տղամարդկանց համար)։ 1918-ի Նոյեմբերյան հեղափոխությունից հետո Ս–ում տապալվել է ինքնակալությունը, և հռչակվել հանրապետություն։ Վայմարյան սահմանադրությունով Ս․ մտել է Գերմ․ հանրապետության կազմի մեջ։ 1923-ի հոկտեմբերին, հեղափոխական վերելքի ժամանակ, ձախ ս–դ–ից և կոմունիստներից կազմվել է բանվորական կառավարություն (ցրվել է կառավարական զորքերի կողմից)։ Ֆաշիստ. դիկտատուրայի ժամանակ Ս–ում գործում էր հակաֆաշիստ․ ընդհատակյա խոշոր կազմակերպություն։ 1945-ին, ֆաշիստ․ Գերմանիայի ջախջախումից հետո, Ս․ մտել է սովետական օկուպացիոն գոտու մեջ։ 1949-ից ԳԴՀ–ի կազմում է։

ՍԱՔՍՈՆՅԱՆ ՀԱՅԵԼԻ (գերմ․ Sachsens-piegel), գերմ․ միջնադարյան իրավունքի ժողովածու։ Կազմվել է 1221–25-ին։ Արտացոլել է Արլ․ Սաքսոնիայի ֆեոդ. սովորույթները, համագերմ․ դասային իրավահարաբերություններն ու զարգացող դրամաիրային հարաբերությունները։ Ս․ հ–ու առաջին մասը (Landrecht) վերաբերել է պետ․ կառուցվածքին, քրեական, քաղաքացիական իրավունքին, դատարանին ու դատավարությանը։ Երկրորդ մասը (Lehnrecht) կարգավորել է վասալային իրավահարաբերությունները։ Ս․ հ–ու նմանությամբ ստեղծվել են գերմ․ իրավունքի այլ հուշարձաններ՝ «Գերմանական հայելին», «Շվաբյան հայելին» ևն։ Ս․ հ․ օգտագործվել է Հս․ և Արլ․ Գերմանիայի առանձին երկրամասերի և քաղաքների իրավունքների (օրինակ, Մագդեբուրգյան իրավունքի) ժողովածուներ կազմելիս ու դատական պրակտիկայում։

ՍԱՔՍՈՖՈՆ (saxophone, ստեղծողի անունից և հուն, Φωνή– հնչյուն), պարզ լեզվակավոր մետաղյա փողային գործիք՝ կոնաձև փողով, ընդլայնված և դեպի վեր թեքված փողաբերանով։ Ստեղծել է Ա․ Սաքսը։ Ս–ների ընտանիքը բաղկացած է, հիմնականում, 7 գործիքից՝ սոպրանինո, սոպրանո, ալտ, տենոր, բարիտոն, բաս, կոնտրաբաս, որոնք ունեն հաջորդաբար մի–բեմոլ և սի–բեմոլ լարվածք (հանդիպում է նաև ֆա լարվածքի սոպրանինո)։ Օգտագործվել է նախապես՝ ջազում, որտեղ այն հիմնական նվագարաններից է, փողային, ապա և սիմֆոնիկ նվագախմբերում։ Որպես մենակատար առավել տարածված է ալտ Ս․։ Ունի թավ, հյութեղ, ինքնատիպ տեմբր, որ ավելի մոտիկ է փայտյա փողայիններին։ Հայտնի են Ս–ի համար գրված Կ․ Դեբյուսիի ռապսոդիան, Ս․ Գլազունովի, Է․ Հովհաննիսյանի կոնցերտները։

ՍԱՔՈՒԼՅԱՆ Արմենակ Մելիքի [1889, գ․ Գյուլագարակ (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)–1972, Երևան] Անդրկովկասում հեղափոխական ․շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ 1902-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ Մասնակցել է Բաքվի 1903-ի դեկտեմբերյան գործադուլին։ ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի հանձնարարությամբ Ս․ բոլշևիկյան թռուցիկներ է տարածել քաղաքում, աշխատել բոլշևիկյան «Կայծ» և «Նոր խոսք» թերթերի խմբագրություններում։ Հեղափոխական գործունեության համար 1908-ին ձերբակալվել է։ 1911–1917-ին ծառայել է բանակում։ Հոկտեմ–բերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսում շարունակել է հեղափոխական գործունեությունը, որի համար վերստին ձերբակալվել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ս․ տեղափոխվել է Հայաստան և 1922-ից տնտ․ ղեկավար աշխատանք տարել հանրապետության տարբեր շրջաններում։ 1942-ից անհատական թոշակառու էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՍԱՖԱՐՅԱՆ (Սաֆարով) Արամ Հովակիմի (Ամբակումի) [1913, գ․ Հաղորտի (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)– 8․10 1944, Ռիտոպեկ գյուղի մոտ (Հարավսլավիայում)], Սովետական Միության հերոս (24․3․1945, ետմահու), գվարդիայի ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1941-ի հունիսին զորակոչվելով կարմիր բանակ՝ Հայրենական մեծ պատերազմի սկզբից մարտնչել է թշնամու դեմ, մասնակցել Հս․ Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Ռումինիայի և Հարավսլավիայի ազատագրմանը։ Եղել է գնդացրային վաշտի հրամանատար։ Հերոսի կոչման արժանացել է Հարավսլավիայի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար։

ՍԱՖԱՐՅԱՆ Էդուարդ Արամի (ծն․ 23․4․ 1923,Երևան), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1951-ին ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ի ճարտ․ բաժինը։ Աշխատում է «Երևաննախագիծ» ինստ–ում (1977-ից՝ արվեստանոցի ղեկավար)։ Ս–ի նախագծերով կառուցվել են․ Երևանում՝ բնակելի տներ Աբովյան փողոցում (1966, ճարտ–ներ Ֆ․ Դարբինյանի և Ֆ․ Հակոբյանի հետ), Պատանի մարմնամարզիկների դպրոցը (1967, ճարտ․ Ֆ․ Դարբինյանի հետ), «Անի» հյուրանոցը (1972, ճարտ–ներ Ֆ․ Դարբինյանի և Ֆ․ Հակոբյանի հետ), Կինոյի տունը (1975), Արևմտյան