Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

անտենա՝ կապի արբանյակներում, չափիչ տեխնիկայի սարքերում են։ Ռ․ ա–ի ճառագայթման դիագրամը կախված է ռուպորի բացվածքում դաշտի բաշխումից, որն իր հերթին պայմանավորված է ռուպորի երկրաչափական չափերով և ներքին ու արտաքին մակերևույթների ձևով։ Ըստ ռուպորի ձևի՝ լինում են բրգաձև, սեկտորային, կոնաձև, մակերևույթի պարաբոլական ծնիչով Ռ․ ա–ներ և դրանց տարատեսակները։

«ՌՈՒՍ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», հեղափոխական բանվ․ առաջին կազմակերպություններից մեկը Ռուսաստանում։ Հիմնադրվել է Պետերբուրգում՝ բանվոր հեղափոխականներ Ս․ Ն․ Խալտուրինի և Վ․ Պ․ Օբնորսկու կողմից, 1878-ի վերջին։ Գործել է ընդհատակում։ «Միության» մեջ ընդունվում էին միայն բանվորներ։ Ուներ մոտ 200 անդամ և նույնքան համակրող, բաժանմունքներ՝ Պետերբուրգի բանվ․ շրջաններում, որոնց ղեկավարում էին տեղական կոմիտեները։ Կոմիտեների ներկայացուցիչները մտնում էին կենտր․ խմբակի կազմի մեջ, որը և ղեկավարում էր «Միության» ողջ գործունեությունը։ Կենտր․ խմբակն ուներ գրադարան և դրամարկղ։ «Միությունն» իր գլխավոր նպատակն էր համարում գոյություն ունեցող հասարակարգի տապալումը։ Կազմակերպության հիմնադիր ժողովում (կայացել է 1878-ի դեկտ․ 23-ին և 30-ին) ընդունված ծրագրի մի շարք դրույթներ նման էին 1869-ի գերմ․ ս–դ–ի Այզենախական ծրագրի պահանջներին և I Ինտերնացիոնալի գաղափարներին։ Ծրագրում առաջին անգամ դրվում էր բանվորների համառուսական կազմակերպություն ստեղծելու հարցը։ Նրա հեղինակները գտնում էին, որ միայն բանվորներից է կախված սոցիալական հեղափոխության հաղթանակը, որ նրանց վրա է դրված աշխարհի վերափոխման պարտականությունը։ Ծրագիրը հռչակում էր եղբայրական համերաշխություն բոլոր երկրների պրոլետարների միջև, սակայն պարունակում էր նաև ուտոպիական նարոդնիկական պահանջներ (ազատ ժող․ համայնքների ֆեդերացիայի ստեղծում են)։ Նրանում բացակայում էին «կապիտալիզմ» հասկացությունը և պրոլետարիատի դասակարգային էության բնութագրումը։

Միության անդամները հեղափոխական պրոպագանդա էին տանում Պետերբուրգի արդ․ ձեռնարկությունների բանվորների շրջանում, մասնակցում գործադուլներին և ղեկավարում դրանք, տարածում էին թռուցիկներ, կապեր էին հաստատել Մոսկվայի, Սորմովոյի, Դոնի Ռոստովի բանվորների հետ։ 1880-ի փետրվարին «Միությունը» հրատարակեց իր առաջին ընդհատակյա բանվորական «Ռաբոչայա զարյա» («Рабочая заря») թերթը, որի առաջին համարի լույսընծայումից հետո տպարանը բռնագրավվեց և ոչնչացվեց։ Աչքի ընկնող անդամների ձերբակալության պատճառով «Միությունը» շուտով դադարեց գործելուց։

ՌՈՒՍԱ (Roosa) Ստյուարտ (ծն․ 1933), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի մայոր։ ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերում ծառայում է 1953-ից։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը (1962), ստացել գիտությունների բակալավրի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1966-ից։ 1971-ի փետր․ 1–10-ը, Ա․ Շեփարդի և է․ Միթչելի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն–14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Թռիչքը տևել է 216 ժ 2 ր (մերձլուսնային ուղեծրում եղել է 2 օր, Լուսնի շուրջը կատարել 35 պտույտ)։

ՌՈՒՍԱ Ա (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․ 714), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 735-ից։ Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը։ Թագադրվել է երկրի գլխավոր սրբարանում՝ Մուսասիրի (Արդինի) տաճարում։ Գահակալման սկզբնական տարիներին ճնշել է որոշ անջատամետ ցեղերի անհնազանդություններն ու ցեղային առաջնորդների խռովությունները, ամրապնդել կենտր․ իշխանությունը, ձեռնարկել շին․ աշխատանքներ ու վարչ․ վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները՝ հատկապես հս–արլ–ում (Սևանա ավազանում) և հվ–արլ–ում (Ուրմիայի հս․ ավազանում)։ Ռ–ի անունով հայտնաբերված մի շարք արձանագրություններ պատմում են երկրի տարբեր շրջաններում նոր բերդերի (Ռուսախինիլի, Խալդի ևն), արհեստական լճի (ջրամբար), ջրանցքների, տաճարնեների կառուցման մասին։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ Ռ․ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Արմ․ և հվ–արմ․ դրացիներից Ռ–ին դաշնակցել են՝ մուշքերի (Փռյուգիայում), Թաբալի կամ Թոբելի (Կապադովկիայում), Խիլակուի (Կիլիկիա), Խատտեի (Մելիտինեում) թագավորությունները, հվ–արլ․ դրացիներից՝ Մանայի թագավորությունը և հարակից մի շարք իշխանություններ (Զիգերտու, Ուիշդիշ, Անդիա, Ալլաբրիա, Կարալլու ևն)։ Ռ–ի դրդմամբ և օգնությամբ Ուրմիայի ավազանի երկրներում հակաասորեստանյան շարժումներն ու զինված ելույթները մ․ թ․ ա․ 718–715-ին այնպիսի հուժկու չափերի են հասել, որ Ասորեստանի Սարգոն II թագավորը թեև խոշոր ուժերով քանիցս միջամտել է նրանց ներքին գործերին, սակայն չի հասել շոշափելի արդյունքի։ Իրադրությունը փոխվել է, երբ մ․ թ․ ա․ 715-ին Ռ–ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերների դեմ ճակատամարտում և տվել լուրջ կորուստներ։ Այդ պարտությունից հետո Ռ–ի դեմ ապստամբել են (դրանում զգալի դեր է խաղացել նաև Սարգոն II-ի լրտեսական ցանցը) որոշ, զորահրամանատարներ, գավառակալներ ու կուսակալներ։ Ռ․ ճնշել է նրանց ելույթները, ձերբակալել և Տուշպայի ատյանում մահապատժի է ենթարկել պարագլուխներին։ Ռ–ի համար ներքին և արտաքին անբարենպաստ իրադրությունից օգտվելով՝ մ․ թ․ ա․ 714-ի ամռանը Սարգոն II խոշոր բանակով արշավանք է ձեռնարկել Ուրարտուի ու նրա դաշնակիցների դեմ։ Մանան և հարակից իշխանությունները նվաճելուց հետո, Սարգոն II ներխուժել է Ուրարտու, ավերել ու կողոպտել նրա հվ․ գավառները (Ուիշդիշ, Զարանդա, Սուբի, Բարի կամ Սանգիբուտու, Արամալե կամ Արմարիլի, Այադի կամ Այդունի, Խուբուշկիա, Մուսասիր)։ Վերջինիս համայնադից տաճարի կործանումից ու վիթխարի հարստությունների կողոպտումից հետո Ռ․ անձնասպան է եղել։ Սակայն Ռ–ի գահաժառանգ որդին և հաջորդը՝ Արգիշաի Я, շուտով վերականգնել է իրերի նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը։

ՌՈՒՍԱ Բ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ շուրջ 680–640։ Արգիշաի Բ-ի որդին և հաջորդը։ Գահակալման սկզբնական տարիներին, սկյութ. ցեղերի՝ կիմերների ու սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռ. համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմ. ամրություններ ու բերդաքաղաքներ, խելամիտ դիվանագիտությամբ հիմնականում անխախտ պահել թագավորության սահմանները։ Մ․ թ․ ա․ 670-ական թթ․ նա դաշնակցել է կիմերներին և արշավել անդրեփրատյան երկրները։ Ռ․ ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արլ․ ավազանում (տես Ասքանազ)։ Երբ վերջինիս թագավոր Պարտատուան մ․ թ․ ա․ 673-ին դաշնագիր է կնքել Ասորեստանի թագավոր Ասարխադդոնի հետ, նրա օրինակին է հետևել նաև Ռ․։ Դրանից հետո Ասարխադդոնն իր տիրապետության ներքո գտնվող Շուպրիայից ձերբակալել և Ռ–ին է վերադարձրել ուրարտացի փախստականներին։ Իսկ մ․ թ․ ա․ 654-ին, երբ Ասորեստանի թագավոր Աշուրբանապալը հաղթել է իր հակառակորդ Ելամի թագավորությանը, Ռ–ի պատգամավորները ժամանել են Արբելա և շնորհավորել նրա հաղթանակը։ Ռ․ զբաղվել է նաև շին․ աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված իր մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետից ջրանցքի կառուցման (ցարդ գործում է, շուրջ 500 մ անցնելով ժայռափոր թունելի միջով) և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Մակվում պահպանված արձանագրության մեջ Ռ․ հիշատակում է իր անունը կրող հզոր բերդաքաղաքի կառուցման մասին։ Հեր (խոյ) քաղաքի մոտակայքում՝ Բաստամում, գերմ․ հնագիտ, արշավախումբը պեղել է Ռ–ի օրով հիմնված մի խոշոր բերդաքաղաք։ Ռ․ հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը (տես Կարմիր բլուր), այլ բերդեր ու տաճարներ։

Իր հզոր նախորդների նման Ռ․ կրել է «Հզոր արքա», «Մեծ արքա», «Տիեզերաց արքա», «Արքայից արքա», «Բիայնիլի արքա» «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսները։ Գրկ․ Տես Ռուսա Ա հոդվածի գրականությունը։